ընտրացանկը

Հրատարակումներ

ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

alpinizm2
alpinizm2
alpinizm2
alpinizm
alpinizm
alpinizm

Մեր հերթական հանդիպումը Հայաստանի Հանրապետության «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի» ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանի և անդամների հետ էր:
Հարց-Ի՞նչ է ալպինիզմը երեխայի համար։
Պատասխան- Ալպինիզմը թիմային աշխատանք է, կամք է, ֆիզիկական ակտիվություն, առողջ ապրելակերպ և, իհարկե, հայրենաճանաչություն։ Այն իր մեջ պարունակում է բնության հանդեպ վերաբերմունքի փոփոխություն։
Հ.-Ալպինիզմը ավելի շատ սպո՞րտ է, թե՞ հոբբի։
Պ.-Ե’վ սպորտ է այն և’ հոբբի, կախված, թե ալպինիզմի որ բաղկացուցիչ մասն է մարդը կամ խումբը օգտագործում։ Այն կարող է և’ սպորտային մարզման միջոց լինել, և’ հետաքրքիր ժամանցային միջոց՝ զբոսնելու և ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու։ Այն պետք է ճիշտ և խելացի օգտագործել։
Հ.-Ինչի՞ց սկսել, եթե ուզում ենք զբաղվել ալպինիզմով։
Պ.-Ալպինիզմը սկսվում է հետևյալից՝ կարդալ և, իհարկե, իմանալ քարտեզ, իմանալ առաջին բուժօգնություն, բնական արգելքների ուսումնասիրություն, լեռնային վտանգների ուսումնասիրություն, ճիշտ թիմի ընտրություն, եղանակային տեսություն, ճանապարհի ընտրություն, խմբում ունենալ տեղանքին ծանոթ ուղեկցորդ, և, իհարկե, 911, որին նախօրոք պետք է տեղեկացնել։
Հ.-Ալպինիզմն ունի՞ տեսակներ:
Պ.-Այո’, ունի ժայռամագլցում, որը ալպինիզմի անբաժան մասն է, բայց որոշ ժամանակ անց առանձացավ և դարձավ առանձին մաս, սառցամագլցում, կողմնորոշում, լեռնային վազքեր, քարանձավային արշավներ, գետնանցումներ, սպորտային կողմնորոշումներ։
Հ.-Ինչպիսի՞ն է մարզիչի դերը ալպինիստական խմբակում։
Պ.-Ցանկացած սպորտային մարզաձևում մարզիչները երկրորդ ծնող են երեխայի համար՝ թե՜ մարզման ընթացքում և թե՜ դաստիարակչական աշխատանքներ կատարելու ոլորտում, իսկ մեզ մոտ այն յուրահատուկ է, ի տարբերություն այլ սպորտային ձևերի, որովհետև, անկախ ամեն ինչից, մարզիչը սարի գլխին երեխայի հետ մենակ է, վտանգներին ընդառաջ, որտեղ ոչ մի դեպքում սխալվել պետք չէ: Հետևաբար, անգնահատելի է մարզչի պատասխանատվությունը: Մարզիչն ու երեխաները միշտ պետք է հիանալի հասկանան իրար:
Հ.-Ինչպե՞ս վերապատրաստել ալպինիստ- մանկավարժին։
Պ.-Վերապատրաստումը կազմակերպվում է տասնօրյա դասընթացի ժամանակ, լավագույն մասնագետների կողմից, և իհարկե, բազմաթիվ խոչընդոտներ անցնելով, տասնյակ լեռների բարձրացումով: Իր մաշկի վրա սառնությունը զգալով՝ նա դառնում է մեր թիմի անդամ՝ իր ֆիզիկական պատրաստվածությունը ճիշտ դրսևորելով: Իսկ ամենակարևորը, իր վրա աշխատելով՝ նա պետք է նույնիսկ տիրապետի խոհարարության, հոգեբանության, առաջին բուժօգնության և շատ կարդա։
Հ.-Ալպինիզմը սպո՞րտ է, թե ապրելակերպ։
Պ.-Կախված է մարդու վերաբերմունքից՝ նայած, թե ով ինչ ձևով է զբաղվում: Կան լեռնագնացներ, ովքեր դա որպես սպորտաձև են կիրառում իրենց կյանքի ընթացքում և ցանկացած բարձունք հաղթահարում են և իրենց քայլերը բարդացնում սպորտային առաջխաղացման գնալու համար: Կան լեռնագնացներ, որ դա իրենց համար ապրելակերպ են ընդունում՝ մի փոքր ռիսկից հեռու գնալու, կոմֆորտին մի քիչ տեղ տալու: Դա կախված է նաև լեռնագնացից, թե ով ինչպես է դրան արձագանքում կամ ինչ նպատակ է հետապնդում, կախված է նաև ալպինիզմի ճյուղից՝ սպորտային, թե սիրողական, մրցումների մասնակցության գաղափարից:
Հ.-Ի՞նչն եք կարևորում երեխայի և մարզիչի միջև:
Պ.-Կասեի, որ փոխադարձ վստահությունը, բայց չկա դասակարգում՝ առաջնային կամ երկրորդական, պետք է լինի ընկերասիրություն, հարգանք ղեկավարի կամ առաջնորդի նկատմամբ: Մարզիչը պետք է ճանաչի երեխայի մարդ տեսակը, որ կարողանա ճիշտ մոտեցում ցույց տալ:
Հ.- Ձեր կարծիքով՝ պե՞տք է կամ պարտադի՞ր է ալպինիզմի ուսուցումը մարզային դպրոցներում:
Պ.- Եթե ես կրթության ոլորտում կարողանայի փոփոխություններ մտցնել, ապա շաբաթը մեկ անգամ երեխաներին արշավի կտանեի: Քանի որ արշավներին մասնակցած երեխան չի կարող վատը լինել, նրա մտածելակերպը այլ կլինի դեպի հայրենաճանաչությունը, սերը բնության նկատմամբ, ստեղծելու և հաղթահարելու ձգտումը իր մեջ դրսևորելու կարողությունը, ինչը դաստիարակվելու յուրահատուկ մեթոդ է: Իմ կարծիքով՝ պետք է լինի պլանային ուսուցում: Բայց կարելի է սկսել քայլարշավներից, որը նախնական ծնունդն է ալպինիզմի, որի համար անհրաժեշտ է ունենալ արշավային գույք /հարմար ուսապարկ, փայտից հենակներ, վրաններ, կողմնացույց և քարտեզ/: Արշավի ժամանակ ստեղծված միջավայրը երեխային ինքնաբերաբար մղում է սերը դեպի և՜ կրթությունը, և՜ հայրենասիրությունը: Քանի որ նա նոր գիտելիքներ է ձեռք բերում կամ փորձում է հաղթահարել նորը, տեղեկացված լինել, տիրապետել տեղանքի աշխարհագրական տեղեկություններին, աստղագիտությանը, քիմիային, ֆիզիկային և այլ բնագավառների, որտեղ մարդիկ իրենց գործի կամ սիրելի զբաղմունքի բերումով կապված են բնության հետ, շփվում են նրա հետ: Բնության հետ այս անխախտ կապը ներշնչանքի մեծ աղբյուր է: Բնության նկատմամբ սիրո առկայությունը լավագույն գրավականն է այս մարդկանց հետաքրքիր ու ադրենալինով հարուստ գործում: Ամեն անգամ նոր հայտնագործություններ, ամեն անգամ բնության հրաշքների բացահայտում, բնության դժվարամատչելի անկյունների հաղթահարում, սեփական կենսագրության մեջ հերթական հաղթանակի գրանցում: Հիրավի, նրանց սիրտը լեռներում է: Այս խիզախ, ազատ մտքով ու հոգով մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչ ասել է դնել քո առջև բարձր նշաձող, դժվար խնդիր և այդ խնդիրը հաղթահարել պատվախնդրորեն, ջանք չխնայելով, հավատալով հաջողությանը և սեփական ուժերին: Դժվար, հագեցած ու հետաքրքիր է ալպինիստի գործունեությունը, որը, ըստ էության, նույնքան դժվար, հագեցած ու հետաքրքիր ,գործե է բնության հետ: Չէ՞ որ հաղթահարելով դժվարությունը՝ ալպինիստն ամեն անգամ առերեսվում է ոչ միայն բնության հրաշագեղությանը, այլև նրա զորեղությանը, ուժին, վիթխարիությանը: Հետգրություն-Ահա այսպիսի մարդկանց միջավայրում խոսել բնության մասին, նշանակում էր՝ զրուցել համախոհների հետ, մարդկանց, ովքեր իրենց էությամբ բնասեր են և գործի բերումով` բնագետ: Իմ խորին համոզմամբ` մարդը չի կարող զբաղվել ալպինիզմով` եթե չի սիրում բնությունը, չի հարգում ու գնահատում այն: Շնորհակալություն ենք հայտնում Սուրեն Դանիելյանին և իր թիմակիցներին՝ մեզ հետաքրքիր նյութ և գիտելիք տրամադրելու համար:


«1+1» թերթի խմբագրություն