ԼՌՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ
Մենք բոլորս ընդունում ենք լռության այն պահը, երբ չենք լսում ոչ մի ձայն։ Ես կարծում եմ, որ լռության ձայնը ապրում է մեզնից ամեն մեկի հոգում, և այն սկսում է խոսել մեզ հետ միայն այն ժամանակ, երբ լռում են մնացած բոլոր ձայները, միայն այդ ձայնը գիտի մեր բոլոր խնդիրների մասին, միայն նա գիտի՝ մենք իսկապես ժպտու՞մ ենք, թե՞ ուղղակի ցույց ենք տալիս մեր ատամնաշարը։ Երբ մենք կեղծ ժպիտով շփվում ենք մեզ տհաճ մարդու հետ, լռության ձայնը գոռում է ճշմարտությունը։ Բայց շրջապատող աշխարհի ձայները արգելում են նրան խոսել, բոլորը վախենում են լռության ձայնից, քանի որ մարդիկ ունեն գաղտնիքներ, որոնց մասին չպետք է իմանան ուրիշները, մարդիկ ունեն վախեր, կոմպլեքսներ, ունեն զգացմունքներ, որոնցից վախենում են։ Մենք վախենում ենք ընդունել այն փաստը, որ գտնվում ենք սխալ տեղում, որ ամեն օր մեր օրվա մեծ մասը ծախսում ենք անիմաստ բաների վրա, որ կորցնում ենք մեր թանկարժեք րոպեները, վախենում ենք, որովհետև մարդը շատ ծույլ արարած է, նա չի ցանկանում փոխել իր ապրելակերպը, իր գտնվելու վայրը։
Երբեմն ես լսում եմ լռությունը։ Այո՛, ես չեմ գժվել։ Պարզապես լինում են պահեր, երբ ոչինչ չի լինում լսելու, և ակամայից սկսում եմ լսել լռությունը։ Շատ հետաքրքիր ձայն ունի, գիտե՞ք։ Հաճախ ինքներդ ձեզ գտեք լռության մեջ և բավականին կլիցքաթափվեք կյանքի դառնություններից։
Խաչատրյան Արշալույս
Այգուտի միջնակարգ դպրոց