ընտրացանկը

ՄԱՐՏ 2021 N 3

NUMBER IN PDF

ՈՒԶՈՒՄ ԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՐԱՍՏՎԻ՛Ր ՊԱՏԵՐԱԶՄԻ

 

 

2020 թվականի սեպտեմբերի 27-ը իր սև հետքը թողեց նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում։ 

  ՄԱՄԻԿՈՆՅԱՆ  ՄԵԼԻՔ  ԱՐԱՄԱՅԻՍԻ - ծնվել  է  1997 թվականին, Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում։  Նրա մանկությունը  անհոգ  չի  անցել,  ընտանիքի  պատասխանատվությունը  ընկել  է  նրա  ուսերին, երբ զրկվել է հորից։

Աշխատասեր  և  պատասխանատու    պատանու  մոտ  հայրենասիրությունը  արյան  մեջ  էր,  նա   միշտ  քննադատում  էր  այն   մարդկանց,  ովքեր  բարեկեցիկ  կյանքը  նախընտրում  էին  հայրենիքից։ Շատ էր սիրում  գրքեր  կարդալ,  դպրոցում  սիրած   առարկան «Պատմությունն»էր ։  Սիրում  էր  քննարկել  մեր ժողովրդի անցած  ուղին  և  ուներ  իր  սեփական  դիրքորոշումը։ Սիրում  էր  ֆուտբոլ  խաղալ,  բայց  շատ  ազատ  ժամանակ  չէր  ունենում,  որովհետև  պետք  է  օգներ  մորը  և  Սիրանուշ  տատիկին։  Դպրոցի  տնօրեն  պարոն  Հովհաննիսյանը  նրան  բնորոշեց  կարճ՝  «Լավ  մարդ», և  հետո  ավելացրեց  Մելիքի  խոսքերը․ «Տղամարդու  չափանիշը    հայրենասիրությունն է»։ Սեփական  ուժերով  հանձնում  է  քննությունները, ստանում  է  բարձր  միավորներ, սակայն, սոցիալական  պայմաններից  ելնելով,  չի  կարողանում  ուսումը շարունակել, բայց  չի  ընկճվում։  «Քարվաճառում  կամավորական   էր,- պատմում  է  պարոն  Հովհաննիսյանը,- քանի  ես  դիրքերում  եմ,  դուք  խաղաղ  կքնեք»։ Անվախ  էր, ինչպես  հզոր  արծիվ ․ իր  օրինակը  ուսանելի  էր  շրջապատին։

     ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՍԱՐՈՒԽԱՆԻ -  41  տարեկան,  վեց  երեխաների  հայր,  որից  4-ը  անչափահաս  են։ Բնակվում էր Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում։

Հասարակության   մեջ  մեծ   հարգանք էր  վայելում,  սիրում  էր  իր  գյուղը  և  մեծ  սիրով  զբաղվում  էր  գյուղատնտեսությամբ,  նրա  հոբբին  գյուղսարքավորումներով աշխատելն  էր։

Սիրում  էր  իր  աշխատանքը,  լավ  հայր  ու  շատ  լավ  ամուսին  էր,  ոչինչ  չէր  խնայում,  որ  ընտանիքի  անդամների  օրը  հետաքրքիր   և  անակնկալներով  լցներ։  Ընկերասեր  էր։

Պատերազմի  հենց  առաջին  օրը  կամավորագրվում  է,  չնայած  որ ինքը  բազմազավակ  հայր էր, և նրան  հորդորում   են  չգնալ  առաջնագիծ,  բայց  նա  մերժում  է՝  ասելով, որ եթե ամեն  մեկը չգնա, ի՞նչ  է  լինելու  վերջը։

Կնոջը  վերջին  անգամ  զանգել  է  հոկտեմբերի  10-ին  և  խնդրել , որ  լավ  պահի   երեխաներին։

Նա  գնաց ,  որ  իր  երեխաները  ապրեն  խաղաղ,  որ  իր  հոգին  հանգիստ  հսկի  հայրենի  հողի  սահմանները։

 

      ԴԱՎԻԴՅԱՆ ԵՆՈՔ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ – Բնակվում էր Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում։  5 տարեկանից մնացել է մոր խնամքին, դժվար մանկությունը նրան չի կոտրել, այլ  մեծ արմատներ է գցել սերը դեպի հայրենիքը։ Իր պարտքը հայոց բանակին տալուց հետո չի մտածել լքել հայրենիքը և բռնել արտագաղթի ճանապարհը, այլ նորից անդամագրվել է և որպես կամավոր ծառայության անցել Քարվաճառում։

Ինչպես  ինքն էր մեծացել առանց հոր սիրո և աջակցության , ցավոք,  նույն բախտին արժանացան Ենոքի զավակները, ովքեր միշտ պատվով կխոսեն և կհիշեն հերոս հոր մասին։ Մայրը շատ էր ափսոսում , որ որդու երազանքները մնացին կիսատ, բայց խոստանում էր, որ  ուժ կգտնի, և թոռների հետ նրանց հոր երազանքը կկատարեն։ Ենոքը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով։ Շատ ընկերասեր էր, նվիրված  իր գործին, վիրավոր ժամանակ նույնիսկ ընկերներին մենակ չի թողել, այլ լաթի կտորով  փաթաթել է վերքը և ամրակով ամրացրել ու միացել  ընկերներին, խնդրել, որ էլ չխոսեն ու չասեն, որ պետք է  հոսպիտալ տեղափոխվի։ Մասնակցել է   ապրիլյան քառօրյա պատերազմին։ «Հպարտ  եմ, որ հերոս որդի ունեմ, բայց չեմ ցանկանա, որ որևէ  մեկը զգա այն, ինչ որ մենք ենք զգում։ Թող աշխարհի երեխաները երբեք չզգան իրենց ծնողի կորուստը»։

    ԱՆԱՆՅԱՆ  ՍԱՄՎԵԼ ԱՆԱՏՈԼԻ -ծնված 1988  թվականի նոյեմբերի 30-ին, Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում։

Մանկուց սիրել է զինվորական համազգեստը, քանի որ տանը միշտ զգացել է հայրենիքի պաշտպանի ոգին․ հայրը նույնպես զինվորական էր։ Ծառայելով հայոց բանակում՝ իր սերն ու նվիրվածությունն է դրսևորել հայրենիքի նկատմամբ։ Նա կապավոր էր։ Հմուտ էր  վարվում զենքի հետ, տիրապետում էր տարբեր մարտական զենքերի։ Մասնակցել է քառօրյա պատերազմին։  Անվախ էր, երբեք չի ընկճվել և ցույց չի տվել, որ դժվարություններ ունի։ Շատ էր սիրում իր գործը, հայրենասիրությունը նրա գեների մեջ էր։ Նա իր սեփական մեքենայով սնունդ ու ռազմամթերք էր մատակարարում, չէր վախենում և բոլորին խրախուսում  և հորդորում էր , որ դառնան մի բռունցք, որ կարողանան հաղթահարել ծանր պահերը։ Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հայրը, ով մանկուց էր զբաղվել որդու խնամքով, հպարտությամբ էր խոսում որդու մասին և ասում, որ լավ մարդ է դաստիարակել։ «Նա միշտ ինձ հետ է, նրա ոգին անմահ է»,- ասում  է  հայրը։

   

  ՆԵՐՍԻՍՅԱՆ ԶԱՐԶԱՆԴ ՆԵՐՍԻԿԻ - հերոսը ծնվել է Մեծ Մասրիկում, մանկությունը անցկացրել է հայրենի գյուղում , հայրենիքին պարտքը տալուց հետո անցնում է ծառայության Սոթքում։ Ծառայության ընթացքում նկատելով նրա ռազմական կարողություններն ու ունակությունները՝ հրամանատարական կազմը նրան առաջարկում է ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, որը կնպաստեր նաև զինվորական կոչման բարձրացմանը։ Նա 31 տարեկանում կամավորագրվում է։ Հայրենիքը նրա համար ամեն ինչ էր ։

  Աշխատել է  Ջաբրաիլի զորամասում՝ որպես մարտկոցի դասակի հրամանատար։ Մեծ հարգանք էր վայելում իր զինակիցների կողմից, եթե ունեցել է դժվարություններ, չի տրտնջացել։ Ոչ մի անգամ չի մտածել հայրենիքը լքելու և մեծ փողեր աշխատելու մասին, Շատ երազանքներ ուներ, բայց ամենամեծ երազանքը դստեր՝ իրեն «պապա» ասելն  էր, բայց այս ամենը մնաց անկատար։        

Նրանք մարեցին հանուն մեր ազատության և խաղաղության։ Թող բոլորը կարողանան գտնել իրենց մեջ այն գերբնական ուժը, որով կկարողանան ապրել և ապրեցնել իրենց ժառանգներին։ Հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց անունները հավերժացրին նաեւ մեր մյուս հերոսները․

Արա Խաչատրյան Էդգարի

Համլետ  Աղաբեկյան Արայիկի

Սուրիկ Ավետիսյան Իշխանի

Էդվար Պետրոսյան Մանվելի

Գառնիկ Խաչատրյան Հուսիկի

Նարեկ Հովհաննիսյան Կամսարի

Արծրուն Սիմոնյան Ժիրայրի

Արտաշես Ջանիբեկյան Կորյունի

Կամո Մինասյան Մանվելի

Վարդան Պողոսյան Դերենիկի

Լևոն Սևոյան Մեխակի

Սրսեն Մադոյան Վարուժանի

Սևնիկ Մովսիսյան Արայի

Զավեն Հակոբյան Ստեփանի

Ռազմիկ Մկրտչյան Գալուստի

Վարդան Թադևոսյան Սերյոժայի

Մուշեղ Գալստյան Արամի

Միքայել Կարապետյան Գուրգենի

Արամ Ղուկասյան Կամոյի

Գլուխ ենք խոնարհում բոլոր այն մայրերի առջև, որոնց զավակները անմահացան հանուն հայրենիքի փրկության։

 

 

«1+1» թերթի խմբագրություն

 

   Գարեգին Նժդեհի աշխատանքներում առանձնահատուկ արժեք ունեն  երիտասարդությանն  ուղղված պատգամները ։  Նրա գործունեության ու  բազմաթիվ ուսումնասիրությունների առանցքը  մշտապես եղել է հայ երիտասարդությանը ազգային և հայրենասիրական ոգով դաստիարակելու խնդիրները։ Նրան հատկապես մտահոգել է  հայապահպանության, երիտասարդության և համահայկական խնդիրների լուծման շուրջ համախմբելու հիմնախնդիրը։ Վերոհիշյալ  նպատակների իրականացման գործում հաջողելու համար Նժդեհն առանձնացնում է մի քանի գործոն․

ա/ դպրոցը

բ/ մայրը

դ/ մամուլի դերը։

    Բնութագրելով իր ժամանակաշրջանը՝  Նժդեհը գրում է․ «Չկա , պակասում է բոլորին, դպրոցին, մամուլին, գրողին այն աստվածաշունչ զգացմունքը, որն իր մեջ խտացնում է մարդկային  բոլոր բարձր հատկությունները, չկա  բարձր հայրենասիրությունը, հայրենապաշտությունը չկա․․»։ Այժմ վերլուծելով Նժդեհի մտքերը՝  փորձենք քննարկել  երիտասարդության  հայեցի դաստիարակության գործում  վերոնշյալ գործոնների դերը և նշանակությունը։

  ա/ ԴՊՐՈՑ— Քննադատելով իր ժամանակաշրջանի հայկական  դպրոցների կրթական գործընթացի բացթողումները և թերությունները՝ Գ․ Նժդեհը գրում է․ «Շեշտված նպատակը, ջերմությունը, հոգին է պակասում  մեր այդ դպրոցին։ Նա է, որ պիտի լինի հայրենագիտության ամբիոնի տաճարը։ Դեռ այնտեղ հայ մանուկը պիտի ճանաչի   ու սովորի սիրել հայրենի ժողովրդին ու երկիրը․․․ »։

    Ազգային դաստիարակության նպատակը,  ըստ Նժդեհի,  ազգային գիտակցության ձևավորումն է։

Գերազանցորեն հայրենապաշտ ՝ ահա թե ինչպիսին պետք է  լինի պատմության ուսուցիչը, եթե  այդպիսին չէ,   ապա նրա տեղը դպրոցում չէ։

  Նժդեհի՝  երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության և կրթության գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար, ի թիվս այլ գործոնների, պետք է ապահովվել հետևյալ պայմանները ։

  1․ Հայրենասիրական մթնոլորտ։

  2․ Ազգային գիտակցության ձևավորմանը  միտված աշխատանքներ և համապատասխան դասագրքեր։

  3․ Առարկայի դասավանդման զգացմունքային եղանակներ։

    բ/ ՄԱՅՐԵՐԸ- Նժդեհը մեծապես կարևորում է կնոջ, հայ մայրերի դերը։Նա հայ կնոջ միջոցով է տեսնում հայ ընտանիքի հոգեփոխման գործը և հայ ազգի հարատևության գրավականը․  «Մայրերի  մեջ պետք է փնտրել ազգի ճակատագիրը»,- նշում է նա։

   Հատկանշական է նաև Նժդեհի՝  հասարակության մեջ կնոջ դերի  վերաբերյալ հայոց ազգային  հոգեկեցվածքին վայել  և միևնույն ժամանակ իր ժամանակի համար առաջադիմական դիրքորոշումը։

   Ըստ որի՝ ժողովրդի քաղաքակրթական մակարդակը մեծապես կախված  է հասարակության մեջ կնոջ դերակատարությունից ։

   Գ/ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ- Հասարակության այդ խավի, նժդեհական տերմինաբանությամբ ճշմարիտ մտավորականությանը, ի թիվս այլ կարևոր գծերի, պետք է բնորոշ լինի․

1․ բարոյական նկարագիրը,

2․ բարձր գաղափարականությունը,

3․ ստեղծագործելու նոր իդեալները, արժեքներ ստեղծելու ընդունակությունը,

4․ հոգևոր արիությունը,

5․ իր ժողովրդին խորապես սիրելու և նրա համար նվիրաբերվելու կարողությունը։

    Հասարակության մեջ մտավորականության շարժիչ վճռորոշ դերը ընդգծելու համար Նժդեհը գրում է․ «Պարտվում է մի ժողովուրդ, հենց որ իրեն պարտված է զգում իր մտավորականությունը ։ Կորած է այն ազգային դատը, որի ղեկավարները կորած են համարում այն։ Այո՛, հանձինս  ժողովուրդների՝ միշտ էլ չափվում են իրենց  մտավորականությունները»։ 

   Դ/ ՄԱՄՈՒԼ- Անդրադառնալով մամուլի դերին՝  Նժդեհը գրում է․ «Թերթեր ունենք, որոնք ավելի օգտակար պետք է լինեին հայ ժողովրդին, եթե  բնավ նրանք լույս չտեսնեին»։

   Թերթի պարտավորությունն է՝ խտացած ճշմարտությունը տալ ժողովրդին, նա հատկապես նշում է մամուլի  կրթադաստիարակչական նշանակությունը, նրա դերը հայ ազգի հոգևոր,  բարոյական, ինքնապաշտպանական համակարգի ձևավորմանը։

    Հարգելի՛ ընթերցող, հուսանք՝ ժամանակը Ձեր օգնությամբ աշխատելու է ի օգուտ մեր պետականության։

 

 

 

Անհայտ է՝ որքա՛ն ժամանակ անցավ, մի պահի, երբ Պապը հիացած ունկնդրում է նվագը, Տերենտը,  մեկեն կարծես մի բան հիշելով, ելավ տեղից։

-Ների՛ր, արքա՛, ես մի քանի վայրկյան,- ասաց նա գլխի նուրբ շարժումով ու գնաց դեպի դուռը։

Սակայն դուռը չհասած Գնելը նկատեց, որ նա կանգնեց մի ակնթարթ ու ետ նայեց, ապա դուռը բանալով՝ աներևութացավ նրա հետ։ Փոքր անց,  նույնպես ներում խնդրելով, նույն կողմը գնաց և Ադդե զորավարը՝ իր հաստ ուսերը ճոճելով։

Երբ Գնելը, դրան ևս հայացքով ուղեկցելուց հետո, գլուխը դարձրեց դեպի թագավորը, հանկարծ նկատեց, որ պատընդուս կանգնած հոռոմ զինվորներից մեկը՝  միջահասակ ու բարակ մի երիտասարդ, առաջ գալով կանգնեց թագավորի հետևը, ու հանկարծ․․․․ Գնելը նրա ձեռքին սուր տեսավ․․․

  • Պաշտպանվի՛ր, արքա,- պոռաց նա ու տեղից պոկվելով վազեց դեպի թագավորը։

Նրան հետևեց երիտասարդ Ձյունականը։

Բայց մինչև տեղ կհասնեին, երկուսն էլ նկատեցին, որ թագավորն ընդոստ վեր թռավ բազմոցից, կանգնեց ամբողջ հասակով ու ձեռքը դժվարությամբ տարավ մեջքը՝ թիկունքը խրված սուրը բռնելով․․․

  • Խարդա՜խ․․․ այս էր,․․․- լսեց Գնելը թագավորի ձայնը և իր զարմանքի, հուզմունքի ու վազքի մեջ էլ չտեսավ, թե ինչպես թագավորը պաղած հայացքով ընկավ ճաշի սեղանին՝ կողքից բխող արյունը խառնելով հյուրասիրության գինուն։ Չտեսավ և այն , որ սեղանի շուրջ խառնվեցին իրար․․․ Նա, դաշույնը հանած, գնաց դեպի թագավորին հարվածողը, որն այն է՝ շրջվել էր հեռանալու , Գնելը մոտեցավ, ավելի շուտ՝ մի երկու ցատկումով հասավ նրան և, աչքերը փակելով, դաշույնը բարձրացրեց․․․ Ու ապա զգաց , թե ինչպես ծանր մի բան թափով դիպավ իր ոտքերին․․․

   Այդ ժամանակ Գնելը վախեցած աչքերը  բաց արեց և տեսավ՝           թագավորին հարվածողն ընկած իր առաջ, ու  սրահում ամենքն իրար  անցած․․․․

Այդ  պահին   Գնելը ճչաց ու վազեց դեպի թագավորը,  և երբ թագավորը հանկարծ ընկավ սեղանի վրա, ամենքը մեկեն զարմանքից քարացան մի վայրկյան, ապա հոռոմ  զորականներից մի երկուսը վեր կացան  ու շտապեցին դուրս, իսկ Բաթը առաջին  իսկ վայրկյանին, սուրը մերկացնելով , ուզեց խոյանալ թագավորին պաշտպանելու,  բայց  չկարողացավ   առաջ գնալ – հոռոմ զինվորները  խառնվել էին առաջին․․․ և այժմ  նա սրով կամենում  էր ճանապարհը  բանալ, գնալ դեպի թագավորը․․․ Սուր էր հանել և Երեմիան․․․․

Գնելն այդ տեսնելով   վազեց դեպի Բաթն ու Երեմիան։

-Վրե՛ն , օգնի՛ր,- գոռաց նա երիտասարդ  Ձյունականին ու նետվեց առաջ ։ Սակայն մինչև  տեղ հասնելը  ծանր մի հարված զգաց աջ ուսին  և ընկավ՝  մտածելով,  որ դա երազ է կամ պատահմամբ, որ ինքը նորից կբարձրանա, կպաշտպանի թագավորին,  իր պետ Բաթին ,  Երեմիային  և  Ձյունական Վրենին․․․

Այդ իսկ  վայրկյանին,  չգիտես  Գնելի  ճիչի՞, թե բարձրացած աղմուկի վրա,  ճաշասրահի զույգ փեղկերը բացվեցին, ներս եկավ Տերենտը իր դիք հասակով և հուզված։

  • Ո՞վ էր այդ, - պոռաց նա զայրագին ։- Վիրավորել թագավորի՞ն․․․ Ո՞վ համարձակվեց․․․

Նրա ձայնի վրա հոռոմ զինվորները կանգ առան , իսկ Բաթը, նրան տեսնելով , ետ դարձավ  և մի ցատկումով  Տերենտին  հասնելով ՝ սուրը բարձրացրեց հանկարծ․

-Ահա ՛ քեզ, խարդախ արքայասպան ,- մռնչաց նա ոչ մարդկային ձայնով, այդ մի քանի բառի մեջ դնելով կարծես տարիների իր ոխը, ատելությունն ու զայրույթը։

Եվ մինչ Տերենտը կընկներ տապալվող ծառի պես, Բաթը, սուրն առաջ ճոճելով, բաց դռնից  նետվեց դուրս։

-Բռնե՛լ ։ Չթողնե՛լ փախչի,- լսեց նա  հետևից հունարեն։

Եվ իրոք, տպավորությունն   այն էր, թե նա փախչում է  գլուխն ազատելու։ Բայց մինչև կփորձեին հետևել , նա   գլխաբաց  վազեց ծառերի տակ կապված ձիերից  մեկի մեջքը և սուրաց առաջ։

Եվ ոչ ոք չհետևեց նրան․ նույնիսկ փորձ չարեցին․ բոլորը խառնվել էին իրար, խառնվել էին Տերենտի շուջը։ Իսկ Բաթը ձին փոթորկի պես քշեց դեպի անտառ։ Քշեց, ինքն էլ չիմացավ ո՛րքան / նրան թվաց ժամեր/, վերջապես, երբ մոտեցավ անտառին և ծառերի տակ նկատեց թիկնապահ գնդի զինվորների, որ խումբ- խումբ նստոտած ու պառկած զրուցում էին հանգիստ, նա գոռաց ամբողջ կոկորդով մի ձայնով , որ դուրս էր գալիս ոչ միայն կրծքից, այլ ասես նրա սրտի խորքերից։

  • Զինվորնե՛ր․․․ զինվորնե՛ր․․․ հոռոմները սպանեցին մեր թագավորին․․․ Զա՛րկ հոռոմներին։ Զա՛րկ հոռոմներին,- կրկնեց նա հևասպառ։
  • Մեկը լուր տանի թող Հավնունու դղյակը, մյուսը՝ Սմբատ ասպետին․․․ ի՛մացնել  բոլորին ․․․ Թո՛ղ գան  գնդերով․․․ և ․․․  օ՛ն հետևեցեք ինձ․․․

Եվ նա նժույգի գլուխը դարձրեց նորից ու սրամերկ սուրաց առաջ։

Թիկնապահ գունդը ցնցվեց նրա խոսքերից,  նրա տարօրինակ մազախռիվ տեսքից,   և մի ակնթարթում բոլորն անմիջապես, ձիերը հեծած ու  կարծես մտրակված՝ հետևեցին նրան մրրիկի պես՝ վարակվելով իրենց պետի օրինակից։

Բոլորը սլանում էին նրա պես սրերը մերկացրած, ձիերի վրա կռացած, արձակված նետերի պես․ թվում էր՝ հալածում են Բաթին, որ սուրում  էր իր ձիուն ձուլված, մի 20-30 քայլ նրանից առաջ։

Ամենքը ձգտում էին հասնել նրան, առաջել նրան ։

Ու մի քանի վայրկյան հետո արդեն Տերենտի դղյակի մոտ էին ։

Հուսանք, որ մեր կրթական նոր համակարգով կրթություն ստացած զինվորականները ,  իշխանության ներկայացուցիչները կծառայեն մեր պետական շահերին։

 

 

 

Այսօր առավոտյան թվում էր, թե, ինչպես միշտ,  կրկնվում է այն ամենը, ինչ որ կատարվել կամ եղել է երեկվա  ընթացքում։

Բայց կար մի բայց , որ ոչ մի ձևով  չես կարողանում բացատրել այդ բայցը, դա այն մարդակեր պատերազմն  էր,  որը մեր հարևանների հետ ընթանում է արդեն մի քանի դար։

 Ինչքանով է այն տունը, որտեղ մենք ապրում ենք, ընկալվում մերը,  ինչքանով  ենք այն Սարը ընկալում  մերը․ համագյուղացիների ասելով՝  դա մերն է, և այն պետք է մնա մեր հետնորդներին։  Պատերազմի օրերին  այդ փոփոխությունները ավելի վառ պետք է երևան, բայց․․․բայց․․

Ինչպես միշտ, մենք հասակակիցներով հավաքվում ենք գյուղամիջում և փորձում ենք  պատասխաններ գտնել այն բոլոր բայցերին , որոնք ուղորդում են մեզ դարերի ընթացքում։

Մեր հարևան Սաղաթելը պատմում էր, որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկիզբին, երբ Արևմտյան Հայաստանից մեր պապերը գաղթում էին Արևելյան Հայաստան, նրանց հիմնական նպատակն էր՝ գտնել կյանքի  ավելի բարեկեցիկ, ապահով տեղ , բայց ի՞նչ իրողության մեջ էին նրանք  հայտնվել Արևելյան Հայաստանում , որը Ցարական Ռուսաստանի տարածքի մի մասն էր։Այստեղ եւս պահպանվում էր նույն ազգային հալածանքը, սակայն այն տարբրությամբ միայն, որ այստեղ նրանք ապահով էին ֆիզիկական բնաջնջումից։

Ինձ թվում է՝ մենք ունենք հոգեբանական մեծ խնդիրներ, որոնք  կարող են լուծվել, երբ մեր կրթական մակարդակը բավարարի այնքան, որ մեր բնակչությունը կարողանա կարդալ այն գիրքը, ինչը կարդում են հրեան, ֆրանսիացին, գերմանացին, և հասկանա այն, ինչը հասկանում են նրանք։

Մի հինադարյան  ասացվածքում  գիտակցությունը  համեմատում են ամանով ջրի հետ։

Եթե լցնեք մեկ գդալ աղ այդ ջրի մեջ, օրինակ՝ սուրճի բաժակի մեջ, ջուրը կդառնա աղի, և դժվար թե այն խմելու ենթակա լինի ։

Իսկ եթե ամանը մի քանի լիտրանոց տարա է, ապա ջրի համի վրա չի ազդի  մի  գդալ աղը։

Ե՛վ  ջուրը  և՛   աղը նույն են, բայց ձեր զգացողությունը,  կյանքի փորձը տարբեր են։

Նույնը  կարելի է ասել մեր գիտակցության մասին։ Երբ մենք սովորում ենք ապրել գիտակցաբար, նկատում ենք , որ կյանքի որակը բարձրանում  է, ինչպես ջրի համը, իսկ մտքի ուժը՝ ամրանում ։

 

Հակոբ Սարիբեկյան

                                                                                              Վերին Գետաշեն

 

 

   Ճամբարակի Մարտունի գյուղը 100 տարվա պատմություն ունի․ բնակիչները գաղթել են Մուշից և Վանից։ Գյուղը ունի մշակույթի տուն, մանկապարտեզ ,   միջնակարգ դպրոց , թեև դպրոցի   աշակերտների թիվը 54 է,  ուսուցումը իրականցվում  է երկկոմպլեկտ դասարաններով։ Դպրոցի տնօրեն պարոն Խաչատրյանը  երկար տարիներ է տնօրինում դպրոցում և շատ մտահոգված է թե՛ գյուղի և թե՛ իր ուսուցչական անձնակազմի մասին ։ Երկրում տիրող իրավիճակը միշտ  զգոն է պահում բնակիչներին, իսկ նրանց ապագան մեր աշակերտներն են, և մեր պարտքն է նրանց ուսուցանել` բարդ իրավիճակներից դուրս գալու ելքեր գտնելու։

  Համաձայն  ԳՄՓՎ Ճամբարակի  թիվ  35 ՀՓՋ  2021թ. հատուկ  տակտիկական  ուսումնավարժությունների (այսուհետ՝  ՀՏՈւ)  պլան – ժամանակացույցի՝ մարտի  17 - ին  թիվ  35  ՀՓՋ - ի  1 –ին   հերթափոխի  կողմից անցկացվեցին հատուկ  տակտիկական  ուսումնավարժություններ ՀՏՈւ  Մարտունի  վարչական  բնակավայրի  3 -րդ  փողոցի  21  հասցեում  գտնվող  «Մարտունու  միջնակարգ  դպրոց » ՊՈԱԿ - ում:

 ՀՏՈւ - ի  թեման

Տարհանումը  և  հրդեհաշիջումը  դպրոցում:

ՀՏՈւ - ի  մասնակիցները

   ԳՄՓՎ Ճամբարակի  թիվ  35  ՀՓՋ  1 – ին   հերթափոխի  անձնակազմը՝  հերթափոխի  պետ,  փ/ծ  ենթասպա  Ս. Հարությունյանի  գլխավորությամբ, «1+1» թերթի  խմբագիր  Ռ. Հակոբյանը  և  << Մարտունու միջնակարգ  դպրոց >> ՊՈԱԿ - ի աշակերտական  ու  ուսուցչական  կազմը՝  ի  դեմս  տնօրեն Ա . Խաչատրյանի:  ՀՏՈւ -ի  ղեկավար  էր  հանդիսանում  Ճամբարակի թիվ  35  ՀՓՋ  հրամանատար, փ/ծ  փոխգնդապետ  Ռ.Օհանյանը:

 ՀՏՈւ - ի  նպատակը

  1. Ուսումնասիրել օպերատիվ  քարտը  և  կատարել  ճշգրտումներ:
  2. Կատարելագործել հրամանատարական  կազմի  ունակությունները  դպրոցում  տարհանման  և   հրդեհաշիջման  աշխատանքներ  կազմակերպելու  ժամանակ:
  3. Կատարելագործել մարտական  հաշվարկի  պատրաստվածության  վիճակը  դպրոցում տարհանման, փրկարարական  և  հրդեհաշիջման  աշխատանքներ  կատարելիս:

ՀՏՈւ - ի  ընթացքում

ժ. 12:00 – ին  Ճամբարակի  թիվ  35  ՀՓՋ  ահազանգ  է  ստացվել, որ  Մարտունի  վարչական  բնակավայրի        3 – րդ  փողոցի  21  հասցեում  գտնվող   << Մարտունի  միջնակարգ  դպրոց >>  ՊՈԱԿ – ում  հրդեհ  է  բռնկվել: ժ. 12 : 02 – ին  դեպքի  վայր  է  մեկնել  1 – ին  մարտական  հաշվարկը, որը  դեպքի  վայր  է  հասել ժ.12 : 20 – ին: Դեպքի  վայրում  ՀՏՈւ – ի  ղեկավար  փ/ծ  փոխգնդապետ  Ռ. Օհանյանը  տալիս  է  հրաման  հրդեհաշիջման  ղեկավար (այսուհետ՝ ՀՇՂ)  փ/ծ  ենթասպա  Ս. Հարությունյանին  հետախուզություն  անցկացնելու  վերաբերյալ: Ժ.12 : 25 – ին  ՀՇՂ  փ/ծ  ենթասպա  Ս. Հարությունյանը   ՀՏՈւ – ի  ղեկավար  փ/ծ  փոխգնդապետ  Ռ. Օհանյանին  զեկուցում  է, որ  հրդեհ  է բռնկվել  շենքի  2-րդ  հարկում  տեղակայված  դասասենյակներից  մեկում  և  կրակն  ու  ծուխը  սպառնում  են տարածվել  դեպի  տանիք, միջանցք  և  հարակից  սենյակներ: Շենքի  1 – ին  հարկի  աստիճանավանդակի   մոտ  կա  մեկ  աշակերտ, որն  ունի  ոտքի  վնասվածք, իսկ  2 - րդ  հարկի  հրդեհ  բռնկված  դասասենյակին  հարակից  դասասենյակում  կան  երկու  աշակերտներ, ովքեր  խիտ  ծխապատման  պատճառով  չեն կարողացել  դուրս  գալ  շենքից:  ՀՏՈւ-ի  ղեկավար, փ/ծ  փոխգնդապետ  Ռ.Օհանյանը  տալիս  է  հրաման  1 – ին  հարկում  մնացած,  ոտքի  վնասվածք  ստացած  աշակերտին  պատգարակի  միջոցով  ապահով  դուրս  բերելու, 2 – րդ  հարկի  դասասենյակում  մնացած  աշակերտներին  պարանների  միջոցով  անվտանգ  դուրս  բերելու,  և  միաժամանակ  կատարելու  հրդեհաշիջում : Անմիջապես  ՀՇՂ  փ/ծ  ենթասպա  Ս.Հարությունյանը  և  օղակի  հրամանատար,  փ/ծ  ավագ  Ն. Դալլաքյանը  ոտքի  վնասվածք  ստացած  աշակերտին  պատգարակի  միջոցով  դուրս  են  բերում  անվտանգ  վայր  և  ցուցաբերում  առաջին  բուժօգնություն: Հրշեջ – փրկարարներ , փ/ծ  ավագ  սերժանտ  Վ. Թիզյանը, փ/ծ  ավագ  սերժանտ  Ն. Բարսեղյանը  և  փ/ծ  սերժանտ  Ա. Ոսկանյանը  2 - րդ  հարկում  մնացած  աշակերտներին  պարանների  միջոցով, դելտա  կոչվող  հնարքով  անվտանգ  դուրս  են  բերում  շենքից  և  անցկացնում  հոգեբանական  զրույց: Իսկ  հրշեջ – փրկարարներ, փ/ծ  սերժանտ  Ֆ. Դանիելյանը  և  փ/ծ  սերժանտ  Ս.Ջառահյանը  արդեն  իրենց  զբաղեցրած  դիրքերից  հաջողությամբ  կատարեցին  հրդեհաշիջում:  Ժ.12 : 45 – ին   ՀՇՂ  փ/ծ  ենթասպա  Ս. Հարությունյանը   ՀՏՈւ-ի  ղեկավար  փ/ծ  փոխգնդապետ  Ռ. Օհանյանին  զեկուցում  է  շենքում  մնացած  աշակերտների ապահով  դուրս  բերման  և  հրդեհի  մեկուսացման  մասին: Ժ.12 : 50 – ին  հմուտ  կազմակերպված  մարտավարության  շնորհիվ  առանց  մարդկային  կորուստների  և  խոշոր  նյութական  վնասների  << Մարտունու  միջնակարգ  դպրոց  >> ՊՈԱԿ - ի  շենքում  բռնկված  հրդեհը  մարվեց: Ժ.12:55 -ին  տրվեց փրկարարական աշխատանքների  ավարտ, իսկ Ժ. 13 : 00 – ին   տրվեց  ՀՏՈւ – ի  ավարտ։   1 – ին  մարտական  հաշվարկը  ՀՓՋ  վերադարձավ  Ժ.13:20 - ին:

Եզրակացություն

ՀՏՈՒ – ն  ցույց  տվեց, որ  Ճամբարակի  թիվ  35  ՀՓՋ  1 – ին   հերթափոխի  անձնակազմը  ունակ  է  դպրոցում  իրականացնել  տարհանման, փրկարարական  և  հրդեհաշիջման  աշխատանքներ: Որպես  ՀՇՂ  փ/ծ  ենթասպա՝  Ս. Հարությունյանը հրամանները  տալիս  էր  հստակ, կայացրած  որոշումները  արդյունավետ  էին  և  իրավիճակին  համապատասխան:  ՀՏՈւ - ի ընթացքում  հայտնաբերվեցին  որոշակի  թերություններ, որոնք   էական   չէին և վերացվեցին  տեղում: Ամփոփման  ժամանակ  ՀՏՈւ - ն  գնահատվեց  բավարար:

ԳՄՓՎ` Ճամբարակի  թիվ  35  ՀՓՋ    հրամանատար,  փ/ծ  փոխգնդապետ     Ռ.Օհանյան

 

«1+1» թերթի խմբագրություն

 

   Ֆինանսական գրագիտություն, անձնական ֆինանսների կառավարում, արդյունավետ ֆինանսական պլանավորում․․․ Արդի պայմաններում բավականին մոդայիկ բառակապակցություններ, որոնք առաջին հայացքից թվում են որպես մասնագիտական հասկացություններ, սակայն  իմաստային տեսանկյունից կրում են կենցաղային բնույթ և ուղեկցում են յուրաքանչյուրիս մեր առօրեական կյանքում։ Փորձենք վերլուծել վերոնշյալ հասկացությունները՝ ընդգծելով վերջիններիս դերն ու նշանակությունը մեր կյանքում։

  Ֆինանսական գրագիտությունը  ըստ էության իրենից ներկայացնում է անձնական ֆինանսների կառավարման հմտությունների ամբողջություն, իսկ անձնական ֆինանսներն իրենց հերթին բնորոշ են հասարակության յուրաքանչյուր անդամի՝ անկախ ռասսայական, սեռային ու տարիքային պատկանելիությունից։ Անձնական ֆինանսները ներառում են անհատի եկամուտները, որոնք կարող են ստացվել տարբեր ուղիներից՝ աշխատավարձ, կենսաթոշակ, դրամական փոխանցումներ և այլն։ Իսկ եկամուտները մեզ համար ունեն կարևոր նշանակություն, քանի որ եկամտային հատվածում մուտքերի  ապահովումը հանդիսանում է երաշխիք  ծախսային հոդվածների պատշաճ իրագործման տեսանկյունից։

    Խոսելով ծախսերի մասին՝ նշենք, որ ինչպես հայկական, այնպես էլ միջազգային գրականության մեջ վերջիններս ունեն հետևյալ դասակարգումը՝ հաստատուն և փոփոխուն ծախսեր։ Հաստատուն ծախսերի թվին են դասվում այն ծախսերը, որոնք պարտադիր կերպով ենթակա են կատարման, և փոփոխուն ծախսեր, որոնց կատարման վրա ինքներս կարող ենք ունենալ անմիջական ազդեցություն, խոսքը վերաբերում է օրինակ՝ հագուստին, ժամանցի կազմակերպմանը, առողջության պահպանմանը։ Նկատենք, որ եկամուտների ու ծախսերի միասնական տեսքով ներկայացումը ստեղծում է անձնական բյուջեի ընդհանրական պատկերը։ Փաստենք, որ եկամուտների ու ծախսերի ծավալային համադրման համատեքստում հնարավոր են 3 դեպքեր։ Ստորև դիտարկենք այդ դեպքերը առանձին-առանձին։

ԴԵՊՔ 1 Եկամուտներ=ծախսեր

   Սա այն դեպքն է, երբ գործ ունենք հավասարակշռված բյուջեի հետ, մասնավորապես այն, որ ստացված եկամուտները ամբողջովին բավարարում են նախատեսված ծախսերը կատարելու համար։

ԴԵՊՔ 2 Եկամուտներ<ծախսեր

   Այս պարագայում իրավիճակը հետևյալն է՝ ստացված եկամուտները չեն բավարարում անհրաժեշտ ծախսերի կատարմանը։ Այս դեպքում է, որ գործնականում ֆինանսական շուկայում դրսևորվում է վարկ հասկացությունը։ Այսինքն՝ նախատեսված ծախսերի կատարումն ապահովելու նպատակով ձեռք են բերվում լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որոնք միաժամանակ ենթադրում են նաև որոշակի ժամանակահատված անց լրացուցիչ միջոցների վերադարձ և հավելյալ տոկոսագումարների վճարում։

ԴԵՊՔ 3 Եկամուտներ>ծախսեր

    Այս տարբերակը իրականում առավել նախընտրելի է, քանի որ ըստ էության ստացված եկամուտները ոչ միայն բավարարում են անհրաժեշտ ծախսերի կատարմանը, այլև հնարավորություն են տալիս խնայողություններ անելու ։ Ներդրումների կատարման մյուս՝ ակտիվ եղանակը ենթադրում է մշտական զգոնություն, ֆինանսական շուկաների զարգացման շարժընթացի անընդհատյա դիտարկում։ Վերջիններիս թվին է դասվում օրինակ ներդրումը բիզնեսում, որի դեպքում նկատենք, որ բացի ֆինանսական շուկայի վերլուծությունից, պահանջվում է նաև մրցակիցների գործունեություն ուսումնասիրություն, մշտապես թարմացվող ռազմավարություն և այլն։

   Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ ներկայումս ֆինանսական շուկան գերհագեցած է առաջարկվող ծառայությունների բազմազանության տեսանկյունից, և մեզանից  յուրաքանչյուրը, ունենալով իր անձնական ֆինանսների շրջանակը, պետք է իրականացնի բյուջեի պլանավորում և՛ կարճաժամկետի և՛ երկարաժամկետի կտրվածքով։ Ինչպես նաև իրադարձությունների անկանխատեսելիության և անորոշության տեսանկյունից կարևորվում են նաև խնայողությունները, վերջիններիս օգտագործումը ներդրումային դաշտում, լրացուցիչ եկամուտների ստացումը, ինչն էլ միաժամանակ իր հերթին կարող է ենթադրել նաև ծախսային հոդվածների ընդլայնում, կենսամակարդակի բարձրացում։

    Մենք հաջորդ համարներում կանրադառնանք եկամուտներին ու ծախսերին։

 

 Ալլլա  Սարգսյան

 

 

 

 

  Միացյալ Նահանգների հիմնադիրներից մեկն է Բենջամին Ֆրանկլինը։ Գյուտարարությունը նա սկսել է 12տարեկանից, երբ աշխարհում առաջինը  ստեղծեց լողալու լողակները։

Միանգամից իր հասակակիցների մոտ նա դարձավ հարգված և սիրված։ Բենջամինը գնաց ավելի առաջ և ստեղծեց երկկողմանի լինզաներ, ճոճվող աթոռ, վառարան առանց  ծխի։ Նրա գլխավոր  գյուտը դարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգները,  ավելի ճիշտ՝  « Անկախության դեկլարացիան», որի ստեղծման համար Ֆրանկլինը մեծ ջանքեր գործադրեց։

Այդ օրվանից՝  հունվարի 17-ից , նշվում է  մանկական գյուտարարության  միջազգային օր։

 

                                                                  <<1+1>> թերթի խմբագրություն

 

 

   

 

         Ժամանակակից աշխարհում  օրեցօր ավելանում  են լրատվական հոսքերը։ Այդ պատճառով էլ մեր դպրոցականները  պետք է  ոչ միայն գիտելիքներ  ունենան,  այլև ունակություն՝ կողմնորոշվելու  այդ տեղեկատվական  հոսքում, անել մտածված ընտրություն, ունենալ նպատակներ, ընդունել   ինքնուրույն   որոշումներ, լինել ճկուն և առաջադեմ  առօրյա հարցերում ,  այսինքն՝ լինել  ստեղծագործ անձնավորություն։ Այսօր  աշխարհում ստեղծագործ երեխաների դաստիարակումը առաջնային խնդիր է ուսումնական հաստատություններում։ Ստեղծագործ կարողություններ ունի յուրաքանչյուր  երեխա, բայց  նրա ունակության զարգացումը կախված է նրանից,  թե ովքեր են  այդ երեխային դաստիարակողները  և ինչպես են ընդունում  երեխայի այդ հատկությունը։

Է․ Ֆորմանի կոնցեպցիայի համապատասխան՝  եթե  երեխայի  զբաղվածությանը  չստանա  իր  նպատակակետը , այդ դեպքում  այդ երեխայի մոտ կսկսվի հակառակ  ավերող ունակությունը։

 

   Ազգային ստուգատեսի շրջանակներում Գեղարքունիքի մարզի դպրոցներից ընդգրկվել էր նաև Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցը, որտեղ ներկա էր ԳԹԿ-ի նեկայացուցիչ Միրցա Հալաջյանը, ով սիրով պատասխանեց  մեր հարցերին։

Հարց-Ի՞նչ նպատակով է ընտրված  8-րդ դասարանը, որը դեռ քննական  համակարգին ծանոթ չէ։

Պատասխան- Ավելի լավ, որ քննական դասարան չէ, և երեխաները կողմնորոշված չեն կոնկրետ քննության և  քննական առարկաների վրա, քանի որ այդ առակաները նրանք պարապում են, այդ նպատակով էլ ընտրված է 8-րդ դասարանը։ Բացի դրանից, Tims միջազգային ստուգատեսը անցկացվել է  4-8-րդ դասարաններում, այդ փաստը կողմնորոշիչ  ընդունելով՝  ընտրել ենք 8-րդ դասարանը։ Սա հետազոտություն է ոչ միայն գիտելիքների, այլ ընդհանուր զարգացման ստուգում է, և նպատակն է՝ ստուգել ոչ միայն դպրոցում ստացած գիտելիքները, այլև երեխայի ընդհանուր զարգացման մակարդակը, որից հետո մենք վերլուծում ենք  և պարզում, թե այդ գիտելիքը երեխան որտեղից ունի , որտեղից կարող է վերցնել կամ ստանալ։ Կարող է այդ գիտելիքը նա ստացել է ընտանիքից, հեռուստացույցից, հարևանից կամ  իր ինքնակրթության հետևանքն է։  Հարցերը ըստ այդմ են կազմված, չենք շրջանցել  նաև  դպրոցական ծրագիրը։

Թեստերը կազմված են հետաքրքիր ոճով, այսինքն՝ չոր  հարցեր չեն, երեխան պետք է կռահի՝ ինչ է պահանջվում, կռահելով կարողանա պատասխանել։ Ազգային ստուգատեսով վեր ենք հանում երեխայի ինքնակրթության աստիճանը։

Հ-  Մեր պետությունում կրթությունը լիարժեք համարու՞մ եք։

Պ․- Որևէ պետության մեջ  և որևէ ժամանակում կրթությունը լիարժեք չի կարող լինել, կամ մենք բավարարված լինենք այդ պահանջով։ Մենք միշտ ձգտում ենք կատարելագործվելուն և ավելի լավին հասնելու։

Հ․- Տարվա ընթացքում մշակու՞մ եք այնպիսի ծրագրեր, որոնք կկարողանաք իրագործել։ Մասնակցու՞մ եք դասագրքերի կազմման գործընթացին։

Պ-Մենք  չենք մասնակցում ծրագրերի մշակմանը, բայց առաջնորդվում և կողմնորոշվում ենք մշակված ծրագրով։ Դասագրքերի  կազմման գործընթացին  մենք չենք մասնակցում, բայց, առաջնորդվելով դասագրքերի համապատասխան մշակված ծրագրերից, կազմում ենք թեստեր։

Հ․ - Ինչպիսի՞ն  է Ձեր համագործակցությունը հանրակրթական դպրոցների հետ, ի՞նչ եք նախատեսում ապագայում։

Պ․- Մենք արդեն շուրջ 10 տարի անցկացնում ենք ազգային ստուգատեսներ թե՛ հայագիտական , թե՛ բնագիտական և թե օտար լեզուներից , ունենք ընթացիկ քննություններ, որոնք շատ են տարբերվում  ազգային ստուգատեսներից։ Ազգային ստուգատեսը ազատ է, այնտեղ ստուգվում են աշակերտի կարողությունները և հմտությունները, տրամաբանությունը, իսկ քննություններում աշակերտը գնահատվում է։

Հ- Ի՞նչ եք մտածում հեռավար ուսուցման վերաբերյալ։

Պ- Իմ՝ անհատի կարծիքն է, որ հեռավար կրթությունը չի կարող ունենալ այն արդյունքը, ինչ առկա ուսուցումը։

Հ- Ի՞նչ  կարծիք ունեք այսօրվա մեր սերնդի մասին։

Պ- Իմ անձնական կարծիքը այն է, որ   մեր  սերունդը  աճում և զարգանում է, կան բացառիկ երեխաներ, բայց մենք միշտ ձգտում ենք ամենալավին, բայց միայն ասեմ, որ անապատային վիճակ չէ, այն կախված է  մեզանից, եթե ցանկանանք այն ավելի կծաղկի։

Հ-Ձեր կարծիքով՝ կրթական համակարգում կա մի բան , որը   փոփոխման ենթակա է։

Պ- Ես անհատական կմոտենամ այդ հարցին, պետք է փոխել թե՛ ծրագրերը և թե՛ ուսուցման մեթոդը։ Փոփոխությունը միշտ բերում է լավի, և կարող ենք համեմատականով որոշել և տարբերակել։

Հ-  Ի՞նչ կմաղթեք մեր սերնդին։

Պ- Մեր սերնդին մաղթում եմ խաղաղություն, կայունություն, անվտանգություն, որպեսզի մեր ուժերը կենտրոնանան հայրենիքը ծաղկեցնելու և զարգացնելու վրա, որպեսզի այնքան հանգիստ լինենք և ապահով , որ միայն մտածենք գիտության և մշակույթի զարգացման գործընթացի մասին։

Շնորհակալություն ենք հայտնում տիկին Միրցա Հալաջյանին  հարցազրույցի համար։

 

 

 

 

 

․    

         Բարև ձեզ, իմ սփյուռքահայ անծանոթ ընկերներ։ Ձեզ գրում է Վիկան։ Ես տասը տարեկան եմ, ապրում եմ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում, սովորում եմ նույն  գյուղի միջնակարգ դպրոցի չորրորդ դասարանում։ Ես շատ եմ սիրում իմ ծննդավայրը։ Երեք տարի ապրել եմ արտերկրում և միայն  վերադառնալուց  հետո հասկացա, որ  թերևս  ծննդավայրը, հարազատները, հայրենիքն ու այնտեղ թողած հուշերն են  այն անփոխարինելին  և  հոգեհարազատը, որ երբևէ կարող են  մարդու ծիծաղը լիաթոք  դարձնել   և  խեղդել ծննդավայրի անհագ կարոտը։ Իմ ծննդավայրը գտնվում է Գեղամա լեռների փեշին։ Գյուղի միջով հոսում է Գավառագետը։ Բնությունն այնքան գեղեցիկ ու յուրօրինակ է,  որ ոչ մի տեղ չես հանդիպի։ Ամենուրեք մաքուր ու թարմ օդ է։ Մարդիկ բարի են և աշխատասեր, հյուրասիրության մասին էլ չեմ ասում, դա պետք է զգալ։  Խոսքերով չեմ  կարող նկարագրել իմ բնակավայրի գեղեցկությունը՝ բնության  հրաշագործությունները,  վանքերն ու մատուռները, այն պետք է տեսնել սեփական աչքերով ։ Սիրով ձեզ կսպասեմ իմ բնակավայրում, կհյուրընկալեմ  ու կծանոթացնեմ  նրա պատմությանն  ու մշակութին։

                                     Սիրով           ՝ Վիկայից իր սփյուռքահայ անծանոթ ընկերներին։