ընտրացանկը

Հուլիս 2019 թերթ № 6

NUMBER IN PDF

janeta
janeta
janeta
Կան մարդիկ, ովքեր ճակատագրի բերումով հեռանում են իրենց ծննդավայրից, հայրենիքից, բայց թե՛ հոգով, թե՛ արյան կանչով կապված են միշտ իրենց հայրենիքին. Հիշում են, կարոտում և ապրում հայրենիքի խնդիրներով: Նրանցից է ծնունդով գեղարքունիքցի, այժմ Կանադայում ապրող Ժանետա Հակոբյանը:
-Ե՞րբ եք ծնվել:
- Ծնվել եմ դաժան մի թվի գարնանը, երբ սուրում էր մահվան քամին, ու հորս տարել էին մարտի. սով, մահացություն և ծնունդ… «Անուշ երգերի փոխարեն Բարուրս ողբով լցրեցին»:
-Ի՞նչ կրթություն եք ստացել:
- Կրթությունս տնտեսագիտական է, ավարտել եմ ԵՊՀ Տնտեսագիտական ֆակուլտետը և Մոսկվայի Պլեխանովի անվան համալսարանի ասպիրանտուրան: Չնայած տնտեսագետ եմ, սակայն իմ մեջ ապրում է բանաստեղծի հոգին: Ծայրահեղորեն ռոմանտիկ եմ….դեռևս:
-Ո՞ր տարիքից եք սկսել ստեղծագործել:
-Երրորդ դասարանում, քայլելով չոր տերևների վրայով, գրեցի. «Ընկնում են տերևները Ու փռվում գետնին՝ դեղին ու կարմիր, կանաչ, չորացած, Նայում եմ ընկած նրանց գույներին Ու համեմատում կյանքի հետ մարդկանց»:
-Ո՞ր առարկան եք սիրել դպրոցում:
- Սիրել եմ բոլոր առարկաները: Տնային հանձնարարություններից բացի, աշխատում էի չանցածս թեմաների վրա, ընկերներիցս առաջ էի անցնում մի քանի էջ: Սիրում էի կարդալ պոեզիա՝ Թումանյան, Իսահակյան, Տերյան, Պուշկին, Լերմոնտով: Առանց հանձնարարականի անգիր էի անում նրանց ոտանավորները ու մինչև հիմա էլ արտասանում եմ իմ սիրած գործերը: Պոեզիան ինձ համար բանալի է՝ գտնելու մարդկային հոգու գաղտնիքները:
- Որտե՞ղ եք աշխատել:
-Դեռ դպրոցը չավարտած՝ հունվար ամսից աշխատեցի բանվորուհի Էջմիածնի «Պլաստմասաների» գործարանում, շատ ծանր էր, բայց ուզում էի օգնել մայրիկիս: Երբ մայրիկս տեսավ կոշտացած, արյունալվիկ ձեռքերս, արցունքախառն համբուրեց ու արգելեց աշխատել: Հունիսին ընդունվեցի համալսարան /դպրոցս ավարտել էի արծաթե մեդալով/: Դիմեցի ռեկտորատ և խնդրեցի ինձ տեղափոխել երեկոյան բաժին, որ ցերեկները աշխատեմ: Մեր հարևանը ինձ տարավ գիտահետազոտական ինստիտուտ՝ որպես գծագրող-տեխնիկ: Ինձանից երջանիկ մարդ չկար… աշխատում էի գիտնականների միջավայրում: Համալսարանի ավարտական քննություններից մեկի հանձնաժողովի նախագահի / Վահե Գաբուչյան/ երաշխավորությամբ գործուղվեցի` դասավանդելու թեթև արդյունաբերության տեխնիկումում: 14 տարի զբաղված էի իմ սիրած գործով՝ մանկավարժությամբ: Այնուհետև ինձ հրավիրեցին Հանրապետության Նախարարների Խորհրդի պետպլանային վարչություն՝ պլանավորելու երկրի թեթև արդյունաբերությունը: Ինչպես տեսնում եք, ես բանվորից հասա բարձրագույն պետական գործչի պաշտոնի՝ առանց հոր և «բարի քեռիների»: Ես չեմ զարմանում, ամեն ինչ արդար էր, քանի որ ես մանկուց էի ինձ պատրաստում՝ պայքարելու իմ գիտելիքներով… Միշտ, առայսօր, գիշերվա ժամը 1 –ից շուտ չեմ քնում: Ծարավ էի գիտության, անգամ երաժշտության, արվեստի, ինքնուս եմ սովորել նվագել, կարել-կտրել, թխել: Ստեղծագործել եմ, երգել ու շահել քաղաքային օլիմպիադայի առաջին մրցանակը՝ դաշնամուրը, որը մինչև հիմա դպրոցում է: Իմ նշանաբանն է. «Երբեք չասես չեմ կարող»- սա պահանջում եմ իմ զավակներից, ուսանողներից և ընկերներից: Խորհուրդ եմ տալիս իմ հայրենակիցներին, երիտասարդությանը՝ ղեկավարվել իմ նշանաբանով, հատկապես հիմա, որպեսզի ակտիվորեն մասնակցեն երկրի պետականաշինության, անկախության կայացման ու հզորացման գործին»:
- Դուք ունե՞ք հոբբի:
- Սիրում եմ ճանապարհորդել, նպատակս է ծանոթանալ օտար երկրների ձեռքբերումներին, նիստուկացին, սովորույթներին ու համեմատել հայկականի հետ… Ափսոս, որ շատ բաներում բավականին հետ ենք մնում: Մեր խոսքը, թե ես Հայ եմ, հայն ուրիշ է… Հայ տղամարդ, Հայ կին… հասկացողությունները արժեզրկվում են, երբ տեսնում ու ծանոթանում եմ Հայաստանում տիրող իրական բարքերին… -Ի՞նչ է նշանակում լինել հայ:
- Հայ լինել ինձ համար նշանակում է.
- ունենալ խիզախություն, խոստովանել և արմատախիլ անել սեփական սխալները
- երբեք հույսը չդնել ուրիշի վրա
- հպարտություն ունենալ և ուրիշից օգնություն չմուրալ
- ուժեղ լինել մեն- մենակ ոտքի կանգնելու
- անհիմն չպարծենալ ո՛չ մեր անցյալով, ո՛չ սուտ ու փուչ պատմություններով, որ մենք հայ ենք: Դա ոչինչ չի նշանակում, երբ տեսնում են համատարած ծուլություն, հայհոյանքներ, կռիվներ, ողորմություն հայվաքողների՝ անգամ աղբարկղերից:
-Ինչպե՞ս է հնարավոր դառնում օտար երկրում հայ մնալ:
- Ես, ապրելով Կանադայում, երբեք չեմ ողորմացել, կատարել եմ ինձ ոչ համապատասխան աշխատանքներ, իսկ անհրաժեշտության պահին ցուցադրել եմ իմ գիտելիքները, որը զարմացրել է անգամ օտարին, ու այդ պահին միայն ասել եմ, որ հայ եմ:
-Ի՞նչ ստեղծագործություններ ունեք:
- Ամենահաջողվածը, որ ինձ պատիվ է բերում, ու որի համար հպարտանում եմ, «Արդարության ՈՒժեղ Ատյան» պոեմս է, որ նվիրել եմ Պարույր Սևակի հիշատակին: Պոեմը ինձ բերեց մեծ ճանաչում, ու ես հպարտանում եմ: Մեծ ճանաչում ստացավ «Սուրբ Սարգիս»-ը, որը գրեցի Արամ Ասատրյանի համար: Վերջում կցանկանայի ասել, որ հայը պետք է հավատարիմ մնա ի վերուստ իրեն տրված խոսք-պատվիրանին.
- Հայը քարից հաց քամո՞ղ է:
-Հայը պետք է ապրի ներկա խնդիրներով, դադարի պարծենալ անցյալի հերոսներով ու գործ չանի, անցյալը իրեն վերագրելով՝ նա մեծամտանում է….. Թող ուրիշները գնահատեն հային: 
janeta2
janeta2
janeta2

Ռոզա Հակոբյան

 

erexa
erexa
erexa
Որոշ ծնողներ դեմ են ցանկացած ձևով և չափով երեխաներին պատժելու գաղափարին: Նրանք համոզված են, որ ցանկացած պատիժ վնաս է: Հիմնականում այսպիսի սկզբունքը առաջանում է երեխայի հանդեպ հիպերտրոֆիկացված սիրո պատճառով, երբ ծնողները չեն ցանկանում տեսնել իրենց երեխայի թերությունները և, ավելին, թերությունը ներկայացնում են որպես առավելություն: Էներգետիկ երեխան կոտրել է պատուհանը: Ծնողն ասում է. «Ապրես»….. «Տեսեք նա կարող է դա անել մեկ հարվածով»: Օրինակ` երեխան կռիվ է հրահրել և դաժան ծեծել իր ընկերոջը խաղի ժամանակ, ապա դրանում մեղավոր է ուրիշ մեկը: Կամ եթե նրան տային այդ խաղալիքը, որը նա պահանջում էր, ապա ոչ մի կռիվ էլ չէր լինի: Հետո ծնողները արդարացնում են նրան, ասելով` այլևս չխաղաս այդ տղայի հետ, ինքը ժլատ է: Պատահում է, որ ծնողները տեսնում են երեխաների թերությունները, բայց չեն կարողանում նրան պատժել. նրանք երեխայի հանդեպ մեղավորության զգացում են ապրում: Հատկապես երբ բաժանված են մտածում են, որ երեխան մեղք է, ինքը չի հասկանում՝ ինչ է կատարվում, կարոտում է մորը կամ հորը, և նրան պատժելը խելքին մոտ չէ: Լինում է նաև, երբ ծնողներից մեկը փորձում է երեխային իր կողմը քաշել (մաման լավն ա, իսկ պապան վատը, կամ հակառակը): Բնական է, այս պարագայում «լավ» ծնողը ոչ միայն ինքը չի պատժում երեխային, այլ խոչընդոտում է չնչին պատիժը «հակառակորդի» կողմից` ցույց տալով իր լավ, բարի լինելու փաստը երեխայի առջև: Այսպիսի դաստիարակության արդյունքը մեծ մասամբ անհուսալի է: Երեխան, որ ստանում է ամեն ինչ, առաջին իսկ պահանջի դեպքում դադարում է գնահատել ստացածը: Բացի այդ, երեխաները շատ զգայուն են և միշտ գիտեն, թե երբ են փորձում «գնել» իրենց զգացմունքները: Եվ այդ ժամանակ դիմում են ուղիղ մանիպուլյացիայի (իսկ պապան խոստացել է ֆոտոապարատ գնել, ինքն ասել է, որ ես արդեն մեծ եմ, պետք է սովորեմ այն օգտագործել): Երես առած երեխաները գտնում են, որ «լավը» դա նա է, ինչը որ իրենք ուզում են: Իսկ հետո ծնողները զարմանում են , թե որտեղից է այսքան վատը իրենց մեծացրած երեխան, բայց չէ՞ որ նա ամեն ինչ ուներ: Ինչու՞ է հասուն մեծ տղան գողանում պառավ կնոջ վերջին կոպեկները: Ինչու՞ է հասուն աղջիկը տանից դուրս շպրտում հորը (լավ է, որ ծերանոց, այլ ոչ փողոց): Նրա համար, որ նրան սովորեցրել են, որ երկրագունդը պտտվում է հենց հատուկ իրենց համար: Եվ ոչ ոք և ոչինչ, այդ թվում և ծնողները, չպետք է խանգարեն ցանկության իրականացումը: Առավել ևս, երբ ծնողները ծերացել են և անօգուտ դարձել մեծացած երեխայի համար: Շատ լավ օրինակ է «Խաղալիք» կինոնկարը, երբ տղան սովոր է ունենալ ամեն ինչ, ինչ կցանկանա, իսկ նա խաղալիքի փոխարեն կենդանի մարդ է ուզում և ստանում է: Եվ ահա «տիկնիկը» (հիասքանչ դերը կատարում է Պիեռ Ռիշարը) գտնվում է ինքնատիպ և խորամանկ և երեխային փոխում դեպի լավը: Այսպիսով, չի կարելի մերժել պատժի գաղափարը: Այն օգնում է՝ տարբերել լավը վատից (լավի համար գովում են, վատի համար պատժում): Բայց, ընտրելով պատիժը, հարկավոր է որոշել՝ դաստիարակում եք դուք գիտակից մարդու՞, թե վարժեցնում եք վայրի կենդանի: Որոշ ծնողներ գտնում են, որ պատժելն անպայման ֆիզիկական ուժի գործադրումն է: Որոշներն էլ դիմում են հոգեբանական նվաստացումների: Օրինակ` երեխան պետք է բոլորի ներկայությամբ (ինչքան շատ մարդ լինի, այնքան ավելի լավ) ասի իր արարքի մասին և զղջա: Մի տղայի ուղիղ չորս տարի ստիպել են, որ ընկերների մոտ զղջա նրանում, որ ինքը տակն է թրջել: Երեխան տարվել է խաղով, հետաձգել զուգարան գնալը և կատարվել է դա: Երբ նրան ստիպել են իր մեղքն ընդունել, նա լացել է և խոստացել, որ երբեք-երբեք այդպիսի բան չի անի, մենակ թե ոչ ոքի չպատմեն: Այդ ժամանակ մայրը բոլորին ցուցադրել էր շալվարը և մանրամասն պատմել նրա «արարքի» մասին: Գործը վերջացել էր փոքրիկի համար ծանր նյարդային խանգարումով: Ստիպել են ծնկաչոք, ձեռքը համբուրելով ծնողից ներողություն խնդրել: Կան նաև ծնողներ, ովքեր թափած խաղալիքների համար ծեծում են երեխաներին, հետո պահանջում, որ համբուրի ծեծող ձեռքը իրենց քայքայած նյարդերի և գործած ջանքի համար, որ օգտագործում են, որ մեծացնեն նրան «իսկական մարդ»: Դա վարժանք է ուղիղ իմաստով: Հաճախ դա բերում է նրան, որ երեխան սկսում է խաբել, որպեսզի խուսափի պատժից, օրինակ` կեղծում է օրագրի գնահատականները և այլն: Հարկավոր է կիրառել պատժի այլ տակտիկա: Եթե ծնողի և երեխայի միջև կա փոխադարձ հարգանք, ապա բավական է խիստ հայացք, և երեխան արդեն հասկանում է, որ վատ արարք է կատարել: Նա անկեղծ զղջում է, ընդունում է կատարածի մեղքը (թեկուզ և այդ ուղղած գնահատականը, չէ որ լինում է, որ մեղք են գործում նույնիսկ ամենալավ երեխաները): Իսկ խոստովանությունը կլինի ավելի արժեքավոր, եթե լինի ինքնակամ, այլ ոչ ծեծով ու վախով: Մյուս տարբերակը պատժելու հանդիսանում է երեխային զրկելը ինչ-որ «բոնուսից»` կոնֆետ, դրսում խաղալը, ճոճանակ նստելը և այլն: Այսպիսի պատիժը նույնպես շատ կիրառելի է:
Պատժելով երեխային` հարկավոր է անպայման բացատրել նրան, թե հատկապես ինչի համար է նա պատժվում: Պատիժը կայծակ չէ, որը հարվածում է որտեղ պատահի: Այն պետք է հստակ կապված լինի կատարած արարքի հետ: Դրա հետ մեկտեղ հարկավոր է ուշադիր լինել և ստուգել արաքի առկայության փաստը, օրինակ` պատիժ դպրոցում վատ սովորելու համար: Նախքան երեխայի գլխին որոտ և կայծակ թափելը (եթե նույնիսկ դա կիրակնօրյա զբոսանքից զրկելն է) հարկավոր է պարզել` ինչու է առաջադիմությունը ցածր, վատ: Կապված է դա ծուլության, սովորելու հետաքրքրության բացակայության, դասարանցիների հետ հարաբերությունների խնդրի, ընտանեկան խնդրի հետ, (ամուսնալուծված ընտանիքներում երեխաների առաջադիմությունը հաճախ ընկնում է), թե խոսքը գնում է երեխայի անընդունակ լինելու մասին ինչ-որ մի առարկայի հանդեպ: Օրինակ. կան երեխաներ, ովքեր շատ լավ շարադրություն են գրում, բայց ոչ մի կերպ չեն կարողանում բազմապատկման աղյուսակը սովորել: Հնարավոր է, որ երեխան կարիք ունի ոչ թե պատժի, այլ՝ օգնության: Պատժելիս հարկավոր է հիշել «ջագլիի օրենքի» մասին: Նույն արարքի համար կրկնակի չեն պատժում: Եվ պետք չէ ավելորդ անգամ հիշեցնել,եթե դա այլևս չի կրկնվում, իսկ երեխայի զղջումը եղել է անկեղծ: Հիշեցումը նույնպես պատժի ձև է, քանի որ երեխան տեսնում է, որ ինքը զղջացել է, արել ամեն ինչ, որ քավի իր մեղքը, բայց նրան այդպես էլ չեն ներում: Հարց է առաջանում նրա մոտ. իսկ հարկավո՞ր էր արդյոք զղջալ, ինչ-որ քայլեր ձեռնարկել, չէ՞ որ միևնունն էր արդյունքը: Ծնողը պետք է իմանա հստակ. պատիժը դա ո՜չ վրեժ է, ո՜չ վիրավորանք, ո՜չ նվաստացում: Պատիժը դա դաս է, դաստիրակչական նպատակ: Աշխատեք այնպես անել, որ այդ դասը առավելագույն ձևով հասնի երեխային: Հիշե՜ք, հարգելի՜ ծնողներ, ինչպես դաստիարակելու եք, այն էլ ստանալու եք, հետո բողոքել չկա:
www.hogeban.am

 

ov enq
ov enq
ov enq

Ովքե՞ր են եղել մեր նախնիները, որտեղի՞ց են եկել, ինչո՞վ են զբաղվել: Այս հարցերի շուրջ զրուցեցինք մեր համագյուղացի Լևիկ Ղազարյանի հետ: Նա պատմեց, որ 1854 թականին Ոսկանի տղա Կարապետը իր որդիների հետ գաղթել է Արևմտյան Հայաստանի Մշո Երկրի Բուլանլուղ գավառից և բնակություն հաստատել Նոր Բայազետի շրջանի Գեղարքունիք / Բաշքյանդ/ գյուղում: Կարապետն ունեցել է 6 որդի՝ Մարտիրոսը, Սարգիսը, Պետրոսը, Ոսկանը, Մելիքը, Մարգարը: Մարտիրոսն ունեցել է 4 տղա՝ Հայկոն, Լյուդվիգը, Մոսկովը, Խաչատուրը: Խաչատուրն ունեցել է 2 որդի՝ Աշոտը և Միխայելը / Մուխելը/: Մոսկովը ունեցել 3 տղա՝ Սաշիկը, Պարգևը, Մաքսիմը: Պարգևը ունեցել է 2 տղա՝ Համբարձումը և Սամվելը: Համբարձումն ունեցել է 2 տղա՝ Պարգևը և Գարիկը: Սամվելը ունեցել է 1 տղա՝ Էդիկը: Մաքսիմը ունեցել է 2 տղա՝ Վարդանը և Աշոտը: Վարդանը ունի 1 տղա ՝ Արամը, և մեկ աղջիկ, Աշոտը՝ 2 տղա՝ Արմանը և Մաքսիմը: Սարգիսը՝ Կարապետի մյուս որդին, ունեցել է 7 տղա՝ Արմենը, Արամայիսը, Մերուժանը, Արտաշը, Սարիբեկը, Վալոդը, Համլետը, որոնցից 3-ը՝ Արամայիսը, Արտաշը և Սարիբեկը, գնացել են պատերազմ և չեն վերադարձել: Արմենը ունեցել է 3 որդի՝ Արայիկը, Համբարձումը, Ժորան: Ժորան ունեցել է 2 տղա՝ Արծրունը և Զոհրապը: Համբարձումը ունեցել է 4 տղա՝ Արմանը, Արմենը, Արտաշեսը, Հայկը: Համլետը ունեցել է 2 տղա՝ Ռուբենը և Սամվելը, որոնք չեն բնակվել գյուղում: Մկրտիչը ունեցել է 2 տղա՝ Սերոժը և Սուրենը: Սերոժը ունեցել է 3 տղա՝ Գառնիկը, Մկրտիչը, Ռադիկը: Գառնիկը ունի 2 տղա՝ Ալիկը և Էդիկը: Ալիկը այժմ աշխատում է Գեղարքունիքի մարզի դատախազությունում՝ որպես ավագ դատախազ: Մկրտիչը ունի 1 տղա՝ Սերգեյը: Ռադիկը ունի երկու տղա՝ Սևակը և Սիմակը: Սուրենը ունեցել է 3 տղա՝ Հրանդիկը, Յուրիկը և Ռաֆիկը: Հովհաննեսը ունեցել է 1 տղա՝ Վանոն: Վանոն ունի 1 տղա՝ Վազգենը: Մելիքը՝ Կարապետի մյուս որդին, ունեցել է 5 տղա՝ Լևոնը, Ավետիսը, Աբրահամը, Գվիդոնը, Վանուշը: Լևոնը ունեցել է 5 տղա՝ Արամը, Վանոն, Միխայելը , Մհերը և Մամիկոնը: Վանոն զոհվել է մարտի դաշտում, իսկ Միխայելը, Մհերը և Մամիկոնը չեն բնակվել գյուղում: Արամը ունեցել է 2 տղա՝ Գումեդը և Ավետիքը: Գումեդը ունեցել է 2 տղա՝ Լևոնը և Արամը: Լևոնը ունեցել է 1 տղա՝ Վանոն, իսկ Արամը 1 տղա՝ Հովիկը, բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Գվիդոնն ունեցել է 2 տղա՝ Գառնիկը և Բենիկը: Գառնիկը ունեցել է 4 տղա՝ Լյովան, Վանիկը, Սամվելը և Սարգիսը: Բենիկը ունեցել է 1 տղա՝ Գագիկը: Ավետիսը ունեցել է 3 տղա՝ Արամայիսը, Պապինը և Բաբկենը: Արամայիսը ունեցել է 3 տղա՝ Պապինը, Դավիթը, Մհերը: Բաբկենը ունեցել է 2 տղա՝ Պարույրը և Արշալույսը: Պարույրը ունի մեկ տղա՝ Ավետիքը, Արշալույսը ունի 2 տղա՝ Հայկը, Գևորգը: Աբրահամը ունեցել է 6 տղա՝ Գուրգենը, Ռաշիդը, Արշակը, Սամվելը, Վահագը, Վարազդատը: Նրանցից Գուրգենը զոհվել է Խորհրդային բանակում ծառայելու ժամանակ: Ռաշիդը ունի 2 տղա՝ Գուրգենը և Էմինը, Վահագը՝ 1 տղա՝ Արտյոմը, և Սամվելը՝ 1 տղա՝ Իսահակը: Նրանք չեն ապրում գյուղում: Արշակը ունի 2 տղա՝ Աբրահամը և Գագիկը: Վարազդատը ունի 1 տղա՝ Դավիթը: Վանուշը ունեցել է 3 տղա՝ Հենրիկը, Համլետը և Ժուդեքսը: Ժուդեքսն ունի է 2 տղա՝ Արմենը և Արթուրը, Համլետը ունի է 2 տղա՝ Կարենը և Սուրենը: Հենրիկը ունի է 2 տղա՝ Վանուշը և Արայիկը: Պետրոսը ունեցել է 3 տղա՝ Հայրո, Սաղաթել և Յուրդաբեկ: Սաղաթելը ունեցել է 6 տղա՝ Արամայիսը, Հայկարամը, Պարույրը, Հայկազը, Վարդգեսը, Նորիկը: Հայրոն ունեցել է 1 տղա՝ Սերոժը: Սերոժը ունեցել է 4 տղա՝ Հուսիկը, Մերուժանը, Սամվելը, Վազգենը: Հուսիկը ունի 1 տղա՝ Արմենը, Մերուժանը՝ 2 տղա՝ Հակոբը և Սասունը, Սամվելը ՝1 տղա ՝ Սարգիսը, Վազգենը ունի 2 աղջիկ:
Արամայիսը ունեցել է 3 տղա՝ Յուրիկը, Էդիկը, Ավետիքը: Էդիկը ունի է 1 տղա՝ Պարգևը: Յուրիկը՝ 1 տղա՝ Արամայիսը, ով Արցախի պաշտպանության դիրքերում իր կյանքը տվեց հանուն հայրենիքի: Մարգարը ունեցել է 2 որդի՝ Հակոբը և Նիկոլը: Հայրիկը ունեցել է 4 տղա՝ Վոլոդյան, Հրաչը, Ռազմիկը և Ռաֆիկը: Ռաֆիկը ունեցել է 3 տղա՝ Իշխանը, Ռուբիկը, Վանուշը: Իշխանը ունի 2 տղա՝ Արմենը և Արայիկը, Ռուբիկը՝ 1 տղա՝ Ռաֆիկը, Վանուշը՝ 2 տղա՝ Ռոմանը և Սամվելը: Նիկոլը ունեցել է 1 տղա՝ Գևորգը: Ոսկանը ունեցել է 1 տղա՝ Մանուկ անունով, որը զոհվել է բանակում: Նա ունեցել է 4 աղջիկ: Ժողովուրդը ազգությունը կոչել է «Մշեցիներ»: Նրանց մի մասը կրում է Ոսկանյաններ, իսկ մեծամասնությունը՝ Կարապետյաններ ազգանունը:


Անի Կարապետյան

 

bnutyun
bnutyun
bnutyun
Երկիր մոլորակը վերջին տարիներին գտնվում է մեծ աղետի մեջ և ունի բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնցից են՝ սառցաբեկորների հալվելը, բազմաթիվ բույսերի ու կենդանիների տեսակների անհետացումները, աղբերի կուտակումներըը համաշխարհային օվկիանոսում, օզոնային շերտի քայքայումը և այլն: Այս բոլորն էլ վտանգավոր են կյանքի համար, սակայն ինձ առավել անհանգստացնում է օզոնային շերտի քայքայումը, որը կարող է հանգեցնել բազմաթիվ անդառնալի հետևանքների: Օզոնային շերտը հանդիսանում է հուսալի վահան ուլտրամանուշակագույն ճառագայթների դեմ: Այն կլանում է վտանգավոր և որոշակի երկարության ալիք ունեցող ուլտրամանուշակագույն ճառագայթները՝ պահպանելով կյանքը Երկիր մոլորակի վրա: Իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթների աղետալի վնասները շատ են՝ օրինակ՝ երկար ժամանակ արևի տակ մնալը մաշկի քաղցկեղով հիվանդանալու վտանգ է պարունակում, ճառագայթումից վնասվում են օրգանիզմի դիմադրողական ֆունկցիաները: Մաշկը չի կարող պաշտպանել օրգանիզմի իմունային համակարգը արևի ազդեցությունից: Եթե օզոնային շերտի քայքայումը շարունակվի, ապա մարդկությանը մահացու վտանգ կսպառնա: Այդուհանդերձ, աղետից կարելի է խուսափել. օզոնային շերտի քայքայումը կարելի է կանխել: Համաձայն ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի և համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության 2014 թվականի գնահատման՝ օզոնաքայքայիչ նյութերի փոխարինմանն ուղղված համաձայնեցված միջազգայն գործողությունները թույլ կտան վերականգնել Երկրի պաշտպանիչ օզոնային շերտը մի քանի տասնյակ տարիների ընթացքում: Օզոնային շերտի վերականգնումը, ինչպես նաև ցանկացած այլ բնապահպանական հիմնախնդրի լուծումն իրատեսական ենք համարում, սական միայն հասարակության բարձր իրազեկվածության ու մասնակցության դեպքում: Չմոռանանք, որ խոսքը վերաբերում է մեր առողջությանը, շրջակա բնական միջավայրին, որտեղ մենք ապրում ենք և կազմում նրա մի մասը, մեր տնտեսությանը, որից կախված է մեր բարեկեցությունը: Չմոռանանք նաև, որ այս ամենի պահպանմամբ մենք ապահովում ենք ոչ միայն մեր, այլև մեր սերունդների ապագան:


Աննա Գևորգյան

 

zinvorner
zinvorner
zinvorner
Հայաստանի Հանրապետությունում մեկնարկեց ամառային հերթական զորակոչը: Մեր համագյուղացիները քեֆ-ուրախությամբ ու հանդիսավորությամբ Հայոց բանակ ճանապարհեցին իրենց որդիներին՝ Արտյոմ Թադևոսյանին, Խաչիկ Ավետիսյանին, Արթուր Ավդալյանին և Սաշա Հակոբյանին: Մաղթում ենք նրանց խաղաղ և բարի ծառայություն: Իսկ ժամկետային զինծառայողներ Վոլոդյա Այվազյանը, Տիգրան Հակոբյանը, Հրաչիկ Հովհաննիսյանը, Լյովա Այվազյանը և Գուրգեն Վարդանյանը զորացրվեցին Հայոց բանակի շարքերից ու իրենց պարտքը կատարած վերադարձան տուն:

 

azgayin joxov1
azgayin joxov1
azgayin joxov1
Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ եւ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ ղեկավարությամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտ հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Էդու-լոջիք» հավասար մեկնարկե ծրագրի շրջանակներում հունիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցների «Հասարակագիտություն» առարկան դասավանդող ուսուցիչների և դպրոցների ավագ դասարանների աշակերտների այց ՀՀ ԱԺ։ Ազգային ժողովում խմբի հետ հանդիպում ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդգար Առաքելյանը, ով հանդիպման ժամանակ նշեց, որ շատ է կարևորում քաղաքացիական կրթության դերը, որը դպրոցներում ՀՀ ապագա քաղաքացին հիմնականում ստանում է «Հասարակագիտություն» առարկայի շնորհիվ, ուստի ընթացող ծրագրի արդյունքները նույնպես կարևոր են։ Էդգար Առաքելյանը հնարավորություն ընձեռեց ուսուցիչներին և աշակերտներին՝ խոսել իրենց հուզող հարցերից, քննարկել խնդիրների լուծման հնարավոր տարբերակները։ Աշակերտների հարց-առաջարկներին պատասխանելով՝ Էդգար Առաքելյանը խոստացավ որոշ բարձրացված հարցեր քննարկել ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ և փորձել միասին լուծում գտնել: «Բաց սահմաններ» ՀԿ-ն հատուկ շնորհակալություն է հայտնում ՀՀ ԱԺ պատգամավորներ Համազասպ Դանիելյանին և Էդգար Առաքելյանին, ում ջանքերով տեղի ունեցավ վերոնշյալ հանդիպումը։

 

image-1 25
image-1 25
image-1 25
 
image-1 6
image-1 6
image-1 6
 
2019-06-01 09.36.25
2019-06-01 09.36.25
2019-06-01 09.3...

Ուսումնական տարվա ավարտը մի կողմից, ամռան վառ օրերի գալը մյուս կողմից Հայաստանի տեսարժան վայրերով մեկ շրջագայելու ցանկություն են առաջացնում մեր դպրոցականների շրջանում: Այդ շրջագայությունները ոչ միայն անցնում են հետաքրքիր, այլ նաեւ ձեռք են բերում ճանաչողական եւ ուսուցողական մեծ նշանակություն: Այլ բան է տեղեկությունը գրքերից քաղելը, այլ բան՝ սեփական աչքերով տեղում ամեն ինչ տեսնելն ու գնահատելը: Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական էքսկուրսիաներ կատարեցին Հայաստանի տեսարժան վայրեր՝ Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյանի տուն–թանգարան, Ամբերդ, Սաղմոսավանք, Բարդիների պուրակ, Բազմաղբյուր, Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ….. Մեր աշակերտներն այդ էքսկուրսիաների արդյունքում շատ բան սովորեցին իրենց հայրենիքի մասին, ճանաչեցին ու գնահատեցին բնության ու պատմության շատ հուշարձաններ, մշակութային բազմապիսի արժեքներ:
Էջի նյութերը՝ «1+1» թերթի խմբագրության

 

Հուլիսի 16-ին տեղի ունեցավ «1+1» դպրոցական թերթի կողմից կազմակերպված «Աշխարհը իմ աչքերով» խորագիրը կրող մարզային լուսանկարչական մրցույթ-ցուցահանդեսը, որին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին Գեղարքունիքի, Կարմիրգյուղի, Սարուխանի, Լանջաղբյուրի և Գանձակի դպրոցների աշակերտները, ովքեր ներկայացրին իրենց լուսանկարները: Ժյուրիի որոշմամբ մրցանակային առաջին տեղը գրավեց Դավիթ Գիչունցը / Գեղարքունիքի միջնակարգ դպրոց/, երկրորդ տեղը՝ Լուսինե Մանուկյանը/ Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց/, երրորդ տեղը՝ Նարեկ Այվազյանը /Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոց/: Մրցանակների արժանացան նաև մի քանի լավագույն աշխատանքներ, որոնք հեղինակել էին Սարուխանի և Լանջաղբյուրի դպրոցների աշակերտները: Իսկ մյուս մասնակիցները ստացան պատվոգրեր: Ցուցահանդեսն ուսուցողական ու ճանաչողական բնույթ էր կրում: Ժյուրիի անդամները՝ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Բադալյանը, «Գեղամա աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Խոսրով Խլղաթյանը, ցուցահանդեսի մասնակից մանկավարժները գովեստի խոսքեր հնչեցրին ներկայացված լուսանկարների վերաբերյալ: Ցուցահանդեսը կայացավ Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության աջակցության շնորհիվ:

cucahandes
cucahandes
cucahandes
cucahandes2
cucahandes2
cucahandes2
cucahandes5
cucahandes5
cucahandes5
cucahandes3
cucahandes3
cucahandes3
cucahandes6
cucahandes6
cucahandes6
cucahandes7
cucahandes7
cucahandes7
cucahandes4
cucahandes4
cucahandes4
cucahandes8
cucahandes8
cucahandes8

 

Հարգելի՚ համագյուղացիներ, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» դպրոցական թերթին տրված ձեր հարցազրույցները մեր դպրոցականների համար ինքնահաստատման դաս են, որով մեր երեխաները ձեր կողմից տրված նյութերը շարադրում են իրենց հայացքների և ընկալումների շրջանակում, ավելի համառոտ ձևով: Մենք ներողություն ենք խնդրում, եթե չենք մանրամասնում այն, ինչի մասին մանրամասն խոսել եք դուք: Հարգանքով՝ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» դպրոցական թերթի խմբագրություն:
Խմբագիր և համարի պատասխանատու՝ Ռոզա Հակոբյան Տպաքանակը՝ 500 Հեռախոս՝ 093919658: Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
«ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ Հասցե՝ Գարեգին Նժդեհի փ. 1 Փոստային դասիչ՝ 1207
Թողարկման օրը՝ 27. 07. 2019 թ.