Հրատարակումներ
Փետրվար 2022
ԿՈՆՖԻՑԻ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ԻՆՉ- ՈՐ ՉԱՓԻ ՊԱՐՏԱԴՐԱՆՔ
ԿՈՆՖԻՑԻ
ՄԻՇՏ ԼԻՆԵԼ ԼԱՎԱՏԵՍ, ԵՎ ԳՈՐԾԸ ԿՇԱՀԻ
Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի «1+1» մարզային դպրոցական թերթը հյուրընկալվել էր Միքայելյանների ընտանեկան ֆերմա, որտեղ զբաղվում են պանրագործությամբ:
Միքայելյանների ֆերման հիմնվել է 2012 թվականին, երբ Արմանը Երևանից կնոջ՝ Մարինեի և երեխաների հետ վերադարձել է հայրենի տուն՝ հայրական օջախ, գնել են վեց կով և վարել ֆերմերային տնտեսություն։
Մեկ ամիս հետո սկսում են պանիր պատրաստել։ Սկզբում արտադրում են կաթ, մածուն, այնուհետև նաև՝ աղաջրային պանիրներ՝ լոռի, չանախ։ 2-3 տարի անց արդեն որոշակի գիտելիքներ են ունենում և սկսում հայկական գինիներով հնեցրած պանիր արտադրել․ դրանք դարձան ռեստորանների համար նախատեսված դեսերտային չոր թարեքային հասունացմամբ առաջին պանիրները, որոնք համադրվեցին հայկական գինիների հետ։ Լավ որակի պանիր ստանալու համար բավական ժամանակ պահանջվեց՝ 2-2,5 տարի․ 2 տոննայից ավելի կաթ են փչացրել, որ հասել են արդյունքի։
Հարց- Ինչո՞վ է պայմանավորված այդքան հետաքրքիր տեսականի ունենալու գաղտնիքը։
Պատասխան- Մարինեն՝ կինս, ով մասնագիտությամբ կենսաքիմիկ է /նրա մասնագիտությունը շատ պետք եկավ տեխնոլոգիական պրոցեսները հասկանալու համար/, մեր տեխնոլոգն է, նրա ուսերին են դրված պանրային բոլոր խնդիրները։ Անընդհատ նոր փորձեր է անում, տարեկան 8-10 նոր տեսակի պանիրներ ենք փորձում, և նրանցից գրեթե 2-3-ը հաջող են ստացվում ու պիտանի են արտադրության համար: Դա մեզ համար լավ ցուցանիշ է։
Հ- Ի՞նչ անունով եք այն կոչել Ձեր արտադրած առաջին պանիրը, որը ստանալու համար երեք տարի է պահանջվել ։
Պ- Այո՛, ունենք, այն կոչվում է «Գինու բույրը» /Aroma Del Vino /իտալերեն//, այն գինու մեջ է հասնացվում և ունի գինու բույր։Ընդհանուր հասունացման ժամանակը տևում է վեց ամսից մինչև մեկ տարի, որից մոտավորապես երկու ամիսը պահվում է գինու մեջ։
Հ- Արտադրամասում քանի՞ աշխատող ունեք։
Պ- Մենք չորս աշխատողներ ունենք։
Հ- Որտե՞ղ եք հիմնականում իրացնում Ձեր ապրանքը։
Պ- Մի մասը Երևանյան ռեստորաններում, հյուրանոցներում, որտեղ հիմնականում զբոսաշրջիկներ են, նաև համտեսների տեղի վաճառքի միջոցով ենք իրացնում:
Հ- Ձեր աշխատողներից քանի՞սն են մասնագիտացված այս գործում:
Պ- Մենք միշտ անցկացնում ենք դասընթացներ, որպեսզի համապատասխանենք նոր ապրանքների պայմաններին։
Մեր զրույցից հասկացանք, թե ինչպիսի գիտելիքներ և մասնագիտություն պետք է ստանան դպրոցականները, որ լավ մասնագետ դառնան նման ոլորտում: Որոշում ընդունելիս յուրաքանչյուր երեխա, ծնող պետք է հասկանա՝ եթե երեխան չունենա կամք՝ շարունակաբար սովորելու, զարգացնելու իր գիտելիքները չի ունենա հաջողություն։ Այսինքն գործարարներին պետք է թեˊ հասարակ աշխատող և թեˊ մասնագետ միայն այն սկզբունքով, որ նրանք ընդունակ են սովորելու և ընդունելու գործարարի փոփոխվող աշխարհի օրենքները։ Իրողությունը այնպիսին է, որ միշտ մարդկությունը ձգտում է ավելի հեշտին, ավելի գեղեցիկին։ Այս համաճարակը ցույց տվեց, թե ինչպես երկրագունդն է փոքր ու շաղկապված, այնպես էլ բոլոր «ֆերմաներն են շաղկապված»։
Իրականում կցանկանայինք, որ երիտասարդները ձգտեն աշխատել և ստեղծել հավելյալ արժեք, որ շարժվեն ստեղծագործողի փիլիսոփայությամբ․ այդ դեպքում հողի աշխատավորը ավելի շահագրգռված կլինի։ Աշխատանքում առաջնային պետք է լինի ռիսկի գործոնը։
Երեխաները պետք է լավ սովորեն դպրոցական առարկաները, քանի որ բոլոր առարկաները ունեն իրենց դերը բնության մեջ։ Կուզենանք, որ նրանք լսեն ծնողներին, օգնեն նրանց տնտեսական գործերում, այդ պայմաններն են ստեղծում փորձի փոխանակում, և ամենագլխավորը՝ շատ կուզենայինք, որ երեխաները տեսնեն ու գնահատեն գեղեցկությունը ու նրա արժեքը։
Մեզ շատ դուր եկավ Միքայելյանների ընտանեկան ֆերման ։ Շնորհակալություն ենք հայտնում նրանց, որ մեզ ժամանակ տրամադրեցին և պատմեցին, թե ինչ էտեղի ունենում այդ փոքր ընտանեկան ֆերմայում, որը համախմբվածության արդյունք է, որտեղ ուղղորդում է գաղափարը, որը բերում է երևացող արդյունք։ Կցանկանայինք, որ մեր երեխաները շարժվեն առաջ և ստեղծեն ավելի մեծ ձեռնարկություններ, որը կխոսի մտավոր և հոգևոր կարողության մասին, ինչը որ սկիզբ է դնելու մեր պետականության ամրապնդմանն ու բանակի հզորացմանը, բարեկեցիկ կյանքի կերտմանը։
ՙ1+1՚ թերթի խմբագրություն
Ի՞ՆՉՆ Է ՄԱՐԴՈՒՆ ԴԱՐՁՆՈՒՄ ՀԱՋՈՂԱԿ, և Ի՞ՆՉ Է ԱՌԱՋԱԴԵՄ ԲԱՌԻ ԻՄԱՍՏԸ
Ինչպիսի որակներ պետք է ունենա մարդը, որ համարվի հաջողակ:
Հոգեբանների կարծիքով՝ այդ հարցերի բանալին երկուսն են՝ խելք և կամքի ուժ:
20-րդ դարի հոգեբան Ռոյ Բաումաստերը հետազոտական եղանակով ապացուցեց, որ գոյություն ունի կամքի ուժ: Նրա աշխատակիցները եկան այն եզրակացության, որ կամքի ուժը նման է մկանների, որը կարող է հյուծվել, բայց կարող է և ամրանալ, եթե հաճախ զբաղվի մարմնամարզությամբ: Մյուս ոչ քիչ կարևոր հետևությունն այն է, որ, ամրացնելով մեր կամքի ուժը, մենք բարձրացնում ենք մեր կյանքի որակը: Գիտնականները համոզվեցին, որ մարդու կյանքի գերկշռող խնդիրները առաջ են գալիս, երբ չկա բավարար ինքնակազմակերպվածությունը, օրինակ՝ ծախսերի ավելացում, վարկերի շատացում, խմիչքը չարաշահելը, շատ ուտելը, զայրանալը:
Խնդրեք, որ մարդիկ ասեն իրենց լավ կողմերը, և նրանք կմատնանշեն արդարություն, բարություն, առաջադիմություն, բարոյականություն և մի շարք առավելություններ, բայց նրանք միշտ բաց են թողում ինքնատիրապետումը: Հարցմանը, որտեղ մասնակցում էին 2 միլիոն մարդ ամբողջ աշխարհում, ինքնակազմակերպման մասին կամ չէին ասում կամ էլ ասում էին ամենավերջում, իսկ երբ մարդուն հարցնում էին իրենց թույլ կողմերը, մարդիկ առաջինը նշում էին ինքնակազմակերպումը:
Մարդկանց թվում է, թե կամքի ուժը ինչ -որ գերբնական ունակություն է, որը <<միանում>> է էքստրեմալ դեպքերում:
Հետազոտելով մի խումբ մարդկանց՝ 200 կանանց ու տղամարդկանց, ովքեր ապրում էին կենտրոնական Գերմանիայում, Բաումաստերը եկավ հակառակ հետևության, քանի որ գիտնականները հետևող սարքի օգնությամբ ուսումնասիրել են մարդկանց ցանկությունները:
Գիտնականները ընդունեցին 10 000-ից ավելի ազդանշաններ առույգ մարդկանց մոտ՝ կախված իրենց ցանկություններից:
Փորձարկման ժամանակ շատերը դիմադրում էին իրենց մոտ նշմարվող ցանկությանը:
Ստացված տեղեկության համաձայն՝ չորսից մեկը լարում էր իր կամքի ուժը, որպեսզի կանխի իր ցանկությունը: Ամենատարածված գայթակղությունը ուտելու ցանկությունն է, հետո քնելու և այլն:
Փորձարկվողները անում էին ամեն ինչ, որ չտրվեն գայթակղությանը:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ օրվա 4 ժամվա ընթացքում մարդիկ պայքարում էին՝ իրենց ետ պահելու գայթակղությունից:
Հոգեբանական փայլուն թեորեան միշտ չէ , որ հարցի լուծում է:
Պրոգրեսը կախված է ոչ միայն թեորեաներից, այլ հիմնականում նրանից, թե ով կգտնի խելացի, կատարելագործված ձև՝ ստուգելու թեորեան պրակտիկայում:
Ուոլտեր Միշելը իր կոլեգաների հետ ուսումնասիրեց երեխաների պահվածքը։ Նրանց հետաքրքրում էր, թե ինչպես կդիմադրեն երեխաները ինչ- որ ցանկություն կատարելիս, և նրանք գտան ոչ տիպային ձև․ հետևել 4 տարեկան երեխայի պահվածքին:
Երեխաներին հերթով տեղափոխեցին առանձին սենյակներ, ցույց տվեցին մարմելադ և ամեն մեկին բացատրեցին, որ նա կարող է միանգամից ուտել այդ մարմելադը, բայց եթե մի քիչ սպասի, երբ կգա փորձարարը /նա կգա մոտավորոպես 10 րոպեից/, ապա նա կստանա ևս մեկ մարմելադ: Երեխաներից մի քանիսը միանգամից կերան մարմելադը, իսկ մի մասը դիմացավ և ստացավ ևս մի մարմելադ:
Տարիներ անց Ուլտեր Միշելին միամտաբար պատմեցին, որ այդ փորձերը նրանք արել էին այն դպրոցներում, որտեղ սովորել են նրա երկու աղջիկները։ Նրանք պատմել են , որ այն երեխաները, ովքեր միանգամից կերել են մարմելադները, նրանք հետո ունեցել են ոչ լավ արդյունք սովորելիս ու փողոցում եղել են անկարգապահ: Միշելը ու իր կոլեգաները սկսեցին հետևել այն երեխաներին, ովքեր մասնակցել էին փորձարկմանը և արդեն հասուն մարդիկ էին: Նրանք եկան այն եզրակացության, որ նա, ով չորս տարեկան հասակում ունեցավ կամքի ուժ, դիմացավ 10 րոպե և ստացավ ևս մեկ մարմելադ, բարձր գնահատականներով սովորել և ավարտել է դպրոցը, պատասխանատու մարդ է, նրա մարմնի քաշը ավելի քիչ է, ալկոհոլի և թմրանյութի նկատմամբ հակում չունի: Սիրում է իր աշխատանքը և պատասխանատու է:
Գիտնականները եկան այն համոզիչ եզրակացության, որ ինքնակազմակերպումը կամքի կարևոր ուժն է և բանալի հետագա հաջողությունների:
Մանուշակ Թովմասյան
Հոգեբան- խորհրդատու
ՈՒՍԱՆՈՂԻ ԽՈՀԵՐԻՑ
Ես Ռոզան եմ` Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի։ Ավարտելով Գանձակ գյուղի N 1 միջնակարգ դպրոցը` ընդունվեցի համալսարան և այժմ սովորում եմ ինձ համար սիրելի ու հոգեհարազատ դարձած մասնագիտությամբ։ Մասնագիտությունս ընտրել եմ դեռ մանկուց։ Երբ այցելում էի բանկ, տեսնում գեղեցիկ հագուստներով ու բարեհամբույր վերաբերմունքով աշխատակիցներին, երազում էի՝ լինել նրանց տեղում։
Այժմ երազանքիս իրականացման ճանապարհին եմ։ Իհարկե, ամեն բան դժվար կլիներ առանց քրտաջան սովորելու, անվերջ կարդալու, նոր գիտելիքներ ստանալու անհագ ցանկության, անքուն գիշերների, նպատակասլացության և, իհարկե, իմ սիրելի ուսուցիչների և դասախոսների։
Ինչու ոչ, լինում են նաև հիասթափության պահեր, երբ հանդիպելով որևէ արգելքի` մտածում ես, որ, վե՛րջ, դու պարտված ես։ Բայց սթափվում ես ու հասկանում, որ չպետք է դժվարությունը դառնա խոչընդոտ, այլ այն պետք է ծնի նոր հնարավորություններ։
Մասնագիտություն ընտրելիս պետք է առաջնորդվել սեփական նախասիրություններով, ոչ թե լսել, թե ինչ «բարի» խրատներ են տալիս մարդիկ։
Ես իմ մասնագիտությունն ընտրել եմ՝ սիրելով այն։ Եվ ցանկացած գործ՝ կապված իմ մասնագիտության հետ, ես անում եմ մեծ սիրով և նվիրումով։
Միշտ պետք է հիշել, եթե մասնագիտությունն ընտրում եք պարտադրանքով, այն երբեք չեք սիրելու։
Ուստի ընտրեք ձեր սրտի մասնագիտությունը և կարճ ժամանակ անց կհասկանաք, որ դուք մասնագիտության մեջ եք, իսկ մասնագիտությունը` ձեր։
Կարդացեˊք շատ գրքեր, միˊ բավարարվեք միայն ձեզ փոխանցված գիտելիքներով։
Ներկայումս կիրթ և բանիմաց մարդիկ ամենաշատն են հարկավոր մեր հասարակությանը։ Մեզանից յուրաքանչյունը պետք է գիտակցի, որ, շուկայում մրցունակ մասնագետ դառնալով, մեր գիտելիքները մեր երկրի շահերին ու բարօրությանը ծառայեցնելով միայն կարելի է ունենալ լուսավոր ու պայծառ ապագա։
Եվ վերջում մեջբերենք Նելսոն Մանդելայի հետևյալ խոսքերը.
«Կրթությունը ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել՝ աշխարհը փոխելու համար»։
Ռոզա Աբրահամյան
ԱՊԱԳԱՆ ԵՍ ԵՄ
Ապագան գալիք ժամանակն ու գալիք կյանքն է,որն հետևում է ներկային։Այն մեր կյանքի մի մասն է,որին մենք շատ երկար ենք սպասում։Երևի յուրաքանչյուր մարդ մտածում է այն մասին,թե ի՞նչ է լինելու վաղը,ի՞նչ է սպասվում նրան,և յուրաքանչյուրին հետաքրքրում է,թե ինչպիսի շրջադարձ կկատարի կյանքը։
Ես գիտեմ, որ երբեք չպետք է վատը մտածել ապագայի մասին,միշտ պետք է լինել պոզիտիվ,քանի որ հենց մենք ենք կառուցում մեր կյանքը,և մեր ապագան մեր ձեռքերում է,այն ստեղծվում է մեր մտքերով և ներկայում կատարած որոշումներով։
Ինչքա՜ն հրաշալի իրադարձություններ են մեզ սպասվում ապագայում,ինչքա՜ն երջանիկ պահեր,և թեկուզ միայն այդ միտքը պիտի ստիպի յուրաքանչյուրին ապրել,ապրել ներկայով՝ուղղելով անցյալի սխալները և մտածելով ապագայի մասին,պետք է շարժվել առաջ,վստահ նայել ապագայի աչքերի մեջ և երբեք չհանձնվել։
Կյանքում, հանդիպելով շատ դժվարությունների,փորձությունների,ես մեծանում եմ։Սկսում եմ հասկանալ ինձ,գտնել իմ տեղը հասարակության մեջ։Մեր երկիրը հիմա կանգնած է մեծ փորձությունների առաջ։Սակայն այդ ամենից պատվով դուրս գալու համար պետք է վստահել ապագա սերնդին։Անգամ փոքրիկը՝ այն մանուկը, որը նոր է սկսում քայլել,պետք է իմանա հայրենասիրության մասին և դեռահասության տարիքում մտածի իր ապագայի մասին։
Բոլորս էլ ունենք երազանքներ,նպատակներ,որոնք գուցե և կիրականանան, բայց մեծ ջանքեր կպահանջեն՝ աշխատանք, համբերություն, գիտելիքներ։Իմ ամենամեծ երազանքը և կյանքի նպատակը իմ երկիրը՝Հայաստանը,զարգացած տեսնելն է։ Ցանկությունս է ամենուր հանդիպել երջանիկ,սիրով լի մարդկանց,որոնց բոլոր խնդիրները լուծելի կլինեն։
Իմ նպատակն է դառնալ հոլիվուդյան դերասանուհի,և ինչպես ասում էր իմ շատ սիրելի դասղեկը․«Ինչ էլ դառնաս,դրա լավը պիտի դառնաս,պիտի գիտակցես,որ նպատակիդ կհասնես միայն ջանասիրության,խելացիության,կամքի ուժի,համբերության,և իհարկե, հարուստ գիտելիքների շնորհիվ»։
Իմ և իմ երկրի ապագան կախված է ինձանից և ինձ նման հազարավոր դեռահասներից։Եթե բոլորս գնանք մեր երազանքների հետևից,ապա ապագայում կտեսնենք մեր երազանքների երկիրը՝Հայաստանը,այն միասնական Հայաստանը,որի մասին երազել են մեր նախնիները,և երազում ենք մենք։Սակայն պետք չէ միայն երազել,պետք է շարժվել առաջ՝սովորելով,աշխատելով։Ես համոզված եմ,որ իմ երկիրը,իմ ժողովուրդը ունի՛ ԱՊԱԳԱ։
Սոնա Դալլաքյան
Սևանի N4 հիմնական դպրոցի
8-րդ ա դասարանի աշակերտուհի
ԵՍ ԲԱՐԿԱՆՈՒՄ ԵՄ,ԵՐԲ...
Երբեմն կյանքում ամեն ինչ չէ, որ լինում է այնպես, ինչպես մենք ենք ցանկանում:
Լինում են պահեր, երբ աշխարհը շատ գեղեցիկ է թվում, լինում են պահեր, երբ զարմանում ես ու նաև բարկանում, որ մարդը կարող է ընդունակ լինել նման պահվածքի:
Ես շատ եմ բարկանում, երբ իմ շրջապատում մարդիկ իրենց վատ են դրսևորում:
Օրինակ՝ երբ աղտոտում են իրենց շրջապատող բնությունը, առանց ափսոսելու փչացնում ուրիշներին պատկանող գույքը, աղբը նետում են՝ որտեղ պատահի: Բայց չէ՞ որ բնության մաքուր օդը մեզ այնքան անհրաժեշտ է մեքենաների ու տեխնիկայի այս դարում:
Երբ փողոցում, տրանսպորտում տարիքով մարդիկ հարգանքի չեն արժանանում, դա նույնպես ինձ շատ է բարկացնում: Չէ՞ որ նրանք մեր բոլորի տատիկներն ու պապիկներն են և մեր օգնության կարիքը շատ ունեն:
Բարկանում եմ, երբ աշակերտը դպրոց է հաճախում ոչ թե սովորելու և գիտելիք ձեռք բերելու համար, այլ անիմաստ օր է վատնում, չի սովորում և խանգարում է մյուսներին: Մինչդեռ ծնողները նրա հետ շատ մեծ հույսեր են կապում:
Երբեմն շատ ծնողներ չեն հետևում իրենց երեխաների դաստիարակությանը:
Երբեմն շատ տղաներ հարևանի այգուց միրգ գողանալու համար կոտրում են նաև ծառի ճյուղերը, որը շատ տգեղ երևույթ է: Հետո շատ հեշտությամբ գողանում են ուրիշի ունեցվածքը, և նրանց դա բոլորովին ցավ չի պատճառում:
Բարկանում եմ, երբ որ ազնվությունը երբեմն չի գնահատվում:
Այսպես կարելի է երկար թվարկել մարդկանց կողմից արվող սխալ քայլեր, որոնց հանդիպում ենք ամենուրեք: Իսկ եթե յուրաքանչյուր ոք պատասխան տա իր արած ամեն մի սխալ քայլի համար, մենք ստիպված չենք լինի բարկանալ...
Մկրտչյան Նոնա
Սևանի N4 հիմնական դպրոցի
7-րդ ա դասարանի աշակերտուհի
ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ․․․
Հայաստան ասելիս քչերի մոտ կարող է իրական զգացմունք ու հպարտություն առաջանալ։Հայ ժողովրդի մի մասը Հայաստան ասելիս հիշում է իր տունը, իր ու իր պապերի մղած ճակատամարտերը և պատերազմի հերոսներին։Մի մասն էլ Հայաստան ասելիս հիշում է մի քարքարոտ ու ամայի տարածություն,որտեղից հեռանալով՝ իբրև փրկվել է։Ցավոք, այդպիսիք շատ են։Ես ուզում եմ,որ մենք ապրենք ազնիվ,սիրենք միմյանց,մեր հողն ու ջուրը,նվիրվենք հայրենիքին այնպես,որ ամեն անգամ Հայաստան ասելիս ավելի զորանանք ու հավատանք մեր երկրի լուսավոր ապագային ու Հ․Սահյանի պես մենք էլ ասենք՝
Հայաստան ասելիս էլ մահը ու՞մ շունն է․․․
Արտանիշ գյուղի միջնակարգ դպրոց
Մարգարյան Հայկ-8-րդ դասարան
Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍԸ
Երբ ես փոքր էի,կարծում էի, թե իրական հերոսները լինում են գեղեցիկ համազգեստով՝ օժտված ինչ-որ գերբնական ունակությամբ։Սակայն հասկանում եմ,որ միայն հատուկ համազգեստով չեն հերոսանում։Իսկական հերոսը ցույց է տալիս իր աշխատանքը, բարությունը և սերը մարդկանց նկատմամբ։Այս երկրի վրա շա՜տ մարդիկ կան,որ օգնում են մարդկանց՝ միայն իրենց անունը բարձրացնելու,գովաբանելու համար։
Բայց ինձ համար հերոսներ շատ կան՝ Մոնթե Մելքոնյան,Վազգեն Սարգսյան,Գարեգին Նժդեհ։Կան բանաստեղծներ կամ երգիչներ,որոնք ևս արժանի են հերոսի կոչման,օրինակ՝ Հովհ․ Թումանյան,Շառլ Ազնավուր։
երբ մեծանամ, ես նույնպես կցանկանամ ինչ-որ հերոսություն անել , օգնել մարդկանց։ Ցանկանում եմ ապագայում իմ գործով ծառայել ու օգնել մարդկանց,ամեն օր ինչ-որ բարի գործ անել ու արժանի լինել մեր հերոսների հետնորդը լինելուն։
Աբաղյան Լիլիթ
8-րդ դասարան, Արտանիշ միջնակարգ դպրոց
ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅ ՀԱՅՐԸ
Իսկական հայ հայրը նա է, ով իր երեխային չի պահում փեշերի տակ։Իսկական հայրը նա է ,որ եթե տղային ծեծեն աղջկան պաշտպանելու համար, չի ասի, թե աղջիկը արժանի չէ,որ նրա համար կռվես։
Ես իմ երեխային Դավի՛թ եմ մեծացնելու,Հա՛յկ եմ մեծացնելու,Մխիթա՛ր ու Նարե՛կ եմ մեծացնելու,հային արժանի ոգով եմ դաստիարակելու։Տղայիս միշտ ասելու եմ՝ ուժեղացի՛ր,դժվարություններից մի՛ վախեցիր,կարողացի՛ր պաշտպանվել։
Իսկական հայ հայրը նա է, ով կռվի է գնում՝ սերն ու կարոտը սրտում պահած,ով պայքարում է մինչև վերջ,ով հարգում է իր կնոջն ու մորը,ով չի դավաճանում իր սկզբունքներին։
Գևորգյան Արամայիս
6-րդ դասարան, Արտանիշի միջնակարգ դպրոց
ԻՄ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՏՈՒՆԸ
Երազանքներ՝ իմ հոգու բանալիներ, իմ կյանքի ամենաթանկարժեք ուղեկիցներ։Երազանքնե՛ր, իղձեր,նպատակներ, որոնց հասնելու համար անհրաժեշտ է մեծ, քրտնաջան աշխատանք։ Առանց երազանքների մարդ գոյություն չունի, գոյություն չունի նաև երազանք՝առանց նպատակի։
Իմ երազանքների տունը երկուսն է, առաջինը՝ ցանկանում եմ լավ մարդ դառնալ, նվիրված լինել ընկերներիս, պիտանի լինել հայրենիքիս, շրջապատված լինել բարի և հարազատ մարդկանցով, ունենալ լավ շրջապատ, հասուն մտածելակերպ, դառնալ լավ մասնագետ, կյանքս անցկացնել արկածներով։Այս բոլոր երազանքներս միասին կազմում են իմ երազանքների փոքրիկ տունը։
Երկրորդը՝ իմ երազանքների տնակը...տուն, որտեղ կիշխի համերաշխություն, տուն, որի ամրությունը կորոշվի ոչ թե նրանից, թե ինչից են տան պատերը, այլ թե ինչքան ամուր են իրարից բռնված բնակիչները, տուն, որը ձմռան ցուրտ օրերին կտաքանա միմյանց հանդեպ ունեցած ջերմությունից,որտեղ ծաղիկները կլինեն նրանց աչքերի մեջ, որտեղ միշտ կլսվի երեխաների զրնգուն ծիծաղ, տուն, որը լցված կլինի կյանքով...և այնուամենայնիվ, երբ այս ամենը խառնում եմ մանկական պարզ ու անկեղծ երազանքիս հետ, տեսնում եմ մի փոքրիկ տնակ, որքան հասարակ, նույնքան մաքուր՝ լի սիրով ու ջերմությամբ՝ ծովի ափին՝ կտրված մարդկանցից ու ձայներից։Սիրում եմ խաղաղություն, լռություն, ուզում եմ, որ խանգարող միակ հանգամանքը լինեն բնության ձայները,այդ մեկ լռությունը երբեք չեմ փոխի հազար խոսքերի հետ։Տան ետևում ուզում եմ անտառ՝ գեղեցիկ այգիով, ծաղիկներով։Երբ մտնես տուն, տեսնես անհոգ ընտանիք մի սեղանի շուրջ։Շատ եմ սիրում լինել հասարակ ու անկեղծ, ուզում եմ իմ տնակը նույնպես այդպիսին լինի, ճոխություններ այդքան էլ չեմ սիրում՝ մտածելով՝ մեկ է ոչինչ չենք տանելու, միայն՝ անուն, պատիվ։Երազանքիս տունը պատկերացնելով՝ մուլտֆիլմի տնակներն եմ պատկերացնում, հենց այդպիսին եմ ուզում,քանի որ փոքր տան մեջ ավելի ջերմություն եմ տեսնում։Եվ ամենակարևորը, իմ տունը իմ հայրենիքն է։
Չոլոյան Թամարա
9-րդ դասարան, Երանոս գյուղի №1 միջնակարգ դպրոց
ԱՊՐԵԼ ՍԻՐԵԼՈՎ
Ես կարծում եմ,որ մարդիկ ապրում են՝ մեկը մյուսին նախանձելով և դավաճանելով։ Կուզեի,որ մարդիկ ապրեն միմյանց հարգելով և սիրելով, հասկանալով և ներելով։Հաճախ ենք տեսնում, որ փոքրը մեծին չի հարգում։Ես իմ ծնողներից սովորել եմ սիրելով ապրել, հարգել մեծին ու փոքրին։Հասկացել եմ, որ պետք չէ ստել, նախանձել, դավաճանել։Պետք է սիրելով ապրել, չէ՞ որ սերը հրաշքներ է գործում, սրտեր է բժշկում , ցավերն է մեղմացնում։Սիրենք բնությունը, երկիրը, հողը ,մարդուն,սեր տանք ու անպայման սեր կվայելենք։
Մանուչարյան Կամո
8-րդ դասարան, Արտանիշի միջնակարգ դպրոց
ՀԱՎԵՐԺ ԻՆՇՎՈՂ ԱՆՈՒՆՆԵՐ
Սարուխան գյուղի N 1 միջնակարգ դպրոցում կայացավ Հայրենական Մեծ պատերազմի վետերան, մանկավարժ և գրող Մեխակ Ավետիսյանի հեղինակած « Սարուխանի հերոս զավակը » գրքի շնորհանդեսը, որը համընկավ նրա ծննդյան 100 -ամյա տարեդարձի հետ։
Մեխակ Ավետիսյանի հեղինակած « Սարուխանի հերոս զավակը » գիրքը պատմում է նրա ծոռ, Արցախյան վերջին պատերազմում հերոսի մահով ընկած Հակոբ Արայիկի Հարությունյանի կարճատև, բայց անմահացած կյանքի մասին։
Սեր և ատելություն
Սերը աշխարհի ամենագեղեցիկ ,ամենալավ և ամենկարևոր զգացմունքներից է,առանց որի մարդ չի կարող ապրել։Սիրո շնորհիվ բոլոր հեքիաթներում բարին հաղթում է չարին։Եթե մարդ լցված է սիրով, ապա նա շատ երջանիկ է։Սերը անմահական զգացմունք է ,ամոթ բան չէ սիրելը,սերն է միավորում մարդկանց սրտերը։Բայց կա նաև մի ուրիշ զգացմունք՝ ատելությունը։Այն տհաճ է,կարծես մի հիվանդություն է,որով մարդը վարակվում է,երբ մեկին չի սիրում։Այս զգացմունքի պատճառով մարդ կարող է կործանվել և կործանել իր ընտանիքի անդամներին։Եթե մարդ լցված է ատելությամբ,ապա մենք պետք է նրան օգնենք և նրա սիրտը լցնենք սիրով,որ նա Աստծուն ավելի մոտ լինի։Ճիշտ է,ատելությունը վատ բան է,բայց երևի այն պետք է նրա համար,որ մարդն ավելի շատ զգա սիրո կարիքը,որ ավելի շատ փնտրի սերը։Եկե՛ք հիշենք ,որ սերը հաղթում է ատելությանը,քանի որ այն հզոր զգացմունք է։
Կյուրեղյան Էմմա
7-րդ դասարան, Արտանիշի միջնակարգ դպրոց
Կռիվ կյանքի համար
Կյանքը թվում էր անհոգ ու երջանիկ, մինչև չհայտնվեց չարաբաստիկ պատերազմը։Հայտնվեց ու ամեն ինչ կործանեց։Վախով ու սարսափով մտածում էի պատերազմի մասին, և հանկարծ մի օր բանակ զորակոչեցին նաև իմ հայրիկին։Սարսափն ու հայրենիքի կանչը միախառնված ներխուժեց իմ ընտանիք։Սակայն հայրս հայրենիքի հանդեպ լցված էր մեծ սիրով, պատասխանատվությամբ և մեծ համբերությամբ, հրաժեշտ տվեց մեզ ու գնաց բանակ։Ամեն օր նայելով տատիկիս ու մայրիկիս թախծոտ հայացքին՝ աղոթում էի մեր զինվորների, իմ հայ ազգի համար՝ սպասելով, թե երբ է մեր տան դուռը հայրս թակում ու հաղթանակած հետ վերադառնում։ Մեր բախտը բերեց․ իմ հայրը ետ վերադարձավ՝ ծերացած, հոգեպես տանջված, այդ ամենից հասկացա մի շատ կարևոր բան, որ երբ մարդիկ անհոգ են ապրում, նրանք պետք է գիտակցեն , որ կա հավանականություն, այդ թվացող հավասարակշռությունը, որ կխախտվի, և մենք միշտ պետք է պատրաստ լինենք կյանքի անսպասելի իրադարձություններին։
Հովեյան Էլեն
6-րդ դասարան, Երանոս գյուղի №1 միջնակարգ դպրոց:
ԻՄ ԱՌԱՋԻՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ
Իմ կյանքում ամենաթանկ հիշողությունները իմ մանկության հիշողություններն են: Ես հիշում եմ իմ առաջին ուսուցչուհուն, նաև հիշում եմ այն, երբ առաջին անգամ մտա դպրոց, և նա բռնեց ձեռքս ու տարավ մեր դասարան: Հիշում են նրա դասերը, որը մեծ հաճույքով էի լսում և սովորում: Նրա շուրթերից ամեն տառը և բառը շատ գեղեցիկ էին հնչում: Այդ ընթացքում դպրոցը ինձ ավելի ու ավելի հարազատ էր դառնում: Հետագայում ուսուցիչներս ավելացան, բայց ինձ համար իմ առաջին ուսուցիչը կմնա ոչ ոքի չնմանվող և ամենալավ ուսուցիչը:
Հովհաննիսյան Մարիամ
Լալազարյան Ռաֆայել
Խաչատրյան Սիլվա
Սևանի N4 հիմնական դպրոցի
ԳՆԱ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԴԺՎԱՐ Է
/սկիզբը՝նախորդ համարում/
Ես ծնվել եմ 1946 թվականին Հարավային Կորեայի մի փոքր գյուղում: Գյուղը շրջապատված էր լեռներով, գյուղի միջով հոսում էր գետը։ Գյուղը էլեկտրական հոսանք չուներ, հետևաբար չկար նաև հեռախոս: Այն ժամանակվա Հարավային Կորեան փոքր երկիր էր՝ պահպանողական ավանդույթներով, որոնք չէին փոխվել շուրջ 5000 տարի:
Ավանդույթներից մեկը այն է, որ ընտանիքում պարտադիր պետք է ծնվի տղա երեխա: Այդպես էին ընտանիքները համեմատում իրենց առաջընթացը: Եթե առաջինը աղջիկ էր ծնվում, այն համարում էին դժբախտություն: Եթե ծնվում էր տղա, դռան վրա կախում էին թելով կախված կծու տաքդեղներ, իսկ եթե աղջիկ էր ծնվում, դռան վրա կախում էին վառած փայտի ածուխ:
Ինչպես երևում է, տղաներին ընդունում էին ոչ այնպես, ինչպես աղջիկներին: Աղջիկ լինելը արդեն թերություն էր: Կային մարդիկ , որ երբ երեխան աղջիկ էր ծնվում, նրան խեղդում էին, որպեսզի խուսափեն խայտառակությունից: Ես ոչ միայն առաջին էի ընտանիքում, այլ առաջին թոռնիկն էի :
Իմ պապը մեր գյուղի գյուղապետն էր, իսկ տատս՝ ավանդական կորեական կին, որը ունեցել է ութ տղա և երկու աղջիկ: Ամեն նոր տարվան մեր գյուղի բնակիչներից, որոնցից շատերը մեր բարեկամներն էին, հավաքվում էին տատիս տանը, որպեսզի հարգանքի տուրք մատուցեին մեր անցավորներին: Դրա համար բոլորը սպասում էին , որ կծնվի տղա: Իմ պապը վստահ էր, որ իր ընտանիքում առաջինը կծնվի տղա: Նա ասել էր գյուղացիներին, որ ինքը իր դռանը կկախի ամենամեծ կծու բիբարները, պարծեցել էր գյուղացիների մոտ, որ տղան կմեծանա առույգ և կկառավարի երկիրը։ Երբ պապս լսել էր իմ ձայնը, հարցրել է տատիս․
- Ասաˊ, աˊյ կին, ո՞վ է ծնվել։
Նա դուրս եկավ և ասաց , թե աˊյ մարդ, խայտառակ եղանք։ Այդպես ինձ դիմավորեցին:
Ամբողջ գյուղը շոկի մեջ էր: Որպեսզի տոնեին երեխայի ծնունդը, պատրաստել էին մեծ ամաններով ուտելիքներ: Այն բանի համար, որ ես աղջիկ էի ծնվել, այլ ոչ թե տղա, ոչ մեկը չօգտվեց ուտելիքներից, քանի որ դրանք ուտելը արդեն «կարգի խախտում էր », և այդ ամենը տվեցին խոզերին: Մայրս ինձ արհամարհանքով էր վերաբերվում , բոլորը ինձ «անիծված » էին համարում: Ամեն անգամ, երբ ինչ - որ վատ բան էր պատահում մեր ընտանիքում, կապում էին ինձ հետ: Իմ ծնվելուց հետո հայրս սկսեց շատ խմել, լինում էին օրեր, երբ նա ինձ ու մորս ծեծում էր այդ «խայտառակության» համար: Ոչ մեկը գյուղում ինձ հետ չէր խաղում, երեխաներին սովորեցնում էին , որ ինձ հետ չխաղան և չշփվեն, ինձ վրա բոլորը բղավում էին:
Երբ սկսվեց պատերազմը, իմ վիճակը ավելի վատացավ , քանի որ աղջիկները՝ որպես անհատներ, քիչ էին արժևորվում, շատերը լքեցին իրենց աղջիկներին և փախան տղաների հետ:
Հենց այդպես էլ վարվեց իմ ընտանիքը․ նրանք փախան և լքեցին ինձ: Այդ ժամանակ ես հինգ տարեկան էի: Ես գոռում էի, սարսափում և վախենում էի պայթյունից և հրազենի ձայներից:
Ես վազում էի, որպեսզի հասնեմ մնացածին , բայց իմ փոքրիկ ոտքերը հոգնում էին, հանկարծ ինձ մոտեցավ մի աղջիկ՝ մի քանի տարի ինձանից մեծ: Ես երբեք չէի տեսել այդ աղջկան և չգիտեի, թե ով էր նա: Նա ինձ շտապեցնում էր, որպեսզի փախչենք այդ դժոխքից, դուրս պրծնենք, զարմացած էի, որ ինչ- որ մեկը ինձ ուզում էր օգնել, նրա խոսքերը այնքան քաղցր էին ինձ համար, որ ես հավաքեցի իմ մեջ վերջին ուժերը և վազեցի նրա հետևից: Ես շատ ուրախ էի, քանի որ արդեն ունեի ընկերուհի , բայց այդ երազը կորավ պայթյունի մեջ, և նա կորցրեց գիտակցությունը։ Չգիտեմ՝ ինչքան ժամանակ անցավ, երբ ես ուշքի եկա, սկսեցի փնտրել ոչ թե մորս, այլ իմ ընկերուհուն, մարդիկ լացում էին ցավից , արնաքամ լինում, մի քանիսը սողում էին ինչ -որ տեղ:
Ես վազում էի , գոռում , որ գտնեմ իմ ընկերուհուն․ նա պառկած էր անշարժ, շատ արյուն էր կորցրել և ամբողջովին ջարդուփշուր եղել: Երկար սպասեցի, նա այդպես էլ չարթնացավ: Այդպիսին էր իմ կյանքը հինգ տարեկանում: Ես չէի խաղում խաղալիքներով, ես պետք է ողջ մնայի և անընդհատ պայքարեի կյանքիս համար: Ես գտա բարի ընկերուհի և քիչ հետո կորցրեցի: Այդ քաոսի մեջ ես ընդունեցի որոշում, որը ամբողջովին փոխեց իմ կյանքը: Ես երբեք էլ չեմ փախչի , ես այլևս չեմ թաքնվի, ես ինքս պատասխանատու եմ իմ կյանքի համար, հոգուս խորքում զգում էի, որ ես ունեմ նպատակ, և ոչ մեկը չի կարող խանգարել :
Այդ իրավիճակից ես քաղեցի մեծ դաս, որ պետք է պայքարել ամբողջ ուժով և հաղթահարել բոլոր դժվարությունները, չփախչել դժվարություններից: Ես չգիտեի ինչպես պաշտպանել ինձ, բայց հավատում էի, որ այդպիսի միջոց կա, և այն գտա երկու տարի հետո:
/շարունակությունը՝ հաջորդ համարում/
Հեղինակ՝ ԹԵՆ ՅՈՒՆ ԿԻՄ
թարգմանված է «Գնա՛ այն ճանապարհով, որը որ դժվար է»
ՄԵՐ ԳՅՈՒՂԻ ԱՌՕՐՅԱՆ
Մեր գյուղում ձմեռը սկսվում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին և վերջանում մարտ-ապրիլին, իսկ տներում վառարանները վառում են մինչև մայիսի վերջը, լինում են տարիներ, որ վառում են մինչև հունիս:
Ես սիրում եմ իմ գյուղը իր առօրյայով և գյուղական աշխատանքներով: Ես շատ մարդկանց հետ եմ շփվում, ներառյալ դպրոցականների: Մի քանի օր առաջ պատահաբար լսեցի իմ հարևանների տղաների խոսակցությունը։ Դուք երևի կմտածեք , որ նրանք խոսում են աղջիկներից կամ անձնական այլ հարցեր են քննարկում, կարող է չհավատաք, բայց երեխաները այդքան էլ միամիտ չեն , նրանք երբեք այդ մասին չեն խոսի:
Իսկ այն թեմաները, որոնք քննարկվում են, դրանք, ինչպես ասում են երիտասարդները, բաց աղբյուրի ինֆորմացիա են: Նրանք խոսում էին հեռախոսների մասին, նրանց կարողության , մակնիշի, չափի, գույնի և, իհարկե, արժեքի մասին: Երեխաները և մեծերը հավաքվում են զինվորական տերմինալոգիայով, գյուղի ստրատեգիական տեղերում և քննարկում են հազար ու մի պիտանի և անպիտան նպատակներ, վերլուծում քաղաքական և միջազգային հարաբերություններ:
Կանայք ու աղջիկները ունեն մի շարք արտոնություններ, օրինակ՝ եթե ինչ- որ լավ բան է լինում ընտանիքում, իհարկե առանց կնոջ միջամտության դա չէր կարող լինել, և ինչպես միշտ , նրանք տեր են իրենց բաժին փառքին, բայց երբ, աստված չանի, վատ բան է պատահում, այդ պահին պատասխանատվությունը իրոք տան տղամարդու վրա է, քանի որ նա է տան տղամարդը: Այսօրվա մեր խոսակցությունը կանանց մասին չէ: Իսկ աղջիկների հարցով, իրոք, մեր գյուղում չկան հնարավորություններ , որպեսզի նրանք կարողանան լիարժեք գտնեն իրենց տեղը, այդ առումով աղջիկների իրավունքները որոշակիորեն խախտվում են:
Աշնան վերջին, ձմռան սկզբին գյուղում եռուզեռ է, քանի որ գյուղի տղամարդիկ վերադառնում են արտագան աշխատանքից: Ես ունեմ բարեկամ, ով ամեն տարի փոխում է իր ավտոմեքենան, իհարկե, ասում է, որ ամեն անգամ ինքը դրական «սալդոյով» է վերջացնում առք ու վաճառքը, բայց մենք գիտենք, որ վնասով է փակում:
Հնարավոր է, որ չհավատաք, բայց աստված չանի, որ ինչ -որ մեկը պատահաբար ամռանը մահանա, խնդիր է գերեզմանի տեղ փորելը և, ինչու չէ, նաև աճյուն տեղափոխելը։ Գյուղում մնում են տարեցները, իսկ ձմռանը հակառակ պատկերն է․ բոլորը համախմբված օգնում են միմյանց:
Ունեմ Կամո անունով մի ծանոթ, ով 90-ականներին ապրել է Կիրովոբադում։ Նա պատմում է, որ Կիրովոբադը Սումգայիթ չդարձավ այն պատճառով, որ մարդկանց մեծամասնությունը զինված էր և, եթե մարդիկ զինված են, ուրեմն ունեն կամք՝ պաշտպանելու իրենց տունը և հայրենիքը:
Երբ գյուղում հավաքվում են երիտասարդները, նրանց զրույցի հիմնական թեման խմելու, ուտելու, հագուստի, մեքենաների մասին է, նրանցից հետ չեն մնում տարեցները, ովքեր խոսում են տան և ապրուստի մասին:
Երբ ես կնոջս մեկ-մեկ ասում եմ , որ երջանիկ եմ, նա ինձ տարակուսանքով է նայում:
Իրոք, այդ օրը ես երջանիկ էի, քանի որ մեր գյուղի տղաներից մեկը իր հետ բերել էր իր նոր գնած կարաբինը և սկսեց պատմել նրա հնարավորությունների մասին, պատմեց, որ կարող է մի քանի հարյուր մետրի վրա լուցկու հատիկները կրակել, բայց քանի որ նշանառու օպտիկան չէր գնել թանկ լինելու պատճառով, կարող էր եւ վրիպել:
Ես ուրախ էի , որ այն երտասարդները, ովքեր խոսում էին ուտելու, խմելու և թանկարժեք մեքենաների մասին , նրանց զրույցի թեման դարձավ զենքը։ Նրանք պնդում էին, որ բոլորը պարտավոր են տիրապետել զենքին, և կգա մի օր, որ բոլորը կկարողանան ազատ կրել այն, քանի որ զենքը թեˊ հոգևոր և թեˊ ֆիզիկական ուժ է տալիս մարդուն:
Միգուցե իմ հարևանի երեխաները մյուս անգամ հեռախոսի փոխարեն կքննարկեն, թե ով քանի մետրից է խփում նշակետին և ինչ զենքի է տիրապետում:
Հուսանք, որ ՀՀ կառավարությունը կարճ ժամանակում կազատվի խորհրդային կաղապարներից և կընդունի օրենք, որով թույլ կտան ՀՀ քաղաքացիներին՝ գնել և կրել զենք՝ ինքնապաշտպանության համար:
ՋԵԴԿ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ,ՀԱՅՈ'Ց ԲԱՆԱԿ
Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի №1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 30 ամյակին:
Միջոցառմանը հրավիրված էին ժամկետային զինծառայողները, ովքեր մասնակցել էին 44 -օրյա պատերազմին և զորացրվել,կամավորները, Արցախյան առաջին պատերազմի,Ապրիլյան քառօրյայի ,Արցախյան 44 -օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները:
Շնորհակալ ենք Ձեզ, քանզի մեր թիկունքում զգում ենք ձեր ուժը և վստահաբար քայլում դեպի հաղթանակներ գիտության ու կրթության ոլորտում: Մաղթում ենք բոլոր զինվորներին անփորձանք ծառայություն, խաղաղություն հայոց սահմաններին, համբերություն ձեր ծնողներին, մենք էլ սրտի թրթիռով սպասում ենք ձեր վերադարձին:
Թող փառքով ու պատվով մեր բանակի զինվորները կատարեն իրենց սուրբ գործը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելը: Եվ Աստված թող լուսավորի իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած հերոսներին: Փա'ռք ու պատիվ Հայոց Բանակին ու հայ զինվորին:
Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր զոհվել են իրենց զինվորական պարտքը կատարելիս:
2022 թվականի փետրվարի 4-ին Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայկական բանակի կազմավորման 30-ամյակին, որը կրում էր «44-օրյա պատերազմը և մեր շրջանավարտները» խորագիրը։
Միջոցառմանը հրավիրված էին դպրոցի այն շրջանավարտները, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին և հերոսաբար մարտնչել, զորացրվել ու վերադարձել են իրենց ընտանիքներ։ Հյուրերի շարքում էին նաև զինվորների ծնողները, դպրոցի ուսուցչական ու աշակերտական խորհուրդը և տնօրենությունը։
Սիրելի' զինվորներ, շնորհակալություն ենք հայտնում ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր, անկախ սոցիալական վիճակից, շատ մեծ դժվարությամբ ձեզ ծնել, դաստիարակել ու կրթել են, և դուք դարձել եք մեր հայրենիքին պիտանի քաղաքացիներ, մեր այսօրվա խաղաղ կյանքի գրավականը, մեր նորօրյա հերոսը և հայ ժողովրդի վաղվա օրվա ընտրագույն կերպարը։