Հրատարակումներ
ՀՈԿՏԵՄԲԵՐ 2020
ԵՂԵ՛Ք ԶԳՈՆ, ԴՈՒՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՔ
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ՝ ՕԳՏՎԵԼ ՄԻԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻՑ։
ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔՐԱՍԵՐ ԵՆՔ ԵՎ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼ, ՊԱՐՏԱԴԻՐ Է ՏԱՐԲԵՐԵԼ ԻՐԱԿԱՆՆ ՈՒ ԿԵՂԾԸ՝ ԸՍՏ ԼՈԳԻԿԱՅԻ։
ՃԻՇՏ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼՈՎ՝ ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՃԻՇՏ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ ՁԵՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ, ԿՈՂՄՆՈՐՈՇԵԼ ՁԵՐ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ։
ՀԻՇԵ՛Ք, ՈՐ ԻՆՏԵՐՆԵՏԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐ Է, ՈՐԻՑ ԿԱՐԵԼԻ Է ՕԳՈՒՏ ՔԱՂԵԼ, ԱՅԼ ՆԱԵՎ՝ ՄԻ ՄԵԾ ՃԱՀԻՃ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՒՃԱՊ ՍՏԵՂԾԵԼ ԵՎ ԿՈՐԾԱՆԵԼ ԿՅԱՆՔԵՐ։
ԴԻՄԱ՛Կ ԿՐԵՔ , ԽՆԱՅԵ՛Ք ԲԺԻՇԿՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԵՐ ՓՐԿԵԼՈՎ։
ԴԻՄԱԿԻ ՊԱՏՇԱՃ ԿՐՈՒՄԸ , ՁԵՌՔԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՈՒՄԸ և ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽՈՒՄԸ։
Իրազեկում
Հարգելի՛ քաղաքացիներ, մենք գտնվում ենք պատերազմական վիճակում և պետք է գիտակցենք, որ եթե թշնամին կրակում է սահմանամերձ բնակավայրերի կամ Արցախի ուղղությամբ, չի կարող չդիմել սադրանքի ուրիշ բնակավայրերի ուղղությամբ եւս։ Դրա համար պետք է լինել զգոն եւ ձեռնարկել համապատասխան քայլեր հետեւյալ իրավիճակների դեպքում:
-Ուշադի՛ր եղեք անծանոթ մարդկանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք կհայտնվեն ձեր համայնքում, փորձեք պարզել նրանց ինքնությունը, նկարե՛ք սմարթֆոնով, անհրաժեշտության դեպքում զանգահարե՛ք 911 / փրկարարական ծառայություն/ ։
- Ուշադի՛ր եղեք դաշտերում օտար մարդկանց և ավտոմեքենաների շարժին, տեղյակ պահեք համայնքի ղեկավարին։
- Նկուղային հարկերը կարգի՛ բերեք և հարմարեցրե՛ք թաքստոցային պայմաններին։
-Համայնքում սահմանե՛ք և կազմակերպե՛ք գիշերային հերթապահություն։
- Համայնքային ջրամբարները վերցրե՛ք հսկողության տակ։
Հարգելի՛ հայրենակիցներ, այս բոլոր միջոցառումները պարտադիր են, եղե՛ք զգոն, թույլ մի՛ տվեք սադրիչներին՝ ներթափանցել ձեր համայնքներ։
Գեղարքունիքի մարզային փրկարարական
վարչության Փ/Ծ փոխգնդապետ Գարեգին Հակոբյան
ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ
«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում՝
ՇՉԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐՎՈՒՄ Է ԸՆԴՀԱՏՎՈՂ /ՏԱՏԱՆՎՈՂ/
ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆ՝ 2-3 ՐՈՊԵ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ։
Զանգվածային լրատվամիջոցներով և բջջային հեռախոսներով տրվելու է հաղորդագրություն՝
Հարգելի քաղաքացիներ, հայտարարված է «Օդային տագնապ», խնդրում ենք պատսպարվել պաշտպանական կառույցներում։
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԳՏՆՎԵԼԻՍ
Չլքել տրանսպորտային միջոցը ընթացքի ժամանակ և չխոչընդոտել վարորդի գործողություններին։
Տրանսպորտային միջոցը կանգնելուց հետո արագ, բայց առանց խուճապի, դուրս գալ փողոց և պատսպարվել մոտակա թաքստոցում։
Բաց տարածքում կարելի է թաքնվել ճանապարհամերձ առվակներում, հեղեղատարներում, տարբեր տեսակի փոսորակներում, թմբապատնեշների և ոչ բարձր պատնեշների /պատերի/ հետևում։
Եթե թաքստոցի պատնեշը չի բավարարում կանգնած կամ նստած պատսպարվելու համար, ապա անհարժեշտ է պառկել դեմքով դեպի ներքև՝ ձեռքերով փակելով գլուխը։
Թաքնված դիրքում հայացքով գնահատել տարածքում կարճ արագավազքով տեղաշարժման և միջանկյալ պատսպարման հնարավորությունները և հրետակոծության դադարի դեպքում արագ տեղաշարժվել առավել անվտանգ վայր։
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԻՇԵԼ ՆԱԵՎ, ՈՐ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՑԵԼ ԲԵՐԱՆԸ ԵՎ ՁԵՌՔԵՐՈՎ ՓԱԿԵԼ ԱԿԱՆՋՆԵՐԸ։
«Օդային տագնապի ավարտ» ազդանշանը տրվում է
շչակների միջոցով՝ անընդհատ /չընդհատվող/ ձայնային ազդանշանով
/2-3 րոպե տևողությամբ/, որից հետո անհրաժեշտ է հետևել հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, բարձրախոսներով տրվող պաշտոնական հաղորդագրություններին։
ԹԱՔՍՏՈՑՆԵՐ
Թաքստոցները շենքերի և շինությունների նկուղներն ու կիսանկուղներն են, ստորգետնյա շինությունները, բնական միջավայրի խորացված տարածքները, խորշերն ու անձավները, հանքախորշերը, ստորգետնյա անցումները։
ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ԹԱՔՍՏՈՑՆԵՐԸ ԿԱՄ ՊԱՏՍՊԱՐՄԱՆ ՎԱՅՐԵՐՆ ԸՆՏՐԵԼԻՍ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ, ՈՐ՝
Թաքստոցներն ու պատսպարման վայրերը պետք է ընտրել հնարավոր խոցման ռազմավարական թիրախ հանդիսացող օբյեկտներից հնարավորինս հեռու։
Պատսպարման վայրերը պետք է ընտրվեն այն տեղերում, որոնք չունեն լրացուցիչ կամ երկրորդային խոցման հնարավորություն, օրինակ՝ ջրաողողման կամ փլուզումների հետևանքով ելքերի փակում։
Նախապես ընտրել և օդային տագնապի դեպքում զբաղեցնել այնպիսի թաքստոցներ, ինչպիսիք են խցերը, նկուղային հարկերը, ստորգետնյա կառույցները, թունելները, խորշերը և այլն, որոնք օժտված են առավելագույն պաշտպանական հատկություններով։
Զբաղեցնել, սարքավորել և կահավորել այնպիսի թաքստոցներ, որոնք հնարավոր կլինի առավելագույնս քողարկել և օգտագործել բազմակի անգամներ։
ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՐՎՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ՝ ԹԱՔՍՏՈՑՆԵՐ ԿԱՀԱՎՈՐեԼԻՍ ԱՅՆՏԵՂ ՈՒՆԵՆԱԼ՝
Առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ,
Որոշակի քանակությամբ սննդամթերք և ջուր,
Նստատեղեր, մահճակալ, տաք ծածկոցներ, անհրաժեշտ այլ իրեր,
Կապի միջոցներ /հեռուստացույց, ռադիո և այլն/
Լապտերներ, մոմեր /նավթավառ/ , լուցկի,
Շնչադիմակ /այլ անհատական պաշտպանության միջոցներ/,
Որոշակի գործիքներ /լոմ, բահ, մուրճ /կռան/ և այլն/՝ անհրաժեշտության դեպքում փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու համար,
Երեխաների համար խաղեր, խաղալիքներ և այլն։
Պետությունը հզոր է իր թիկունքով
Մենք ԱԻՆ-ի հանձնարարականով այցելեցինք Ճամբարակ համայնք, շրջեցինք տարբեր դպրոցներում, ծանոթացանք ուսուցչական կոլեկտիվների հետ։
Մեր հայրենիքը շատ գեղեցիկ է ու տարբեր։
Երբ անտառամիջյան ճանապարհով բարձրանում էինք Կալավան, ծառերի գույնզգույն տերևները կարծես ժպտում էին։ Մենք շատ զարմացանք, երբ տեսանք, թե ինչպես են խոզերը առանց հսկողության շրջում անտառում։
Պատմեցին՝ եղել են դեպքեր, որ օրերով խոզերը և կովերը համարվել են կորած, բայց հետո անակնկալ վերադարձել են տերերի մոտ։
Կալավանի դպրոցը փոքր է՝ այնտեղ սովորում են 20-30 աշակերտ։ Դպրոցի վաստակաշատ տնօրեն Զվարթ Քեշիշյանը հիացմունքով է խոսում ուսուցիչների և աշակերտների մասին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում հայրենի եզերքի շենացման և պաշտպանության գործում։
Այցելեցինք նաև Այգուտ գյուղ, որտեղ հիմնովին վերանորոգվել էր դպրոցը․ այդ մասին պատմեց Արա Երիցյանը։ Նա իսկական հայրենասեր ու իր գործին նվիրված անձնավորություն է, նա իր սեփական օրինակով երեխաներին մատուցում է հայրենասիրության դասեր։ Տեղեկանալով, որ հեռվից ենք եկել, հյուրընկալողի իրավունքով պարտադրեց օգտվել հյուրասիրությունից: Շատ հավանեցինք Այգուտի պանիրը։
Ապա այցելեցինք Աղբերքի միջնակարգ դպրոց, ծանոթացանք դպրոցի տնօրեն Ղալեչյան Անահիտի հետ, ով մի սքանչելի և հայրենասեր անձնավորություն է։ Նրան լսելով՝ նոր ուժ ու ոգի ես առնում՝ մոռանալով պատերազմական օրերի դաժանություններն ու դժվարությունները։
ՄԵր այցելեցինք և հետաքրքիր հանդիպումներ ունեցանք նաեւ Ճամբարակի N 1 հիմնական, Ճամբարակի Մ․Քոչարյանի անվան N 2 հիմնական, Ճամբարակի N 4 միջնակարգ, Անտառամեջ , Գետիկ, Դպրաբակ, Դրախտիկ, Թթուջուր, Մարտունի, Շողակաթ, Ջիլ համայնքների և հատկապես Վահան գյուղի դպրոցների ուսուցչական կոլեկտիվների հետ։
Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում այդ մարդկանց՝ հերոս, բանիմաց, քաջ տղաներ ու աղջիկներ դաստիարակելու համար։
Մեզ մշտապես այդ օրերին ուղեկցում էր Ճամբարակ համայնքի հրշեջ փրկարարական ջոկատի կապիտան Միշա Մուժիկյանը, նա այն մարդն է, ով միշտ իր տեղում է, նրա բոլոր ասածները վկայում են այն մասին, որ ինքը ապրում է իր համայնքի հաջողություններով և հոգսերով։
Շնորհակալություն ենք հայտնում Միշա Մուժիկյանին և ամբողջ Ճամբարակի փրկարարական ջոկատին՝ իրենց հայրենանվեր աշխատանքի համար։
1+1 թերթի խմբագրություն
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՃՆՇՈՒՄԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ
Դեռ վաղ ժամանակներից գոյություն է ունեցել հոգեբանական ազդեցություն հակառակորդի վրա գործոնը։
Չինգիզ խանը և Հաննիբալը մինչև իրենց ճակատամարտի սկսելը լուր էին տարածում հակառակորդի թիկունքում, թե ինչքան անհաղթ, ահռելի և հզոր զինատեսակներ ունեն։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Արևմտյան երկրներում գրվեցին տասնյակ աշխատություններ հոգեբանական պատերազմի վերաբերյալ, տարբեր համալսարաններում բացվեցին ֆակուլտետներ, որտեղ ուսումնասիրվում էր հոգեբանական պատերազմը։ Այդ բնագավառի պրոֆեսորներից մեկը գրեց հետևյալը ․«ժամանակակից պատերազմում հիմնական նպատակն է ոչ թե ոչնչացնել հակառակորդի զորքերը, այլ ներսից քայքայել , ըմբոստացնել ժողովրդին, որպեսզի նրանք պահանջեն իրենց իշխանությանը՝ գնալ խաղաղության»։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիների կողմից ստեղծվել են ջոկատներ, ովքեր քարոզչություն էին տանում իրենց ժողովրդի և բանակի մեջ, պատերազմի գոտում՝ զինվորների հետ, թշնամու տարածքում։ Գերմանացիներն իրենց ամենամեծ քարոզարշավին հասան 1940 թվականին, երբ մի քանի ամիս առաջ, մինչ Ֆրանսիա մտնելը, կեղծ ռադիոհաղորդումների միջոցով քննադատում էին Ֆրանսիայի իշխանությանը, որն էլ ստեղծեց վախի մթնոլորտ և հիմնական պատճառ դարձավ, որ Գերմանիան հեշտությամբ գրավեց Ֆրանսիան։
Ֆրանսիացիները ստեղծեցին զինվորական քարոզչական ծառայություն, որը ազդում էր հասարակության վրա թռուցիկների միջոցով։
21-րդ դարում՝ պատերազմական դրության ժամանակ, պետության կողմից պետք է վերահսկվեն լրատվամիջոցները։ Կարևոր դեր է խաղում հասարակության մեջ հեղինակություն վայելող մարդկանցից տարածվող լուրը։ Ամենամեծ տարածում ունեցող հոգեբանական պատերազմը բաժանվում է 3 խմբի․
1․ Հոգեբանական ճնշում- դա երկար խոսքն է սուտ թեզիսների մասին, որը անօգուտ է և թափանցում է մարդու գիտակցության մեջ՝ օգտագործելով մեր բնազդի թույլ կողմը:
2․ Չնկատվող ներթափանցում մարդու գիտակցության մեջ, խոսել լավ ու հեշտ կյանքի մասին․ օրինակ՝ սերիալները:
3․ Թաքնված խանգարումներ, որոնք հակասում են լոգիկայի օրենքներին։
1+1 թերթի խմբագրություն
Պատերազմ
ՊԱՏԵՐԱԶՄ…
Հազարավոր մարդկանց կորուստ, խեղված ճակատագրեր…
Նորից իմ բազմաչարչար հայրենիքում պայթեցին արկերը, զոհվեցին հարյուրավոր անմեղ մարդիկ, ովքեր ապրում, արարում են իրենց երկրում, արդար քրտինքով վաստակում հանապազօրյա հացը:
2020թ. սեպտեմբերի 27…
Ցեղասպան Թուրքիան որոշեց իր արյունակից, խամաճիկ Ադրբեջանի ձեռքով ավարտին հասցնել իրենց արյունարբու նախնիների ծրագրած, բայց տրամաբանական ավարտին չհասցրած, հարյուրամյա կիսատ թողած գործը՝ բնաջնջել հայերին, հայրենազրկել և իրագործել պանթուրքիզմի ծրագիրը՝ ստեղծելով Մեծ Թուրան՝ Բոսֆորից Սիբիր:
Սակայն նրանք անտեսել էին Վարդանանց, Վահանանց պատերազմների, Սարդա-րապատի հերոսամարտի դասերը: Արդյունքում՝ մեր սահմանները անսասան են, հայ ժողովուրդը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք՝ միակուռ, ամուր կանգնած իր հողին:
Սահմանում չկարողանալով լուրջ առաջխաղացում ապահովել՝ ադրբեջանցիները սկսեցին թիրախավորել խաղաղ բնակավայրերը: Կատաղած թշնամու անօդաչու սարքերի թիրախավորված հարվածներից զերծ չմնաց Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզը, մասնավորապես՝ Վարդենիսի սահմանամերձ գյուղերը:
Տեղեկանալով Վարդենիսի սահմանամերձ գյուղերի ռմբահարման մասին՝ <<1+1 >> դպրոցական թերթի խմբագրության նախաձեռնությամբ տպագրվեց և բազմացվեց «Քաղաքացիական պաշտպանություն օդային տագնապի դեպքում» իրազեկման թերթիկը: Թերթի խմբագրությունը, համագործակցելով ԱԻՆ-ի հետ, որոշեց դպրոցի ուսուցիչներից կազմված մի խումբ ուղարկել Վարդենիսի սահմանամերձ գյուղերը՝ սատար կանգնելու, ոգեշնչելու բնակչությանը և թերթիկների օգնությամբ իրազեկելու բնակիչների գործողությունների մասին հնարավոր օդային տագնապի դեպքում:
Որոշվեց Վարդենիս մեկնող ուսուցիչներին բաժանել երկու խմբի, որպեսզի նրանք կարողանան շրջել սահմանամերձ գյուղերի բոլոր թաղամասերում:
Առաջին կանգառը սահմանամերձ Շատվան գյուղն էր:
Մի պահ մեզ թվաց, թե գյուղացիները լքել են իրենց տները, սակայն երբ խորացանք գյուղամեջ, զարմանքից կարկամեցինք: Կարծես թե ոչինչ տեղի չէր ունեցել: Գյուղացիները զբաղված էին իրենց ամենօրյա աշխատանքով, ոմանք էլ՝ բերքահավաքով: Տեսնելով անծանոթ մարդկանց՝ նրանք շրջապատեցին մեզ: Մեր զրուցակիցներից նախկին գյուղապետ Լյովա Աբրահամյանը և դպրոցի փոխտնօրեն տիկին Նինան, միմյանց լրացնելով, ներկայացնում էին գյուղի պատմությունը: Բաքվից ու Կիրովաբադից ներգաղթած և Շատվանում բնակություն հաստատած հայորդիները ամուր կանգնած են հայրենի հողին, և ընկրկելու տեղ չկա: Գյուղացիներից մեկը մեզ ուղեկցեց իր տնամերձը, ուր մխրճվել էր թշնամու ականը՝ ճանապարհին հրկիզելով ամեն ինչ: Մեր հարցին, թե չեն վախենում թշնամու հնարավոր հրետանակոծությունից, գյուղացիների պատասխանը մեկն էր՝ հզոր բանակին ամուր թիկունք է պետք:
- Մենք այստեղ մեր որդիների, հայ զինվորի կողքին ենք և պահում ենք նրանց թիկունքը:
Մեր հաջորդ կանգառը սահմանամերձ Մեծ Մասրիկ գյուղն էր, որը Վարդենիսի ամենամեծ համայնքներից է: Համայնքը ևս Արցախի գյուղերի նման թիրախավորվեց և ռմբահարվեց: Արդյունքը անդառնալի էր՝ մեկ զոհ և երկու վիրավոր:
Հայ մայրերի, կանանց, քույրերի հավատը հաղթանակի հանդեպ, մեր եղբայրների , հայրերի անսասան կամքը, սերը մեր սուրբ հայրենիքի նկատմամբ անքննելի է: Ամուր է մեր թիկունքը, իսկ հզոր բանակին, առաջնագծին պահողը ամուր թիկունքն է:
Ահա այս մտորումներով մենք վերադարձանք՝ ճանապարհին սահմանամերձ համայնքներում բաժանելով իրազեկող թերթիկները:
Հաղթել ենք, հաղթում ենք, հաղթելու ենք :
Ջեմմա Խաչատրյան
ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏԸ
Պատերազմ...
Կենաց ու մահու պայքար։Մարմնովս դող է անցնում անգամ պատերազմ բառն արտաբերելիս։Ինչքա՜ն ցավ,դառնություն կա այդ 8 տառի մեջ,ինչքա՜ն մարդկային կյանքեր խլեց պատերազմը։
Սեպտեմբերի 27՝ չարաբաստիկ օր,երբ վայրագ թշնամին նորից խախտեց հրադադարն ու հարձակվեց Արցախ աշխարհի վրա։Հոգիս տակնուվրա եղավ։Աշխարհում ամեն բան խառնվեց իրար։Մտածում էի,թե հերթական հրադադարի խախտումն է,վաղն ամեն ինչ լավ կլինի,բայց...
Ամեն գիշեր գլուխս բարձին դնելուց առաջ աղոթում եմ մեր զինվորների խաղաղ ծառայության ու բարի վերադարձի համար՝ հույս ունենալով,որ պատերազմը կավարտվի, ու ամեն ինչ անցյալում կմնա։ Այսօր պատերազմի 25-րդ օրն է,օրերը մի տեսակ դանդաղ են անցնում,կյանքում կորել են բոլոր հետաքրքրությունները։Հիմա եմ հասկանում,թե ինչ չնչին բաներից եմ նեղվել,լաց եղել՝ չգիտակցելով ,որ կյանքում ավելի կարևոր բաներ էլ կան։ Իսկ ամենակարևորը խաղաղությունն է...
Զոհված հերոսների անունները կարդալիս շունչս պահում եմ,միայն թե ծանոթ անուն չհանդիպի, բայց, Աստվա՜ծ իմ, բոլորն էլ մերն են, իմ, քո, նրա հերոսն են։ Շնորհակալ եմ, հերոսնե՛ր, որ ձեր չապրած տարիները նվիրեցիք մեզ:Չէ որ ձեզնից յուրաքանչյուրը մի տան ճրագ էր, մեկի տղան,մեկի ընկերը....
Ինչպես մորը բացատրես,որ հողն ավելի թանկ էր,քան իր որդին։Չես կարող բացատրել...
Ինչպես ասում են,հույսը վերջինն է մեռնում։Թող առավոտյան լռեն բոլոր զենքերը,թնդանոթները,թող հերոսները զանգեն իրենց մայրերին ու ասեն․ «Մա՛մ ջան,պատերազմն ավարտվեց,ամեն վտանգ վերջացավ»։
Հեղինակ՝ Ռոզա Աբրահամյան
Գ
ԹԻԿՈՒՆՔԸ ՄԻՇՏ ԶԳՈՆ Է
Հոկտեմբերի 7-ին «1+1» թերթի խմբագրությունը Գեղարքունիք գյուղի մի խումբ ուսուցիչների հետ այցելեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի սահմանամերձ փոքրիկ Շատվան համայնք, որը ևս պատերազմական այս օրերին ենթարկվեց ռմբակոծությունների։ Մեր խմբի նպատակն էր՝ հոգեբանական օգնություն ցուցաբերել տեղի բնակիչներին և նրանց ծանոթացնել քաղաքացիական պաշտպանության նորմերին օդային տագնապի ժամանակ։ Հասնելով Շատվան՝ հանդիպեցինք մի տարեց տղամարդու, ում հետ զրուցեցինք երկրում տիրող իրավիճակի մասին։ Լսեցինք նաև իր կարծիքը։
Մեր հարցին, թե արդյոք տեղեկացված է՝ ինչ պետք է անել օդային տագնապի և իրազեկումների դեպքում, նա պատասխանեց։
- Իհարկե, տեղեկացված եմ, համայնքի բնակիչներին ևս փորձել եմ իմ ուժերի ներածին չափով տեղեկացնել այդ ամենի մասին։ Հորդորել եմ՝ զերծ մնալ հեռախոսազանգերի ընթացքում պատերազմական իրավիճակի վերաբերյալ քննարկումներից, ինչպես նաև չտարածել չճշտված տեղեկություններ և հավատալ միայն պաշտոնական լրահոսին։
Հանդիպեցինք նաև համայնքի այլ բնակիչների և նրանց ևս հորդորեցինք՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և համացանցում վիրավոր կամ անհայտ կորած զինվորների լուսանկարները տարածելուց։ Եղանք նաև Մեծ Մասրիկ գյուղում, համայնքի բնակիչներին բաժանեցինք թռուցիկներ՝ «Քաղաքացիական պաշտպանություն օդային տագնապի դեպքում» թեմայով։
Այցելեցինք նաև ուրիշ համայնքներ՝ Ծովինար, Արծվանիստ, Վարդենիկ և այլ, համայնքապետարաններին տվեցինք «1+1» թերթի կողմից տպագրված թռուցիկները և խնդրեցինք, որ բաժանեն համայնքի բնակիչներին։
Կարծում եմ՝ մեր այցը ստացված էր։ Ճիշտ է, բնակիչները որոշ չափով իրազեկված էին, բայց մենք ևս մեկ անգամ փորձեցինք աջակցել․․․
1+1 թերթի խմբագրություն
ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ
Հարգելի՛ հայրենակիցներ, մենք՝ երեխաներս, չենք հիշում ժամանակ, երբ տագնապով և հուզմունքով բանակ ենք ճանապարհել մեր եղբայրներին և հարազատներին, քանի որ այդ դանդաղ ընթացող պատերազմն ուներ իր օրենքները և, ցավոք, նաև իր զոհերը: Թշնամին հերթական անգամ հարձակվել է մեր հայրենիքի վրա, մենք հարյուրավոր տարիների պատմությունից արդեն գիտենք նրանց ձեռագիրը, մենք շատ ուրախ ենք,որ ապրում ենք ժողովրդավարական երկրում և կրկնակի ուրախ ենք, որ մեր ղեկավարները չունեն ցանկություն՝ վաճառել մեր ապագան իրենց բարեկեցության համար: Մենք ուզում ենք մեծանալ և ստանալ կրթություն ազատ և ինքնիշխան երկրում: Մենք կարող ենք զրկել մեզ այն բարիքներից, որը պետք է ունենա 21-րդ դարի յուրաքանչյուր երեխա, բայց մենք ուզում ենք ապրել արդար, հաղթող և հզոր հայրենիքում:
Հարգելի՛ հայրենակիցներ և սփյուռքահայություն, մենք ունենք երկու ուղի. առաջինը պատմությունից դասեր քաղել և չխոնարհվել մեծ տերությունների դեմ՝դառնալով ևս 100 տարի նրանց ստրուկները: Երկրորդը, միավորել մեր ունեցած նյութական և ֆիզիկական ռեսուրսները, կռվել հանուն ազատության,արժանապատվության և զբաղեցնել աշխարհի առաջադեմ երկրների շարքը: Մեր պետականությանը պետք է ձեր օգնությունը։ Հարցերի համար դիմե՛ք տեղական ինքնակառավարման մարմիններին ։
Ալլա Աբրահամյան
Աշնան մի խաղաղ, պայծառ առավոտ
Աշնան մի խաղաղ, պայծառ առավոտ,
Երբ թռչունները կրակի ձայնից սարսափ ապրեցին..
Երամ կազմեցին ու Հայաստանից չվեցին հեռու,
Այդժամ մեր պոստում կանգնած տղերքը
Իրենց շարքերը համալրեցին,
Ու զենք բռնեցին իրենց ձեռքերում՝
Թշնամու հոտը մեզնից վանելու..․
Շատերը ընկան հերոսի մահով
Ու մեր աչքերում արտասուք դարձած
Քնեցին հավերժ,
Շատերը իրենց կյանքը դրեցին խաղասեղանին
Ու պայքարում են մինչև առ այսօր․
Մենք սպասում ենք, ասել են՝ կգան։
Մենք հաղթելու ենք,
Արցախը վկա,
Մեզ չեն հաղթելու ո՛չ թուրքը, ոչ նրանք,
Ովքեր կազմել են անկենդան մի հոտ,
Աստված է վկա․․․․
Լուսինե Առաքելյան
,
Երբ թռչունները կրակի ձայնից սարսափ ապրեցին..
Երամ կազմեցին ու Հայաստանից չվեցին հեռու,
Այդժամ մեր պոստում կանգնած տղերքը
Իրենց շարքերը համալրեցին,
Ու զենք բռնեցին իրենց ձեռքերում՝
Թշնամու հոտը մեզնից վանելու..․
Շատերը ընկան հերոսի մահով
Ու մեր աչքերում արտասուք դարձած
Քնեցին հավերժ,
Շատերը իրենց կյանքը դրեցին խաղասեղանին
Ու պայքարում են մինչև առ այսօր․
Մենք սպասում ենք, ասել են՝ կգան։
Մենք հաղթելու ենք,
Արցախը վկա,
Մեզ չեն հաղթելու ո՛չ թուրքը, ոչ նրանք,
Ովքեր կազմել են անկենդան մի հոտ,
Աստված է վկա․․․․
Լուսինե Առաքելյան
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԱՐՍԱՓԻ ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԸ
Ես՝ Ջուլիետա Արմենակի Ղուլյանս, ծնվել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում: Տեսել եմ երեք պատերազմ: 1992 թվականին սկսվեց առաջին պատերազմը։ Մենք չգիտեինք՝ դա ինչ բան է, որովհետև գործում էր գրադ, ալազան, պուշկա: Թխելու (խփելու) ժամանակ մենք հաշվում էինք, թե գրադ կայանից քանի հատ էին գցում Ստեփանակերտ քաղաքի վրա: Թեև մենք ապրում էինք նկուղներում, բայց դա այդքան սարսափելի չէր, որովհետև դրանց հանգստի ժամը գիտեինք ու այդ ժամերը օգտագործում էինք հաց, ջուր բերելու և այլ կարիքներ հոգալու համար: Մի կերպ պրծանք այդ պատերազմից, տարիներ հետո սկսվեց քառօրյա պատերազմը: Քառօրյայի ժամանակ խաղաղ բնակչությունը չէր տուժում: Ճիշտ է, մենք ունեինք զոհեր, բայց ոչ այսքան…. 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան 7:10 րոպեին թափվեցին առաջին հարվածները Ստեփանակերտ քաղաքի վրա․ ռմբակոծում էին: Տեսանք, որ հնարավորություն չկա երեխաներին նկուղում պահել, այդ ժամանակ մեզ օգնության ձեռք մեկնեց Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի բնակիչ Արայիկ Աբրահամյանը, ով մեքենա գտավ և երեխաներին հասցրեց իրենց տուն: Ես, լինելով այդ երեխաների տատիկը, չցանկացա իրենց հետ մեկնել Հայաստան, որովհետև տղաս և հարսս պաշտապնության նախարարությունում էին աշխատում, և ես պետք է նրանց կողքին լինեի: Մի քանի օր անց, երբ արդեն դրությունը ավելի վատացավ, ու այլևս հնարավոր չէր պաշտպանվել նկուղում, մեզ՝ կանանց, ավտոբուսով տեղափոխեցին Գորիս: Եվ նորից օգնության ձեռք մեկնեց Արայիկ Աբրահամյանը ու ինձ բերեց իր տուն՝թոռնիկներիս մոտ, իսկ տղաս և հարսս մնացին թշնամու երախում: Այժմ ես ինձ պաշտպանված եմ զգում այս ընտանիքում: Ես մաղթում եմ մեր բոլոր տղաներին քաջ առողջություն և զորություն, թող այլևս ոչ մի զոհ չլինի, քանի որ բոլորի հարազատները սպասում են իրենց զավակների վերադարձին: Մենք հաղթել ենք, հաղթում ենք ու պիտի հաղթենք:
Ես՝ Ջուլիետա Ղուլյանս, իմ շնորհակալությունն եմ հայտնում Արայիկ Աբրահամյանին՝ ընտանիքիս կողքին լինելու և մեզ պաշտպանելու համար:
Ես Ջուլիետա Սուրենի Բաղդասարյանն եմ, ծնվելեմ 2008 թվականի մարտի 1-ին, քաղաք Ստեփանակերտում: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զորքերը թիրախավորեցին խաղաղ բնակչությանը և սկսեցին գնդակոծել բնակավայրերը:Բոլորս խուճապի մեջ էինք: Երբ լսեցինք տագնապի ձայնը, բոլորով միասին իջանք նկուղները: Պատահում էր, որ մի քանի ժամով բարձրանում էինք տուն, բայց երբ կրկին տագնապի կամ կրակոցի ձայներ էինք լսում, կրկին իջնում էինք նկուղ: Ադրբեջանական զորքերը առավոտից երեկո գնդակոծում էին մեր քաղաքը, և մենք ստիպված էինք լինում նկուղներում անցկացնել մեր ամբողջ օրը: Նկուղում շատ երեխաներ կային, որոնց հետ կարծես մենք քույր և եղբայրներ լինեինք, մենք հոգ էինք տանում միմյանց մասին և ամեն ինչ կիսում իրար հետ: Սեպտեմբերի 29-ին ծնողներս որոշեցին, որ մենք՝ ես, քույրս և եղբայրս, պետք է դուրս գանք Ստեփանակերտից, և մեզ ուղարկեցին Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղը՝ մեր հարազատի տուն: Ստեփանակերտից մենք մեքենայով հասանք Հայաստանի սահման, որտեղից էլ մեկ այլ մեքենայով մեզ բերեցին Գեղարքունիքի մարզ: Մի քանի օր անց մեզ միացավ նաև իմ տատիկը, իսկ ծնողներս դեռ Ստեփանակերտում են: Մենք այստեղ մեզ շատ լավ ենք զգում: Այստեղ հաճախում ենք դպրոց և ձեռք ենք բերել շատ ընկերներ,որոնց հետ խաղում ենք նաև դասերից հետո: Մեր նոր ուսուցիչներն ու դասընկերները մեզ շատ են սիրում ու հարգում, և այդ ամենը փոխադարձ է: Ես սովորում եմ 7-րդ դասարանում, եղբայրս՝ 9-րդ, իսկ քույրս՝ 3-րդ: Մենք շատ ենք կարոտում մեր քաղաքը, մեր դպրոցը և մեր հարազատներին ու հուսով ենք, որ այս պատերազմը շուտ կվերջանա, և մենք նորից կանցնենք մեր անհոգ կյանքին Ստեփանակերտում: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Ջուլիետա Բաղդասարյան
Ք․ Ստեփանակերտ
ՀԱՅՐԵՆՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԻՑ
2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց շփման գծի ողջ երկայնքով, ադրբեջանաթուրանական մինչեւ ատամները զինված բանակին եւ իսլամիստ գրոհայիններին հետ էին մղում մեր ժամկետային և պայմանագրային զինծառայողները, սակայն պատերազմի լուրը լսելով՝ ամբողջ հանրապետությունում միանգամից կազմվեցին կամավորական ջոկատներ և մեկնեցին մարտի դաշտ։ Մեր համայնքում ևս կազմակերպվեց կամավորների հավաքագրում, և մեր կամավորները ուղևորվեցին դիրքեր։ Այսօր շատերը մարտի դաշտում են և կռվում են հանուն հայրենիքի։ Նրանցից ոմանք վերադարձել են գյուղ և հյուրընկալվել «1+1» թերթի խմբագրություն։
Մեր հյուրերն էին կամավորականներ Օնիկ Ասպոյանը, Ռուբիկ Գրիգորյանը , Ավետիք Այվազյանը և Արմեն Կարապետյանը։ Զրույցը հայրենասիրական և դաստիարակչական բնույթ էր կրում։ Նաև խոսեցին, թե որտեղ են իրենք իրենց ժամկետային ծառայությունը անցկացրել․ Ավետիք Այվազյանը ծառայել է Արցախի Հանրապետության Մարտունի 3 շրջանում, Արման Կարապետյանը՝ Գորիսում, Ռուբիկ Գրիգորյանը՝ Մատաղիսում, իսկ Օնիկ /Գրիգ / Ասպոյանը կռվել է 90-ական թվականներին և մասնակցել տարբեր մարտերի․ այս օրերին իրենց կամավորական պարտականությունները իրականացրել են Օմարի լեռնանցքում։
-Ի՞նչ զգացիք, երբ լսեցիք պատերազմի մասին։
-Զգացմունքներին տեղի չտվեցինք, հասկացանք, որ կա մեր կարիքը, մենք պետք է լրացնենք մեր զինվոր եղբայրների շարքերը, որպեսզի ունենանք լիակատար հաղթանակ․ պատերազմի մասին լսելով՝ մի գիշերվա ընթացքում պատրաստվել ենք և մեկնել մարտի դաշտ։
-Իսկ պատերազմական գործողությունները թե՞ժ էին։
-Այո՛, շատ թեժ էին, առաջին օրվանից սկսած՝ թեժ մարտեր ենք մղել, սեպտեմբերի 27-ին գրավված դիրքը կարողացել են հոկտեմբերի 2-ին հետ գրավել ու ամրապնդվել, եղել է ժամանակ, երբ նույնիսկ չենք հասցրել հաց ուտել։
-Իսկ պարեն, հագուստ հասնու՞մ էր։
-Իհարկե, հասնում էր, հաճախ պարենով լցված տուփերից նամակներ էինք հանում, կարդում ու ավելի մեծ ոգևորությամբ մարտնչում․ ամենահուզիչը մանկատան երեխաների կողմից ուղարկած նամակներն էին։
-Իսկ ի՞նչն էր ձեզ ոգևորում։
Ոգևորող շատ բաներ կային․ առաջինը հայ ազգի միասնությունն է ու միասին մեկ մարդու նման պայքարելու կարողությունը, նամակներն էլ էին ոգևորում, ոգևորում էր նաև այն փաստը, որ մենք դիրքը գրավելուց տալիս էինք քիչ կորուստ, իսկ հակառակորդը մի մեծ մեքենայով դիակ էր տեղափոխում, դա մեզ համար հպարտություն էր։
-Ի՞նչ եք կարծում, մենք թշնամուն զրկու՞մ ենք կյանքի իրավունքից։ Մեր կամավորներից Ավիկը մեջբերեց Նժդեհի խոսքերը և ասաց․
«Ես թուրք եմ սպանել, բայց մարդասպան չեմ»,- այդ խոսքերը ասում են ամեն-ինչ։
-Իսկ ի՞նչ քաղեցիք պատերազմից, ինչ տվեց այն ձեզ։
-Պատերազմը շատ բաներ տվեց մեզ,- պատասխանեց Արման Կարապետյանը,-
10 օր մարտեր մղելով հասկացա, որ պայմանագրային զինծառայողի աշխատանքը ամենակարևորն է, նրանք այդ աշխատանքի մեջ իրենց կյանքն են դնում, բայց չեն վարձատրվում ըստ արժանվույն, նրանք պետք է ոչնչի կարիք չունենան ու ստանան պետության կողմից մեծ աջակցություն, քանի որ նրանք մեր սահմաններն են պահում, իսկ հայրենիքը սկսվում է սահմանից։
- Պատերազմի ընթացքում հետաքրքիր, ծիծաղաշարժ դեպքեր եղե՞լ են։
Մինչև հոկտեմբերի 2-ը մարտերի մեջ էինք, հումոր անելու տրամադրություն էլ չկար, բայց լարված մթնոլորտը վերացնելու համար կատակներ անում էինք։
-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ապագա զինվորներին։
- Խորհուրդը մեկն է՝ լինել հայրենասեր, քաջ, գիտակցել, որ սա անում ես քո ընտանիքի, քո ընկերոջ ընտանիքի, քո ազգի համար։
-Իսկ պատերազմում գիտելիք պե՞տք է։
-Իհարկե, պարտադիր չէ, որ ունենաս բարձրագույն կրթություն, բայց պետք է ունենաս գիտելիք, որպեսզի գրագետ կռվես, հասկանաս, թե ինչպես օգտագործես ռեսուրսները, որ կորուստներ չունենաս։
Վերջում մեր ավագ կամավոր Օնիկ Ասպոյանը հայտնեց իր շնորհակալությունը մեր երիտասարդներին, ասաց, որ մենք պետք է հպարտանանք, որ ունենք նման տղաներ, շեշտեց՝ մեր ապագան հուսալի ձեռքերում է, որովհետև ունենք նման ժառանգներ, շնորհակալություն հայտնեց նաև նրանց, ովքեր ֆիզիկապես մեր կողքին չեն, բայց հոգեպես և նյութապես աջակցում են։ Եվ ավելացրեց, որ հարկ եղած դեպքում պատրաստ են նորից կանգնել դիրքերում ու բոլորով միասին փայլուն հաղթանակ կերտեն։
1+1 թերթի խմբագրություն
ԻՆՉՈՒ՞ ԵՔ ԼՌՈՒՄ․․․
Անձրև է մաղում այս ցուրտ օրերին,
Հոգուս թախիծը անձրևի նման
Կուտակվում, դանդաղ այտիս է թափվում․․․
Անքնությունս ինչպե՞ս ընդհատեմ,
Ինչպե՞ս մոռանամ ու կարողանամ
Զոհվող զինվորի դեմքը չհիշել,
Նրա սգավոր մոր ողբը չզգալ
Ու չհեկեկալ նրա հետ մեկտեղ,
Գոնե երազում իր կողքին լինել․․․․։
Ախ, ինչպե՞ս լռել ու չբղավել,
Սուգն ու կսկիծը լռությամբ տանել,
Լռելը ՝ որպես արվեստ ընդունել․․․
Օ՜, դու աշխարհի դաժան հզորներ,
Դուք էլ եք լռում․․․․
Երբ մի ՍՈՒՐԲ ազգ է ձեր աչքի առաջ
Հանուն իր հողի ու դավանանքի
Անխնա ջնջվում․․․
Ինչու՞ եք լռում։
Ժանետա Հակոբյան
Կանադա
Նարի հեղինակ Աննա Գևորգյան