ընտրացանկը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԵՎ ԳԵՐԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

Այս երեխաները դժվարությամբ են հարմարվում շրջապատին և իրենց անցանկալի վարքի պատճառով հիմնականում չեն ընդունվում շրջապատի, մասնավորոպես հասակակիցների շրջանում: Այս համախտանիշն ունեցող երեխաները ի վիճակի չեն կամ չեն ցանկանում կառավարել իրենց զգացմունքները: Նրանց համար դժվար է լինել հանգիստ և կենտրոնացած: Նրանք մշտապես մի զբաղմունքից անցնում են մյուսին: Հաճախ մանկավարժների հետ զրույցներում գերակտիվ երեխաների մայրերը նշում են, որ խաղի ժամանակ իրենց երեխաները մտնում են կոնֆլիկտի մեջ և ցուցաբերում են ագրեսիվություն: Այս ամենը բարդացնում է ուշադրության պակաս և գերակտիվություն ունեցող երեխայի հարաբերությունները հասակակիցների հետ: Արագաշարժ, իմպուլսիվ այս երեխաները դժվարանում են իրենց պահել այնպես, ինչպես ընդունված է, այդ իսկ պատճառով նրանք երբեմն մանկավարժների և նույնիսկ ծնողների համար դառնում են «անհարմար» երեխաներ:  Ցուցիչներ, որոնք կարող են վկայել երեխայի մոտ ուշադրության պակասի և գերակտիվության առկայության մասին՝  1. Անհետևողական են, նրանց համար դժվար է երկար ժամանակ կենտրոնացնել ուշադրությունը: 2. Չեն լսում, երբ դիմում են իրենց: 3. Մեծ ոգևորությամբ սկսում են գործը կամ առաջադրանքը, բայց այդպես էլ չեն ավարտում այն:

  1. Կազմակերպչական աշխատանքներում հանդիպում են դժվարությունների: 5. Հաճախ կորցնում են իրերը: 6. Խուսափում են ձանձրալի և մտավոր լարվածություն պահանջող առաջադրանքներից: 7. Մոռացկոտություն են դրսևորում: Անընդհատ շուռումուռ են գալիս: Անհանգստության նախանշաններ են ցուցաբերում (մատներով թմբկահարում են, շարժվում են աթոռին նստած): Շատ ավելի քիչ են քնում, քան մյուս երեխաները, նույնիսկ վաղ մանկական տարիքում:  Շատախոսում են:

        Իմպուլսիվություն են ցուցաբերում,  սկսում են պատասխանել` մինչև վերջ հարցը չլսելով:  Վատ են կենտրոնացնում ուշադրությունը:  Ի վիճակի չեն սպասել իրենց հերթին, հաճախ են ընդհատում, միջամտում ուրիշներին:  Առաջադրանքները կատարելիս իրենց պահում են տարբեր կերպ (որոշ պարապմունքների ժամանակ հանգիստ են, որոշների ժամանակ` ոչ):   Անկախ այս հանգամանքից՝ ուշադրության պակաս և գերակտիվություն ունեցող երեխաների հետ մանկավարժական աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ քայլերը՝

  • խուսափեք միաժամանակ մեծ թվով հրահանգներ և առաջադրանքներ ներկայացնելուց։
  • Հրահանգները, առաջադրանքները ներկայացրեք հերթականությամբ։
  • Ավելի շատ ժամանակ տրամադրեք առաջադրանքն ավարտելուն։
  • Առաջադրանքները բաժանեք փոքր մասերի։
  • Օգտագործեք վայրկենաչափ։
  • Սահմանեք նպատակներ և միասին քննարկեք քայլերն ու դրանց հաջորդականությունը։
  • Երեխայի հետ միասին սահմանեք պարզ կանոններ, դրանք երեխային հասանելի դարձնելու նպատակով օգտագործեք նկարներ։
  • Երեխային նկատեք հատկապես այն պահերին, երբ նա ցանկալի վարք է դրսևորում և խրախուսեք նրան:
  • Օգտագործեք խաղային իրավիճակները բարդ իրավիճակները հաղթահարելու, դրական վարքի ձևեր մոդելավորելու նպատակով:
  • Աշխատեք երեխային հնարավորինս զերծ պահել զգայական գերբեռնումից, ավելորդ գրգռիչներից, շեղող ազդակների ազդեցությունից։
  • Պարապմունքների ընթացքում երեխայի համար ընտրեք այնպիսի տեղ, որ նա ձեր տեսադաշտում լինի:
  • Խմբում կիրառեք տարբեր միջոցներ ոչ խոսքային ուղղորդումներ կատարելու նպատակով, օրինակ՝ գունավոր քարտեր (յուրաքանչյուր գույն ունի իր նշանակությունը, օրինակ՝ լռության գույնը սպիտակն է և այլն), դափ, զանգ։
  • Օգտագործեք ոչ խոսքային հաղորդակցման միջոցներ (հայացք, ժեստ, դիմախաղ) իր վարքի կարգավորման անհրաժեշտության մասին երեխային հուշելու և ցանկալի վարքը խրախուսելու համար։
  • Հստակ ու պարզ բացատրեք արարքների հետևանքները։
  • Ակտիվությունը սպառելու եղանակներ գտեք։

Հոգեբանական աջակցության և մանկավարժական գործընթացի բոլոր փուլերում անհրաժեշտ է համագործակցել ծնողների հետ:  Ուշադրության պակաս և գերակտիվություն ունեցող երեխաների հոգեբանական աջակցության գործիքակազմում ուրույն տեղ են զբաղեցնում խաղերը, խաղային վարժություններն ու խաղային թերապիան,  շատ օգտակար է նաև սպորտով զբաղվելը:

                                      

  Աննա Ավետիսյան /մանկավարժ/