ընտրացանկը

Հունիս 2020 թերթ № 6 /16

NUMBER IN PDF

femida
femida
femida

        Պետությունն ապահովում է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը Սահմանադրության և օրենքների հիման վրա՝ միջազգային իրավունքների սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Ժողովրդավարական կարգ ունեցող երկրներում քաղաքացիներին տրված են լայն իրավունքներ և ազատություններ: Մարդու /քաղաքացու/ համար առավել կարևոր են նրա սահմանադրական իրավունքները և ազատությունները: Դրանք Սահմանադրության մեջ ամրագրվելով՝ ստանում են բարձրագույն իրավաբանական ուժ: Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները բաժանվում են անձնական, քաղաքական, քաղաքացիական և սոցիալ-տնտեսական իրավունքների։ Սահմանվում է նաև մարդու և քաղաքացու կոնկրետ պարտականությունների հավասարության սկզբունքը, որն է.
1. Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծելու հարկեր, տուրքեր, կատարելու պարտադիր այլ վճարումներ:
2. Սահմանադրությունը և օրենքները պահպանելու անհրաժեշտությունից ելնելով՝ արգելվում է իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասսայական, կրոնական ատելություն, բռնություն և պատերազմ քարոզելու նպատակով:
3. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը: Եթե մարդն իր իրավունքները և ազատություններն իրացնում է եսասիրաբար, ապա դա միաժամանակ և՜ իրավունքի, և՜ բարոյականության նորմերի խախտում է: Սահմանադրության այս նորմի նպատակն է՝ մարդկային պատվախնդրությունը դնել բանական սահմանների մեջ՝ հաստատելու իրավական կարգ ու բացառելու բռունցքի և ուժի իրավունքը: 4. Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը: Ոսկե կանոն. Քանի որ մարդն իր բնությամբ ընկերային էակ է՝ իր նմանի հետ ապրող, հարաբերվող, ուրեմն բնականորեն անհրաժեշտ է այդ փոխհարաբերությունները կարգավորել օրենքի կամ պատվիրանների համակարգով։ Իրոք, մարդ-անհատն ապրում է հասարակության մեջ և միշտ իր առօրյա կյանքում շփվում մերձավորների, հարազատների, շրջապատի մարդկանց հետ։ Այս առումով էլ կարևոր է շրջապատի հետ ունեցած հարաբերությունների կարգավորումը։ Իսկ ինչպե՞ս կարգավորել հարաբերությունները շրջապատի մարդկանց` հարևանների, մերձավորների, ընկերների հետ։ Ինչը՞ պետք է լինի այն լծակը, որն ազատելու է ամենազանազան փորձություններից և սովորեցնելու է՝ ճիշտ վճիռներ կայացնել։ Շրջապատի հետ մարդու փոխհարաբերություններն առաջին հերթին պետք է լինեն արդարացի, այսինքն՝ օրենքի, օրինականության սահմաններում: Պարտականությունը անհատի պատասխանատվությունն է ու պարտավորվածությունը՝ վարվելու կամ չվարվելու, գործելու կամ չգործելու ձևերով:
Օրինակ՝ 1. վարորդը պատասխանատու է՝ չխախտելու ճանապարհային երթևեկության կանոնները:
2. 18 տարին լրացած ՀՀ արական սեռի քաղաքացիները պարտավոր են մասնակցելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը: Պատասխանատվությունը ի հայտ է գալիս երեխայի մեծանալուն զուգընթաց, երբ նա աստիճանաբար սկսում է կշռադատել իր արարքները, ինչպես նաև՝ կանխատեսել դրանց հետևանքները: Պատասխանատվությունը ունի մի շարք կարևոր աղբյուրներ՝
Խոստում– մենք վաղ հասակից հասկանում ենք, որ խոստումները պետք է կատարվեն այն պահին և այն տեղում, ինչպես խոստացել ենք: Խոստումները տրվում են բանավոր, սակայն մի շարք խոստումներ ձևակերպվում են գրավոր: Օրինակ՝ երգչուհին գրավոր պարտավորվում է երգել որևէ համերգասրահում:
Հանձնարարություն– ուսման կամ աշխատանքի վայրում դուք կարող եք ստանալ հանձնարարություն, որը համարվում է ձեր պատասխանատվությունը ժամանակին կատարելու համար:
Նշանակում- նշանակվելով որևէ պաշտոնի՝ քաղաքացին պարտավոր է կրելու այն պատասխանատվությունը, որ պահանջվում է այդ պաշտոնը ստանձնելիս: Օրինակ՝ նավի հրամանատարը պատասխանատու է նավի ողջ անձնակազմի և ուղևորների անվտանգության համար:
Օրենք- հասարակության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է կատարելու համընդհանուր օրենքով նախատեսված պարտավորություններ: Օրինակ՝ բոլորս պարտավոր ենք հարգել ճանապարհային երթևեկության կանոնները, վճարել սահմանված հարկերը:
Սովորույթ- պատասխանատվության հիմքում ընկած է սովորույթը, այսինքն՝ մի շարք պարտավորություններ և պարտականություններ մարդը ստանձնում է ավանդույթի ուժով: Օրինակ՝ թամադան պարտավորվում է վարել խնջույքը: Քաղաքացիություն- ՀՀ քաղաքացիները պետք է հարգեն ՀՀ Սահմանադրությունը և օրենքները: Բարոյական սկզբունքներ- մարդու պատասխանատվության կարևորագույն հիմքերից մեկը բարոյական սկզբունքներն են, որոնք կարող են հիմնված լինել անձնական և ազգային արժեքների վրա: Օրինակ՝ բարոյական սկզբունքներ ունեցող մարդը հարգում է մյուսի արժանապատվությունը, չի խփում ընկածին, չի ծաղրում բարդույթներ կամ բնական արատներ ունեցող մարդկանց, հանդուրժում է և միշտ կարեկցում դիմացինին:
Արդարություն- երբ հասարակության յուրաքանչյուր անդամ իրականացնում է իր բաժին պատասխանատվությունը, մյուսները կարիք չեն ունենում՝ գործելու պատասխանատվությունը չկատարողների փոխարեն:
Արդյունավետություն, համագործակցություն– պատասխանատվություն իրականացնելը հնարավորություն է տալիս մարդկանց՝ համագործակցել որևէ աշխատանք միասին կատարելիս: Աշխատանքը կարող է արվել ավելի արդյունավետ, հեշտ և արագ, երբ յուրաքանչյուր անձ իրականացնում է իր պատասխանատվությունը: Օրինակ՝ եթե ՀՀ-ում տիրող համաճարակային իրավիճակում համագործակցությունը իրականացվի ըստ քաղաքացիների պատասխանատվության, ապա արդյունավետությունը տեսանելի և իրական կլինի:
Ինքնավստահություն– իր պատասխանատվությունն ամբողջովին իրականացնող մարդը ձեռք է բերում ինքնավստահություն իր ուժերի հանդեպ: Գիտելիքի, հմտության և փորձի ձեռքբերում պատասխանատվություն իրականացնելը հնարավորություն է տալիս մարդուն ձեռք բերել նոր գիտելիք, հմտություն և արժեքավոր փորձ: Պատասխանատվությունը ծնվում է իրավունքից և իրավական նորմերից, իսկ նորմերը և օրենքները բխում են Սահմանադրությունից: Մարդու և քաղաքացու իրավական վիճակի կարևոր սկզբունք է իրավունքների և ազատությունների անօտարելիությունը: Պետությունն ամրագրում է երաշխիքները և սահմանում դրանց ապահովման որոշակի կարգ: Կյանքի իրավունքի երաշխավորը ցանկացած դեպքում պետությունն է: Պետությունը պարտավոր է բոլոր միջոցներով ապահովել և պաշտպանել մարդու կյանքի իրավունքը, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը: Օրինակ՝ մարդուն ազատությունից կարող են զրկել օրենքով սահմանված կարգով, բայց կարող են զրկել այլոց իրավունքները պաշտպանելով. օրինակ՝ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով կարող են զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից: Պարտավոր են ապահովել բժշկական օգնություն՝ օրենքով սահմանված կարգով: Ապահովել սոցիալապես անապահով ընտանիքների կարիքները թե՚ արտակարգ, թե՚ խաղաղ իրավիճակներում: Աշխատանքը մարդու կյանքի գոյատևման միակ աղբյուրն է, և աշխատանքով են ստեղծվում հանրային բոլոր բարիքները, գիտության, արվեստի, մշակույթի արժեքները: Աշխատանքի ժամանակ յուրաքանչյուր աշխատողի համար պետք է երաշխավորվեն պատշաճ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ, որոնց կատարման նկատմամբ պետությունը պարտավոր է իրականացնել հսկողություն և վերահսկողություն: Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունը անվճար է: Կրթությունը յուրաքանչյուր մարդու զարգացման, նրա դաստիարակության և բարեկեցության կարևոր պայմանն է: Քաղաքակիրթ երկրները հսկայական միջոցներն են ծախսում կրթության և դաստիարակության ուղղությամբ՝ գիտակցելով, որ այդ միջոցները ապագայում կվերադարձվեն հասարակությանը՝ գիտական հայտնագործությունների, մշակութային արժեքների, որակյալ աշխատուժի և այլ տեսքով: Կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքը ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է: Կայուն և հաստատված պետություն ունենալու համար պետք է պաշտպանվի մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, որոնք բաժանվում են անձնական, քաղաքական, քաղաքացիական և սոցիալ-տնտեսական իրավունքների։ Եթե յուրաքանչյուր ոք բարեխղճորեն վերաբերվի իր պարտականություներին, մենք կունենանք հզոր պետականություն: Մեջբերում Անտուան Սենտ-Էքզյուպերիի մտքերից. «Լինել մարդ, նշանակում է զգալ սեփական պատասխանատվությունը: Գիտակցել, որ դնելով քո աղյուսը, դու նույնպես օգնում ես կառուցել աշխարհը»:


Ռոզա Հակոբյան

 

 

 

img_20200622_233927_964
img_20200622_233927_964
img_20200622_23...

      Մեր թերթի նախորդ համարներում խոսել ենք խանդի և վախի մասին։ Այս համարում կխոսենք հարգանքի մասին։ Հարգանքը այնպիսի հասկացողություն է, որը ակնհայտ չէ: Կարելի է հարգել անձնավորությանը, ով ունի ինչ-որ որակներ, ասենք՝ քաջությունը կամ համբերատարությունը: Կարելի է հարգել արժանիքները կամ առաջընթացը: Այդ զգացմունքը չի պահանջում գործողություն, այն ունի իր դրսևորման ձևերն ու գույները: Հարգանքը զգացմունքի հոգևոր պատասխանն է: Երեխան մինչև որոշակի տարիք քննադատաբար չի ընկալում տեղեկատվությունը: Երբ նրան ասում են՝ մեծերին պետք է հարգել, դա համարյա նույնն է, ինչ ասել, թե պապից պետք է վախենալ: Առաջանում է հակասություն պարտադրանքի և սեփական զգացողության մեջ: Օգնել և զիջել պետք է, դա վարքի կանոն է, իսկ զգացմունքը ինչ- որ «պառավի» հանդեպ հարգանք չէ, դա խղճալն է: Բոլորն էլ ցանկանում են հարգանք իրենց հանդեպ: Մարդիկ,ովքեր սպասում են հարգանքի, ունեն որակներ, որոնք հարգանք չեն պահանջում: Հորդորել հարգել, երբ չկան հավաստի փաստարկներ, այդ հորդորը մանիպուլիա
ցիա է և բերում է հակառակ գործողության, քանի որ երբ մարդը հասկանում է մանիպուլացիան, գործողությունը առաջացնում է հակադրություն: Հարգանք մարդու հանդեպ Հասարակության մեջ ձևավորվում է այնպիսի խումբ, որը կարծում է, թե կարող է ամեն ինչ համաձայնեցնել իր ցանկություններին. մեկը ուզում է իր գործը կատարելիս հերթի չսպասել. մտայնությունը / մենթալիտետը/ շատ դժվար է փոխվում: Իրար նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքը ավելի արտահայտիչ է դրսևորվում ճանապարհին: Իրար շրջանցելու հարցում միմյանց խանգարում են, կռիվ են անում: Այդպես երթևեկում են այն մարդիկ, ովքեր պետք է ապացուցեն իրենց և ուրիշներին, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է: Նրանք տառապում են սեփական կոմպլեքսներով: Նրանք դեռ չեն հասունացել մինչև հարգանքը: Չի կարելի հարգել ինքդ քեզ ու չհարգել ուրիշին: Այն մարդը , ով ուզում է նսեմացնել ուրիշին, այդ մարդու ներսում կա մեծ անախորժություն, նա չի հարգում իրեն, նրա համար արժեք չի ներկայացնում ուրիշի արժանապատվությունը: Ինչքան ավելի է զարգացած անհատը, այնքան շատ է հարգանքը իր մոտ, ինչքան շատ են այդ մարդու մոտ արժեքավոր կողմերը , այնքան շատ են այդպիսի մարդուն հարգում: Ընտանիք Ընտանիքում մարդիկ հաճախ ունենում են տարբեր արժեքներ։ Ուստի հարկավոր է դիմացինի արժեքները կիսել ինչ -որ չափով կամ էլ ընդունել այդ տարբերությունը, եթե ուզում ես այդ մարդու հետ գոյատևել: Այստեղ առաջ է գալիս հարգանքը, որը նշում է սահմանը քո և զուգընկերոջդ մեջ: Կախումով հարաբերության մեջ հարգանք չկա, այնտեղ սահման էլ չկա: Այդտեղ կարող է լինել խղճալը ու սովորությունը: Հարգանքը պահանջում է, որ մարդը պետք է լինի հասունացած և ինքնահաստատված: Ընտանիքում հարգանք կարող է լինել այն դեպքում, երբ ամուսինները վերաբերվում են միմյանց որպես երկու հասունացած մարդու: Եթե հարաբերության մեջ չկա հարգանք, ուրեմն հոգեբանորեն հասունացած են ոչ բոլորը, եթե նույնիսկ ունեն թոռներ: Երեխա- ծնող Շատ ծնողներ ի սրտե համոզված են, որ երեխաները պետք է հարգեն իրենց: Արևելյան կուլտուրայի համակարգում դա դաս
տիարակության հիմքն է: Արևելքում սահմանափակումները ավելի շատ են, քան եվրոպական հասարակարգում: Հիմնականում դա վերաբերում է վարվելակերպին: Բայց հարգանքը հարաբերություն է, որը թելադրանքով ընդօրինակում ես անձնական օրինակով: Եթե ծնողը հարգում է մեծացող երեխայի սահմանները, ընդունում է նրա մասնակցությունը որոշումների մեջ, այդ դեպքում երեխան սովորում է հարգել: Երեխայի մոտ ձևավորվում է աշխարհը ճանաչելու հայացքը ընտանիքից և այն շրջապատը, որը ունի: Երեխան ուշ թե շուտ կսկսի գնահատել ծնողներին, նրանց անշահախնդրությունը իր հանդեպ: Ծնողները չեն կարող այդ իրավիճակը հսկել, նրանք պետք է արժանանան իրավունքին, լինեն հեղինակություն իրենց երեխայի մոտ: Հակառակ դեպքում հարգանք չի լինի: Ուրիշի հանդեպ հարգանքը հասունանում է երեխայի մոտ տարիքի հետ: Չափահաս դառնալով՝ երեխան նոր գիտակցություն է ունենում։ Հարգի՜ր քեզ Հարգանքը ինքդ քո նկատմամբ ոչ մի բանով չի տարբերվում ուրիշի հանդեպ փախադարձ հարգանքից: Այն առաջացնում է ներքին երկխոսություն, որի դեպքում ինքդ հասկանում ես քո ցանկությունները, արժանիքները անձնական սահմաններում, վարվում ես քո հետ այնպես, որ չդավաճանես սկզբունքներիդ: Քեզանից, ինչպես հայտնի է, չես փախչի: Հարգանք հասարակական կառույցներում Դա հեշտ է, պետք է ուղղակի հետևել օրենքին, «հետևել» և «հարգել» բառերի միջև իհարկե կա տարբերություն: Այս դեպքում հարգել՝ նշանակում է հետևել գիտակցաբար, եթե դա չի հակասում քո հոգոր արժեքներին, բայց մեզ մոտ հիմնականում օրենքին հետևելը թելադրված է վախով: Հարգանք աշխարհի հանդեպ Այն, ինչ երեկ արժանացել է հարգանքի, այսօր անտարբեր է: Սխալները պետք է ընդունել և ներել, նաև մեր սխալները: Հարգանքի արժանանում է առաջխաղացման գործունեությունը, ոչ թե դատարկ խոսքերը: Հարգանքը պետք է մարդկանց, որ ինքնահաստատվեն, ունենան սկզբունքներ և ամուր հիմք: Եթե մենք չսկսենք ապրել միմյանց հարգելով, ապա մենք կոչնչացնենք մեզ և աշխարհը:

                                                                                                                Հոգեբան- խորհրդատու՝ Մանուշակ Թովմասյան

 

 

image-1 75
image-1 75
image-1 75

     Ես սիրում եմ զբաղվել գյուղատնտեսությամբ: Այն իմ կյանքի անբաժանելի մասնիկն է: Գյուղատնտեսության շնորհիվ մեր բակը դառնում է գեղեցիկ: Ես և պապիկս զբաղվում ենք գյուղատնտեսական աշխատանքներով: Գարնանը մենք գրեթե ամեն շաբաթ ծառատունկ ենք անում, տնկում խնձորի, տանձի և բալի ծառեր: Դրանց բներին սկզբնական շրջանում կիր ենք քսում: Բայց որոշ ծառատեսակներ մենք չունենք. ես կուզենայի, որ մեր բակում աճեին թթենի, նռնենի և ծիրանենի: Բոլորս գիտենք, որ ամառը գեղեցկանում է բազմագույն ծաղիկներով: Ես և պապիկս աճեցնում ենք շատ ծաղիկներ, որպեսզի մեր բակը լինի էլ ավելի գեղեցիկ ու թթվածնով հարուստ և մեղուների համար պիտանի լինի, որ հավաքեն նեկտարը և իրենց հավաքած նեկտարով մեզ համար պատրաստեն համով մեղր: Իսկ արդեն գարնան վերջին շրջանում տատիկս սկսում է ցանել բանջարանոցային կուլտուրաներ. օրինակ՝ կաղամբ, ոլոռ, կանաչիների տեսակներ և այլն: Այդ ժամանակաշրջանում ես և մայրիկս մեր բակի հողամասում ցանում ենք կարտոֆիլը, որն էլ աշնանը ամբարում ենք և ապահովում մեր ձմռան ապրուստը: Գեղարքունիքի մարզի տարածքում չեն աճեցնում ձմերուկ, սեխ, սմբուկ և նմանատիպ մրգեր կամ բանջարեղեն: Կուզենայի, որ մենք աճեցնեինք ձմերուկ,
սեխ սմբուկ և այլն:

      Պապս միշտ պատմում է, որ եթե խնձորենու ճյուղը պատվաստենք տանձենու վրա, ապա կստանանք խնձորի և տանձի պատվաստ: Կամ եթե կարտոֆիլները իրարից հեռու ցանենք, ապա նրանք բազմանալու համար ավելի շատ տեղ կունենան: Նաև պատմում է, որ եթե բարենպաստ լինի եղանակը, կարկուտն ու քամին չփչացնեն բերքը, ապա այն ավելի առատ կլինի: Ես կուզենայի, որ մեր մոտ լինեին կարկտակայաններ: Գյուղատնտեսության մաս է կազմում նաև անասնապահությունը: Տատիկս ու պապիկս պահում են կովեր ու հորթեր, խոզեր ու խոճկորներ, հավեր ու հնդկահավեր, աղավնիներ, նապաստակներ և շուն: Ես շատ եմ սիրում կերակրել մեր կենդանիներին: Մեր կենդանիներից ամեն մեկն իր եկամուտն ունի: Օրինակ՝ երբ խոզը խոճկորներ է ունենում, մենք նրանց մեծացնում և վաճառում ենք, կամ եթե հավերը ձու են ածում, ապա մենք այդ ձվերը վաճառում ենք: Մեր կովերի շնորհիվ մեր տունը հարուստ է կաթնամթերքով: Տատիկս կաթից պատրաստում է պանիր, մածուն, թթվասեր, կաթնաշոռ կամ էլ ճաշատեսակներ: Իսկ մենք այդ ամենը ուտում ենք: Դե ինչ, այսքանով եզրափակում եմ իմ կարծիքը գյուղատնտեսության մասին: Եկեք աշխատենք միասին, չէ՞ որ աշխատանքն է գեղեցկացնում մարդուն:

 


Սարիբեկյան Սոֆյա

Գավառ քաղաքի Մ. Բունիաթյանի անվան

N 8 միջնակարգ դպրոց

 

 

aram manukyan
aram manukyan
aram manukyan

     Մեր պատմության ընթացքում ունեցել ենք շատ ու շատ մարտեր ու կռիվներ: Այսօր կխոսենք Վանի ինքնապաշտպանության մասին: Առավել կատաղի և անզիջում դիմադրություն է ցույց տրվում թուրք և քուրդ հրոսակներին Վան քաղաքում։ Հայ բնակչությունը հիմնականում կենտրոնացած էր Այգեստան /20 հազար հոգի/ և Քաղաքամեջ /2000 հոգի/ կոչվող թաղամասերում։ Ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար Այգեստանում ստեղծվում է Զինվորական մարմին, որտեղ ընդգրկվում են տարբեր կուսակցությունների անդամներ և ոչ կուսակցականներ՝ Արմենակ Եկարյանը (ղեկավար), Արամ Մանուկյանը, Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը, Փանոս Թերլեմեզյանը և ուրիշներ։ Քաղաքամեջի Զինվորական մարմնի ղեկավար է ընտրվում Հայկակ Կոսոյանը։ Երկու թաղամասերն էլ բաժանվում են պաշտպանական շրջանների։ Փորվում են խրամատներ, կառուցվում են պաշտպանական ամրություններ։ Կանայք և աղջիկները զբաղված էին մարտիկների, հայ և ասորի գաղթականների համար հագուստ և պարեն հայթայթելով։ Երեխաները հանդես էին գալիս որպես կապավորներ Զինվորական մարմնի և դիրքերի միջև։ Նրանցից ոմանք մասնակցում էին մարտերին։ Կազմակերպվել էր զինագործական արհեստանոց, որտեղ վերանորոգում էին զենքերը և լիցքավորում փամփուշտները։ Այգեստանում ներքին կարգ ու կանոնը վերահսկելու համար կազմակերպվել էր ոստիկանական հսկողություն։ Վանի ողջ բնակչությունը մեկ մարդու նման դուրս էր եկել՝ կենաց և մահու
կռիվ մղելու թշնամու դեմ։ Վանի նահանգապետ Ջևդեթ բեյը քաղաքի հայության դեմ կենտրոնացրել էր հրետանիով և գնդացիրներով զինված 12 -հազարանոց զորք։ Այգեստանի և Քաղաքամեջի հայությունն այս ահռելի ուժին կարող էր հակադրել միայն վատ սպառազինված և 10 անգամ ավելի քիչ մարտիկներ։
1915 թվականի ապրիլի 7-ին թուրքերի հարձակումով սկսվում են Վանի ինքնապաշտպանական մարտերը։ Երկուստեք կատաղի հրաձգություն է սկսվում։ Վանեցիները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի գրոհները։ Հայերը կարողանում են ոչնչացնել թշնամու մի շարք դիրքեր և ամրություններ։ Թուրքական կանոնավոր զորքն ու քուրդ ելուզակները խուժճապահար թողեցին Վանը: Այդ հերոսամարտի շնորհիվ բնաջնջումից փրկվեց Վասպուրականի նահանգի հայությունը, որի թիվն անցնում էր 150 հազարը: Կազմավորվեց Վանի նահանգապետություն, որի ղեկավարությունը ստանձնեց Վանի ինքնապաշտպանական մարտերի կազմակերպիչ ու ղեկավար, հայ ժողովրդի արժանապատիվ ու հերոս զավակ Արամ Մանուկյանը: Ցավոք, Վանի նահանգապետությունը գոյատեւեց ընդամենը երեք ամիս: Բայց ինչպես բոլոր ինքնապաշտպանությունները, երբ չկա կանոնավոր զինամթերքի ապահովում, և կա ազգաբնակչության սակավություն, այն պարտվեց։ Վանի ինքնապաշտպանությունը մեր պատմության մեջ թողեց անջնջելի գաղափար բոլոր փոքրամասնությունների համար: Չեն լինում ազնիվ իմպերիաներ, նրանք իրարից տարբերվում են միայն՝ տարբեր ձևերով ոչնչացնելով փոքր ազգերին, և դա պետք է հասկանա յուրաքանչյուր հայ մարդ և սիրի իր լեռնաշխարհը ավելի շատ, քան Փարիզը, Լոս Անջելեսը, Մոսկվան կամ Ստամբուլը:

1+1 թերի խմբագրություն

 

img-c4e6defaccc5c740574dd2d7f0de9d5b-v
img-c4e6defaccc5c740574dd2d7f0de9d5b-v
img-c4e6defaccc...

        Երբ արդեն սովորում ես ավագ դպրոցում, ժամանակն է ճիշտ կողմնորոշվես մասնագիտության ընտրության հարցում: Կան ծնողներ, ովքեր երեխաների փոխարեն են փորձում անել դա: Սովորաբար ծնողները պետք է երեխաներին ճիշտ խորհուրդ տան, փորձեն նրանց անհրաժեշտ ուղու վրա կանգնեցնել: Բայց պետք է երեխան ընտրի իր մասնագիտությունը: Եթե դու չսիրես քո մասնագիտությունը, երբեք քո աշխատանքից չես կարող բավարարվածություն ստանալ: Ես փոքր տարիքում երազում էի դառնալ երգչուհի, պարուհի, դերասանուհի: Բայց դրանք
պարզապես մանկական երազանքներ էին, որոնք ժամանակի ընթացքում անցան: Մայրս ինձ միշտ խորհուրդ է տալիս և փորձում է օգնել, որ ես կարողանամ կողմնորոշվել և ճիշտ ընտրություն կատարել: Ես դպրոցում ավելի շատ սիրում եմ հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն առարկաները: Մայրիկիս խորհրդով ես որոշեցի ընտրել պատմաբանի մասնագիտությունը: Բայց ժամանակի ընթացքում մտափոխվեցի և հասկացա, որ այն տարիքում եմ, որ դեռ պիտի շարունակեմ փնտրտուքները: Սկսեցի ուսումնասիրել մասնագիտությունները եւ որոշեցի, որ այս արևի տակ չկա ավելի բարձր ու վեհ մասնագիտություն, քան մանկավարժի աշխատանքն է: Ես ընտրեցի լոգոպեդի ուղղությունը, որը մանկավարժության բնագավառ է, ուսումնասիրում է խոսքային խանգարումների բնույթը, դրանց դրսևորումները, հաղթահարման գիտական հիմքերը և այլն: Հուսով եմ, որ իմ ընտրած մասնագիտության մեջ մեծ առաջադիմություն կունենամ և այդ բնագավառում կփորձեմ լավ ներկայանալ: Ամենակարևորը քո ընտրած բնագավառում լավ մասնագետ լինելն է:

 

Արփինե Մխիթարյան

 

 

img-adc44a7db2f263eb9a895d66c0302423-v
img-adc44a7db2f263eb9a895d66c0302423-v
img-adc44a7db2f...

      Բոլոր ծնողների պես իմ ծնողներն էլ բազում երազանքներ ունեն՝ կապված իմ ապագայի հետ: Դպրոց հաճախելուց հետո ակնառու դարձավ, որ իմ մեջ առավել զարգացած են մաթեմատիկական ու տրամաբանական կարողությունները, այդ իսկ պատճառով ծնողներիս ցանկությունն է, որ ես այնպիսի մասնագիտություն ընտրեմ, որտեղ պահանջվում են նմանատիպ որակներ: Սակայն ես ունեմ ապագայիս հետ կապված իմ տեսլականը: Ֆուտբոլը իմ կյանքի տարերքն է, և ես երազում եմ, լավ մարդ դառնալուց զատ, հայտնի ֆուտբոլիստ դառնալ: Դեպի երազանք տանող դռները բացվեցին այն օրը, երբ հայրս, ընդառաջ գնալով իմ երազանքին, որոշեց ինձ տանել Գավառի մարզադպրոց՝ նպատակ ունենալով ինձ տեսնել լավագույն ֆուտբոլային թիմում խաղալիս: Ես մեծ խանդավառությամբ հաճախում էի մարզումներին՝ բաց չթողնելով և ոչ մի պարապմունք: Իմ աշխատասիրությամբ և նվիրումով ես կարողացա ցուցաբերել լավագույն արդյունք և 2019 թվականին ճանաչվեցի Գավառ քաղաքի մարզադպրոցի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, և մարզադպրոցի տնօրինության կողմից ինձ ընծայվեցին խորհրդանշական  արձանիկ ու «Շնորհակալագիր»: Այդ ամենն անչափ պարտավորեցնող և ոգեշնչող է և ինձ մղում է նորանոր բարձունքներ գրավելուն: Այսպիսով, կարծում եմ, որ կատարել եմ դեպի երազանք տանող մեկնարկային և ամենակարևոր քայլը: Լիահույս եմ, որ շուտով աշխարհիս երեսից կանհետանա չարագույժ հիվանդությունը, և բոլորս կրկին կկարողանանք ապրել ինչպես նախկինում. երազել, խաղալ, մարզվել, հաղթել:

Վահրամ Գրիգորյան

 


Մխիթարյաններ- Մխոն եկել է Մշո երկրից և բնակություն հաստատել Ռուսական կայսրության Հայկական մարզի Նոր բայազետ գավառի Բաշքյանդ գյուղում: Մխոն ունեցել է երկու որդի՝ Սիմոնը և Սարգիսը: Սիմոնը ունեցել է երեք որդի՝ Հունանը, Մարգարը և Մուշեղը: Հունանը որդի չի ունեցել: Մարգարը ունեցել է մեկ որդի՝ Հակոբը, Հակոբը ունեցել է մեկ որդի ՝ Մարգարը: Մարգարը՝ մեկ որդի՝ Հակոբը: Մուշեղը որդի չի ունեցել: Սարգիսը ունեցել է երկու որդի՝ Հարութը և Աշոտը: Հարութը որդի չի ունեցել: Աշոտը ունեցել է մեկ որդի՝ Սերյոժը: Սերյոժը ունեցել է երեք որդի՝ Մուշեղը, Սարգիսը, Աշոտը: Մուշեղը ունեցել է մեկ որդի՝ Աշոտը, Սարգիսը ունեցել է մեկ որդի՝ Սերգեյը: Սերգեյը ունեցել է մեկ որդի՝ Սարգիսը: Աշոտը մահացել է վաղ հասակում:
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Մխիթարյաններ- Գեղարքունիք գյուղի բնակիչ Պետրոս Մխիթարյանը ունեցել է չորս որդի՝ Խաչատուրը, Հայրապետը, Նահապետը և Սարգիսը: Խաչատուրը ունեցել է երեք որդի՝ Գեդևոնը, Գվիդոնը և Շմավոնը: Գեդևոն Մխիթարյանը ունեցել է մեկ որդի՝ Նորիկը, Նորիկը՝ մեկ որդի՝ Արսենը: Գվիդոն Պետրոսյանը ունեցել է երեք որդի՝ Հակոբը, Սամվելը և Սլավիկը, որը ապրում է ՌԴ-ում: Շմավոն Մխիթարյանը ունի մեկ որդի՝ Էդիկը: Գյուղում Մխիթարյանների մյուս ճյուղը՝ հորեղբայրները, հայտնի են Վարդանյան ազգանունով՝ Հայրապետը, Նահապետը և Սարգիսը: Հայրապետի որդիներն են Ենոքը, Սանասարը և Վանիկը: Ենոքը ունեցել է մեկ որդի ՝ Գևորգը: Վանիկը մեկ որդի՝ Հայկը: Սանասարը ունեցել է երեք դուստր: Նահապետը ունեցել է երկու որդի՝ Դերենիկը և Հակոբը, Դերենիկը ունեցել է երկու դուստր, Հակոբը՝ երկու որդի, որոնք բնակվում են Նորատուսում, իսկ Սարգիսը մեկ որդի՝ Ավետիքը: Հորեղբայրներից մեկ ճյուղը կրում է Խաչատրյան ազգանունը՝ Անդրանիկ Խաչատրյանը, որը ունեցել է երկու որդի՝ Հարազատը, Վարազդատը / Միրզոն/: Հարազատը ունի չորս որդի՝ Ազատը, Կարապետը, Գևորգը և Արայիկը։ Ազատն ունի մեկ որդի՝ Նարեկ, Կարապետն ունի մեկ որդի՝ Արտյոմ, Գևորգն ունի երկու որդի՝ Ռուստամ և Գոռ, Արայիկն ունի մեկ որդի՝ Արսեն։ Վարազդատն ունի երկու որդի՝ Անդրանիկ և Արայիկ, Անդրանիկն ունի երկու որդի՝ Վարազդատ և Հայկ, Արայիկն ունի երկու որդի՝ Գոռ, Նարեկ։


Ուղղում- Մեր թերթի նախորդ համարի «Ով ենք մենք» հոդվածում տեղ է գտել անճշտություն. «Նորիկը ժառանգ չունի» արտահայտության փոխարեն պետք է կարդալ` Նորիկը ունի դուստր: Հացում ենք ընթերցողների ներողամտությունը:

 

 

img-d9fe5db087eff6f1cb89920aa17a05f9-v
img-d9fe5db087eff6f1cb89920aa17a05f9-v
img-d9fe5db087e...

    Մեր մեծերի հետ զրույցը միշտ էլ անցնում է հետաքրքիր. հասկանում ես,որ նրանցից շատ բան ունես սովորելու, նրանց ամեն մի խոսքը, խրատը քեզ համար կարևոր են: Սոֆիկ տատիկը, իմանալով իմ այցելության մասին, գաթա էր թխել: Այն իսկապես շատ համեղ էր, նա ինձ տվեց նաև բաղադրատոմսը: Սոֆիկ տատիկը ավանդապաշտ, աշխատասեր, մաքրասեր և, իհարկե, լավ խոհարար է: Նա 82 տարեկան է, սակայն տարիքը չի խանգարում, որ խոհանոցում իր մշտական եփել-թափելով զբաղվի. հաճույքով է պատրաստում թոռների համար: Նա շատ լավատես է, չնայած նրան , որ դժվարին կյանք է ունեցել, բայց իր մեջ մեծ ուժ է գտել և հաղթահարել դժվարությունները ու շարունակել է դրական հայացքով նայել աշխարհին և շրջապատին: Նա սիրում է կարդալ և շատ ուրախացավ, որ մեր գյուղում դպրոցահասակ երեխաները մասնակցություն ունեն թերթի հրատարակման գործում: Նա ուրախ էր, որ իր շրջապատի երեխաները կրթության նկատմամբ ձգտում ունեն և խելացի մարդ դառնալով՝ կարող են փոխել աշխարհը: Կրթության արմատները խորն են, իսկ պտուղը քաղցր է: Սոֆիկ տատիկը հիշեց իր դպրոցական տարիները և համեմատեց ներկա հնարավորությունների հետ: Նա ափսոսում էր, որ հնարավորություն չի ունեցել՝ կրթությունը շարունակելու: Նա նշեց, որ ժամանակին հարգանքը ուսուցչի և գրքի նկատմամբ շատ մեծ էր, բայց հիմա դա չի զգում, քանի որ հարգանքը մեկը մյուսի նկատմաբ պակասել է, բացի նյութականից, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում մարդկանց, իսկ դա լավ չէ: Նորաթուխ ջահելները չեն ընդունում խորհուրդներ, երբ ուզում ես մի բան զգուշացնել կամ ուղղակի ասել, նրանք պատասխանում են, որ ամեն ինչ գիտեն. դե նրանք ,,ամենագետ են,,: Բայց ասում է, որ գյուղական միջավայրում դեռ պահպանված է հարգանքը մեծերի և շրջապատի նկատմամբ: Նա ուրախ էր, որ իր թոռները, բացի համակարգչից օգտվելուց, նաև դպրոցում կկարողանան մասնակցել թերթի նյութերի հայթայթմամբ և, իհարկե, կսկսեն գրքեր կարդալ: Նրա հետ շփումից ես հասկացա, որ մարդ ինչ տարիքում էլ լինի, ունի կյանքի մասին իր պատկերացումները, որոնք այն ավելի բովանդակալից ու սիրելի են դարձնում:

Արփինե Մխիթարյան

 

 

    Ծնողներիս հետ զրուցելիս հաճախ անդրադառնում ենք իմ ապագա մասնագիտությանը: Թե՚ մայրիկս և թե՚ հայրիկս համընդհանուր կարծիք ունեն իմ մասնագիտական կողմնորոշման հարցում: Մայրս կարծում է, որ լավագույն մասնագիտությունը բժշկությունն է: Մայրս նաև ասում է, որ բժշկուհի դառնալը իր մանկության երազանքն է եղել, բայց քանի որ իրեն հնարավորություն չի տրվել՝ բժշկությամբ զբաղվելու, ցանկանում է, որ դա լինի իմ ապագա մասնագիտությունը։ Բոլորի խորհուրդները լսելով՝ մի պահ կանգ առա հոգեբանության վրա, հետո հասկացա, որ դա իմը չէ։ Ես ուրախ եմ, որ ծնողներս հարգում են իմ ընտրությունն ու նախասիրությունները և գիտակցում են, որ իրենց երեխան չպետք է դառնա իրենց չիրականացված երազանքներն իրականացնողը: Հիմա մասնագիտություն ընտրելու հարցում ես լսում եմ հիմնականում իմ նեքին ձայնին, և այն ինձ հուշում է, որ ապագայի համար լավագույն մասնագիտությունը թարգմանչուհի դառնալն է: Որքան էլ հարգեմ ծնողներիս խորհուրդը, միևնույն է, իմ ապագան ես եմ կառուցում, իհարկե, նրանց օժանդակությամբ: Մասնագիտությունը կյանքի մնացած տարիները ձևավորող առօրյան է: Այնպես որ ընտրի՜ր այն, ինչը քեզ հոգեհարազատ է: Իսկ ինձ հոգեհարազատ է թարգմանչուհու մասնագիտությունը:

Լուսինե Առաքելյան

 

 

 

image-1 771
image-1 771
image-1 771

 

ԿՐԻ՚Ր ԴԻՄԱԿ, ՓՐԿԻ՚Ր ԿՅԱՆՔԵՐ

image-1 76
image-1 76
image-1 76

 

«1+1» դպրոցական  թերթի խմբագրությունը անցկացնում է մրցույթ կարճամետրաժ հետաքրքիր տեսաֆիլմերից /1 րոպե տևողությամբ/` «դու ինքդ ռեժիսոր ես» խորագրով: Տեսագրված ֆիլմերը կարող եք ուղարկել  zgօԱյս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին

 

Խմբագիր և համարի պատասխանատու՝ Ռոզա Հակոբյան Տպաքանակը՝ 500 Հեռախոս՝ 093919658: Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ Կայք էջ` 1եւ1.հայ
«ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ Հասցե՝ Գարեգին Նժդեհի փ. 1 Փոստային դասիչ՝ 1207 Թողարկման օրը՝ 27. 06. 2020 թ.