ընտրացանկը

Հոկտեմբեր 2019 թերթ № 8

NUMBER IN PDF

1256
1256
1256
  Մեր երկրում կան մարդիկ, ովքեր իրենց ավանդն ունեն մաթեմատիկայի զարգացման ու առաջընթացի գործում: Հարկավոր է, որ հասարակության ավելի լայն շրջանակներին ճանաչելի դարձնենք նման անհատներին: Այդ ոլորտի նվիրյալներից է Կորյուն Առաքելյանը: Մեր զրույցի ժամանակ Կորյուն Առաքելյանին հարցրինք, թե ինչպիսի աշակերտ է եղել դպրոցում և ինչպիսի ուսանող՝ բուհում: Նա էլ անկաշկանդ ձևով պատասխանեց՝ չնայած նրան, որ գրեթե բոլոր դասարաններում գերազանցիկ է եղել, սակայն մաթեմատիկայից միշտ ավելի է առաջադիմել: Չի սիրել հումանիտար առարկաներ: Իսկ ինչ վերաբերում է բուհին, անկեղծորեն նշում է, որ գերազանցիկ չի եղել, քանի որ չէր ընդունում դասավանդվող հասարակագիտական առարկաները՝ համարելով դրանք «ոչ ճշգրիտ, հորինված և սուտ» գիտություններ: Ուսանել է Երևանի պետական մանկավարժական համալսարանում: Մեծ առաջընթաց է գրանցել մաթեմատիկայի ոլորտում: Ինչպես ինքն է ասում՝ մաթեմատիկան իր աշխարհն է եղել: Դպրոցի ուսուցիչներից յուրաքանչյուրը ձգտել է նրան տանել իր ոլորտով, սակայն հակումները դեպի մաթեմատիկան նրան հոգու թելադրանքով տարել են իրենց հունով: Կորյուն Առաքելյանի ամենանվիրական երազանքը եղել է ուսուցիչ դառնալը, և նա հասել է իր ուզածին: Իր բոլոր երազանքները համարում է իրականացած, քանի որ ունի իր երազած պատիվը ու հեղինակությունը: Իր համար մեծ պատիվ է այն, որ ֆիզմաթի իր աշակերտները հասել են մեծ հաջողության: Ունի կայուն ընտանիք, այնպիսի զավակներ, որոնցով կարելի է միայն հպարտանալ: Ասում է, որ ամեն ինչում հասել է ավելիին, քան իր երազածն էր, և ունեցածից ավելի իրեն ոչինչ էլ պետք չէ: Ավարտելով համալսարանը, չհետևելով համալսարանում մնալու և դասավանդելու հորդորներին՝ նա գնաց իր երազանքի հետևից և երկու տարի աշխատեց հայրենի Ծովասար գյուղում՝ որպես ուսուցիչ: Ընդամենը երկու տարվա աշխատանքի ընթացքում նա մեծ հաջողության է հասնում: Գյուղում նա պարապում էր երկու աշակերտների հետ, ովքեր, ինչպես ինքն է նշում, օժտված էին բարձր ունակություններով, և ուրախալին այն էր, որ այդ ժամանակ տեղի ունեցող համամիութենական օլիմպիադայի վեց մասնակիցներից /երեքը՝ ֆիզմաթ դպրոցից, երեքը՝ շրջաններից/ երկուսը հենց իր աշակերտներն էին: Այս իրադարձությունը նրան ուղեկցեց դեպի մեծ ապագա, և նա հայտնի դարձավ ամբողջ երկրում: Նրան հրավիրեցին՝ աշխատելու Ֆիզմաթ թեքումով դպրոցում: Նա նշում է, որ իր կյանքի լավագույն տարիները այն 15-16 տարիներն էին, որոնք ինքը անցկացրել էր այդ դպրոցում: Այնուհետև աշխատանքի է անցել մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի ֆակուտետում՝ որպես դասախոս: Կատարելագործման ինստիտուտում և Կրթության ազգային ինստիտուտում դասընթացներ է վարել ապագա ուսուցիչների հետ: Այս տարիներին էլ սկսում է գրել գրքեր, որոնք ուսուցիչներին կարող են օգնել տարբեր հարցերում: Տարիներ շարունակ եղել է Հանրապետական օլիմպիադայի ժյուրիի անդամ: Ասում է, որ եթե վիճակվեր նորից ծնվել, էլի կապրեր նույն ձևով: Էլի կերազեր դառնալ ուսուցիչ, կշարժվեր մաթեմատիկայի ուղղությամբ, էլի կհրաժարվեր տարբեր, խառը առաջարկներից և էլի կանցներ նույն ուղին: Իր կյանքի անբաժան մասն է կազմել և կազմում մաթեմատիկական գրքեր գրելը: Նա ավելի քան 84 մաթեմատիկական գրքերի հեղինակ է : Նաև նշում է, որ համակարգիչների գոյությունն էլ շատ կարևոր է և այն կարող է ծառայել որպես արագ տեղեկատու, սակայն պետք է միշտ հակումներ ունենալ դեպի գիրքը: Ինքն անձամբ գեղարվեստական հաստափոր գրքեր չի կարդում ժամանակի սղության պատճառով, սակայն գրքի հետ կապը միշտ պահում է: Նրա համար գիրք գրելը, կարելի է ասել, դարձել է հասարակական գործ: Վերջին տարիներին էլ աշխատում է լավ ունակություններով օժտված դիմորդների հետ և ցանկանում, որ բոլոր նրանք, ովքեր ունեն համապատասխան ունակություններ, կարողանան իրենց տեղը գտնել այս կյանքում : Հենց այսպես էլ արտահայտում է իր հայրենասիրությունը, երբ ցանկանում է հայ մարդուն, հայ երեխային, հայ ուսուցչին հաղորդել իր ունեցած գիտելիքները: Ըստ նրա՝ հայրենասիրությունը չի ապացուցվում ամպագոռգոռ բառերով, այլ՝ գործով, կատարված արդար ու օգտակար գործով: Ուսուցչի դերը դպրոցում, ըստ Կորյուն Առաքելյանի, բավականին մեծ է: Եթե ուսուցիչը սիրված է, եթե նա իր դիրքում է, ծառայում է լավ օրինակ, բարձրորակ մասնագետ է և բարձրորակ դաստիարակ, ապա բարձրորակ է նաև կրթությունը: Շատ կարևոր է ուսուցչի կերպարը, քանի որ աշակերտները հաճախ ընդօրինակում են ուսուցիչին: Ուսուցչի աշխարհայացքը պետք անհամեմատ մեծ լինի, քան ուղղակի սեփական առարակայի մասին պատկերացումներն են: Սեփական փորձից ելնելով՝ ասում է, որ դասախոս լինելը անհամեմատ հեշտ է: Նրա առաջարկություններից մեկը կրթության գործում այն է , որ պետք է դպրոցները համալրվեն տղամարդկանցով, հատկապես՝ բնագիտական ոլորտում: Իսկ ծնողների մասին ասաց, որ ծնողները իրենց լավ ու վատ օրինակով են դաստիարակում երեխաններին: Ընտանիքի դաստիարակությունը երեխաների զարգացման ամենակարևոր նախադրյալն է: Խոսեցինք նաև տղաների և աղջիկների իրավունքների մասին: Իր կարծիքով՝ մենք ունենք շատ հետաքրքիր ավանդույթներ, սակայն կան նաև օրենքով չընդունված որոշ ավանդույթներ, որոնք հետադիմական են և ոտնահարում են իգական սեռի իրավունքները: Ըստ նրա՝ այդ անհավասարությունը հատկապես արտահայտիչ է գյուղերում և խոչընդոտում է հասարակության բնականոն զարգացմանը: Այն հարցին, թե ինչն է իր սրբությունը, նա պատասխանեց, որ իր սրբությունը իր ընտանիքն է, երեխաները ու թոռները, ազնվությունը մարդկանց հանդեպ և հայրենիքը: Հայաստանը շատ է սիրում, սակայն չի սիրում սնապարծությունը: Իր կարծիքով՝ մեր ազգը դաստիարակության կարիք է զգում: Սիրած գույնը կանաչն է, որը, ըստ իրեն, մարմնավորում է զարթնող և զարթոնք ապրող բնությունը, իրեն սիրելի են բոլոր վառ գույները, գորշ գույներ չի սիրում, աշխատում է գործ չունենալ դրանց հետ: Ապագա սերունդներին խորհուրդ է տալիս՝ հնարավորինս շատ զբաղվել կրթությամբ, որպեսզի խորացնեն իրենց կարողությունները և միշտ ունենան ձգտում դեպի ուսումը: Իր կյանքի կարգախոսն այսպիսին է ՝ «Չպետք է գործում լինել միջակ, կամ չպետք է լինես այդ բնագավառում, կամ էլ պետք է լինես գերազանց՝ այլ տարբերակ չկա»: Նա խորհուրդ է տալիս բոլորին՝ շարժվել այս կարգախոսով և կյանքում գրավել արժանավայել տեղ:
Մերի Գրիգորյան

 

image-1 43
image-1 43
image-1 43
 Մեր զրուցակիցը ռուսաստանաբնակ Արարատ Ղազարյանն է: Նա ծնվել է Գեղարքունիք գյուղում, 1966 թվականի նոյեմբերի 28-ին: Հայրը մասնագիտությամբ ուսուցիչ էր, ով երկար տարիներ աշխատել է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում՝ որպես «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչ: Մայրը աշխատել է «Կոնդենսատորների» գործարանում՝ որպես բանվորուհի: Նախնական կրթությունը ստացել է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում: 1983 թվականին ընդունվել է Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» բաժինը:
Հարց- Կայի՞ն առարկաներ, որոնք ավելի շատ եք սիրել։
Պատասխան- Շատ եմ սիրել «Պատմություն» և «ֆիզիկա» առարկաները, բայց ինչ մասնագիտությամբ սովորել եմ, այդ մասնագիտությամբ աշխատում եմ՝ ավտոճանապարհային շինարարությամբ։
Հ.-Կա՞ որևէ դեպք, որ դպրոցական տարիներից միշտ հիշում եք։
Պ-Հիշելու շատ բան կան, նույնիսկ չգիտեմ՝ որը առանձնացնեմ։ Յուրաքանչյուր ժամանակահատվածում ես ունեցել եմ իմ հերոսին և ձգտել եմ նմանվել նրան: 90- ականների մութ ու սոված ժամանակները ինձ դրդեցին, որ ես գնամ արտերկիր՝ աշխատանք փնտրելու: Չգիտեմ՝ ինչու այն ժամանակվա կյանքի փիլիսոփայությունը այնքան նյութականացված էր, որ մինչև վզներս խրվել էինք դրա մեջ և չէինք տեսնում լույսը մեր գլխավերևում:
Հ.- Դուք ապրում և աշխատում եք Ռուսաստանում, շատ հաճախ այցելում եք Հայաստան, ինչո՞վ կբացատրեք Ձեր հաճախակի այցը։
Պ-Իմ հայրենիքն է, ես շատ եմ սիրում մեր երկիրը, մեր սարերը, քարերը, բնությունը, մաքուր օդը։ Իմ հարազատները, բարեկամները , ընկերները, իմ ազգը միշտ ձգում են։ Եվ ինչքան տարիքով մեծանում ես, այդքան մեծանում է հայրենիքի կարոտը։
Հ.- Ի՞ նչն եք կարևորում մարդու արժեհամակարգում։
Պ-Ամենակարևորը , որ խաբեբա չլինի, ուրիշի ունեցվածքին աչք չդնի, իր ունեցածով բավարարվի, բարի ու կամեցող լինի։
Հ- Ձեր աշխատողները Ձեզ համար աշխատուժ են, թե՞…
Պ-Առաջին հերթին լավ մարդիկ են, երկրորդ հերթին՝ աշխատող, որովհետև եթե լավ մարդ չէ, ուրեմն իր կատարած աշխատանքն էլ չի կարող լավը լինել։ Եթե նորմալ մարդ չէ, ուրեմն նորմալ չի աշխատի։ Հ-Դուք ունե՞ք երազանք։
Պ-Բոլորս էլ երազանք ունենք, ես կուզենայի, որ իմ հայրենիքում կատարեի այն աշխատանքը, ինչ որ Ռուսաստանում եմ կատարում։ Այս բացը լրացնելու համար ձգտում եմ իմ ներդրումն ունենալ իմ հայրենիքում:
Հ-Մշտապես ապրելու եք Ռուսաստանու՞մ։
Պ-Ես երբեք չեմ մտածել այդ մասին։
Հ-Ունե՞ք հոբբի։
Պ-Ունեմ՝ ձկնորսությունը, ճանապարհորդությունը։
Հ-Ի՞նչ է ընտանիքը Ձեզ համար։
Պ-Ընտանիքը մարդու սրբությունն է։
Հ- Շատերը նշում են, որ կանայք իրենց մարտական ընկերներն են։
Պ-Ճիշտ է, կինը միշտ օջախի կրակը պահողն է, բայց տղամարդը դարեդար եղել է ստեղծող, այժմ էլ հավասարություն է կնոջ և տղամարդու միջև։
Հ-Դուք ձեր բնույթով հանդուրժո՞ղ եք:
Պ- Այո՜:
Հ- Այսօր հասարակության գերակշիռ մասի հիմնական զբաղմունքը հեռախոսն ու համակարգիչն է, ի՞նչ կասեիք այս մասին։
Պ-Նախ՝ տեսնում եմ, որ Հայաստանի վիճակը դեպի լավն է գնում։ Նվազում է կաշառակերությունը։ Այսօր երիտասարդությունը ներգրավված է ՏՏ ոլորտում, կատարելագործվում են տեխնիկաները։ Ես շատ ուրախ եմ, որ երիտասարդությունը փորձում է զարգացնել մեր պետությունը։
Հ-Կա այսպիսի խոսք՝ կյանքի ուսուցիչ։ Դուք ունեցե՞ լ եք նման մեկը։
Պ- Ես այդպիսի ուսուցիչ չեմ ունեցել, շփվել եմ գյուղի մեծերի հետ, տեսել եմ նրանց կատարած աշխատանքները, լսել եմ խրատներն ու խորհուրդները, այդ ամենը տեսնելով, լսելով, ինչ-որ բան եմ սովորել, ես հույսս դրել եմ ինձ վրա և գնացել առաջ։
Հ-Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր այսօր ընտանիքով լքում են հայրենիքը, և երկրորդ հարցը՝ Ձեր խորհուրդը մեր դպրոցի աշակերտներին և ծնողներին:
Պ-Ես, ցավոք սրտի, չեմ կարող ոչ մի խորհուրդ տալ այն մարդկանց, ովքեր լքում են իրենց հայրենիքը սոցիալական պատճառով, չէ՞ որ նրանցից մեկն էլ ես եմ: Բայց, հաշվի առնելով իմ կյանքի փորձը, կարող եմ անել մի շարք հետևություններ: Առաջին՝ եթե դու լքում ես քո հայրենիքը, դու պետք է իմանաս, որ քո հետնորդները ունենալու են ուրիշ հայրենիք: Երկրորդ՝ հնարավոր է ձեզ բերեն, հանձնեն հողին մեր գյուղի գերեզմանոցում, բայց գերեզմանը լինելու է անտեր: Երրրոդ՝ այն աշխատանքը, որ մենք կատարում ենք օտար հողի վրա, եթե անենք մեր երկրում, ապա դրախտի մեջ կապրենք: Չորրորդ՝ չեմ ուզում երկար շարունակել մեզ՝ բոլորիս հուզող այս դառը ճշմարտությունը, բայց կուզենամ նշել, որ ես մեղավոր եմ ճանաչում հայի հոգևոր արժեքները կերտող մարդկանց, որոնք դուրս եկան կամ փողասեր, կամ ոչ գրագետ /կոմպիտենտ/, իսկ ինչ վերաբերվում է մեր դպրոցի աշակերտներին և ծնողներին, կասեմ.
-Սիրե՛ք ձեր տունը, բնությունը, մեր գետը, եղեք աշխատասեր, սովորեք շատ լեզուներ, գրքեր կարդացեք:
Հարգելի՜ ծնողներ, կուզենայի՝ հնարավորություն տաք, որ երեխան գտնի իրեն, մեր գյուղի լեզվով ասած՝ ընկնի- ելնի, որ մարդ դառնա:
«1+1» թերթի խմբագրություն

 

image-1 40
image-1 40
image-1 40
  Ամեն բան սկիզբ է առնում Արևմտյան Հայաստանի Մոսուն գյուղից, 1830 թվականից՝ ցեղասպանությունից գրեթե մեկ դար առաջ և երկու դար առաջ մեր օրերից: Մոսուն գյուղը գտնվում է Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դիադինի գավառակում՝ Խամա լեռան հարավարևմտյան փեշին, Դիադին քաղաքից 20 կմ. հարավարևմուտք: 1826-1828թվականների ռուս-պարսկական և 1828-1829թվականների ռուս-թուրքական պատերազմների արդյունքում հաղթանակած Ռուսաստանին անցավ Արեւելյան Հայաստանը, որտեղ էլ մեր ազգի երեւելի ղեկավարների ջանքերով կազմակերպվեց հայ բնակչության վերաբնակեցում Պարսկաստանից ու Թուրքիայից: Թուրքիայի տարածքում ապրող հայերը ստեղծում են հանձնաժողով՝ Էրզրումի հոգևոր առաջնորդ Կարապետ եպիսկոպոսի գլխավորությամբ, և կազմակերպվում է գաղթ դեպի Արևմտյան Հայաստան: 1830-1833թվականներին հայ բնակչությունը գաղթում է հիմնականում Էրզրումի, Կարսի, Բայազետի փաշայություններից: Արեւելյան Հայաստան են գաղթում են ավելի քան 80,000 հայեր: Շառոտ Ծոռ Մուրադը / այսպես են անվանել մեր ամենամեծ պապին՝ Մուրադին/ բնակվել է Արևմտյան Հայաստանի Էրզրումի Մոսուն գյուղում: Մուրադի զավակները 1830 թվականի գաղթի ժամանակ թողնում են իրենց հայրական օջախը և գաղթում Արևելյան Հայաստան՝ Նորատուս գյուղ: Մուրադի զավակները՝ Համբոն և Պողոսը, լինում են հարգված և պատվավոր հայեր՝ առնական, գեղեցիկ, հաղթանդամ, պատվախնդիր: Նրանք վայելում են նորատուսցիների հարգանքը; Այդ ժամանակներում Արևելյան Հայաստանի տարածքում շատ թուրքեր և թաթարներ են բնակվել: Նորատուսից հեռու՝ Գեղամա լեռների փեշին, մի շատ հին բնակատեղի է եղել՝ Բաշքյանդ թուրքական անունով: Բաշքյանդի բնակչությունը այդ տարիներին բաղկացած է լինում 10 տուն թուրքերից և 7 տուն հայերից: Այդ պատճառով գաղթ են կազմակերպում հարևան գյուղերից դեպի Բաշքյանդ, բացառապես պատվավոր և ուժեղ ու առնական հայերի, որպեսզի բնակատեղին մաքրեն թուրքերից: Համբոն, ում անվանում էի գառ ուտող Համբո, միայնակ մեկ գառ ուտելու համար, մնում է Նորատուսում, իսկ Պողոսը 1831թվականին իր տնտեսությունով տեղափոխվում է Բաշքյանդ՝ այժմ Գեղարքունիք գյուղ, և շատերի հետ դառնում այս գյուղի հիմնադիրներից, վերաբնակվողներից և գյուղը թուրքերից մաքրողներից: Պողոսը ունեցել է 2 տղա՝ Գրիգորը և Պետրոսը: Գրիգորը ունեցել է 2 տղա՝ Մկրտիչը՝ Մկոն, և Մարտիրոսը: Մկրտիչը ունեցել է 3 տղա՝ Եգոր, Սիսակ, Նուրիջան: Եգորը ունեցել է 1 տղա՝ Ավետիկը, Ավետիկը՝ 2 տղա՝ Ժորան /գուսան Գևորգ/ և Մկրտիչը: Մկրտիչը՝ 1 տղա՝ Արթուրը, Ժորան՝ 1 տղա՝ Վարդանը: Սիսակը ուներ 4 տղա՝ Գրիշ, Միշա, Շավարշ, Հեներ: Գրիշը՝ 3 տղա՝ Արշավան, Վանիկ, Թորգոմ: Արշավանը ՝ 2 տղա՝ Վահագն և Մարատը: Վանիկը՝ 2 տղա՝ Գրիշը և Արմենը, Թորգոմը՝ 1տղա՝ Արսենը: Միշան ունի 2 տղա՝ Տիգրանը և Էդիկը: Տիգրանը ունի 3 աղջիկ, իսկ Էդիկը՝ 1 աղջիկ և 1 տղա՝ Միշան: Շավարշն ունի 2 տղա՝ Արթուրը և Կարենը: Կարենը՝ 1 տղա՝ Շավարշը, Արթուրը ունի 1 տղա՝ Դավիթը: Հեները ունի 2 տղա՝ Գրիգորը և Արմենը: Գրիգորը ունի 2 տղա՝ Նարեկը և Սերգեյը, Արմենը՝ 1 տղա՝ Գոռը: Նուրիջանը ունի 3 տղա՝ Ռուբիկ, Սուրիկ, Հակոբ: Ռուբիկը ունի 2 տղա՝ Աշոտը և Արմանը, Սուրիկը՝ 1 տղա՝ Խաչիկը, Հակոբը՝ 1 տղա՝ Նուրիջանը: Գրիգորի մյուս տղան՝ Մարտիրոսը / Մադիկը/ ունեցել է 5 տղա՝ Լյուդվիգ, Ալեք, Վանո, Հովհաննես և Հայկ: Լյուդվիգը ունեցել է 4 տղա և 2 աղջիկ: Տղաները վաղ են մահացել և ժառանգներ չեն թողել: Ալեքը / Բրատը/ ունեցել է 2 տղա՝ Գորգին, որը գյուղի լճակում խեղդվել է, և Մկրտիչը, ով ունի 3 տղա՝ Կորյունը, Վանիկը և Ալեքը /Ալիկը/: Կորյունը ունի մեկ տղա՝ Գոռը: Վանիկը ունի 3 տղա՝ Մկրտիչ, Գևորգ, Հովիկ: Մկրտիչը ունի մեկ տղա՝ Ռոբերտը: Ալեքը /Ալիկը/ ունի 2 տղա՝ Արսենը և Անդրանիկը: Վանոն ունեցել է 6 տղա՝ Պարույր, Աղվան, Սերոժ, Պապին, Վազգեն, Էդիկ: Պարույրն ունի 3 տղա՝ Սուրեն, Մուշեղ, Մարտին: Սուրենն ունի 2 տղա՝ Արթուր, Կարեն, Մուշեղ՝ 1 տղա՝ Արտակ, Մարտինը՝ 1 տղա՝ Պարույր: Աղվանն ունի 4 տղա՝ Հայկը, Ռազմիկը, Ստյոպան և Ռուբիկը: Հայկը ունի 1 տղա՝ Վանիկը, Ռազմիկը՝ 1 տղա՝ Վասակը, Ստյոպան՝ 2 տղա՝ Մարատը և Ռաֆիկը, Ռուբիկը՝ 1 տղա՝ Հարութը: Սերոժն ունի 2 տղա՝ Վարդանը և Տիգրանը: Տիգրանն ունի 3 տղա՝ Դավիթը, Մհերը, և Սերգեյը: Դավիթը զինվորական է, կոչումով՝ մայոր և ծառայում է Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի հրետանային գնդում: Պապինը ունի 3 տղա՝ Աշոտը, Արայիկը, Վահագնը: Արայիկը ունի մեկ տղա՝ Արամը, Վահագնը ունի 2 տղա: Արայիկը ունի մեկ տղա՝ Արամը, Վահագնը ունի 2 տղա՝ Լևոնը և Դանիելը: Վազգենը ունի 1 տղա՝ Արմենը: Էդիկն ունի 2 տղա: Հովհաննեսն ունեցել է 5 տղա՝ Վեմիրը, Շալիկո, Սամվել, Դանիել, Խնկո: Վեմիրն ունի 3 տղա՝ Արբակ, Արտո, Մուրադ: Արբակը ունի 1 տղա՝ Արթուրը, Արտոն ունի 1 տղա՝ Արմենը, Մուրադը՝ 1 տղա՝ Ավիկը: Դանիելը ունի 3 տղա՝ Սիմոնը, ով զոհվել է Ղարաբաղյան պատերազմում, Մայիսը, Վահրամ: Սիմոնն ունի 1 տղա՝ Դավիթը, Մայիսը՝ 1 տղա՝ Արսենը, Վահրամը՝ 1 տղա՝ Դանիելը: Խնկոն ունի 1 տղա: Հայկոն ունեցել է 3 տղա՝ Սուրենը, ով մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին և չի վերադարձել, Մամիկոնը և Վաղինը: Մամիկոնը ունի 1 տղա՝ Աշոտը: Աշոտը ունի 2 տղա՝ Հայկը և Սուրենը: Հայկը ունի 1 տղա՝ Մամիկոնը, Սուրենն ունի 1 տղա՝ Աշոտը: Վաղինը ունի 2 տղա՝ Գնելը և Տարիելը: Գնելը ունի 2 տղա՝ Ալեքսը և Վանը, Տարիելը ունի 2 տղա՝ Վաղինակը և Հայկոն: Մադիկների տոհմը կրում է Մարտիրոսյան և Գրիգորյան ազգանունները:
Վաղինակ Գրիգորյան

 

image-1 39
image-1 39
image-1 39
image-1 38
image-1 38
image-1 38
 

Զավեն Աբրահամյան    Արսեն և Կարեն Հարոյաններ

image-1 37
image-1 37
image-1 37
image-1 36
image-1 36
image-1 36

Արտյոմ Աղաջանյան   Թորգոմ Թադևոսյան

 

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները շնորհավորում են նույն դպրոցի շրջանավարտներ, այժմ հայոց բանակի զինվորներ Զավեն Արայիկի Աբրահամյանին, Թորգոմ Պարգևի Թադևոսյանին, Արտյոմ Կարենի Աղաջանյանին, Արսեն Տիգրան Հարոյանին և Կարեն Տիգրանի Հարոյանին ծննդյան օրերի առթիվ: Մենք հպարտ ենք, որ մեր համագյուղացիները պատվով են կատարում իրենց պարտքը:

 

imgonline-com-ua-resize-mwa0vqhdhmh
imgonline-com-ua-resize-mwa0vqhdhmh
imgonline-com-u...
Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» թերթի լրագրողական խմբի անդամները ուսումնաճանաչողական այց կատարեց Գավառի բժշկական կենտրոն , որտեղ հարցազրույց վարեցին ԲԿ-ի տնօրեն Աշոտ Կարապետյանի, բժիշկ Արամ Ավետիսյանի և բուժանձնակազմի հետ: Նրանք սիրով պատասխանեցին աշակերտների հարցերին:
-Պարոն Կարապետյան ի՞նչ ընտանիքում եք ծնվել: Ի՞նչ կրթություն ունեք:
- Ծնվել եմ բանվորի ընտանիքում, միջնակարգ կրթությունս ստացել եմ Նորատուսի թիվ 2 միջնակարգ դպրոցում, այնուհետև սովորել և ավարտել եմ բժշկական համալսարանի բուժֆակ բաժինը:
- Քանի՞ տարի եք զբաղեցնում այս պաշտոնը:
- Ես իմ աշխատանքային գործունեությունը սկսել եմ Ղափանից և Քաջարանից 1988-1990 թվականներին ՝ պատերազմի տարիներին. այդ ժամանակահատվածից էլ սկսել եմ իմ բժշկական գործունեությունը, իսկ Գավառի բժշկական կենտրոնում աշխատանքի եմ ընդունվել 1994–ից, սկզբում աշխատել եմ բուժգծով տեղակալ, 2004-ից՝ տնօրեն, այսինքն՝ շուրջ 15 տարի է ՝ աշխատում եմ այս հիվանդանոցում: -Աշխատանքային օրվանից հետո կարողանո՞ւմ եք ժամանակ տրամադրել ընտանիքի անդամներին:
- Տրամադրում եմ , բայց քիչ, քանի որ աշխատանքից հետո ժամանակ քիչ է մնում:
-Ի՞նչ հոբբի ունեք:
- Առաջ զբաղվում էի որսորդությամբ, բայց վերջերս դադարեցրել եմ: -Ունե՞ք ընտանի կենդանիներ:
- Այո՛, իհարկե, շուն ունեմ:
-Դուք Ձեզ համարո՞ւմ եք հայրենասեր մարդ:
-Իհարկե , համարում եմ, քանի որ բժշկի մասնագիտությունը նույնպես հայրենանվեր գործ է:
- Կյանքում կամ մարդու մեջ ի՞նչ եք ամենից շատ արժևորում: -Ամենից շատ արժևորում եմ ազնվությունը:
-Ինչու՞ ընտրեցիք բժշկի մասնագիտությունը:
-Որովհետև մարդասիրական բարձրագույն մասնագիտություն է:
- Ձեզ ուղղորդե՞լ են մասնագիտության ընտրության հարցում:
-Ո՜չ, ինձ չեն ուղղորդել, ես եմ ընտրել:
- Ինչպե՞ս վարել առողջ ապրելակերպ:
- Առողջ ապրելակերպ ասելով՝ բոլորը մտածում են վազելու կամ մարզասրահներ այցելելու մասին, բայց ոչ, կարող ես ուղղակի քայլել, մենք նույնպես մեր աշխատանքային օրվա ընթացքում անընդհատ վազքի մեջ ենք, կարելի է ասել բժշկի մասնագիտությունը և՛ ֆիզիկական է, և՛ մտավոր, երկուսն էլ համատեղում ենք. օրինակ՝ վիրահատության ժամանակ պետք է ժամերով ոտքի վրա կանգնես և միաժամանակ պետք է մտավոր ունակություններդ օգտագործես, նաև իմպրովիզացիաներ անես: Առողջ ապրելակերպի մեջ մտնում են չծխելը, չխմելը, կանոնավոր ու չափավոր սնվելը:
- Դժվա՞ր է արդյոք աշխատել տարբեր բնավորության տեր մարդկանց հետ:
-Իհարկե, մեր աշխատանքի ընթացքում առնչվում ենք տարբեր բնավորության տեր մարդկանց հետ:

-Դուք կյանքեր եք փրկում և կարելի է ասել՝ հիվանդների հետ ապրում եք այդ ամենը. ի՞նչ կասեք մեր ապագա սերնդին՝ ինչպե”ս կյանքը արժևորել:
-Կյանքը արժևորելու համար նախ և առաջ պետք է ճիշտ մասնագիտական ընտրություն կատարես, մինչդեռ ուսումն ավարտելուց հետո քչերն են աշխատում իրենց մասնագիտությամբ. ինձ հետ սովորած ուսանողներից շատերը այժմ գործարարներ կամ այլ մասնագետներ են և չեն զբաղվում իրենց սովորած մասնագիտությամբ: -21-րդ դարը տեխնոլոգիաների դար է, և մարդիկ քիչ են թերթ կարդում՝ գերադասելով ինֆորմացիան ստանալ համացանցից. դուք ո՞ր տարբերակն եք գերադասում:
-Ես գերադասում եմ թերթ կարդալը, քանի որ այդպիսով զբաղվում եմ ինքնակրթությամբ:
- Երկրում այսօր շատ փոփոխություններ են կատարվում: Ի՞նչ եք կարծում, ինչպիսին է լինելու մեր ապագա սերունդը:
-Ես հույս ունեմ, որ այս փոփոխություններից հետո մեր ապագա սերունդը կինքնահաստատվի և կզարգացնի մեր հայրենիքը, իսկ ինքնահաստատվելու համար պետք է շատ կարդալ և սովորել:
- Ներկա սերունդը պե՞տք է կտրվի ինտերնետից` լավ մարդ դառնալու համար:
- Կտրվել պետք չէ, քանի որ ապրում ենք հենց տեխնոլոգիաների դարում, սական պետք է ամեն ինչ չափավոր կատարել:
- Ըստ հոգեբանական երևույթի՝ մարդուն նկարագրելու համար պետք է իմանալ, թե որ գույնն է նա սիրում. ո՞ր գույնն եք սիրում ամենաշատը: - Գույներից կանաչն եմ սիրում, այն պայծառ գույն է իմ կարծիքով: Այսինքն՝ կանաչ գույնը կյանքի գույնն է, իսկ բժիշկը փրկում է կյանքեր, ուստի սիրում եմ հենց կյանքի գույնը:
- Բնութագրեք Ձեզ մի քանի բառով:
- Դա կարող եք իմ գործընկերներից հարցնել, ես չեմ կարող բնութագրել ինքս ինձ: Նրա փոխարեն հարցին պատասխանեց բուժքույրը.

- Մեծատառով մարդ և շատ լավ մասնագետ:
-Բժշկին ճանաչում եմ մանկուց , նա եղել է և՛ իմ դասընկերը, և՛ ուսանողական ընկերը. կարևորը, որ բարի է և չի բարկանում, եթե սխալվում ենք, իր աշխատասենյակում հանգիստ բացատրում է մեր սխալը, նաև ուղղություն է մեզ տալիս: Չնայած մի տարիքի ենք, բայց ընդունում եմ նրա խորհուրդները, քանի որ շատ լավ մասնագետ է: Աշակերտները զրույց ունեցան նաև վիրաբույժ Արամ Ավետիսյանի հետ:
- Ինչու՞ եք ընտրել բժշկի, հատկապես վիրաբույժի մասնագիտությունը: -Ի սկզբանե մասնագիտություն ընտրելու խնդիր չի եղել, բժիշկ եմ ուզեցել դառնալ մանկուց և հետագայում արդեն բժշկական համալսարանում սովորելու ընթացքում վիրաբուժությունը ավելի եմ գերադասել, քանի որ, իմ կարծիքով, վիրաբուժությունը ավելի ռադիկալ և կարճ ժամանակում տեսանելի որակյալ արդյունք ապահովող մասնագիտություններից մեկն է և, որպես կանոն, մեր հիվանդները բուժվում և առողջացած են գնում տուն, իսկ բարդ և խրոնիկական հիվանդությունների դեպքում լավացումով են գնում, որը պետք է հետագայում երկար ժամանակ վերցնել հսկողության տակ, օրինակ՝ շաքարային դիաբետը կամ մեկ այլ հիվանդություն, մենք լիարժեք առողջացում չենք կատարում, ուղղակի ապահովում ենք կայուն վիճակ, որը պետք հսկվի:
-Բժշկի մասնագիտությունից բացի, ուրիշ ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:
-Միայն բժիշկ, և հետո սա այն մասնագիտությունն է, որ եթե սովորելու կամ աշխատելու ընթացքում զղջում ես և զգում, որ դա քոնը չէ, ավելի լավ է շուտ հետ կանգնել, քան թե քեզ ստիպելով սովորես: -Որևէ մեկը Ձեզ ուղղորդե՞լ է Ձեր մասնագիտության ընտրության հարցում: -Ո՛չ, ինձ չեն ուղղորդել, դեռևս դպրոցական տարիներից որոշել եմ ընտրել բժշկի մասնագիտությունը, քանի որ շատ եմ սիրել կենսաբանությունը և քիմիան, եղել եմ այդ առարկաների հանրապետական օլիմպիադաների հաղթող՝ երեք տարի անընդմեջ:
- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր երիտասարդներին:
-Խորհուրդ կտամ սովորել, ամենակարևորը՝ շատ կարդալ, շատ գիտելիքներ ձեռք բերել, որպեսզի հետագայում իրենց աշխատանքի մեջ միջակ դառնալու խնդիր չունենան, քանի որ միջին մակարդակի աշխատանքը ապահովում է շատ ցածր որակավորման մասնագետներ: Հետո անընդհանը պետք է զարգացնես գիտելիքներդ, քանի որ ամեն օր, ամեն ժամ բշկագիտության մեջ նոր զարգացումներ են նտեղի ունենում: Ունենք ժամանակակից սարքավորումներ. օրինակ՝ անեսթեզիայի /նարկոզի/ ապարատը, որը վիրահատության ընթացքում մեզ ապահովում է որակյալ անեսթեզիա. սարքավորումը գերմանական որակյալ հազվագյուտ սարք է: Ես աշխատել եմ նաեւ մայրաքաղաքի հիվանդանոցներում, որտեղ նման սարքավորումներ չկան, աշխատում են ավելի հին մեթոդներով: Իսկ նոր սարքը ավտոմատացված է և շատ է հեշտացնում բժշկի աշխատանքը, բայց միանշանակ շատ բարդ սարքավորում է, որին պետք է տիրապետել:

imgonline-com-ua-resize-imyxqycvhplb5i1
imgonline-com-ua-resize-imyxqycvhplb5i1
imgonline-com-u...

Ալլա Աբրահամյան, Սոնա Գրիգորյան, Աննա Գևորգյան

 

image-1 35
image-1 35
image-1 35
   Ուսուցի՛չ…
Ինչքա՜ն քաղցր է հնչում այս բառը: Խորին հարգանք ու երախտագիտություն ես զգում, երբ խոսում ես ուսուցչիդ հետ կամ նրա մասին: Ուսուցիչն է, որ մանկուց մարդ է կերտում, ուղղում է նրանց թույլ տված սխալները և կարողանում է բարության, ընկերության և ազնվության սերմեր ներարկել նրանց հոգում: Ինչքան մեծանում, այնքան ավելի ենք գնահատում մեր ուսուցիչների անձնուրաց աշխատանքը: Ուսուցիչներ, ովքեր ինքնամոռաց նվիրվում են իրենց աշխատանքին, ամեն ինչ անում են, որպեսզի գիտելիքներով զինեն իրենց սաներին: Հայրենիքի ապագան ուսուցիչների ձեռքերում է, քանի որ այսօրվա դպրոցականը ապագա զինվորն է ու մանկավարժը, գրողն է ու բժիշկը, Հայաստանի Հանրապետության ծաղկմանը նպաստող ազատատենչ քաղաքացին է:
Ուսուցի՜չ անգին, սրտակից,
Սիրով խոնարհվում եմ Ձեր առջև:
Ձեր վեհանձն կերպարը միշտ օրինակ է ինձ:
Դուք` թե՛ ուսուցիչ և թե՛ ծնող, խորհուրդներով միշտ ուղեկցում եք ինձ:

Գավառի Ավ. Իսահակյանի
N 4 հիմնական դպրոցի 6-րդ
դասարանի աշակերտուհի Բրսիկյան Անահիտ

 

image-1 42
image-1 42
image-1 42
 Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի գրադարանում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ և ցուցահանդեսներ:Հերթական ցուցահանդեսը կազմակերպվել էր հոկտեմբերի 7ին`նվիրված գրադարանավարի օրվան: Գրքերի ցուցահանդեսը կազմակերպված էր բացառապես երեխաների ձեռքով պատրաստված գրքույկների նվիրաբերություններով: Աշակերտները փոքրիկ գրքույկներում ընդգրկել էին տարբեր հեղինակների հայերեն և ռուսերեն ձեռագիր ստեղծագործությունները: Քանի որ գրադարանը չի համալրվում նոր գրականությամբ, իսկ եղած գրքերն արդեն բավականին մաշված են, նոր գրականության մեծ պահանջարկ կա: Գրքերի այս ցուցահանդեսը միտված էր առաջին հերթին նպաստելու գրականության համալրման խնդրի լուծմանը, ինչպես նաև աշակերտների մեջ զարգացնելու սերն ու նվիրումը դեպի գիրն ու գրականությունը, արժևորելու գրքի դերը մեր նորագույն պատմությունը կերտելու, լավ մարդ դաստիարակելու, ազնվության ու ճշմարտության ջատագով լինելու ճանապարհին: Գրադարանավար Ս. Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսին մասնակից բոլոր աշակերտներին`ցանկանալով նրանց բարձր առաջադիմություն, մեծամեծ հաջողություններ կյանքում, ինչպես նաև ավելի մեծ եռանդ ու աշխատասիրություն` իրենց իդեալներին հասնելու ճանապարհին: Տեղեկատվական տեխնոլոգիաների արագընթաց զարգացման այս դարաշրջանում մարդկանց գրքի հետ կապող կարևոր օղակ են հանդիսանում գրադարանները, իսկ գրադարանավարները գրքի պահապաններն են, հանրահռչակողները: Հոկտեմբերի 7-ը՝ գրադարանավարի օրը, մեր տարածաշիջանում նշվեց Գավառ քաղաքի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում, որտեղ հավաքված գրադարանավարները մեծ ներդրում ունեն Գավառ քաղաքի և հարակից համայնքների գրադարանների զարգացման գործում: Մեր համայնքի գրադարանը ևս իր լուման ուներ ««Կոմիտաս- 150»» խորագիրը կրող միջոցառման կայացման գործում: Միջոցառման ընթացքում ներկայացվեց Մեծն Կոմիտասի կյանքն ու գործը, հնչեցին այն մեղեդիները, որոնց նա երկրորդ կյանք էր շնորհել: Գրադարանավարի մասնագիտական օրվա առթիվ շնորհակալագրեր ստացան միջոցառմանը մասնակցող բոլոր այն գրադարանավարները, ովքեր սերտորեն համագործակցում են կենտրոնական գրադարանի հետ, քանզի այդ կապը շատ կարևոր դեր է խաղում համակարգի զարգացման գործում: Շնորհավորում ենք մեր համայնքի դպրոցի գրադարանավար Ս. Աբրահամյանին և համայնքի գործող գրադարանավար Է. Գրիգորյանին մասնագիտական տոնի առթիվ, ինչպես նաև մեր համայնքի նախկին գրադարանավար Ս. Մելիքյանին, ում ընտանիքի բազմամյա աշխատանքի շնորհիվ մեր համայնքի գրադարանը պահպանվել և հարստացել է: Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում մեր պետության աջակցության շնորհիվ մեր համայնքային գրադարանն էլ կհամալրվի ժամանակակից գրականությամբ, անհրաժեշտ տեխնիկայով, որպեսզի ոչ մի ընթերցող ձեռնունայն չվերադառնա գրադարանից, այլ դառնա նրա անբաժանելի ընկերը:

image-1 41
image-1 41
image-1 41

«1+1» թերթի խմբագրություն

 

 

image-1 8
image-1 8
image-1 8
Վարազդատ Խաչատրյանը ծնվել է 2003թ. մայիսի 30-ին, Գեղարքունիք գյուղում: Նա մանուկ հասակից սկսել է երգել, ու բոլորի կողմից սիրված երգիչ դառնալը եղել է  նրա առաջնային նպատակը: Նա մասնակցել է բազմաթիվ փառատոների և գրավել պատվավոր տեղեր, ստացել  բազմաթիվ պատվոգրեր, հավաստագրեր և հուշանվերներ: 2019թ. հունիսի 2-ին բացվեց «Ազգային երգիչ» նախագիծը: Վարազդատը մասնակցեց  այդ նախագծին և ձեռք  բերեց ևս մեկ փորձ: Հիմա նա ավելի նպատակասլաց է և ձգտում է հասնել մեծ բեմերի: Երգն իր համար մի մեծ աշխարհ է, որում փորձում է ինքնահաստատվել:

 

caxrankar
caxrankar
caxrankar
 

 

 

 

 

 

image-1 44
image-1 44
image-1 44

2019 թվականի հոկտեմբերի 18-ին Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի առաջին դասարանի աշակերտները / դասվար՝ Անահիտ Ավետիսյան/ անցկացրին «Ա» տառի դաս-միջոցառում: Եռանդուն, վաստակաշատ ուսուցչուհին դասարանը կահավորել էր առանձնահատուկ ջանասիրությամբ և բարձր ճաշակով ընտրված դիդակտիկ նյութերով, որոնք երեխաներին մատուցվեցին մանկավարժական հմուտ մեթոդներով: Առաջին դասարանցիներին հյուր էր եկել Գիտունիկը: Նա նամակ էր բերել Տառաշեն քաղաքից, որի ընթերցումից հետո նրանք հաղթահարեցին մի շարք փորձություններ՝ կարծես հսկա արևից ծնվեց փոքրիկ Մարիի արևային երգը, օգնության հասան Անտառային դպրոցի գազանիկներն ու թռչունները / Ա տառով սկսվող/, և դասարանը լցվեց բնության ձայներով, ինչի արդյունքում ստացան կախարդական քաղաքի բանալին և մուտք գործեցին տառերի զարմանահրաշ աշխարհը: Հաճելի զարմանք հաղորդվեց, երբ Այբբենարանի միջից հայտնվեց ոսկեղենիկ Ա տառը / Մարգարիտան/: Երեխաները ասմունքով, երգով դիմավորեցին նրան: Լյուսին ոգևորված երգեց հնչյունի մասին երգը: Գովաբանեցին Ա տառը, բառեր կազմեցին, Մեսրոպյան հրապուրիչ և բարեկազմ այբուբենի առաջին տառը թևեր առավ, սավառնեց սենյակում, դարձավ արև, արծիվ, աղվես, Արարատ… ու թառեց փոքրիկների տետրերում: Ամրապնդեցին պատմություն, նախադասություն, բառ, վանկ, հնչյուն հասկացությունները: Մեծարվեց հայերենի առաջին ուսուցիչը՝ Մեսրոպ Մաշտոցը: Աշակերտները խոսում էին համարձակ և անկաշկանդ, իսկ վերջում դասվարի անակնկալն էր փոքրիկ բանաստեղծությունով բացիկը՝ բոլոր աշակերտների լուսանկարներով: Աշակերտներից յուրաքանչյուրը մի շողն էր արևի, ինչպես բացիկում էր պատկերված, որ ջերմացնում է և՜ դպրոցը, և՜ դասարանը, և՜ յուրաքանչյուրն՝ իր տունը: Ուրեմն՝ այս Արևները թող միշտ ժպտան և լուսավորեն ամենուր: Օրվա խորհրդով համտեսեցին «Ա» տառի բլիթները և Ա տառի ու փոքրիկ Դավիթի ծնունդը նշեցին երգ ու պարով: Դասին ներկա էին դպրոցի տնօրենությունը, մանկավարժներ ու դասարանական ծնողխորհրդի անդամներ: Դպրոցի տնօրեն տիկին Գ. Բադալյանը և փոխտնօրեն Ն. Հակոբյանը շնորհավորեցին ծնողներին, աշակերտներին, դասվար Ա. Ավետիսյանին` «Ա» տառի մուտքի առիթով և նշեցին, որ այս ամենն առահավատչյան է դասվարի ամենօրյա պրպտուն աշխատանքի և անմնացորդ նվիրման: Նրանք խրախուսեցին աշակերտների հայեցի դաստիարակությունը՝ իրենց գոհունակությունը արտահայտելով միջոցառման վերաբերյալ: Օրն ամփոփվեց դպրոցի բակում, որտեղ երեխաները բաց թողեցին իրենց երազանքի փուչիկը՝ «Ա» տառերով;

 


Հարգելի՚ համագյուղացիներ, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» դպրոցական թերթին տրված ձեր հարցազրույցները մեր դպրոցականների համար ինքնահաստատման դաս են, որով մեր երեխաները ձեր կողմից տրված նյութերը շարադրում են իրենց հայացքների և ընկալումների շրջանակում, ավելի համառոտ ձևով: Մենք ներողություն ենք խնդրում, եթե չենք մանրամասնում այն, ինչի մասին մանրամասն խոսել եք դուք: Հարգանքով՝ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» դպրոցական թերթի խմբագրություն:

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ Հասցե՝ Գարեգին Նժդեհի փ. 1 Փոստային դասիչ՝ 1207 Թողարկման օրը՝ 27. 10. 2019 թ.
Խմբագիր և համարի պատասխանատու՝ Ռոզա Հակոբյան Տպաքանակը՝ 500 Հեռախոս՝ 093919658: Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։