Հրատարակումներ
Փետրվար 2019 թերթ №1
ԲԱՐԻ ԵՐԹ 1+1 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԹԵՐԹԻՆ
Լույս է տեսնում կամ ծնվում է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի մանկապատանեկան թերթը, որի էջերում լինելու են դպրոցականների հեղինակած հոդվածները, խոհերը, բանաստեղծությունները, ակնարկները: Հայաստանի հին ու նոր պատմության մեջ, թերեւս, սա կարող է լինել բացառիկ օրինակը, երբ կենդանի լրագրությունը ուսուցանվում ու ծավալվում է աշակերտական նստարանից, այն էլ՝ տպագիր խոսքի միջոցով, երբ մեր կյանքում արդեն առավել տիրապետող են դարձել էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցները: Գեղարքունիքի գյուղական դպրոցում թերթի հրատարակության կազմակերպումը կյանքի կոչվեց բարի կամքի շնորհիվ: Իսկ առավել հուսադրողը «1+1» թերթի էջերում տեղադրված նյութերն են, որոնք մտքի ուղղակի արգասիքն են Գեղարքունիքի դպրոցի աշակերտների: Սա առաջին քայլն է, որին հաջորդելու են մյուս լուրջ, տեսանելի ու ծանրակշիռ քայլերը: Աշակերտների մոտ նկատվող ոգեւորությունը, ստեղծագործական ձիրքն ու եռանդը մեր վաղվա օրը, մեր սիրելի հայրենիքը կդարձնեն ավելի ստեղծագործ, ավելի ծաղկուն ու մաքուր, ավելի առողջացած արատավոր բարքերից ու նյութապաշտությունից, հոգեւոր արժեքները սիրող ու գնահատող: Նրանք, որպես մեր ապագայի ազնիվ ու գիտակից քաղաքացիներ, կսովորեն ու կսովորեցնեն, կզարգացնեն ու առաջ կմղեն մեր համազգային միտքն ու նպատակները, կհաստատեն մարդկային բարօրություն: Այն դեպքում, երբ շատերն ակնկալում էին մարզայինտպագիր մամուլի դադարեցումը ճիշտ այնպես, ինչպես ոչ վաղ անցյալում փակվեցին շրջանային թերթերը, հիմա արդեն նման նեղմիտ մարդկանց ձեռնոց է նետում Գեղարքունիքի դպրոցում լույս ընծայվող «1+1» թերթը: Ու չենք բացառում, որ այլ համայնքներում էլ մարդիկ նախանձախնդիր կլինեն ու կյանքի կկոչեն դպրոցական այլ թերթեր՝ ձեւավորելով նոր ճաշակ ու նորովի մտածողություն: «Գեղամա աշխարհ» թերթի խմբագրակազմը ոչ միայն ջերմորեն շնորհավորում է «1+1» թերթի ծնունդը, այլ նաեւ նրա կողքին է գտնվելու իր տարիների փորձով, գիտելիքներով ու խորհուրդներով, չընդմիջվող համագործակցությամբ: Կանաչ ճանապարհ ու բարի երթ քեզ, մեր նորաստեղծ թերթ: Մենք տերն ու ծառան ենք քո հրաշալի ու պայծառ Երկունքի:
«Գեղամա աշխարհ» թերթի խմբագրություն
ԵՐԿԱԹԻՑ ՀԱՑ ՔԱՄՈՂԸ
Գեղարքունիք գյուղում բնակվող 62 տարեկան Վանիկ Գրիգորյանը, ով իր գործի նվիրյալն է, երկար տարիներ զբաղվում է դարբնությամբ: Դարբնի աշխատանքը Գեղարքունիք գյուղում գործել է 1920 թվականից, դարբնոցը եղել է «Չայի կրաղ» կոչվող հատվածում, որտեղ աշխատել է դարբին Վահանը՝ նրա պապը, իսկ դարբին Վանիկը 4-րդ սերունդն է: Այն հարցին, թե նա ի՛նչ էր երազել դառնալ, նա պատասխանեց.
- Երազել եմ դառնալ պատմության ուսուցիչ, սակայն երազանքս անկատար մնաց Խորհրդային բանակ զորակոչվելու պատճառով: Իսկ թե երբ է նա սկսել զբաղվել դարբնի գործով, նա պատասխանեց` 1973 թվականից ի վեր: Իսկ թե ինչն էր պատճառը, որ, իր երազանքի մասնագիտությունը թողնելով, ընտրեց դարբնի գործը, նա պատասխանեց.
- Դա մեր արյան մեջ է: Կուզենայի, որ երեխաներս նույնպես շարունակեն իմ գործը. հույս ունեմ, որ թոռներիցս գոնե մեկը կընդլայնի այն, և ապագա սերունդը կներգրավվի դարբնի աշխատանքում: Ես ուրախ եմ, որ համայնքին կարող եմ ծառայել որպես լավ դարբին, որովհետև գիտակցում եմ, որ ոչ բոլորը կարող են դառնալ դարբին: Այն հարցին, թե չի՛ հոգնում արդյոք այդպիսի դժվար աշխատանք կատարելուց, նա ասաց, որ դարբնի գործը իր համար ոչ թե դժվար աշխատանք է, այլ՝ յուրահատուկ արվեստ, որը ինքը զգում է հոգով: Նա այդ աշխատանքը համարում է «ոսկե» աշխատանք: Իսկ այն հարցին, թե ինքն իրեն կատարյալ մասնագետ է համարում, թե ոչ, նա համեստաբար պատասխանեց, որ դեռ սովորելու շատ բան ունի և վերջում հավելեց հին հույն փիլիսոփա Սոկրատեսի խոսքերը. «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»:
Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի
8-րդ դասարանի աշակերտուհի
Մերի Գրիգորյան
ՏՈՀՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ /Տեղեկացնում էքարտաշ Լևիկ /Գրետ/ Ղազարյանը/
Գեղարքունիք գյուղն ունի հարյուրամյակների պատմություն: Հիմնականում գաղթել են Մուշ, Սալմաստ և Խոյ գավառներից: Առաջին գաղթականները եկել են Մշո գավառից, որոնց օգնել է Մկրտիչ Արծրունին, ով եղել է Սևանի ավազանի գավառապետը: Նա Նազար Դավիդովին /Սարգսյանին/ ուղարկում է Բաշքյանդ /ներկայիս Գեղարքունիք/` վերաբնակվելու: Նազար մեծը գավառապետի հովանավորությամբ տեղահան է անում թուրքերին, որոնք գյուղում կազմում էին քսանութ տնտեսություն: Հինգ տարի հետո գյուղը գրեթե բնակեցված է լինում հայերով: Նազար Դավիդովը հիմնում է ներկայիս Սարգսյանների տոհմը, որը գյուղում անվանում են Նազարենց կամ Դավիդենց: Նազար Դավիդովը ունենում է մեկ տղա` Գևորգը, իսկ Գևորգի տղաներն են Իսրայելը, Նազարը, Սարգիսը և Սևակը: Գյուղում ապրում են Սարգսի ժառանգները: Սարգիսը ունենում է մեկ որդի` Դավիդը, իսկ Դավիդը երկու որդի` Սարգիսն ու Գրիգորը: Գրիգորը ուներ չորս որդի` Պապինը, Սեդրակը, Վազգենը և Զավենը:
Միայն Վազգենն է ապրել գյուղում և շարունակել է հոր գործը` ուսուցչությունը: Դավիդի որդի Գրիգորը եղել է լիկկայանի վեց շրջանավարտներից մեկը, ով եղել է վաստակավոր ուսուցիչ, աշխատել է դպրոցում 1934 թվականից: Սարգսի որդիներն էին` Գուրգենը, Միսակը, Կոլյան, Մերուժանը, Սերոժը: Գյուղում են մնացել Գուրգենը, Միսակը, Կոլյան: Միսակի որդին է Ժորան, ով ունի մեկ որդի: Կոլյան ուներ երկու որդի` Նազարը և Ռաֆիկը, ովքեր ապրում են գյուղում, շարունակում են իրենց հոր գործը` հյուսնությունը: Գյուղում բնակվել է Սարգսի որդի Գուրգենը, որը նույնպես զբաղվել է ուսուցչությամբ, ունեցել երեք որդի, որոնցից մեկն է ապրում գյուղում` Սամվելը և նրա որդին: Բացի տղաներից` Սարգսյանների տոհմը ունեցել է նաև աղջիկներ, ովքեր ամուսնացել են գյուղում և ունեցել երեխաներ` շարունակելով իրենց ամուսինների տոհմը:
11-րդ դասարանի աշակերտուհի
Սյուզաննա Կարապետյան
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
2019 թվականի հունվարի 30-ին Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի 27-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա էին ծնողներ, ուսուցիչներ, Հայոց բանակից զորացրված տղաներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ: Միջոցառումն ուներ ռազմահայրենասիրական դաստիարակության նպատակ, ինչը մեծապես նպաստում է հոգով ուժեղ ու արի, իր տանն ու հայրենիքի պաշտպանությանը պատրաստ զինվորի հետագա կայացմանը, Հայոց բանակի նկատմամբ սիրո և հարգանքի ձևավորմանը: Ամենակարևորը՝ դպրոցականները պատկերացում կազմեցին Հայոց բանակի կազմավորման, նրա անցած մարտական ուղու, ժամանակակից զինված ուժերի, ռազմական տեխնիկայի և մարտական պատրաստվածության մասին:
ՀԱՅ ԶԻՆՎՈՐ
Ողջո՜ւյն, սիրելի՛ զինվոր, մենք գիտենք, որ ձեզ համար չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությունը: Քո շնորհիվ է, որ մենք անհոգ ու հանգիստ ապրում ենք մեր երկրում: Այդ պատճառով ամենափոքր երկիրն անգամ պետք է ունենա իր բանակը, քնաի որ նրա գոյությունն է ուժ ծնում, ծնում իրավունք և, ամենակարևորը, երկիրը պահելու հնարավորություն: Սիրելի՛ զինվոր, դու ես Հայոց բանակի հիմքն ու հենասյունը, բանակ, որը մի կառույց է, ոգեշունչ մի դարբնոց: Սիրելի՛ զինվոր, քո երկամյա չարչարանքը մեր ժողովրդի խաղաղ կյանքն արժե, թող խաղաղությո՜ւն տիրի աշխարհին Հայոց, իսկ հայ մայրերի աչքերում շողան միայն ուրախության ու հպարտության արցունքներ՝ ողողված անսահման
սիրով ու երջանկությամբ: Իմ քա՜ջ եղբայր, ես հավատում եմ քո տոկունությանն ու քաջությանը, քանի որ հայ զինվորի երակներով հոսում է ազատատենչ Հայկի և նրա ժառանգների արյունը: Եվս մի քանի տարի անց ես կկանգնեմ քո տեղը և կշարունակեմ քո գործը: Ես հավատում եմ քեզ, որ դու ամուր կպահես իմ երկրի սահմանները, որ պատվով կկատարես հայրենիքիդ ու հողիդ առաջ պարտքդ, մինչև հեթափոխի կգամ ես…
Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի
8-րդ դասարանի աշակերտ Սաշա Գրիգորյան
ԲԱՆԱԿՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ
Ես զավակն եմ իմ լեռնային երկրի, որը Հայաստան է կոչվում: Երկիր, որը գոյատևելու համար մշտապես պայքարել է` ունենալով պատմական հերոսական պահեր, պահեր, որոնք անմահացրին մեր պապերը, հայրերը, հիմա էլ` իմ եղբայրները: Իմ ապրած օրերի այդպիսի հերոսական էջերից է Քառօրյա պատերազմը, որը խլեց բազմաթիվ հայորդիների կյանք և տվեց այնպիսի հերոսներ, ինչպիսիք են Արմենակ Ուրֆանյանը, Սասուն Մկրտչյանը, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը, որոնց սխրանքը օրինակ է բոլորիս համար: Ինձ համար յուրօրինակ հերոս է Արամայիս Յուրիկի Ոսկանյանը, ով հերոսացավ հայրենիքի սահմանները պաշտպանելիս և անմահացավ մեր սրտերում և գիտակցության մեջ: Ունենալով նմանօրինակ սխրանքներ և քաջարի բանակ` ես վստահ եմ, որ պատկերել եմ մի նկար, որը շուտով իրական է դառնալու: Եվ գուցե մենք լուծելու ենք մեր տարածքային խնդիրները, և հայ հպարտ զինվորը Մասիսի լանջին հանգիստ ու անվրդով նստելու է հարատևության խորհրդանիշ հանդիսացող կրակի շուրջ տաքանալու: Երկինքը լինելու է խաղաղ ու լուռ , իսկ այդ լռությունը կխախտի զինվորի նվագած երաժշտության ձայնը, չի լինի ոչ մի ոսոխ, ոչ մի կրակոց: Իմ սիրելի՛ սահմանապահ եղբայրներ, վստահ եմ, որ շուտով իմ երազած բանակը ձեր շնորհիվ իրականություն է դառնալու, և որ նկարս ուտոպիա չէ: Ձեզ սիրող, ձեզանով հպարտացող, ձեր վերադարձին հավատով սպասող, ձեր գործը շարունակող` Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազրյան:
ՄԵՐ ԳՅՈՒՂԻ ՁՄԵՌԸ
Ձմռան ճերմակությունն ամենուր իշխող է, ամեն ինչ ծածկել է իր վերմակի տակ: Մերկացած ծառի տերևներին փոխարինել է արծաթագույն եղյամը: Քամին շարժում է եղյամապատ ճյուղերը: Գուցե ճիշտ են ասում, որ նրանք դողում են ցրտից, թե քուն են մտել մինչև գարուն: Սարերի արծաթե կատարները ձուլվել են ճերմակ ամպերին: Եթե աշնանը գույների տոնահանդես է, ձմռան թագուհին սպիտակն է կամ արծաթագույնը: Ձմեռը շատ եմ սիրում: Կարծում եմ բոլորիս համար էլ ձյունը ձմեռվա անբաժան մասն է: Սակայն մեր գյուղում ձյունը ձմեռվանից միշտ առաջ է ընկնում: Այս տարի էլ առաջին ձյունը եկավ շատ վաղ՝ դեռ հոկտեմբերնոյեմբեր ամիսներին: Ձյունը խոնավ էր, անձրևախառն: Ձյան փաթիլները խնձորենու ծաղկաթերթերի նման իջնում էին վար, ծածկում սար ու սարալանջ, հանդ ու արտ: Երկնքի ճերմակը ձուլվել էր երկրի ճերմակին, ստեղծվել էր համատա
րած, անծայրածիր ճերմակության թագավորություն: Սկզբից բոլորին ցնծություն էր պարգևել անարատ ձյունը` իր անբասիր մաքրությամբ, իր անձայն երաժշտությամբ: Սակայն գյուղացիներից շատերի սրտում բնականաբար առաջացել էր անհանգստություն, քանի որ ձմեռն իր հետ բերում էր նաև նոր հոգսեր: Մեզ մոտ ձմեռն անկանոն է, այն կարող է սկսվել դեռ աշնան կեսից և շարունակվել մինչև գարնան վերջը: Տարվա յուրաքանչյուր եղանակ գեղեցիկ է յուրովի, ձմեռն էլ իր հերթին ամբողջացնում է այդ գեղեցկությունը: Գեղարքունիքը միշտ է գեղեցիկ, բայց ձմռանը այն ավելի է գեղեցկանում, հատկապես երբ ձյունը իր սպիտակ սավանն է փռում ամենուրեք: Չնայած ձյան «պարգևած» ցրտին, որը օրեցօր ավելի շատ հոգսեր է պատճառում, ամեն դեպքում ձյունը ջերմացնում է բոլորի սրտերը: Մեզ մոտ հնարավոր չէ պատկերացնել ձմեռային տոները առանց ձյան: Ամանորի անբաժան մասն է կազմում ձյունը. այն խորհրդանշում է մաքրություն, առատություն, իսկ ամանորի գիշերը տեղացած ձյունն ավելի խորհրդավոր է դառնում: Պիտի առնվազն կույր լինել՝ չնկատելու համար բնության այդ սովորական թովչանքը:
Մերի Գրիգորյան
Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի
ՁՄԵՌ
Ձմեռ… մի հրաշալի եղանակ, որը յուրովի է իր առանձնահատուկ գեղեցկությամբ: Ձմեռ… երկնքից թափվող ճերմակ փաթիլներ, գեղեցիկ ու արծաթափայլ փաթիլներ, որ երկնքից պարելով թափվում են ցած, թափվում և ամենուր ճերմակով ծածկում: Ու շուրջդ ասես ամեն-ամեն ինչ ճերմակով է ծածկվում, այնքան մաքուր և այնքան անբիծ, որ ասես հրաշք է տեղի ունենում: Ձյան փաթիլի իջնելու ամեն մի վայրկյանը յուրովի է, գեղեցիկ: Ձմեռը տարբերվում է մյուս եղանակներից իր առանձնահատուկ ձյան առկայությամբ: Ձմեռն անցնում է հեքիաթի նման, ամենուր ձյուն է ու անվերջ տեղացող փաթիլներ: Ձմռան ամեն մի վայրկյանը պետք է ապրել յուրովի և հասկանալ ձմռան առանձնահատկությունները: Այն ավելի գեղեցիկ է իմ գյուղում՝ Գեղարքունիքում,երբ ամբողջ դաշտերն ու լեռները պատված են ձյունով, և ուրախություն է իջնում գյուղի վրա, կարծես բոլորն իրենց զգում են հանգիստ ու երջանիկ: Մարդիկ, ովքեր մեկնել էին արտագնա աշխատանքի, վերադառնում են և նորից իրենց ընտանիքի կողքին լինում: Պարզվում է` կան մարդիկ, որոնք խորը վախ ունեն ձյունից, ինչը նույնիսկ անուն ունի՝ «կիոնոֆոբիա»: Սովորական ձյան փաթիլը կազմված է միջինը 180 միլիարդ մոլեկուլից: Իրականում ձյունն անգույն է, թափանցիկ, ոչ թե՝ սպիտակ: Ձյան բյուրեղը պրիզմայի նման բաղադրում է լույսը, ինչը մարդու աչքին տեսա
նելի չէ, ուստի մենք այն տեսնում ենք սպիտակ գույնով: Երկրագնդի վրա գտնվող քաղցրահամ ջրի 80%-ը սառույցի կամ ձյան տեսքով է:
Սյուզի և Անի
Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի
8-րդ դասարանի աշակերտուհիներ
ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏԵՎԻՑ
Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Դանիել Գրիգորյանը, ով մեծ նպատակներ ունի իր առջև դրված, սոցիալապես անապահով ընտանիքից է: Չնայած սոցիալական վատ վիճակին` նա շատ երազանքներ ունի և պատրաստվում է դրանք իրականացնել: Այդ երազանքներից ամենամեծը փողային երաժշտական գործիք /կլարնետ/ նվագել սովորելն է: Թեև դպրոցում դրսևորում է բավարար առաջադիմություն, բայց շնորհալի է. ասմունքում է, երգում և նվագում: Այն հարցին, թե ինչու է ընտրել երաժշտական ոլորտը, նա պատասխանեց.
-Քանի որ երաժշտությունը ներթափանցում է մարդու հոգին: Իսկ այն հարցին, թե ինչու է հազարավոր երաժշտական գործիքներից ընտրել կլարնետը, նա պատասխանեց.
-Ոչ մի յուրահատուկ բան չկա. Ձայնն ուղղակի ինձ դուր է գալիս: Երբ նվագում եմ իմ սիրելի երաժշտությունը, ավելի եմ համոզվում, որ իմ ընտրությունը ճիշտ է: Հաճելի է, երբ զգում ես մեղեդին, քանի որ այդ դեպքում տրվում ես երաժշտությանը:
Բացի այն, որ երաժշտական այդ գործիքի ձայնը աննկարագրելի գեղեցիկ է, այն նաեւ հուզում է, ստիպում զգալ աշխարհը, տեսնել ավելին՝ գեղեցիկն ու իդեալականը, ուստի, ես իմ ապագան տեսնում եմ այս ոլորտում: Իր երազանքը, ըստ նրա, իրագործելի է, և ինքը կանի ամեն ինչ իր երազանքը իրականություն դարձնելու համար:
Մ. Գասպարյան
Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի
8-րդ դասարանի աշակերտ
ԻՄ ՍԻՐԱԾ ԳԻՐՔԸ
Չեմ ասի, որ գեղարվեստական գրականությունն ի սկզբանե ինձ գրավել է: Ես ունեցել եմ և ունեմ ուրիշ շատ հետաքրքրություններ, որոնցով զբաղվելիս ավելի մեծ բավականություն եմ ստացել, քան որևէ գիրք կարդալիս: Դպրոցում ես սովորում եմ լավ, բայց գեղարվեստական գրքերի հետ շփվում եմ այնքանով, որքանով ինձ պարտադրում են ուսումնական ծրագիրը և ուսուցիչները: Հիշում եմ՝ դեռ տարրական դասարանում էի սովորում, դասղեկս ինձ հանձնարարել էր կարդալ «Չաղ-չաղ թագավորը» հեքիաթը, որը այն ժամանակ թվում էր մի հաստափոր գիրք, որ եթե ամբողջ կյանքում էլ կարդայի, չէի վերջացնի: Բայց այն ընդամենը երեքէջանոց փոքրիկ հեքիաթ էր, որից ես հիմա հիշում եմ միայն վերնագիրը: Հայ հեղինակների վեպերից իմ ամենասիրած գործը Շիրվանզադեի «Քաոս» վեպն էր, բայց հետո ինձ գրավեց արտասահմանյան գրականությունը: Մեծ հետաքրքրությամբ եմ կարդացել Շարլոթ Բրոնտի «Ջեյն Էյրը», Օսկար Ուայլդի «Դորյան Գրեյի դիմանկարը» և այլն: Վերջերս սկսել եմ կարդալ Վարդգես Պետրոսյանի գրքերը՝ «Ապրած և չապրած տարիները», «Վերջին ուսուցիչը», «Մենավոր ընկուզենին»,
իսկ Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» գիրքը առանձնահատուկ դարձավ ինձ համար: Ես անգամ մտապահել եմ շատ դիպուկ ար
տահայտություններ այդ գրքից.
գ Դու այդպես էլ չես գտնի քո երիցուկները,որովհետև նրանց փնտրում ես անցյալում, իսկ անցյալում ոչինչ հնարավոր չէ գտնել:
գ Զգացմունքը հագուստ չէ, որ խանութից գնես, հագնես կամ նվիրես ուրիշին…
գ Ամեն լավ բանի հիմքում ինչ-որ մղիչ ուժ կա, որը հաճախ սեր է կոչվում:
գ Սիրող սիրտը ատամներով էլ կպահի իր սերը:
գ Խոսքը սրտի արձագանքն է …
Իսկ Վարդգես Պետրոսյանի «Մենավոր ընկուզենին» ինձ շատ հոգեհարազատ դարձավ, քանի որ մեր օրերում էլ շարունակվում են գրքում արծարծված խնդիրները լուծում չստանալ: Գյուղը դատարկվում է. ոմանք լքում են երկիրը, ոմանք էլ տեղափոխվում քաղաք: Ինձ գրավում են գյուղում մնացող, գյուղը չլքող և պայքարող մարդիկ, ովքեր ամուր կառչած են իրենց հողին: Եվ հենց նրանք են մեր երկրի ամուր հիմքը, շարժիչ ուժը: Գիրքը կարդալուց հետո հասկացա, որ այսօր էլ Հայաստանի շատ գյուղեր, որքան էլ ցավալի է, դառնում են «գերեզմանագյուղեր»: Չէի ցանկանա, որ հայրենի հողը քաղցրանար միայն ծեր ծնողների կամ այլ հարազատների մահից հետո միայն:
Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի
12-րդ դասարանի աշակերտուհի
Կարինե Բադալյան
ՊԱՊԻ ՈՒ ԹՈՌԱՆ ԶՐՈՒՅՑԸ
Մի անգամ պապ ու թոռ զբոսնում էին այգում և խոսում տարբեր թեմաների շուրջ, երբ թոռնիկը պապին ասաց.
-Պապի՛կ, ես շուն եմ ուզում:
-Ի՞նչ:
-Ասում եմ` շուն եմ ուզում, պապի՛, խլացե՞լ ես:
-Դու ինձ արդեն հոգնեցրիր: Ախր ո՞նց կարելի է ամեն օր կրկնել նույն պատմությունը…
-Է˜, պա՛պ, ախր շունը միշտ ինձ հետ կլինի, ցերեկները շան հետ կգամ դաշտ ու քեզ կօգնեմ:
- Ա՛յ տղա, քեզ քանի անգամ եմ ասել` շան փոխարեն կարող ենք ավելի օգտակար կենդանի առնել, օրինակ` հավ, գոնե ձու կածի, կուտես ու սուս կանես:
-Պապի՛, չեմ հասկանում, դու ինձ չե՛ս սիրում, քո հավը իմ հետ գյուղ դուրս չի գա ու ընկերներիս չի վախեցնի:
-Չէ՛, տղա՛ ջան, քո գլուխը ոչ մի բան չի մտնում, ինչքան ասեմ-չասեմ, նույն էշն ես քշում: Հա՛, ի դեպ, էշ կարելի ա առնել:
- Ախր, ա՛յ պապ, ես քեզ չեմ հասկանում, շունը կարող է գյուղը պաշտպանել վայրի կենդանիներից:
-Տղա՛ս, ես ուզում եմ, որ դու հասկանաս` կյանքում ինչն է լավ, ինչը վատ քեզ համար:
-Լա՛վ, պապի՛, կանենք ընենց, ոնց դու ես ասում, բայց մեկ է, քեզ չեմ հասկանում, երևի
կմեծանամ, կհասկանամ: Սիրելի՛ ընթերցողներ, երբ դուք հայտնվեիք այդպիսի իրավիճակում, ինչպե՞ս կվարվեիք պապի կամ թոռնիկի փոխարեն: Սպասում ենք ձեր առաջարկվող տարբերակներին:
Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի
11-րդ դասարանի աշակերտուհի
Սյուզաննա Կարապետյան
Նկարը` Աննա Գևորգյանի
ԶԱՐԳԱՑՆԵՆՔ ՁՄԵՌԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԸ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ
Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները, բացի ուսումնադաստիարակչական գործունեությունից, ներգրավված են նաև արտադասարանական խմբակների պարապմունքներում: Դպրոցում կա վոլեյբոլի խմբակ, որտեղ մարզվում են 8-ից բարձր տարիքային խմբի տղաները: Ձեզ կթվա, որ չափազանցնում եմ, բայց դպրոցի երեխաների 90 տոկոսը ցանկանում է, անգամ երազում է ունենալ նաև բասկետբոլի խմբակ, իսկ եթե աղջիկներին հարցնենք, նրանք տղաներից ավելի ոգևորված են մարզական խաղերով: Հարկ եմ համարում նշել, որ 2018 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ֆուտբոլի մեր աղջիկների թիմը Գեղարքունիքի մարզում գրավեց երկրորդ տեղը` չունենալով մարզման բավարար պայմաններ: Դպրոցում գործում է «Արմաթ» ինժեներական լաբորոտորիա, սակայն երեխաներից քչերն են այնտեղ հաճախում: Կցանկանայինք, որ համայնքում զարգանան ձմեռային մարզաձևերը, հատկապես դահուկային և լեռնադահուկային մարզաձևերը, եթե հաշվի առնենք բնակլիմայական միջավայրն ու պայմանները: Կուզեինք նաև, որ մեր համայնքում իրականացվեր պարի, երգի, արվեստի այլ տեսակների մասսայականացման ծրագիր:
Արդեն լույս է տեսել «1+1» թերթի առաջին համարը, որը խմբագրվում է Գեղարքունիք համայնքում: Թերթում լուսաբանվել են փաստեր, տեղեկություններ, իրադարձություններ, որոնք ներկայացնում են Գեղարքունիք համայնքը: Նյութերը վերաբերում են հայրենի բնաշխարհին, պատմամշակութային հուշարձաններին, տեսարժան վայրերին, գյուղի ծագումնաբանությանը, գյուղում նշանավոր դեմքերին, անցուդարձին, սովորույթներին, դպրոցում անցկացվող միջոցառումներին: Թերթի շնորհիվ ոչ միայն Գեղարքունիք գյուղի բնակչությունը, այլև շրջակա գյուղերի բնակիչները կկարողանան ստանալ տեղեկություն մեր համայնքի վերաբերյալ: Թերթը ավելի ճանաչելի կդարձնի Գեղարքունիք համայնքը, վեր կհանի գյուղի խնդիրները, յուրովի կներկայացնի պատմությունը, որը շատերի մոտ կարող է հետաքրքրություն առաջացնել և, ով գիտի, տարիներ անց մեր փոքրիկ գյուղը կդառնա զբոսաշրջության զարգացման կենտրոն: Թերթի հրապարակման համար աշխատում է աշակերտներից կազմված խումբ, սակայն յուրաքանչյուր ոք կարող է ցանկության դեպքում դիմել Ռոզա Հակոբյանին և տրամադրել նյութեր, որոնք կցանկանային տեսնել թերթի հաջորդ համարներում: Ցանկալի է, որ տրամադրվող նյութերում լուսաբանվեին համայքում առկա խնդիրները և առաջարկվեին լուծումներ: Ակնկալվում է ակտիվ համագործակցություն:
Խմբագիր և համարի պատասխանատու՝ Ռոզա Հակոբյան
Տպաքանակը՝ 500, հեռախոս՝ 093 919658:
Էլ. Փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։