Հրատարակումներ
Նոյեմբեր 2019 թերթ № 9
ԱՎԵԴՅԱՆ ԶԱՎԵՆ ԳՐԻՇԱՅԻ
/մականունը Մարիֆաթ, որը նշանակում է ազնիվ, շնորհալի մարդ/
Մեզ բախտ վիճակվեց զրուցել Ղարաբաղյան պատերազմի հերոսի հետ: Նա առանձնահատուկ հետաքրքրությամբ էր պատմում իր կյանքի և անցած ճանապարհի մասին:
-Որտեղի՞ց եք ծագումով:
-Ես ծնվել եմ Վարդենիս քաղաքում, հողագործի ընտանիքում: Բանակում ծառայելուց հետո վերադարձել եմ հարազատ տուն ու զբաղվել հանրօգուտ աշխատանքով: Իմանալով մեր երկրին սպառնացող վտանգի մասին՝ ես էլ միացա հայոց համազգային շարժմա- նը: Այդ թվականներին մենք 36000 թուրք ենք դուրս հանել երկրից: Պայքարել ենք կողք-ողքի տարբեր շրջանների հայրենասերների հետ, փառքով ազատագրել ենք Քարվաճառը: Ես մասնակցել եմ նաև Աղդամի ու Մարտակերտի ազատագրմանը: Շատ մարտական ընկերներ եմ կորցրել, կռվի տարիներին կորցրել եմ նաև եղբորս՝ Վազգենին՝ Զոդի սահմանները պաշտպանելիս:
-Ինչ էլ լինի՝ մեր անկախությունը պիտի պահպանենք, -ասում է Զավենը /Մարիֆաթը/, - ես ոչ մի բանից չեմ վախենում և չեմ վախեցել, միայն կուզեմ, որ ներկա սերունդը գնահատի մեր հայրենանվեր գործը ու արժանավայել շարունակի այն:
-Ասեմ ձեզ, որ ես երջանիկ եմ ու հարուստ, բայց հարստությունը չի չափվում փողի արժեքով. ես հարուստ եմ իմ թոռներով ու երեխանե- րով, ովքեր ինձ համար մի ամբողջ կյանք են, ու ես գիտեմ՝ հանուն ինչի եմ ապրում:
-Ի՞նչն եք ամենաշատը արժևորում մարդու մեջ:
-Առաջին հերթին՝ հայրենասիրությունը: Իսկական հայրենասեր մարդը տարբերվում է իր աշխարհայացքով ու անկեղծությամբ: Ես դպրոցում աշխատել եմ որպես տնտեսվար, հետո՝ որպես պահակ, ինձ շատ հարգում ու սիրում էին մեր ուսուցիչները: Պահեր են եղել, որ ինձ հրա- վիրել են, ու ես պատմել եմ երեխաներին իմ կռիվների մասին, և նրանք հիացմունքով էին ինձ լսում: Դպրոցներում պետք է հայրենասիրություն սերմանեն: Մենք պատերազմ տխուր չէինք գնում, ու մեր աչքերում արցունք չէր լինում: Ամեն կռվից առաջ երգն ու պարը խլացնում էին մեր վախերը ու ոգևորում մեզ:
- Ի՞նչ դրվագներ եք հիշում մանկությունից: Այդ ժամանակները կյանքը պակաս դաժան չէր՝ չորս տարեկանում ավտովթարից կորցրել եմ հորս: Մայրս 23 տարեկան էր, մնաց մենակ 3 երեխաների հետ միասին, շատ դժվար ժամա- նակներ էին, բայց մայրս միշտ մեր կողքին էր, մեզ պաշտպան է կանգնել, երբ որ պետք է եղել: Հենց մայրս է դաստիարակել իմ մեջ կյանքի ուժը ու հայրենասիրության ոգին:
-Ի՞նչ երազանք ունեք:
-Ես միայն ուզում եմ խաղաղություն հայրենիքիս ու հայ ժողովրդիս:
-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ապագա զինվորներին:
-Տղերքը մեզանից վատ չեն կռվում, բայց մեր փորձը. ամեն դեպքում պետք է, որպեսզի վրիպումներ թույլ չտան, դրա համար մեզա- նից մեկը պետք է լինի նրանց կողքին:
-Ո՞վ է Ձեր հերոսը:
-Իմ հերոսը Վազգեն Սարգսյանն է:
-Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը:
-Հայրենիքը իմ տունն է, իմ օջախը, իմ սրբությունը, իմ աստվածը:
-Ի՞նչպես հարենասիրություն սերմանել մեր սերնդի մարդկանց հոգիներում:
-Հայրենասիրությունը չի սահմանափակվում միայն սահմաններ պահելով, այն դրսևորվում է տարբեր բնագավառներում, և դա պետք է սովորեցնենք մատաղ սերնդին արդեն մանկապարտեզի տարիներից: _Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն մարդկանց, ովքեր իբր թե սոցիալական խնդիրների պատճառով լքում են հայրենիքը՝ որտեղ հաց, այնտեղ կաց:
-Ոչ ոք իրավունք չունի մարդկանց քննադատել, դա յուրաքանչյուր մարդու ընտրությունն է, բայց ես մեծ հարգանքով եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր, գտնվելով հեռվում, չեն մոռանում իրենց հայրենի հողի մասին և փորձում են իրենց ներդրումն ունենալ հայրենիքի զար- գացման գործում:
Աննա Գևորգյան, Արսեն Գևորգյան, Վարդան Աբրահամյան
ԱՇՈՒՆԸ ՄԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ
Ահա և աշունը՝ իր գեղեցիկ գույներով, եկավ ու գունազարդեց շուրջբոլորը, բերք ու բարիք պարգևեց, բայց բերեց նաև թախիծ ու տխրություն: Գեղեցիկ է իմ գյուղը, իսկ աշունը իր ոսկեզօծ գույներով էլ ավելի է գեղեցկացրել ու առանձնահատուկ դարձրել այն: Բայց ահա զգացվում է աշնան վերջին շունչը, օրեցօր խամրում են աշնանային վառ գույները: Ծառե- րի մերկությունը, մռայլ երկինքը խոսում են աշնանային տխրության մա- սին: Օրեր առաջ գյուղում տիրող եռու- զեռն արդեն դադարել է, մարդիկ իրենց աշխատանքի պտուղներն հա- վաքել, վերջացրել են, բայց դեռ ամեն ինչ առջևում է: Շուտով դիմավորելու ենք ցրտաշունչ ձմեռը, որն իր ճերմա- կության հետ մեկտեղ բերում է նոր խնդիրներ: Ամեն մեկը իր հնարավորության սահմանում միջոցներ է ձեռնարկում՝ ձմռանը ջեռուցում ապահովելու համար: Ահա ես տեսնում եմ, թե իմ հարազատները ինչպես են պատրաստվում ձմռանը: Նրանք կտրում են ծառերի չորացած ճյուղերը: Հեռվից թվում է, որ հեշտությամբ է կատարվում այդ աշխատանքը, բայց դա ևս շատ դժվար է: Ճյուղերն հերթով մանրացնում են և գեղեցիկ դասավորում. այս միջոցով փորձում են ելք գտնել: Ի վերջո, ամեն մեկը յուրովի է պատրաստվում, քայլեր ձեռնարկում՝ ամեն տեսակ հոգս ու խնդիր հաղթահարելու համար:
Սյուզի Հակոբյան
ՄԵՐ ՓՈՔՐ ԾԻԼԵՐ ՓԱՅՓԱՅՈՂՆԵՐԸ
Արևաշող ու պայծառ առավոտ էր։ Մենք բարձր տրամադրությամբ գնում էինք Երանոս։ Գյուղ մտնելուն պես ուղևորվեցինք դպրոց, որի շենքային պայմաններն ուղղակի անհամեմատելի են մեր գյուղի դպրոցի հետ։ Հանդիպեցինք Երանոսի թիվ 1 դպրոցի տնօրեն պարոն Ադամ Փինաչյանի հետ։ Մեր զրույցի թեման բազմաբովանդակ էր՝ մարդու արժեհամակարգը, ներկայիս սերնդի դաստիարակությունը, ուսուցչի աշխատանքը և դերը դպրոցում։ Նա իր պատասխաններում նշեց, որ մարդու մեջ արժևորում է մարդ տեսակը, որն էլ շատ կարևոր է այսօրվա սերնդի դաստիարակության գործում։ Մարդկային հատկանիշների մեջ առանձնացրեց լավատեսությունը, ազնվությունը և անկեղծությունը, իսկ դրանց հասնելու կարևորագույն միջոց է համարում ընթերցանությունը։ Պարոն Փինաչյանը անդրադարձավ նաև ուսուցչի աշխատանքին և կարևորեց այն հանգամանքը, որ ուսուցիչը պարբերաբար պետք է անցնի վերապատրաստումներ՝ ժամանակակից մեթոդներին տիրապետելու համար։ Վերապատրաստումների արդյունքում այսօր ունենք մեթոդապես զարգացած ու բանիմաց ուսուցիչներ. այս տարի մեր դպրոցի ուսուցիչներից տիկին Արզումանյանը Երանոսի համայնքապետ Սաշա Բավեյանի կողմից խրախուսվեց շնորհակալագրով՝ աշխատանքում որոշակի հաջողություններ արձանագրելու համար։ Ըստ պրն. Փինաչյանի՝ ուսուցիչը պետք է լինի աշակերտի ընկերը: Ուսուցիչը աշակերտի համար պետք է մոդել լինի, օրինակ ծառայի: Նա կյանքի օրինակ է, աշակերտը պետք է տեսնի նրա օրինակը և սովորի: Զրույցի վերջում պարոն Փինաչյանը խորհուրդ տվեց աշակերտներին նվիրվել կրթությանը, զբաղվել ընթերցանությամբ, լինել հայրենասեր և հայրենանվեր քաղաքացիներ։ Հանդիպեցինք նաև տիկին Նոյեմզար Ար- զումանյանի հետ։ Ծավալվեց հետաքրքիր զրույց, որի ընթացքում նա փորձառու ուսուցչի վարպետությամբ և համեստ ժպիտով պատասխանեց մեր բոլոր հարցերին։ Զրույցի ընթացքում անդրադարձանք գյուղի և քաղաքի երեխաների տարբերությանը, զրուցեցինք ուսուցչի դերի, ծնող-դպրոց փոխհարաբերության և հայրենասիրության թեմաներով։ Տիկին Արզումանյանը իր խոսքում նշեց, որ գյուղի և քաղաքի դաստիարակությունը կապված է միջավայրի հետ, գյուղի երեխա- ները ավելին են տրամադրված կրթության հարցում։ Նաև ծնողը պետք է կենտրոնանա երեխայի կրթության ու դաստիարակության վրա, ուղղորդի նրան՝ հաշվի առնելով երեխայի կարողություններն ու նախասիրությունները։ Թե ովքեր են ուսուցիչները հարցին, նա պատասխանեց ։ Մենք փոքր ծիլերը փայփայող, խնամքով ջրող արև տվողներն ենք, բայց երբ գալիս է ժամանակը, պետք է պատվաստենք, որպեսզի դիմանան կարկուտին, քամուն և գլխավորը, որ բերքա- ռատ լինեն:
-Ես խորհուրդ եմ տալիս բոլոր մանկավարժներին՝ սիրեն և գնահատեն իրենց աշխատանքը, լինեն հմուտ մասնագետներ, իսկ աշակերտներին խորհուրդ կտամ սպունգի նման ընդունել բոլոր խորհուրդները ծնողներից, մեր տված գիտելիքները, և հաշվի առնելով, որ աշխարհը սրընթաց շարժվում է առաջ, համապատասխանել նրան: Սովորել լավը բոլոր ազգերից և երկրներից, ճանաչել աշխարհը և գտնել իրենց տեղը աշխարհում առաջ մղելով մեր պետական շահերը ու անունը: Շնորհակալություն ենք հայտնում պրն. Փինաչյանին և տիկին Արզումանյանին անկեղծ և հետաքրքիր զրույցի համար:
Մարիամ Մանուկյան , Արփինե Մխիթարյան
Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ /ԲԱԴԱԼՆԵՐԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՒՄ/
Բադալյանները գաղթել են 1889 թվականին Արևմտյան Հայաստանի Բայազետի գավառի Սուրբ Օհան գյուղից և բնակություն հաստատել Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում։ Այնուհետև Սարուխանից 1920 թվականին Զալիբեկին իր ընտանիքով ՝ որպես կուլակների, աքսորել են Գեղարքունիք /Բաշքյանդ/, որտեղ էլ Զալիբեկը բնակություն հաստատեց և ծաղկեցրեց իր գերդաստանը։ Զալիբեկը ունեցել է 5 աղջիկ և 5 տղա՝ Խաչատուրը, Հայկազը, Գրիշան և Արշալույսը։ Հայկազը փոքր հասակում մահացել է, նրա մահից հետո երբ Զալիբեկը որդի է ունեցել, նրան նույնպես Հայկազ անունն է կնքել, սակայն Հայկազը մեկնել է Հայրենական պատերազմ և չի վերադարձել։ Աղջիկներն են Հայաստանը, Պայծառը, Փառանձեմը, Արզուքանը և Փայլունը։ Խաչատուրը նույնպես մասնակցել է Հայրենական մեծ պատե- րազմին և չի վերադարձել, ունե- ցել է 1 աղջիկ, 2 տղա՝ Խաչատուրը և Արմենակը։ Խաչատուրը ունի 2 տղա, Արմենակը՝ 1տղա՝ Վազ- գենը։ Գրիշան ունեցել է 2 աղջիկ, 4 տղա՝ Մհերը /Էդիկը/, Աշոտը, Վա- նիկը և Գագիկը։ Մհերը ունի 2 աղջիկ, 1 տղա՝ Արայիկը, Արայիկը ունի 1 աղջիկ, 2 տղա՝ Էդիկը և Մհե- րը։ Աշոտը ունի 2 աղջիկ, 1 տղա՝ Կարենը, Կարենը ունի 1 աղջիկ, 1 տղա՝ Աշոտը։ Վանիկը ունի 2 աղջիկ, 1 տղա՝ Գրիշան, Գրիշան ունի 2 աղջիկ։ Գագիկը ունի 1 աղջիկ, 2 տղա՝ Մարտինը և Հայկը, Մարտինը ունի 1 աղջիկ, 1 տղա՝ Գագիկը։ Արշալույսը ունի 2 աղջիկ, 2 տղա՝ Համլետը և Քաջիկը։ Համլետը ունի 1տղա՝ Ռաֆիկը, Քաջիկը 2 ունի 1 աղջիկ, 1 տղա՝ Ռազմիկը։
ԻՄ ԸՆԿԵՐԸ
գ. Գանձակ Սարգսյան Սվետլանա 6-րդ դասարան
ԻՄ ՊԱՐՏՔՆ ԵՄ ԿԱՏԱՐՈՒՄ
Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները շնորհավորում են նույն դպրոցի շրջանավարտ, այժմ հայոց բանակի զինվոր Արման Վարուժանի Վարդանյանին ծննդյան օրվա առթիվ: Մենք հպարտ ենք, որ մեր գյուղացիները պատվով են կա- տարում իրենց պարտքը։
ՌՈՒԲԻԿ ՈՒՄՐՇԱՏՅԱՆ
Օրերս Գեղարքունիքի միջնակարգ դպրոց այցելեց ՌԴ- ում բնակվող մեր համագյուղացի Ռուբիկ Ումրշատյանը: Նա այդ դպրոցի սան է, երկար ժամա- նակ բացա- կայել է Հա- յաստանից, բայց կապը միշտ պա- հել է հայրենիքի հետ: Նա մտահոգություն հայտնեց, որ դպրոցի շենքային պայմանները չեն համապատասխանում կրթական նորմերին. փաստորեն տարիների ընթացքում համարյա ոչինչ չի փոխվել: Նա պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել դպրոցի խնդիրների լուծմանը, և դա համարեց կարևորագույն խնդիր, որը պահանջում է շուտափույթ լուծում։
ՓՈՔՐԻԿ ՆԿԱՐԻՉԸ
Ես Գևորգն եմ: Ապրում եմ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում: Սովորում եմ տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում: Սովորում եմ լավ: Սիրում եմ նկարել և ազատ ժամերին զբաղվում եմ նկարչությամբ: Իմ նկարներն ինձ շատ հոգեհարազատ են: Նկարներիս միջոցով արտահայտում եմ իմ զգացմունքները բնության, հայրենիքիս, մարդկանց առօրյա աշխատանքի մասին: Կյանքը ծնվել և զարգանում է հողից: Ես սիրում եմ իմ գյուղը, այստեղ են ապրել և արարել մեր մեծերը, կարևորում եմ իմ գյուղի արժեքները: Պապիկս ինձ շատ է պատմել գյուղական աշխատանքների մասին և մեծ սեր է իմ մեջ սերմանել գյուղիս հանդեպ: Իմ այս նկարում փորձել եմ պատկերել հայրենի բնությունն ու հայրենի տունը, մեր անցած և ներկա աշխատանքը: Ես մեծ ցանկություն և նպատակ ունեմ ցուցահանդես կազմակերպել և այնտեղ ցուցադրել իմ նկարները:
Նկարի և նյութի հեղինակ` Գևորգ Գևորգյան
ՏԱՐԱԶ
Բոլորս գիտենք հայկական տարազի մասին, սակայն չգիտենք, թե ինչպե՞ս է առաջացել տարազը, ի՞նչ նշանակություն ունեն տարազների երանգները և այլն: Ես ևս շատ բան չգիտեի տարազի մասին և սկսեցի տեղեկություն հավաքել մի շատ հետաքրքիր պատճառով: Ես շատ եմ սիրում նկարել և նկարում եմ տարբեր թեմաներով: Երեկո էր, ցանկացա նկարել ու մտքիս եկավ տարազ նկարել: Նկարելու ընթացքում սկսեցի հետաքրքրվել տարազին վերաբերող տեղեկությամբ: Համակարգչով նյութեր որոնեցի տարազների մասին: Ըստ նյութերի՝ տարազը պատմական տարբեր դարաշրջաններում զանազան ժողովուրդներին, էթնիկական և տարածքային խմբերին, բնակչության որոշակի շերտերին բնորոշ հագուստ է՝ ձևվածքի, գույնի, նյութի տեսակի, արտաքին հարդարանքի առանձնա- հատկություններով: Յուրաքանչյուր ժողովր- դի տարազ պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ազգային բնույթով, կենցաղով, տվյալ երկրի բնական արտադրանքով: Հայկական տարազի մեջ գերակշռում են երկրի չորս տարրերի՝ հող, ջուր, օդ և կրակ, գույները, որոնք, 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը, և հրի դեղինը: Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով: Հայկական ստեղծագործության հայտնի կենտրոնները՝ Վան, Վասպուրական, Կարին, Շիրակ, Սյունիք-Արցախ, Կիլիկիա, առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմով ու ոճով: Տարազը առանձնանում է իր յուրահատուկ գեղեցկությամբ և մեր օրերում ունի կիրառություն, որը հագուստը, կոշիկը, պայուսակը կամ այլ աքսեսուարներ դարձնում է ավելի նորաձև և գեղեցիկ: Տղամարդու հայկական տարազ Տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային /շապիկ, բաճկոն, մուշտակ/ և գոտիկային / տաբատ, շալվար/։ Հայերը զարդարում էին շապիկի օձիքը ասեղնագործ գեղազարդերով։ Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Առանց չերքեզիի երևալը հասարա- կական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի։ Ամենատարածված գլխանոցները պատրաստվում էին գառան մորթուց։ Կանացի հայկական տարազ Կանացի արտաքին հագուստը եղել է բավա- կանին բազմազան՝ զգեստները /արձակ և ոչ արձակ/, բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդա- րում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք կարմիր և երկար շապիկի տակից կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Արևմտյան Հայստանի կանանց զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ. շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը։ Առանձնահատուկ գեղեցկություն ունեին թավշից և մահուդից պատրաստած գոգնոցները։ Զարդարանքներից կարող ենք նշել մանյակը, արծաթե ապարանջանը։
Քրիստինե Սարգսյան
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
ՄԵՐ ՄԵԾԵՐԸ /Կոմիտաս-150/
Ազգը հզոր է իր մեծերով։ Կոմիտասը հայ ժողովրդի մեծերից է, այն զարկերակներից, որից մշտապես սնվում է հայ մշակույթը։ Պատմության ողջ ընթացքում, երբ հուսահատության ձմեռը փորձում էր սառեցնել մեր ժողովրդի հույսն ու գալիքի երազանքը, Կոմիտասն այն ձնծաղիկն էր, որ իրենով գարուն բերեց, ջերմացրեց ու ապրեցրեց մեզ՝ դառնալով երաժշտության Մեսրոպ Մաշտոց, հայոց երգի վեհափառ։ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին էր նվիրված օրերս Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթը։ Ցերեկույթի ընթացքում հնչեցին գնա- հատանքի ու երախտագիտության այն խոսքերն ու մտքերը, որոնք արտահայտել են մեր ականավոր երգահաններն ու մտավորականները։ Մասնակիցների շուրթերից հնչեցին Կոմիտասի՝ մեղրածոր, կարկաչահոս աղբյուրի հնչյուններով կենարար, անապական ու մաքուր, մեզ միշտ հայ պահող երգերից շատերը՝ «Քելե-Քելե», «Դլե յաման», «Երկինքն ամպել է», «Շողոեր ջան» և այլն։ Կոմիտասը և նրա երգը քայլում են հայ ժողովրդի հետ՝ հավերժի ճամփան բռնած։ Այդ երգերը թախծոտ են նրա սրտի պես, խորունկ՝ վերքերի պես, լայն ու լուսավոր՝ հոգու պես, արև ու երջանկություն տենչացող։ Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, հրավիրված հյուրեր, ովքեր մեծ հետաքրքրությամբ և հուզմունքով ըմբոշխնեցին մեծն Կոմիտասի անմահ երաժշտական գոհարները։
Հավերժ երգում, մորմոքում է
Աստվածային Կոմիտասը,
Կախարդում է ու մոգում է
Աստվածային Կոմիտասը։
Ամենամեծ նահատակը՝
Ամենահայր՝ ամենահայ։
ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի տարրական դասարաններում անցկացվեցին օրինակելի դասեր «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկա- ներից։ Դասալսումները կատարեցին մասնախումբը և տնօրինությունը նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի
2-րդ դասարանում՝ դասվար Զ. Մակարյան, անցկացվեց բաց դաս Մայրենի առարկայից՝ ինքնուրույն ընթերցանություն թեմաներից։ Թեման նվիրված էր ժողովրդական բանահյուսությանը։ Աշակերտներին արձա- կուրդի ընթացքում հանձնա- րարվել էր ժողովրդական բա- նահյուսության լրացուցիչ նմուշներից ընթերցել հեքիաթներ, անգիր սովորել հանելուկներ, առած-ասացվածքներ, շուտասելուկներ, սուտասելուկներ, օրհնանքներ, օրորոցայիններ։ Քանի որ Մայրենիի «Երեք աղջիկների հեքիաթը» նույնպես առնչվում էր այս թեմային, դասը կարուցվեց հեքիաթի բեմականացման միջոցով։ Ներկաները վերհիշեցին մոռացված «քարկտիկ» խաղը։ Դասը անցավ հետաքրքիր. աշակերտները դասին ներկայացել էին պատրաստված։ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում 3-րդ դասարանը՝ դասվար Ս. Վարդանյան, ներկայացրեց հետազոտական նա- խագծային աշխատանք՝ «Իմ հայրենիքը և մեր մեծերը» խորագրով դաս-միջոցառումը։ Նրանք ներկայացրին մեր մեծերից Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի կենսագրականը և ստեղծագործություններից ընդհանուր տեղե- կություններ։ Ստեղծագործությունները ներկայացվեցին երգի, պարի և բեմականացման ձևով։ Եվս մեկ անգամ 3-րդ դասարանցիները իրենց աշխատանքով ապացուցեցին, որ մենք ունենք մշակութային արժեքներ և այն պարտավոր ենք պահպանել։ Օրինակելի դաս անցկացվեց 4-րդ դասարանում Մաթե- մատիկա առարկայից։ Դասի թեման էր «Բազմանիշ թվի բաժանումը երկնիշ թվի»։ Աշակերտները ներկայացրին մա- թեմատիկական գործողությունների միջև կապը, գծա- պատկեր կազմեցին, նշեցին բազմանիշ թիվը կարգերի և դասերի միջոցով։ Կատարեցին բազմանիշ թվի բազմապատկում գրատախտակին։ Լուծեցին խնդիր՝ համառոտագ- րության գծապատկերը կիրառելով։ Դասի երկրորդ մասում սովորեցին քայլաշարի միջոցով բա- ժանում երկնիշ թվի վրա։ Աշակերտները յուրացրին թեման, ամփոփեցին հարցերի միջոցով։
Հասցե
Խմբագիր և համարի պատասխանատու՝ Ռոզա Հակոբյան Տպաքանակը՝ 500 Հեռախոս՝ 093919658: Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
«ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ Հասցե՝ Գարեգին Նժդեհի փ. 1 Փոստային դասիչ՝ 1207 4 Թողարկման օրը՝ 27. 11. 2019 թ.
Հարգելի՚ համագյուղացիներ, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» դպրոցական թերթին տրված ձեր հարցազրույցները մեր դպրոցականների համար ինքնահաստատման դաս են, որով մեր երեխաները ձեր կողմից տրված նյութերը շարադրում են իրենց հայացքների և ընկալումների շրջանակում, ավելի համառոտ ձևով: Մենք ներողություն ենք խնդրում, եթե չենք մանրամասնում այն, ինչի մասին մանրամասն խոսել եք դուք:
Հարգանքով՝ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» դպրոցական թերթի խմբագրություն: