ընտրացանկը

Մայիս 2020 թերթ № 5 /15

NUMBER IN PDF

Արցախի ազատագրական շարժման առաջնորդներից, կազմակերչպիչներից ու քաջալերողներից մեկը հայ ժողովրդի պանծալի զավակ Իգոր Մուրադյանն էր:
Նա ծնվել է 1957 թվականի ապրիլի 29-ին, Ուկրաինական ԽՍՀ Օդեսա քաղաքում։ Մեծացել է Բաքվում։ Ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան գյուղատնտեսական ինստիտուտի արդյունաբերական ֆակուլտետը: Իգոր Մուրադյանը նախաձեռնել է «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծումը։ Կազմակերպության ղեկավարը Ղարաբաղյան շարժման և «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր Իգոր Մուրադյանն էր, ով ահռելի դերակատարություն ունեցավ Ղարաբաղյան շարժման ընդհատակյա փուլի նախապատրաստման, ապա Ղարաբաղյան շարժման առաջին ամիսների հանրահավաքների, ցույցերի, գործադուլների կազմակերպման և «Ղարաբաղ» կոմիտեի կազմավորման գործում: Որպես ՀԽՍՀ պետպլանին կից էկոնոմիկայի և պլանավորման ինստիտուտի հատուկ տնտեսագիտական հետազոտությունների բաժնի ավագ գիտաշխատող՝ 1985 թվականից նա համակարգում էր Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթներ կազմելու և ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ներկայացնելու աշխատանքները: 1988 թվականի մայիսին թողել է Կոմիտեի կառավարման գործը։ 1990-1995 թվականներին ընտրվել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, ԳԽ Պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2009-2013 թվականներին եղել է «Իրատես դե ֆակտո» թերթի քաղաքական վերլուծաբանը։ Իգոր Մուրադյանը մահացել է 2018 թվականի հունիսի 17-ին, Երևանում, երկարատև հիվանդությունից։
Մանվել Սարգսյանը հիշեց, թե ինչպես էր Իգոր Մուրադյանը ամբողջ Խորհրդային Միությունով մեկ տանում բացատրական աշխատանքներ, որպեսզի Ղարաբաղյան խնդիրը երկրում դառնա քաղաքական խնդիր: Ըստ պարոն Սարգսյանի՝ Իգոր Մուրադյանի համար դա էր գերխնդիրը: Մեր հարցին՝ հնարավո՞ր է Ղարաբաղյան շարժումն այս մասշտաբներն ու ընթացքը չունենար, եթե նրա ակունքներում Իգոր Մուրադյանը չլիներ, պարոն Սարգսյանն արձագանքեց. «1987-ին, երբ կային արդեն նախադրյալները, Իգորը եկել էր Արցախ, բոլորին սկսել էր կոնսոլիդացնել, նրան բոլորը ճանաչում էին: Նա մտածում էր, որ պահն է. այդ տեսանկյունից հմուտ և շատ ադեկվատ գնահատական ունեցող մարդ էր, կարողացել էր բոլորին համոզել և,ի վերջո, այդ ամենը հանգեցնել շարժման: Միանշանակ նրա դերն առանձնահատուկ էր»: Թեև պարոն Սարգսյանը փաստեց, որ ժամանակին շարժումը հասունացել էր, բայց միևնույն ժամանակ շեշտեց՝ պարոն Մուրադյանի առանձնահատկությունն այն էր, որ նա առաջարկեց հատուկ մեթոդոլոգիա. «Իգորն առաջարկել է այն ժամանակվա համար անհասկանալի, բայց հետագայում իր կենսունակությունն ապացուցած մոտեցում: Ըստ այդ մեթոդոլոգիայի՝ պետք է աշխատել պերեստրոյկայի դրոշի տակ և բացարձակ սահմանադրական շարժում ծավալել. տոտալիտար երկրում չէր ընդունում փակ շարժումը: Կարևոր էր, որ մոտեցումն իրեն արդարացրեց: Նա տանում էր այն գիծը, որ ժողովրդի խախտված իրավունքները վերականգնվեն, այս սկզբունքները դաստիարակում էին թե՛ սովետական իշխանություններին, թե՛ հանրությանը: Հանրությունը հավատալով, որ դա իր իրավունքն է, հզոր կազմակերպվածություն ցուցաբերեց: Առաջին անգամ ժողովուրդը հասկացավ սահմանադրական շարժման էությունը: Համաժողովրդական իրավական մեխանիզմներ. սա մեթոդաբանություն էր, որը պիտի բերեր շարժման երկրորդ փուլին՝ 1988-ի փետրվարին, երբ խորհրդային իշխանությունները հրաժարվեցին ժողովրդի պահանջը կատարել, և ժողովուրդն անցավ խաղաղ անհնազանդության: Այն, ինչ տեսանք վերջին ամիսներին, Հայաստանում առաջին անգամ կիրառվել է հենց փետրվարի 20-ից հետո, երբ ժողովրդական անհնազանդությունը սկսվեց, և դժվար էր պատկերացնել, որ ժողովուրդը կարող էր Սովետական Միության բարձր իշխանությունների որոշումը չընդունել: Դա էլ ենք անցել»: Պարոն Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ն էր Իգոր Մուրադյանը որպես ընկեր, անհատ։ Նա պատասխանեց. «Լինում են մարդիկ, որոնք ամբողջ կյանքն են տալիս գործին: Իգոր Մուրադյանն իր կյանքով դա ապացուցեց: Նա անգամ ընտանիք չի կազմել, մինչև կյանքի վերջը նվիրվել է գործին. սա բացառիկ երևույթ է: Շատերը չեն էլ հավատում, որ նման մարդիկ կարող են լինել: Նա ապացուցեց, որ, այո՛, կան մարդիկ, ովքեր ամբողջ կյանք են տալիս գործին»: Մանվել Սարգսյանը Իգոր Մուրադյանին բնութագրեց որպես կոմպրոմիս չընդունող մարդ. «Բացարձակապես վախի զգացողություն այդ մարդու մեջ չկար: Օրեր եմ հիշում, որ մինչև շարժումը կոտրվում էին մարդիկ, վախենում էին հրեշավոր համակարգից, Իգորն ասում էր՝ հանգիստ եղեք, ո՞վ են նրանք, մենք ստիպելու ենք սրանց: Մտերիմներից մեկը, որը պաշտոնյա էր և Իգորի հետ աշխատում էր, ասում էր՝ դու չես հասկանում, որ վատ է լինելու, մի՛ արեք: Իգորն այդ մարդուն հարցրել է՝ ո՞նց եք որոշել, որ վատ է լինելու, այդ մարդն ասել է՝ իմ կյանքի փորձից դա գիտեմ: Իգորն արձագանքել է՝ ինչ լավ է, որ ես ձեր կյանքի փորձը չունեմ»: Մանվել Սարգսյանը փաստեց՝ շատ մոտ են եղել Իգոր Մուրադյանի հետ, հիմնել են «Ղարաբաղ» կոմիտեն: Հետադարձ հայացք նետելով անցյալին՝ պարոն Սարգսյանը հիշեց՝ Իգորը ոչ մի բանի առաջ չէր կանգնում, կապ չունի՝ ինչ էր կատարվում, նրան հետաքրքրում էր միայն այն, որ կա խնդիր, և այն լուծել է պետք: Ըստ պարոն Սարգսյանի՝ հենց այս պատճառով էլ Իգոր Մուրադյանն անփոխարինելի է, թեև կային ուրիշ տղաներ էլ: Այդպիսիք էին Էմիլ Աբրահամյանը, Արթուր Մկրտչյանը, հետո Լեոնիդ Ազգալդյանը. «Մասշտաբի հարց է. մարդ, ով կարող է մեկ միլիոն մարդ համոզել, ամեն մեկը չի կարող: Իր խարիզման մարդկանց համոզում էր, անվախ և որև է բանի առաջ չկանգնող էր, որևէ պատճառ չգտնող էր: Նման մարդիկ քիչ են: Ասում են՝ նրա պապն ու նախապապը սովետական առաջին հեղափոխական գործիչներից էին: Դա էլ է ազդում: Գրքերով մեծանում էր։ Իգոր Մուրադյանը մարդ էր, որն ամբողջ այդ խնդիրը դրել է Խորհրդային Միությունում, ինքս էլ եմ հիշում. բազմաթիվ ծանոթ մարդիկ մեզ գալիս ասում էին, թե հիմարություններով եք զբաղվում, հասկանո՞ւմ եք՝ սա հրեշավոր պետություն է, ԿԳԲ է, Սահմանադրությունը, սահմանադրական շարժումը, պատգամավորը ո՞րն է: Մարդիկ ուրիշ աշխարհում էին ապրում: Ինքն էլ, մենք բոլորս էլ քմծիծաղ էինք տալիս, ասում էինք՝ այս մարդիկ անցյալից եկածներ են: Երբեք նման մասշտաբի փոփոխությունները, շարժումները պատահական չեն լինում: Դրանք շարժումներ են, որոնց դեմ խաղ չկա, եթե դա լինում է, լինում է»: Համեմատելով ապրիլյան դեպքերի հետ՝ պարոն Սարգսյանն ասաց. «Դրա ավելի փոքր տեսակն ապրիլին ՀՀ-ում տեսանք: Նույնպես տեսանք, թե ինչպես փլուզվեց այդ մարդակեր համակարգը․ բոլորն ասում էին՝ անհնար է, ձև չկա, միայն զենքով: Բայց ժողովուրդը դուրս եկավ և ասաց՝ այդպես չէ, այսպես է, ու բոլորին ապացուցեց, որ ոչ ոք ոչինչ անել չի կարող»: Սակայն պարոն Սարգսյանը նեղսրտած է՝ այս իշխանություններն էլ չկարողացան իրենց մեջ վախը հաղթահարել և ներկայացնել հերոսի մահը ինչպես որ պետք է. «Այդ մասշտաբի մարդուն ինչպես են մոտեցել , երբ մահացավ: Ղեկավարությունը եկավ, պետությունը թաղման ծախսերը վերցրեց իր վրա, Իգորը Եռաբլուրում թաղվեց, բայց այնպիսի անհայտ ձևով, որ դուրս մնաց ինֆորմացիոն դաշտից, այնպիսի տպավորություն է, որ կարծես վախենում էին ներկայացնել հերոսի անցած ճանապարհը՝ ոնց որ պետքն է:»:
Իգոր Մուրադյանը մատնանշում էր, որ մենք ունենք ստրուկի մտածելակերպ, և մեր գաղափարախոսությունը չի կարողանում ազատվել դրանից: Եվ մեր ամենամեծ դժբախտությունը այն է, որ մինչ օրս համբուրում ենք այն ձեռքը, որը մեզ խեղդում է: Մինչդեռ պետք է սովորենք ապրել ու պայքարել Իգոր Մուրադյանի նման:

«1+1» դպրոցական թերթի խմբագրությունը ջերմորեն շնորհավորում է Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա առթիվ:

 

Գեղեցիկ արևային օր էր․ ես, եղանակին համապատասխան հագնված, մեր դպրոցի թերթերից մի քանիսը ձեռքիս, գնում էի Հեներ պապիկի տուն․ նա շատ լավ դիմավորեց ինձ: Մենք ծանոթացանք, և սկսվեց հետաքրքիր և անկեղծ զրույց: Հեներ պապը մեր գյուղի տարեց մարդկանցից մեկն է, նա 80 տարեկան է, և այդ մասին խոսում է հպարտությամբ: Նա պատմեց իր կյանքի դժվարությունների, լավ ու վատ օրերի մասին: Նա ծնվել է 1941թ. սեպտեմբերի 1 –ին: Նրա ծնվելուց մի քանի օր հետո հայրը մեկնում է պատերազմ: Այդ օրվանից մայրը իր երեխայի համար կատարում է հոր և մոր դերը: Հեներ պապը, ինչպես գյուղի մյուս իր հասակակիցները, կրթություն ստացել են գյուղի միջնակարգ դպրոցում: Ծառայել է Խորհրդային բանակում: Ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ և զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով: Կազմել է ամուր ընտանիք: Իրեն համարում է հայրենասեր: Երբեք չի վախեցել ոչ մի տեսակի աշխատանքից, ասում է, որ աշխատանքն է ազնվացնում մարդուն: Մարդը իր աշխատասիրությամբ և ունակությամբ միայն կարող է հասարակության մեջ տեղ ունենալ:
Հեներ պապը խոսեց իր երազանքների մասին: Ամենակարևոր երազանքը կապված է թոռների և ծոռների հետ: Ջանք չի խնայում, որ նրանց դաստիարակի հայեցի ոգով, որ երբեք չմոռանան իրենց արմատները:
Նա միշտ խորհուրդ է տալիս, որ պետք է ապրել ուրիշի ցավով և ուրախանալ ուրիշի ուրախությամբ և միշտ պետք է լինել կամեցող: Նա հիացմունքով էր պատմում գյուղի կյանքի մասին և ասում, որ պետության հիմքը գյուղացին ու իր ստեղծածն են: Պատմում էր, թե ինչպես են մեծահասակներով հավաքվում, զրուցում, բանավեճի բռնվում, քննարկում պետության մեջ կատարվող անցուդարձը և , իհարկե, նարդի խաղում:
Հեներ պապը նշեց, որ հիմա դժվար ժամանակներ են: Խոսեց ներկա կառավարության և վարչապետի մասին , նշեց , որ իրեն դուր է գալիս այն, ինչի մասին որ խոսում են, բայց որպես լեռնեցի՝ չի հասկանում այդ «մուկ ու կատու¦ խաղը։
-Գյուղում զբաղվում ենք հողագործությամբ և անասնապահությամբ և դրանցով ապահովում մեր գոյությունը, սակայն առողջությունը ամենաթանկ բանն է,-ասում է նա:
Ճիշտ է , Հեներ պապը որոշակի առողջական խնդիրներ ունի, բայց լավատես է․
-Ես քիչ չեմ ապրել, իհարկե, եղել են և՛ լավ, և՛ վատ օրեր, դրանք կյանքին տալիս են երանգներ և քաղցրություն, կուզենամ , որ մեր դպրոցականները լավ սովորեն, որպեսզի մենք կարողանանք հպարտանալ նրանց ստեղծած արդյունքներով, լինեն պրոֆեսիոնալ իրենց գործում և միշտ հիշեն՝ ովքեր են իրենք,-մեր զրույցը եզրափակեց մեր գյուղի ամենատարեց մարդը :

Արփինե Մխիթարյան

 

 


/Հարոյաններ/ Հարոն եկել է Մշո երկրից և բնակություն հաստատել Նոր Բայազետ Գավառի շրջանի Բաշքյանդ գյուղում: Հարոն ունեցել է 1 որդի՝ Ասոն: Ասոն ունեցել է 1 որդի՝ Գյուլաբը: Գյուլաբը ունեցել է 6 որդի՝ Հովհաննեսը, Հայրիկը, Մեհրաբը, Շմոն, Լևոնը և Վանուշը: Հովհաննեսը ունեցել է 4 որդի՝ Մեխակը, Նորիկը, Հեները, Սամվելը: Մեխակը ունեցել է 5 որդի ՝ Վարդանը, Լյովան, Ալեքսանը, Արայիկը, Յուրիկը: Վարդանը ունեցել է 2 որդի՝ Ռոմանը և Տիգրանը: Ալեքսանը՝ 1 որդի՝ Արթուրը: Արայիկը՝ 1 որդի՝ Մեխակը: Լյովան և Յուրիկը որդի չեն ունեցել: Նորիկը ժառանգ չի ունեցել: Հեները ունեցել է 3 որդի՝ Արթուրը, Հարութը և Հովհաննեսը: Արթուրը ունեցել է 1 որդի՝ Արմանը: Հարութը ունեցել է 2 որդի՝ Նորայրը և Հրայրը: Հովհաննեսը ունեցել է 1 որդի՝ Հեները:
Սամվելը ունեցել է 3 որդի՝ Կամոն, Մարտինը, Սերժիկը:
Կամոն ունեցել է 3 որդի՝ Սամվելը, Տիգրանը և Գեորգին / Ժորիկը/
Մարտինը 2 որդի՝ Արսեն, Արմեն:
Սերժիկը 2 որդի՝ Մարկը և Դավիթը:
Հայրիկը ունեցել է 5 որդի՝ Ռազմիկը, Վալերը, Վալոդը, Նովլետը և Համլետը:
Ռազմիկը ունեցել է 3 որդի՝ Գրետը, Նորիկը և Վարդանը:
Գրետը ունեցել է երկու որդի՝ Ջիվանը և Շահենը: Նորիկը ունեցել է 3 որդի՝ Սարգիսը, Ռազմիկը և Անդրանիկը, Անդրանիկը՝ 1 որդի ՝ Հայկը:
Վարդանը ունեցել է 2 որդի՝ Արմեն և Արման:
Վալերը ունեցել է 1 որդի՝ Հայկ: Հայկը՝ 2 որդի՝ Վալերը և Դավիթը: Վալոդը ունեցել է 1 որդի՝ Արայիկը: Արայիկը՝ 1 որդի՝ Վոլոդյա:
Նովլետը ունեցել է 3 որդի՝ Տիգրանը, Իշխանը և Արամը:
Տիգրանը ունեցել է 2 որդի՝ Արսենը և Կարենը:
Իշխանն ունեցել է 1 որդի՝ Դավիթը: Արամը ունեցել է 3 որդի՝ Գարիկ, Արտյոմ և Արեն:
Համլետն ունեցել է 1 որդի ՝ Արման:
Մեհրաբը ունեցել է 3 որդի ՝ Գառնիկը, Վահանը և Խաչոն: Գառնիկը ունեցել է 3 որդի՝ Վարազդատ, Լյովա և Աշոտ: Վարազդատը ունեցել է 1 որդի՝ Աշոտը: Աշոտը ունեցել է 2 որդի՝ Վարազդատ և Լյովա: Լյովան ունեցել է 1 որդի՝ Մեհրաբը: Մեհրաբը ունեցել 2 որդի՝ Լյովա և Սաշա:
Աշոտը որդի չի ունեցել:
Շմոն ունեցել է 1 որդի՝ Սերյոժը: Սերյոժն ունեցել է 3 որդի՝ Ռոլանդ, Աբուդար և Գևորգ: Ռոլանդը ունեցել է 1 որդի՝ Արման: Աբուդարը ունեցել է 1 որդի՝ Արտակը: Գևորգը ունեցել 1 որդի՝ Սերոժը:
Լևոնը ունեցել է 1 որդի՝ Ռադիկ: Ռադիկը ունեցել է 2 որդի՝ Զավեն և Վազգեն: Վազգենը ունեցել է 1 որդի՝ Դավիթ: Դավիթն ունեցել է 1 որդի՝ Վազգեն: Զավենը ունեցել է 3 որդի՝ Ռաֆիկը, Լևոնը և էդգարը:
Վանուշը ունեցել է 4 որդի՝ Վարդգեսը, Վալոդը , Վաչոն և Մայիսը: Վարդգեսը ունեցել է 1 որդի՝ Վահանը: Վալոդը ունեցել է 2 որդի՝ Էդգար և Զոհրակ: Վաչոն ունեցել է 3 որդի՝ Արամ, Արայիկ և Սարգիս: Արամը՝ 1 որդի՝ Արսեն: Արայիկը՝ 1 որդի ՝ Նարեկ, Սարգիսը՝ 1 որդի՝ Վաչիկ: Մայիսը ունեցել է 1 որդի՝Տիգրան: Տիգրանը ունեցել է 1 որդի՝ Մայիս:

Արփինե Մխիթարյան

 

 Եթե ցանկանում  եք ունենալ ձեր սիրած մասնագիտությունը,  ապա մտածեք այն մասին, թե  ինչ կանեիք , եթե անհրաժեշտ  չլիներ  աշխատել, կամ եթե ունենայիք մեկ միլիոն  դոլար,  ինչո՞վ կզբաղվեիք:

  Այս հարցի պատասխանը  այն մասին չէ, թե ինչով դուք պետք է զբաղվեք,  բայց կօգնի,  որ  կարողանաք կողմնորոշվել:

  1. Հաշվի՛ առեք ձեր հետաքրքրասիրությունը.

–Եթե  դուք ուզում եք դառնալ ճանաչված երաժիշտ, մտածեք կոմպոզիտորի  կամ ձայնագրողի մասնագիտության  վերաբերյալ․

   –եթե ուզում եք դառնալ դերասան, մտածեք լրատվամիջոցներում աշխատելու մասին,     որը ձեզ կօգնի ձեր երազանքին հասնելուն․

– եթե դուք ուզում եք ճամփորդել ողջ աշխարհում, մտածեք բորտուղեկցորդուհի դառնալու մասին:

  1. Հաշվի՛ առեք ձեր սեփական նախասիրությունները.

- Կարելի է առանց դժվարությունների  ձեր հոբբին վերածել  մասնագիտության:  Մտածեք՝  ինչն է ձեզ դուր գալիս, և ինչպես կարելի է  այն դարձնել  ձեր մասնագիտությունը․

- օրինակ՝  եթե ձեզ դուր են գալիս համակարգչային խաղեր, դուք կարող եք դառնալ դիզայներ համակարգչային խաղերի գծով․

եթե ձեզ դուր է գալիս նկարչությունը կամ արվեստը, կարելի է դառնալ գրաֆիկական դիզայներ․

-եթե դուք սիրում եք զբաղվել սպորտով, մտածեք այն մասին , որ կարող եք դառնալ մարզիչ։

  1. Ենթարկենք փորձաքննության այն առարկաները, որոնք ձեզ  դուր են գալիս դպրոցում:

Ուսումնական առարկաները հնարավորություն են տալիս ստանալ այն աշխատանքը, որը ձեր նախընտրելին է մինչև կյանքի վերջ, դրա համար պետք է սովորել  բարձրագույն ուսումնական հաստատություններում:

– Եթե ձեզ դուր է գալիս քիմիան, ապագայում դուք կարող եք դառնալ լաբորանտ- դեղագործ․

–եթե ձեզ դուր է գալիս անգլերենը, մտածեք, որ կարելի է դառնալ  անգլերենի ուսուցիչ կամ թարգմանիչ:

–Եթե սիրում եք  մաթեմատիկան, կարելի է դառնալ հաշվապահ կամ ուսուցիչ:

-Մտածեք , որ բնագավառում  եք դուք առաջնային, որ առարկաներն են ձեզ հեշտ տրվում:

- Վերլուծե՛ք  ձեր կարողությունը միջանձնային հարաբերություններում, ինչքանով  դուք ունեք մարդկանց հետ հաղորդակցության ունակություն․

-եթե դուք վստահ չեք  ձեր ձեռքբերումների մեջ,  հարցրեք այդ մասին ծնողներին,  հարազատներին,  ուսուցիչներին:

-Վերլուծե՛ք  ձեր  ունակությունը,  եթե դուք ուզում եք լինել երջանիկ ու զբաղվել  սիրած գործով, հարկավոր  է  իմանալ  ձեր ցանկությունը և զբաղմունքները:

-Վերլուծե՛ք  ձեր  ֆինանսական  դրությունը,  բայց մի՛ մտածեք, որ ֆինանսը  կարող  է  պատճառ դառնալ, որ  դուք չկարողանաք դառնալ  պրոֆեսիոնալ:

Եթե կա ցանկություն ու աշխատասիրություն,  ուրեմն  կյանքը  բաց է ձեր առաջ:

- Վերլուծե՛ք՝  ինչքան  կայուն  է  ապագան՝ մասնագիտությունը : Մասնագիտությունների կարիքը ժամանակի հետ  փոփոխական է: Դրա համար պետք է վերլուծվի խորապես՝ հաշվի  առնելով հեռանկարները:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ  - Մեծամասնության համար պետք  են  տարիներ,  որ գտնեն իրենց կյանքի ուղին:  Մի՛ մտածեք, որ դուք կյանքից հետ եք մնում․

-փորձեք լսել ձեր ենթագիտակցությանը․

- հնարավոր է , որ դուք դեռ չեք իմանում, թե ինչ եք նախընտրում, ժամանակ տրամադրեք, որ հասկանաք ձեր ունակությունները․

-ինչքան լավ դուք ձեզ ճանաչեք, այնքան հեշտ  կլինի ճիշտ ընտրությունը։

ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ

- Զգուշացե՛ք այն աշխատանքից, որտեղ խոսք  են տալիս հեշտ ու շատ  վաստակել:  Հեշտ ճանապարհ  լավ ապրելու համար  չկա:

-Հեռու՛ մնացեք  համացանցային մարկետինգից ու ֆինանսական պիրամիդաներից:

-Եղե՛ք  զգույշ արտասահմանում աշխատելուց: Վերլուծե՛ք այդ հիմնավորման գործունեությունը , իմացե՛ք ինֆորմացիա ՝ ձեզ կարող են խաբել:

Մենք գիտենք , որ դուք ճիշտ կկողմնորոշվեք,   քանի որ շրջանավարտներց է կախված՝ ինչպիսի պետականություն կունենանք վաղը:

Հուսով ենք,որ ձեր օգնությամբ սկիզբ կդրվի հզոր, ազատ Հայաստանի մրցունակ արդյունաբերությանը:

 ՙՙ1+1՚՚ թերթի խմբագրություն

 

Վախը սև շուքի նման ուղորդում է մարդկությանը, փոխվում են  միայն նրա սյուժեները: Քիչ ենք վախենում սատանաներից և ուրվականներից, բայց նրանց  տեղը կզբաղեցնեն   զոմբիները և այլմոլորակայինները:

Վայներ  եղբայրները իրենց  «Դեղը վախի դեմ¦ պատմության մեջ գրել են․«Մենք բոլորս նախատրամադրված ենք այդ հիվանդությանը, դա մեր նախահայրերի բնական ռեակցիան է մեզ շրջապատող միջավայրին: Մենք կրում ենք դա մեր գեների մեջ: Բայց մեկը պայքարում է վախի դեմ ամբողջ կյանքում և հաղթում է, իսկ մյուսը հանձնվում է նրան  միանգամից կամ էլ աստիաճանաբար: Մարդկությունը անսահման հարուստ է, հիանալի և իմաստուն է, բայց խանգարում է նրան լինել երջանիկ միայն վախը: 

Վախի գաղափարը  մեր կյանքի վրա ավելի մեծ ազդեցություն ունի, քան մեզ թվում է:

Մենք  բոլորս  ապրում ենք այդ վիրուսով, միայն թե մեկի մոտ այդ հիվանդությունը ակնհայտորեն անցնում  է , իսկ մյուսը նոր պետք է վարակվի: Դրա համար ես ուզում եմ  ձեզ հետ խոսել այդ երևույթի մասին, որպեսզի ազատենք մեր գիտակցությունը այդ վախից, որը խանգարում է մեզ՝ ապրել երջանիկ:

Կարելի է նշել  վախի մի քանի հիմնական ձևեր:  Յուրաքանչյուր դասակարգում  ունի իր առավելությունը և թերությունները: Ուղղակի ցուցակագրելը հետաքրքրություն  չի  ներկայացնում, բայց պետք է բացահայտել՝ ինչի հետևանքով է դա ընթանում, և ինչպես  դրանից ազատվել. դա երևի ավելի առաջնային է  այն մարդու համար, ով տառապում է վախով։

Օրինակ՝ Կլաուստրոֆոբի- դա վախն է փակ տարածքում, լինում է և հակառակը, կան մարդիկ, ովքեր վախենում են բաց տարածքից:

Այդ հիվանդությունը  ծանր դեպքերում  կարող է մարդուն հասցնել նրան, որ մարդը ամբողջ օրը նստի տանը:  Մեզնից շատերը  վախենում են  բարձրությունից, բայց մի քանիսի համար դա մահաբեր երևույթ է: Սոցիաֆոբիա՝ դա վախ է հանրության առաջ ներկայանալուց: Նուզաֆոբիան՝ դա  ինչ- որ հիվանդությամբ  հիվանդանալու  վախն է։ Վախի այդ տեսակը այս կամ այն ձևով  հասարակության մեջ ներկա է:   Բայց հիմնականում սրվում է և տարածվում  հասարակության մոտ  էպիդեմիաների ժամանակ:  Վախը   փակվում  է  սրտի մեջ,  մարդը  իրեն  զգում  է   թույլ և էլ չի պայքարում   այդ  հիվանդության դեմ, որն էլ նվազեցնում է լավատեսության  և  դրական տրամադրվածության  ռիսկերը վիրուսային հիվանդության դեմ:  Բայց,  միևնույն է, անհապաղ պետք է կատարել համաշխարհային բժշկական  կազմակերպության առաջարկները:

Վախը որոշ դեպքերում  կառուցողական  է՝ ներկայացնելով բնական պաշտպանողական մեխանիզմ, որը օգնում է ավելի լավ  համակերպվել   էքստրեմալ  վիճակներում:  Գիտնականները պարզել են , որ  ոչ միայն մեր գիտակցությունը,այլև  մեր  մարմինն   է պատասխանում ծայրահեղ դեպքերում:

Վախը  կարող է բերել  սրտի  ռիթմի խանգարման, մարմինը քրտնում  է, նպաստում  է աղիքա-ստամոքսային  տրակտի խանգարմանը, ազդում է շնչառական համակարգի վրա՝  պատճառելով օդի  պակասության զգացում  և այլն:

Ընդհանրապես պետք է նշել , որ կապը վախի և ներքին  օրգանների հետ  բազմազան  և երկիմաստ  է:  Մի կողմից՝  վախը և անհանգիստ վիճակը  բերում են  ներքին օրգանների վատ աշխատանքի, իսկ մյուս կողմից՝ ներքին օրգանների վատ աշխատանքը կարող է բերել վախի:

Ամերիկացի հոգեբան Ուիլյամ Ջեյմսը առաջարկեց  հիպոթեզ, որ մեր զգացմունքները ծնվում են ոչ թե մեր  ուղեղում, այլ մեր օրգանիզմի ծայրամասերում:  Այդ հիպոթեզի համաձայն՝ արտաքին շրջապատը, ազդելով  օրգանիզմի վրա, բերում է ինչ- որ  փոփոխությունների, որի հիման վրա մեր  ուղեղը այդ երևույթին տալիս է իր անունը:

Նա  ասում է, որ մենք  երջանիկ ենք , երբ ծիծաղում ենք, տխրում ենք, երբ լացում ենք, վախենում  ենք,   քանի որ դողում ենք: 

Այդպիսի հայտարարությունը առաջին հայացքից թվում է անխոհեմ , բայց այդ հիպոթեզը ունի համոզիչ  հաստատումներ կյանքից:

Չե՞ք հավատում,  այդ դեպքում  ձեր երեսին  փորձեք  պատկերել  ծիծաղ, և միաժամանակ մտածեք  ինչ -որ վախենալու  բանի  մասին, հետո գնահատեք   ձեր  վիճակը:  Երաշխավորում եմ՝  ձեր վախը կլինի ավելի  քիչ սովորականից, քանի որ մեր  մարմինը չի կարող վախենալ և ծիծաղել միաժամանակ: Երկու հակառակ զգացմունքները   չեզոքացնում   են  միմ յանց:

                                                     Մանուշակ Թովմասյան

                                                               Հոգեբան խորհրդատու

 

Իմ  հայրենի  լեռնաշխարհում  ամեն  անգամ  գարունը  գալիս  է  մաքառելով:  Այո՛,  մաքառելով: Մեծ  դժվարությամբ  են  տեղի  տալիս  սառնամանիքները , ձյունն ու  անձրևները:  Սակայն,  ի  վերջո,  գալիս  է  չքնաղ  գարունը՝  հարսնաբույր  բողբոջների  պայթյունով,  ծիծաղկոտ  վտակների  խոխոջյունով,  արևի  բեկբեկուն  շողերի  խաղով..

Այս  տարվա  գարունը  այլ  էր:   Այս  տարվա  գարունը  այլ  ՙՙկռիվ  ուներ  տալուՙՙ:

Մարդ  արարածը  իր  դժոխային  գործունեությամբ  սպառնում   է  ոչնչացնել  Երկիր  մոլորակի  բնականոն  կյանքը,  բացվող  գարունների  ծաղկափթիթ  ծնունդը:  Քիմիական  տարրերով  աղտոտվել  են  օդը,  հողը,  ջուրը:  Այս  ամեն  մարդու՝   հարստանալու  անհագ  տենչի  արդյունքն  է:  Ընչաքաղց  մարդը  չի  գիտակցում,  որ    կորցրել  է  և,  որ  ամենակարևորն է,  երջանիկ  լինելու  արվեստը: Նա  փնտրում  է  հաճույքներ, բայց ո՛չ  երջանկություն  ու  սեր,  դեղորայք,  բայց  ո՛չ առողջություն  ու  առողջ  ապրելակերպ, շքեղ տուն,  բայց  ո՛չ  ընտանիք:  Նրա  բոլոր  սխալների  համար  հատուցում  է  Մայր  բնությունը:

Իսկ  այսօր   խաթարված  բնության  համար  հատուցում  է   մարդը:  Մարդաշատ  քաղաքների  ամայացած  փողոցների  ասֆալտների  ճեղքերից  հառնում  են  գարնան  ավետաբեր  ծաղիկները:  Նորից  գարունը  մաքառում է,  մաքառում  է   Մայր  բնությունը: Մաքառում  է  և մարդը՝  մարդանալու  ճանապարհը  բռնելով: 

Ես  հավատում  եմ  նրանց   հաղթանակին:

 

 Լանջաղբյուրի միջնակարգ դպրոց

Անժելա  Հակոբյան

 

Ամբողջ աշխարհը մտահոգված է Կորոնավիրուսի պատճառով, տանը մնալու պատճառով ես շատ եմ կարոտում մեր դպրոցը, իմ ուսուցիչներին, դասընկերներիս: Երազում եմ այն օրվա մասին, երբ Կորոնավիրուսը կոչնչանա, և մենք նորից կանցնենք մեր նախկին առօրյային: Ճիշտ է, հեռավար ուսուցման շնորհիվ մենք սովորում ենք մեր դասերը, սակայն ամեն անգամ, երբ լսում եմ ուսուցչուհուս հուսադրող, ականջիս հաճելի դարձած ձայնը, բայց միաժամանակ չեմ կարողանում թաքցնել հուզմունքս, որ չեմ կարողանում տեսնել նրա գեղեցիկ քայլվածքը, ինձ շոյող նրա քնքուշ ձեռքերը… Այժմ էլ՝ այս տողերը գրելիս, կոկորդս կրկին սեղմվում է հուզմունքից, և արցունքներս չեմ կարողանում թաքցնել: Հեռավար ուսուցման միջոցով մենք կարողացանք արժևորել միմյանց հետ անմիջական, ֆիզիկական շփման կարևորությունը՝ մտերմիկ զրույցները, խաղերը, չարաճճիությունները, դասերի զանգերը, դասամիջոցների խաղերը, դասերից հետո զրուցելով և կատակելով տուն գնալը:
Հեռավար ուսուցման դրական կողմը իմ կարծիքով այն է, որ մենք կարողացանք ավելի լավ օգտվել համացանցի հնարավորություններից:
Իսկ ինչ վերաբերում է հայրիկիս տանը մնալուն, կասեմ, որ ուղղակի երջանիկ եմ: Ճիշտ է, հայրիկս փորձում է թաքցնել իր մտահոգությունները, բայց ես նկատում և փորձում եմ թոթափել նրա մտորումները: Ես հասկանում եմ, որ նրա մտահոգության պատճառը ֆինանսական խնդիրներն են, որոնց հիմնական աղբյուրը արտերկրից է գալիս: Այնուամենայնիվ, ես պատրաստ եմ բավարարվել քչով, միայն թե հայրիկս կողքիս լինի, իսկ այս չարաբաստիկ վիրուսը վերջապես վերանա ողջ աշխարհից:

Լուիզիա Մուրադյան
4-րդ դասարան՝  Լանջաղբյուրի Վ. Ադամյանի անվան

միջնակարգ դպրոց