ընտրացանկը

Հուլիս 2020 թիվ 7/17

NUMBER IN PDF

vardavar
vardavar
vardavar

Վարդավառ կամ Վարդեվառ, որպես քրիստոնեական տաղավար տոն՝ Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն, հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոն, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, այ Առաքելական ԵկՀեղեցու հինգ տաղավար տոներից է։
Հայաստանի շատ բնակավայրերում, սակայն տեղական ավանդույթի համաձայն, Վարդավառը նշվում է այլ օրերի՝ հուլիսի կեսերից մինչև օգոստոսի սկիզբը: Որպես օրինակ՝ Տավուշում, Լոռիում այս տոնը նշվում է հուլիսի 20-ին հաջորդող կիրակի օրը։
Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին։
Վարդավառ տարբեր բնակավայրերում ուներ անվանման տարբեր տարբերակներ՝ պայմանավորված հայերենի բարբառային առանձնահատկություններով, ինչպես նաև տոնի գլխավոր ուխտավայրերի ու առավել տարածված բաղադրիչների գերակա անվանումներով։ Այդ անվան տարբերակներից են՝ Վարթավառ (Արճակ), Վարդևոր (Լոռի, Ջավախք, Հարք-Բուլանխ, Կաղզվան), Վարդիվոր (Դերսիմ), Վառթիվոր (Ձնաբերդ), Վըրթէվուր կամ Վըրթէվուր (Արցախ-Վարանդա), Վարթևոր (Նոր Նախիջևան), Վարթիվոր, Ճրճանքի օր (Շաղաթ), Ճրճան (Մարտիրոս-Վայոց Ձոր), Վրթիվեր (Այգեհովիտ-Տավուշ), Վըրդիվուր (Մեղրի), Վարդավար, Վարդըվուր կամ Վարդիվուր (Մոսալեռ), Վարթիվոր (Ղզլար), Պալլամ, Պարլում կամ Պարլամօն (Քեսապ) և այլն:
Ղևոնդ Ալիշանի կարծիքով, վարդավառ բառը ծագել է «վարդ» արմատից է և կապված է Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ: Ըստ Գրիգոր Ղափանցյանի, վարդավառը խեթերեն բառակազմություն է՝ կազմված «vadar» (ջուր) և «arr» (լվանալ՝ ցնցղել իմաստով) բառերից:
Որոշ հեղինակներ վարդավառ բառը համարում էին ,որ թարգմանաբար նշանակում «ջուր», իսկ մյուս հատվածը՝ «ավար» հայերեն է՝ «թափել», «ցայտել» («վայրել» բառարմատից) իմաստով: Ֆնգլյանի կարծիքով վարդավառ նշանակում է «ջրի ուղի» և կապված է Անահիտ աստվածուհու հետ։ Հունական միջավայրում տոնը ստուգաբանվել է վարդ-ծաղիկ համատեքստում։ Հունարենում «ռոդոն» վարդ է նշանակում, դրանից Ռոդիզմոսը՝ տոնակատարություն, որի ժամանակ գերեզմանները զարդարվում էին վարդերով, Անթիզմոսը՝ անթոս ծաղիկ) բառից՝ ծաղկում, Անթեփորիա (բառացի՝ ծաղկաբերություն, Pascha rosarum (լատիներեն՝ «Վարդերի Զատիկ), Վարտուվարիա (Վարդավառ՝ հոգնակի): Պավլոս Կարոլիդիսը 1849-1930) օրինակ, տոնն անվանել է «Վարդերի Զատիկ
Վարդավառը ծագմամբ հեթանոսական տոն է, որը, ըստ հայագիտության մեջ եղած տեսակետների, կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի, Ամանոր-Նավասարդի հետ։ Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։ Այսպես, տոնահանդեսի անհրաժեշտ դրսևորումներից էր հասկի փնջեր և նույնիսկ խրձեր տանել մեհյանները շնորհակալության տուրք մատուցելով այդ հասկի աճելուն օժանդակած աստվածներին, գառ զոհաբերել ջրերի ակունքների մոտ՝ ջրերի ոգիներին աղերսվող ուխտավայրերում, մեծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուրը հովանավորող ուժերը։Միհրան Թումաճանը գտնում էր, որ Սուրբ Կարապետի Վարդավառ տոնը հին զրադաշտական Վարդավառի շարունակությունն է։
Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է լեռ աղոթելու։ Տապից ու հոգնածությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքի։
Վրդավառը որոշները կապել են նաև Համաշխարհային ջրհեղեղի կամ Նոյյան տապանի նշանավոր իրադարձության հետ: Ըստ ավանդության, երբ Նոյ Նահապետը, ջրհեղեղից փրկվելով, հասնում է Մասիսի գագաթը և այնտեղից իջնում Նախիջևան՝ այդ օրվանից էլ սկսվում է հայոց Նավասարդ կոչվող ամիսը: Որպեսզի ջրհեղեղի հիշատակը անմոռաց մնար, Նոյը որդիներին պատվիրեց՝ իրար վրա ջուր լցնել: Ալիշանը կարծում էր, որ Վարդավառի ծագումը առնչվում էր Նոյան տապանի և Համաշխարհային ջրհեղեղի ավանդության հետ։
Վարդավառի տոնը հնում նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Վարդավառի ժողովրդական ծիսահամալիրի կենտրոնում գլխավորը ջուրն էր, Վարդաջիրն և խնձորին։ Ըստ տարբեր տվյալների անցյալում ծիսական համալիրում բավականին մեծ տեղ է հատկացվել վարդին, որը դերը հետագայում նվազել է: Վարդավառի խորհուրդը եղել է ջրի պաշտամունքը, երբ մեծարվել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող բնական տարերքները։ Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են նվիրատվություններ, գինու հեղում՝ ի պատիվ ջրի տարերքի։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։ Ընդհանրացված սովորույթ էր, որ մինչև Վարդավառ խնձոր չուտեին․ տարվա առաջին խնձորը ուտում էին Վարդավառին, ինչպես առաջին խաղողը ուտում էին Խաղողօրհնեքի տոնին։ Որոշ վայրերում առաջին խնձորը վայելելը ուղեկցվում էր հատուկ նախապատրաստություններով, ինչպես Շատախում, որտեղ երիտասարդները Վարդավառի շաբաթ երեկոյան դեզեր էին շինում և մութն ընկնելուն պես սկսում հերթով վառել այդ դեզերը մինչև լուսաբաց բոլորելով կրակի շուրջ, որոնց մեջ խորովվում էին ուտելի առաջին խնձորները։ Լուսաբացից առաջ վառում էին ամենամեծ դեզը, որի շուրջ սկսվում էին տղաների ու աղջիկների խմբապարերը ազդարարելով տոնի սկիզբը։
Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից էր, որի ծեսերը մասամբ նվիրված էին բերք ու բարին ապահովող աստվածություններին՝ տարերքներին։
Վարդավառը ուխտագնացությունների տոն էր, ուխտագնացությունների համար ընտրվում էին գլխավորապես լեռները, ջրերի ակունքները։

  Վարդավառը ուներ տոնահանդեսի արարողակարգի հաջորդականություն, որ որոշակի հստակեցում էր մտցնում հանդիսությունների շղթայում: Տոնին բնորոշ ծեսերը ընդհանրական էին, որ ըստ դրանց ամենուր տոնը բնորոշվում էր. այդպիսիք էին, օրինակ, միմյանց վրա ջուր ցողելու, աղավնիներ թռցնելու, միմյանց ծաղիկներ նվիրելու, եկեղեցի հասկեր տանելու և օրհնել տալու սովորությունները, ուխտագնացությունները, զոհաբերությունները, գիշերային հանդեսները և այլն:

Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) կողմից 2014 թվականից սկսված ամեն տարի կազմակերպվում է «Վարդավառ» միջազգային փառատոնը, որի նպատակը երիտասարդությանն ու հանրությանը Վարդավառի ծիսակատարությունների ներկայացումն է, ազգային-ավանդական մշակույթի հանրահռչակումը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: Տոնակատարությունն իր մեջ ներառում է Վարդավառ միջազգային փառատոնի համար պատրաստված գաթայի և գինու հյուրասիրությունը, ազգային երգ ու պար, Վարդավառ տոնի թեմատիկ տաղավարներ, որոնք ներկայացնում են Հայաստանի տարբեր մարզերի ավանդույթները ու ձեռագործ աշխատանքները, Վարդավառի շուրջպար և հին հայկական խաղեր:
Փառատոնին առաջկցում են Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը (WostAYN), «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը և այլ կազմակերպություններ:
Վերջին հարյուրամյակի ընթացքում Հայաստանի հյուսիսարևելյան շրջաններում կայունացել է Վարդավառը հուլիսի 22-ին հաջորդող կիրակի օրը նշելու ավանդույթը։ Այդ օրը, ըստ էության, լավագույնս համապատասխանում է տոնի բովանդակային սկզբունքին, գյուղացու դաշտային աշխատանքները հիմնականում ավարտված են լինում և լիովին իմաստավորվում է հասկերը եկեղեցում կամ գառը ուխտավայրերում զոհաբերելու սովորույթը[1]։ Վարդենիսի բոլոր գյուղերի բնակիչները ջանում են այդ օրը ուխտի գնալ Կարճաղբյուր գյուղի հնագույն ուխտատեղին՝ Դաշ Կափուն:

 


Կուլտուրայի տարածումը կատարվում է տեխնիկական միջոցներով և սոցիալական ինստիտուտներով․ մասսայական լրատվական միջոցներով, գիտության, արվեստի՝ որպես սոցիալական ինստիտուտ, կրթության, ընտանիքի, հասարակական կազմակերպությունների, պետության միջոցով։ Յյուրաքանչյուր հասարակության մեջ կարելի է առանձնացնել բարձր /էլիտար/ և ազգային կուլտուրա, բացի դրացնից, գոյություն ունի մասսայական կուլտուրա՝ պարզեցված և մտայնական, գեղարվեստական առումներով հասկանալի բոլորի համար։ Կուլտուրայի հիմնական ֆունկցիան հարթելն է ու փոխանցելը մի սերնդից մյուսին այն ինֆորմացիան, որը ունեցել է մարդը։ Նա փոխանցվում է բանավոր խոսքով, հուշարձաններով, գրականությամբ, գիտակցությամբ, փիլիսոփայությամբ, հավատքով և այլն։
Կուլտուրան այն յուրահատուկ էկոլոգիական միջավայրն է տվյալ հասարակության համար, այն մթնոլորտն է, որը մարդիկ ստեղծում են իրենց շուրջ, որպեսզի կարողանան լիարժեք ապրեն և զարգանան։ Երբ մենք առավոտյան արթնանում ենք, լսում ենք աքլորի կանչը կամ ծիտիկների ծլվլոցը, լվացվում ենք, հաց ենք ուտում /հիմա մանրամասնենք/․ երբ արթնանում ես, հավաքում ես անկողինդ․ դա կուլտուրա է, լվացվեցիր կամ լոգանք ընդունեցիր, շուրջբոլորդ թրջվեց, պետք է մաքրես, հաց ուտելուց հետո հացը ծածկի՛ր, սեղանը մաքրի՛ր, ուտելիքը սառնարանը դի՛ր, դա կուլտուրա է։ Քանի որ ամառ է և համաճարակ, շրջի՛ր դաշտերով, երբ ճանապարհին տեսնում ես թուղթ, սիգարետի տուփ կամ շիշ է գցած, դա կուլտուրա՞ է։ Եթե տեսնում ես անցորդների, պետք է բարևես, թեկուզև չես ճանաչում․ նրանք քո գյուղում են ապրում․դա կուտուրա է։ Դաշտում տեսնում ես գյուղացու, որը իբր արածեցնում է մի մոզի, որը հազիվ է ոտքի վրա կանգնում, և նրա կողոսկրերը կարելի է հաշվել․ դա կուլտուրա՞ է․ ցանկացած աշխատանք պետք է լինի որակյալ։ Հազար ու մի երազանքով մտնում ես մեր գյուղի վանքը մոմ վառելու, դռները բաց են, քամուց փոշու հատիկները պարում են ներսում, ավելը սեղանի վրա է, դատարկ շշերը գետնին գցած․ դա կուլտուրա՞ է։ Ման եկա հայրենի դաշտերով, հիացա արևով ու պայծառ բնության գեղեցկությամբ, հավաքեցի ծաղիկներ ու որոշեցի տուն գնալ, մտա տուն, ուրախ տրամադրությամբ տատիս նվիրեցի ծաղիկները և ասացի, որ իր համար է․ դա կուլտուրա է։ Մենք բոլորս ճաշեցինք, ես օգնեցի հավաքել սեղանը, լվացել ամանները և սեղանին մնացած հացի փշուրները հավաքելով տվեցի հավերին, դա կուլտուրա է։ Տնային գործերում ես միշտ օգնում եմ մայրիկիս և տատիկիս՝ հավաքում եմ, մաքրում, ջրում ծաղիկները, իսկ տղաները օգնում են իրենց հայրիկներին և պապիկներին գյուղատնտեսության մեջ․ օրինակ՝ մանրակրկիտ ուսումնասիրում են թունաքիմիկատների բաղադրությունը , օգտագործման ձևը և անվտանգության կանոնները, որպեսզի կարտոֆիլի սրսկման ժամանակ չվնասվեն բույսերը, իսկ իրենք չթունավորվեն․ դա կուլտուրա է։ Երեկոյան երբ նախիրը դաշտից տուն է վերադառնում, հայրս մաքրում է կովի վրա հավաքված միջատները, կարծես դրանով շնորհակալություն է հայտնում , որ նա մեզ կաթ է տալիս․ դա կուլտուրա է։
Երբ երեկոյան ընտանիքով հավաքվում ենք հեռուստացույց դիտելու , իսկ տատիկս հնդկական սերիալների սիրահար է, նրան չնեղացնելու համար ես այդ ժամին գիրք եմ կարդում․ դա կուլտուրա է։
Երբ պառկում ենք քնելու , շորերը չպետք է շպրտել ամբոջ սենյակով մեկ․ դա կուլտուրա՞ է։
Երբ օրը ավարտվում է, և մտովի ամփոփում ես այն, զգում ես , որ հոգիդ խաղաղ է, և դու քեզ պիտանի էակ ես զգում ՝ մայրիկին օգնելով, վանքի ներսը հավաքելով, ծեր տատին դաշտային ծաղկեփնջով ժպիտ պարգևելով, անծանոթ մարդկանց բարևելով, մի քանի էջ գրքից կարդալով, դա նշանակում է, որ դու այն մարդն ես, որ առաջ պիտի տանես հազարամյակներից եկած կուլտուրան, արդիականցնես ու մատուցես աշխարհին։

«1+1» թերթի խմբագրություն

 

harcakan
harcakan
harcakan

Կարևոր է միայն այն, ինչ դուք անում եք, ինչ էլ դա լինի, փոքր գործեր, թե խոշոր, նույնիսկ՝ անհաջողությունները։
Կարևո՞ր է , որ դուք իզուր վատնում եք ժամանակը, մեղավոր եք ճանաչում ուրիշներին, դրա համար մեկ֊մեկ ծուլանում եք։ Դա կարևոր է, եթե ուզում եք հասնել ձեր նպատակին, իսկ այդ ճանապարհին տեղ չունի արդարացումը։ Այդ ճանապարհը անցել են բոլոր ճանաչված մարդիկ, ովքեր փոխել են աշխարհը․
Զիգմունդ Ֆրեյդ֊ ծիծաղեցին և սուլեցին, երբ նա բեմում կարդում էր իր թեորիան /տեսությունը/ գիտնականների համար, բայց նա շարունակեց աշխատել և արժանացավ / Գյոթեյի/ պրիմերիային հոգեբանության ոլորտում։
Ուինստոն Չերչիլ ֊ 20-րդ դարի նշանավոր առաջնորդներից մեկը, ով դարձավ վարչապետ 65 տարեկանում, չնայած պարտվել էր ընտրություններում։ Թագավորը նշանակեց նրան այդ պաշտոնին, երբ նախորդ վարչապետը ստացավ իր անվստահության քվեն։
Ալբերտ Էյնշտեյն ֊ մինչև 4 տարեկան չէր խոսում, մինչև 7 տարեկան չէր կարողանում կարդալ։ Դպրոցից հեռացրել էին նրան վատ սովորելու համար, բայց հետագայում նրա «Հարաբերականության տեսությունը»  ֆիզիկայի բնագավառում կատարեց հեղաշրջում։
Հենրի Ֆորդ ֊ չկարողացավ ֆերմայում կազմակերպել աշխատանքը, և նրան չվստահեցին նույնիսկ մեխանիկի օգնականի պաշտոն․ չորս անգամ սնանկացավ։ Միևնույն է, նա կատարելագործեց մեքենայի մասսայական արտադրությունը։
Վինսենտ վան Գոգ ֊ ամբողջ կյանքի ընթացքում միայն կարողոցավ վաճառել մեկ նկար՝ 50 դոլարով։ Նա նկարել է 900 և ավելի գլուխգործոցներ, որոնցից 7֊ը արժեն 1 միլիարդ դոլար։
Ազատվեք արդարացումներից ֊ նշանակում է՝ վերցրեք ձեզ վրա պատասխանատվություն ձեր կյանքի բոլոր բնագավառներում և ստեղծեք ապագա, որով կարելի լինի հպարտանալ։
֊Ոչինչ, որ առաջ դա ոչ մեկը չի արել, դարձե՛ք առաջինը։
֊Ոչինչ, որ ձեզ մոտ մի քանի փորձ ձախողվել է, վերլուծե՛ք ձեր մոտեցումը։
֊Ոչինչ, որ դուք չունեք բարձրագույն կրթություն, եղե՛ք հետաքրքրասեր և զբաղվե՛ք ինքնակրթությամբ։
֊Ոչինչ, որ ձեզ չեն հավատում, ձեզ պետք չէ հավանություն, որ դուք հասնեք ձեր ուզածին։
֊Ոչինչ, որ կլինեն դժվարություններ, մեծ հաջողությունը գալիս է քրտնաջան աշխատանքով, ցավով և կորուստով։
֊Ոչինչ, որ դուք փորձում եք, բայց ձեզ մոտ դեռ չի ստացվում, եղե՛ք խիզախ և կայացրե՛ք ճիշտ որոշումներ։
֊Ոչինչ, որ մարդիկ ձեր հետևից չեն գալիս, նրանք կգան, երբ դուք արժեքավոր բաներ անեք։
֊Ոչինչ, որ դուք նորից կտուժեք՝ քաջության գինն է դա։
֊Ոչինչ, որ փորձագետները ձեզ հետ համամիտ չեն․ նրանք կարող են սխալվել։
Թափանցե՛ք ձեր հոգու խորքը և կռվե՛ք չարի դեմ, որոնք չեն թողնում ձեզ հասնել հաջողության։
Դուք չեք դառնա հաղթող, մինչև չսովորեք անտեսել վախը, հաջողությունը, որը ձեզ խանգարում է, դուք պետք է հավատաք, որ կարող եք դառնալ հրաշալի մասնագետ կյանքի՝ ձեր ընտած ոլորտում։

«1+1» թերթի խմբագրություն

 


/Մարկոսյաններ / Մարկոսը եկել է Արևմտյան Հայաստանից 1860թ․ և բնակություն հաստատել Սարուխան գյուղում։ Մարկոսը ունեցել է մեկ որդի՝ Ավետիսը։ Ավետիսը ունեցել է երեք որդի՝ Բալաբեկը, Աղաբեկը և Գեղամը։ Բալաբեկը 1927թ․ տեղափոխվում է և բնակություն հաստատում Բաշքյանդ՝ ներկայիս Գեղարքունիք գյուղում։ Բալաբեկը ունենում է վեց որդի՝ Խաչատուրը, Հայկազը, Մուշեղը, Ավետիքը, Վարազդատը , Հրաչը։
Խաչատուրը ունենում է երեք որդի՝ Վանիկ, Սաշիկ և Վարդան։ Վանիկը ունենում է երկու որդի՝ Ռազմիկ, Հրանտ։ Սաշիկը որդի չի ունենում։ Վարդանը ունենում է մեկ որդի՝ Խաչատուրը։
Հայկազ ունենում է երեք որդի՝ Գառնիկը, Գեղամը և Գարիկը։ Գառնիկը ունենում է երկու որդի՝ Կարենը և Հայկը։ Կարենը ունենում է մեկ որդի՝ Գառնիկը։ Հայկը ունենում է մեկ որդի՝ Ավետը։ Գեղամը որդի չի ունենում։ Գարիկը ունենում է մեկ որդի՝ Ավետիսը։
Մուշեղը ունենում է չորս որդի՝ Անդրանիկ, Արմենակ Գագո, Գարուշ։ Անդրանիկը ունենում է երկու որդի՝ Հովիկը , Հարութը։ Արմենակը ունենում է մեկ որդի՝ Վահեն։ Վահեն ունենում է մեկ որդի՝ Արմենակը։ Գագոն ունենում է երկու որդի՝ Մուշեղ, Տիգրան։ Տիգրանը ունենում է մեկ որդի՝ Գագիկը։ Գարուշը որդի չի ունեցել։
Ավետիքը ունենում է մեկ որդի՝ Սամվելը։ Սամվելը որդի չի ունեցել։ Վարազդատը ունենում է երեք որդի՝ Ալբերտ, Ռուբեն , Ներսես։
Հրաչը ունեցել է երեք որդի՝ Ռաֆիկ, Վարդան և Ժիրայր։ Ռաֆիկը ունենում է երկու որդի՝ Սարոն և Սևակը։ Վարդանը ունենում է երկու որդի՝ Արտաշը և Մուշեղը։ Ժիրայրը ունենում է մեկ որդի՝ Հրաչը։
Նրանք կրում են Մարկոսյան ազգանունը։

 

Արփինե Մխիթարյան

 


Յուրաքանչյուր ոք ձգտում է լինել հաջողակ իր մասնագիտական ոլորտում։ Անկախ այն բանից, թե որ ոլորտում են դրսևորվում քո առաջադիմությունները, պետք է համառ լինես ու գնաս մինչև վերջ։ Ենթադրենք՝ աշխատանք ես որոնում օնլայն հարթակում, դա քո մտահաղացումն է, և քեզ հարկավոր են բիզնես գովազդներ այլ ընկերությունների կողմից, բայց՝
1.Ոմանք քննադատում են քեզ ու թերահավատորեն են մոտենում քո քայլերին։
2․Ոմանք ամեն կերպ փորձում են քեզ ծաղրի առարկա դարձնել և քեզ հիասթափեցնել։
3․Դու բավականին խոցելի ու զգացմունքային ես, և հասարակության կարծիքը մեծ նշանակություն ունի քո գործողություններում։
4.Մարդկանց կարծիքներն էլ ազդեցություն ունեն քո հետագա քայլերի վրա։
5․Եվ մի՛ կառչիր հասարակության կարծիքից։ Հասարակական կարծիքը պետք է լինի երկրորդական, երրորդական, սակայն ոչ երբեք առաջնային։
Այսինքն՝ պետք չէ թքած ունենալ շրջապատի վրա, սակայն երբեք չառաջնորդվել դրանով։
Մի՛ ընկիր հուսահատության գիրկը, չէ որ դու քո "երազանքների գրկում ես"։
Մի՛ նահանջիր, երբ որևէ անհիմն քննադատություն ես լսում քո հասցեին։ Չէ որ առանց քննադատությունների ու բացասական կարծիքների չես կարող գործել, քանզի որոշ դեպքերում դրանք լավագույն մոտիվացիան են դառնում քեզ համար։ Իսկ դրանցից փախչելու միակ միջոցը ձեռքերը ծալել ու ոչնչով չզբաղվելն է։
Լսի՛ր բոլորի կարծիքներն ու խորհուրդները, այնուհետև ծաղկաքաղ արա՛ ու ընտրի՛ր կարևորները։ Իսկ եթե չկա որևէ կարևոր ու մոտիվացնող կարծիք /խորհուրդ/, ապա դրանք աղբամանը գցի՛ր ու քայլի՛ր առաջ։
Գուցե կոտրվում ես ամեն անգամ, ինպես գարնան առաջին ծաղկի ցողունը։ Գուցե ընկնում ես ամեն չնչին հարվածից։ Ոտքի՛ կանգնիր․ հակահարված մի՛ տուր, այլ գործի՛ր... Չէ որ լավագույն հակահարվածն այն բանի ապացուցումն է, որ դու կարողացար։
Երբեմն այդ հարվածները կոփում են մեզ հետագա ճանապարհներն անցնելու համար։
Մի՛ փորձիր բոլորին դուր գալ, այդ քայլով դու կկորցնես սերը քո սեփական անձի հանդեպ, քանի որ բոլորին դուր գալով կնմանվես բոլորին... Այդ դեպքում կդառնաս ոչ ոքը։
Մարդիկ տարբեր են, ունեն տարբեր աշխարհայացք ու մտածելակերպ և տարբեր ընկալումներ շրջապատի նկատմամբ։
Մի՛ եղիր նա, ում բոլորը կսիրեն, եղի՛ր "դու", եղի՛ր տարբերվող, նա, ով կաս իրականում։
Մի՛ կենտրոնացիր արտաքինիդ վրա, այլ փորձիր գեղեցկացնել ներքին աշխարհդ։ Չէ որ դու մեղավոր չես բարակ շուրթերիդ, մեծ քթիդ, կամ կարճ հասակիդ ձևավորման համար, բայց դու, միայն դու ես պատասխանատու քո ներքին անձի ձևավորման համար, այն ինքդ ես կերտել։
Ճի՛շտ տնօրինիր քեզ տրված 24 ժամը, խուսափի՛ր ասել "ես ժամանակ չունեմ"։ Չէ որ դու ունես այնքան ժամանակ, որքան որ ուներ դա Վինչին, Նապոլեոնը, Վան Գոգը, Միքելանջելոն և նրանք, ովքեր մեծ հետք են թողել....
Սահմաններ դի՛ր քո և բջջայինիդ միջև, այն օգտագործիր ըստ նպատակի և երբեք մի՛ կորցրու ժամանակի զգացողությունը։
Անդադար աշխատի՛ր ու ամեն բան արա՛ սիրով, բայց մի՛ մոռացիր քնել, ճաշել, թարմացնել քեզ ու հանգստանալ և հիշի՛ր, որ հանգստանալ, չի նշանակում հեռախոսի հետ միասին փռվել բազմոցին ու ավտոմատացված թերթել այն։
Զրկի՛ր քեզ որոշ զվարճություններից, և երբ քեզ ընկերներդ կանչում են, սովորի՛ր ասել "ո՛չ", ասա դա առանց բացատրությունների։ Զրկելով քեզ որոշ բաներից՝ դու կարող ես այդ թանկ ժամանակը ներդնել նպատակներիդ իրագործման մեջ։
Քո ձեռքում եղած ազատ ժամանակը բերրի հող է, որտեղ կարող է աճել ստեղծագործական միտքդ ու պտուղներ տալ։ Եվ հիշի՛ր, որ լավագույն ներդրումը ժամանակն է։
Շրջապատի՛ր քեզ հաջողակ ու մոտիվացնող մարդկանցով, օրինա՛կ վերցրու նրանցից, բայց երբեք, երբեք մի՛ համեմատվիր նրանց հետ, այլ եղի՛ր տարբերվող ու յուրահատուկ մտածելակերպով օժտված անհատ։
Եղի՛ր պատասխանատու ինքդ քո առաջ...
Երազի՛ր, նպատա՛կ դիր քո առջև, հասի՛ր դրան քո հնարավորության սահմաններում։
Եվ ամենակարևորը՝ ժպտա՛ ու հավատա՛ քո ուժերին։

Լուսինե  Առաքելյան

 

 

Երազում եմ գոնե մի անգամ նստել իմ՝ երևակայությունից շինված գնացքն ու մեկնել 19֊րդ դար։ Մի ժամանակաշրջան, որտեղ, ըստ իմ դիտած ֆիլմերի ու կարդացած գրքերի, կանայք հագնում էին երկար և լայնափեշ շրջազգեստ, կրում էին կնոջը բնութագրող աքսեսուարներ, իսկ տղամարդիկ՝ տղամարդուն վայել բաճկոններ ու կրում էին խորհրդավոր գլխարկ։
Մի ժամանակաշրջան, որտեղ համացանց ու հեռախոս ամենայն հավանականությամբ չկային, իսկ եթե կար, ապա այն ոչ թե օրվա մի մասը կազմող բջիջն էր հանդիսանում, այլ պարզապես հաղորդակցվելու միջոց էր։
Երբ մարդիկ միմյանց նամակներ էին գրում հասարակ, գուցե և անմշակ կաթնաոսկեգույն թղթի վրա։
Դա այն երևույթն էր, երբ ձեռագրի միջոցով կարելի էր խոսել միմյանց հետ, այդ հասարակ, բայց ամեն ինչ ասող թղթի կտորով արտահայտել քո ներքին հուզմունքն ու էմոցիոնալ ապրումները։ Երբ քեզ հասցեագրված նամակով կարելի էր հասկանալ մարդու գրագիտության աստիճանն ու վերաբերմունքը։
Ու կարելի էր այդ նամակի խոնավության աստիճանից ենթադրել, որ քեզ համար գրված նամակը արտասվելով են գրել, կամ ձեռագրի շեղվածությունից որոշել, որ այն գրված էր գուցե վախով կամ տագնապով...։
Քեզ հասցեագրված նամակին սպասել, սպասել ժամերով, օրերով, հաշվել, թե փոստատարը քանի րոպեից կհասնի, գուցե այնքան, մինչև որ սուրճդ սառչի, ու երբ ձեռքդ առնես նամակը, գուցե ապրումներդ թույլ չտան սուրճդ վերջացնել...
Մի երևույթ, որի դեպքում սպասումը գեղեցիկ է դառնում։
Գուցե քո նամակն այնքան արժեքավոր լիներ, որ այն դնեիր հուշերիդ տուփի մեջ.. Գուցե և այդ տուփը երբեք չբացեիր։ Գուցե խռովությունից այրեիր նամակն ու մոխիրը քամուն տայիր... Վերադառնալով մեր ժամանակները, կասեմ, որ դա իսկապես ամենահաճելի զգացողությունը կլիներ, երևակայի՛ր, խնդրում եմ...
Իսկ մեր իրականության մեջ նամակները, որոնք գրվում են քեզ որպես SMS... Ինչքան անհետաքրքիր ու անբովանդակ նամակներ ենք ստանում, տառասխալներով, շատ հաճախ էլ բառասխալներով ու գրեթե միշտ անպատասխան։
Այնպես կուզեի հայտնվել 20-րդ դարի պարահանդեսներում, երբ այդ խորախորհուրդ ու հսկայական դահլիճում հավաքված պարոնների ու լեդիների համար հնչում էին ամենախորհրդավոր դասական մեղեդիներն, ու դրանց հմայքի տակ պարում էին ամենագեղեցիկ օրիորդները, վերջիններիս գեղեցկության հիմքում մի քանի շերտերից բաղկացած դիմահարդարումը չէր։ Եվ իհարկե, թիկնեղ տղամարդիկ...
Այդ դարի պարահանդեսներում ամեն ինչ արտակարգ էր, ու ինչ-որ խորհուրդ կար դրանցում, իսկ հիմա ամեն ինչ սահմանափակվում է համացանցային հարթակում ուղիղ եթերներ անելով։
Եվ իհարկե, կուզենայի հայտնվել մի ժամանակաշրջան կամ այդ ժամանակաշրջանը տեղափոխել 21֊րդ դար, որտեղ կային ամենաիսկական արքայադուստրեր ու արքայազներ՝ սպիտակ ձիով, այլ ոչ թե սպիտակ Niva –ով։
Եվ որքան շքեղաշուք են դիտածս ֆիլմերի , կառքերի վրա նստած օրիորդներն ու պարոնները։
Ամեն անգամ նմանատիպ ֆիլմեր դիտելիս մի ակնթարթ հայտնվում եմ նրանց ընթրիքի սեղանին, նրանց պարահանդեսներում... Մի պահ փակվում են աչքերս, ու ֆիլմը մնում է կիսատ.... Ու արթնանում եմ 21-րդ դարի մեր իրականությունում....
Բարի լույս֊֊֊֊֊֊

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

 

Եթե ես լինեի ԿԳ նախարար, առաջին հերթին դպրոցներում ուսումնառությունը կդարձնեի տասնամյա։ Եթե աշակերտը սովորող է լինում, նրա համար նշանակություն չունի, դպրոցը տասնամյա է, թե տասներկու։ Եթե տասնամյա լինի, մեր ապագա զինակոչիկները կհասցնեն ինչպես որ կարգն է ավարտեն դպրոցը, նոր միայն կարողանան մտածել բանակ գնալու մասին։ Իսկ եթե տասներկուամյա է, շատ աշակերտներ չեն հասցնում մասնակցել իրենց ավարտական երեկոյին, միանգամից գնում են բանակ։
Այնպես կանեի, որ դասարաններում երեխաները քիչ թվով լինեին, որպեսզի և' ուսուցչի աշխատանքը թեթև լիներ ու արդյունավետ, և' աշակերտի համար ընկալելի լիներ դասը։ Առանց այն էլ ուսուցիչների աշխատանքը շատ ծանրաբեռնված է, նրանք ջանք ու եռանդ չեն խնայում, որ աշակերտները ստանան լիարժեք գիտելիքներ։
Կցանկանայի, որ դպրոցներում կիրառեին այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտար աշակերտին ինքնահաստատման գործոնը կիրառելուն, ոչ թե՛ նրան թևաթափ անելուն, քանի որ աշակերտը ունի իր սյուբեկտիվ կարծիքը և նրա վրա բռնանալ չի կարելի, նրան ստիպել, որ որոշ առարկաներ պարտադիր պետք է ուսուցանվի։ Ուզում եմ վերջապես արդարություն տիրի
Եվ այս բոլորի մասին որ երազում է,մի սովորական աղջնակ է…

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՍՈՖՅԱ

 

img_1607
img_1607
img_1607
 
img_1608
img_1608
img_1608
 


Հայրենիքին իրենց պարտքը կատարած տուն վերադարձան մեր համագյուղացիներ Արամայիս Ասատրյանը, Արտյոմ Աղաջանյանը և Տիգրան Մարտիրոսյանը,ովքեր ծառայեցին պատվով ու նվիրումով։ Բարի վերադարձ մեր տղաներին։
Մեր համայնքից Հայոց բանակի շարքերը համալրելու են Սամվել Միքայելյանը և Էրիկ Խաչատրյանը։ Մաղթում ենք նրանց խաղաղ ու անփորձանք ծառայություն։

 

 

Դարբնությունը պատմական Հայաստանի ամենահին արհեստներից է:
Հայերիս համար դարբնությունն ուժի և զորության խորհրդանիշն է:
Ըստ Սողոմոն Իմաստունի՝ հնում ամենաբարձր տեղում նստելու իրավունք ուներ միայն դարբինը:
Դարբնությունը մեծ դեր է խաղացել հասարակության արտադրողական ուժերի զարգացման գործում:
Հայ վարպետները երկաթից կռել-պատրաստել են գյուղատնտեսական և աշխատանքային գործիքներ, զենքեր, տնային կահ-կարասի, զարդարանքի պարագաներ, բազմատեսակ անհրաժեշտ իրեր:
Ավանդության համաձայն՝ աշխարհում առաջին դարբինը եղել է Դավիթ մարգարեն: Իբրև արդարամիտ և անաչառ մարդ՝ Տերը պարգևատրել էր նրան. առանց ձեռքերն այրելու՝ նա քուրայից հանում էր կաս-կարմիր երկաթը, հրակեզ մետաղը դնում ծնկներին (այն ժամանակ ո՛չ զնդան կար, ո՛չ էլ ունելի) և կռելով կոփում տաք ձուլվածքը:
Ինձ համար մեծ հպարտություն է, որ սերում եմ դարբինների ընտանիքից: Պապիկիս հայրը մեր գյուղի միակ դարբինն է եղել. պատվավոր մարդ և շնորհալի վարպետ: Այժմ էլ պապիկս է մեր գյուղի միակ դարբինը: Նա հմուտ վարպետ է, կարողանում է հնամաշ երկաթին նոր կյանք և շունչ պարգևել:
Պապիկս մեծ սիրով և նվիրումով է կատարում իր աշխատանքը՝ համարելով այն որպես ի վերուստ տրված առաքելություն:
-Դարբնագործության մեջ ամենակարևոր գաղտնիքը երկաթի հոգեվիճակը հասկանալն է,-ասում է պապս:
Ուրախալի է, որ այժմ պապիկս վարում է վարպետաց դասեր՝ նվիրված դարբնագործության առաջավոր փորձի փոխանցմանը:
Դասերի ընթացքում ես և հասակակիցներս ծանոթանում ենք դարբնության ավանդական մեթոդներին, տեխնոլոգիական նրբություններին, դարբնության արտադրությունում օգտագործվող գործիքներին, մշակվող նյութերի տեսակներին:
Աշխատելուն զուգընթաց պապիկս մանրամասն պատմում է դարբնության դերի, նշանակության, արդիականության և արհեստների արհեստ լինելու մասին:

Վանիկ Գրիգորյան

 

 

 

 

 Գեղարքունիք գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզում,Գավառագետի ափին, մարզկենտրոնից 8 կմ հարավ, ծովի մակերևույթից 2075 մ բարձրության վրա։ Գյուղը շրջապատված է Գեղամա լեռներով: Ներկայիս բնակչության նախնիները այստեղ են գաղթել Ալաշկերտի, Բուլանըղի և Մուշի գյուղերից:
    Գյուղում գտնվում է Սբ. Գևորգ (17 դ.) եկեղեցին։ Գյուղի արևմտյան կողմում են գտնվում Սբ. Հակոբ մատուռը, կիկլոպյան ամրոցը,“Ձոր ավերակներ” բնակատեղին։
   Պետությունում տիրող ներկայիս իրադրությունը նպաստեց, որ համայնքի բնակիչները մնան իրենց գյուղում և գիտակցեն, որ իրենք են պետության տերը, իսկ պետությունը կանգուն է իր ժողովրդով,այս դեպքում համայնքների բնակիչներով,ովքեր անմնացորդ նվիրվում են իրենց երկրին,տանը և գյուղին:
     Այս ամենի հետ մեկտեղ գյուղում կան որոշակի խնդիրներ,որոնցից ամենակարևոր և գյուղի համար կենսական առաջնահերթ հարցը գյուղում աղբավայրի առկայությունն է, որը տարիներ շարունակ բազմաթիվ խնդիրներ է ստեղծել թե՛ բնակչության և թե՛ բնության համար՝ պատճառելով հակասանիտարական և անհրապույր վիճակ: Չնայած այն բանին,որ      Գեղարքունիք գյուղը վերջին տարիներին կնքել է պայմանագիր գյուղի աղբը տեղափոխելու վերաբերյալ, համայնքապետարանը որոշել է ՙՙնոր՚՚ աղբը տեղափոխել պայմանագրով նախատեսված վայր,իսկ տարիներ շարունակ կուտակված աղբը թողնել նույն վայրում:
   2020 թվականին Գեղարքունիքի համայնքապետարանի նոր կազմի նախաձեռնությամբ կատարվեց գյուղի ՙՙԱղլներ՚՚ կոչվող հանդամասում գտնվող աղբավայրի թաղման աշխատանքների առաջին փուլը, իսկ հետագայում կկատարվեն նաև երկրորդ շերտի տեղադրման և ծառատնկման, ինչպես նաև կանաչ գոտու ստեղծման աշխատանքներ:
Համայնքում առկա որոշ խնդիրներ ևս լուծվել են՝ կատարվել են խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրավազանի մաքրման և քլորացման աշխատանքներ, ճանապարհների փոսալցման աշխատանքներ,ինչպես նաև դաշտամիջյան ճանապարհների հարթեցում: Կազմակերպվել է նաև ծառատունկ համայնքի ՙՙԳորոյ չըռ՚՚ կոչվող հատվածում:

 

 

image-1 771
image-1 771
image-1 771

 

Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր

 

 

 

 

 

Բավական  չէ  իր Ազգի զավակը լինել,

պետք է  նաև  հրաշունչ զինվոր լինել։

 

Գարեգին նժդեհ

 

«1+1» դպրոցական թերթի խմբագրությունը անցկացնում է մրցույթ կարճամետրաժ հետաքրքիր տեսաֆիլմերից /1 րոպե տևողությամբ
 «Դու ինքդ ռեժիսոր ես» խորագրով:

Տեսագրված ֆիլմերը կարող եք ուղարկել zgօԱյս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին։

 

Խմբագիր  և համարի պատասխանատու՝ Ռոզա Հակոբյան
Տպաքանակը՝ 500
Հեռախոս՝ 093919658:
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Կայք էջ` 1եւ1.հայ

 


«ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի
միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
Հասցե՝ Գարեգին Նժդեհի փ. 1
Փոստային դասիչ՝ 1207
Թողարկման օրը՝ 27. 07. 2020 թ.