Հրատարակումներ
ՆՈՅԵՄԲԵՐ N 2021/28
ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՅՐԵՐԸ
ՈՒԶՈՒՄ ԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՐԱՍՏՎԻՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ
ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՅՈՒՐԱ ՈՒՄՐՇԱՏՅԱՆ ՍՈՖԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՍՈՖՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
ՎԱԽԻ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Հույզերն ու զգացմունքները բնորոշ են մարդկանց։ Դրանք մարդիկ զգում են ամենուր և ամեն անգամ, կապ չունի՝ հարմար է այսօր, թե ոչ:
Դրանք մեզ ահազանգում են մարդկանց, դեպքերի, արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունների մասին: Կարելի է զայրանալ, որ համաձայն չեն ձեզ հետ, կարող ես հոգ տանել հիվանդի մասին, բայց միևնույն ժամանակ կարող ես զգալ ատելություն և զայրույթ / պետք չէ օրինակը ընդունել բացարձակ/:
Կարող ես լսել պայթյուն, կրակոցներ, վերապրել, զայրանալ, ագրեսիա ցուցաբերել, բայց ովքեր ավելի մոտ են այս ամենին , նրանց մոտ ավելանում է վախի զգացումը:
Վախը անհանգստություն է, որը զգալիս խախտվում է ձեր անվտանգությունը թե՛ ֆիզիկապես , թե՛ հոգեպես: Դա բնական է․ մարդը վախ է զգում , օրինակ՝ պատերազմի ժամանակ, քննություն հանձնելիս, ստուգումների ժամանակ, վիճաբանելիս՝ թե՛ ընտանիքում, թե՛ հարևանների կամ օտար մարդկանց հետ: Վախը կարող է կապ ունենալ շատ փաստերի հետ, օրինակ՝ մահանալը կամ հարազատին կորցնելը, հասարակության կարծիքը և այլն: Դուք կարող եք վախ զգալ անգամ այն ժամանակ, երբ թվում է, թե ամեն ինչ լավ է, բայց հետո այդ զգացմունքը փոխվում է անհանգստության և զայրույթի:
Ոչ ոք չի բացասել «զգացմունքային /էմոցիոնալ/ հյուծվելը» , երբ մարդը այնքան է լցված հիվանդագին էմոցիաներով, բայց ոչ մի բան չի անում՝ այն թոթափելու համար, այլ պահում է իր մեջ, փորձում մոռանալ կամ շեղել իրեն, բայց դրանք լուծումներ չեն: Այդպես կարող են ի հայտ գալ ուրիշ հիվանդություններ․ մարդը զգացմունքային հյուծված է, նա չունի էներգիա ոչ մի բանի համար, դա ուղղակի հոգնածություն չէ, պարզապես խորը խրոնիկական հոգնածություն է, խորացած զգացմունքային հյուծվածություն․ մի՛ կասկածեք , որ ձեր հոգեկանը կախված է ձեր ֆիզիկական վիճակի հետ:
Դա ավելի ցայտուն է երևում, երբ ծնողները չափից շատ են փայփայում երեխաներին, ովքեր շատ հոգս ու իրարանցում ունեն իրենց շուրջը:
Այդ ծնողների պահվածքը կարելի է արդարացնել նրանով, որ շարժվում են բնական ռեֆլեքսով՝ իր երեխայի հետ վատ բան չլինի:
Երբ ծնողները չափից շատ են երեխաներին հովանավորում, երբ այդ երեխաները հեռու են լինում տնից, ապա նրանց մոտ կարող է առաջանալ տպավորություն, թե աշխարհը վտանգավոր է, և նրանք կդառնան վատատես աշխարհի և մարդանց հանդեպ։
Հարգելի՛ ծնողներ, երբ ձեզ մոտ նկատվում են նման երևույթներ, մի՛ թաքցրեք, կիսվեք ձեր մտերիմների հետ, բայց միայն նրանց հետ, ովքեր հետո ձեզ երեսով չեն տա:
Կարդացե՛ք համապատասխան գրքեր, և շատ կցանկանայի , որ մի կողմ դնեք նախապաշարմունքները և դիմեք հոգեբանի:
Մանուշակ Թովմասյան
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը և էկոկրթությունը Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում
Բնապահպանությունը մերօրյա գլոբալ մակարդակի խնդիրներից մեկն է, որը փորձում են լուծել համաշխարհային բնապահպանական, հասարակական, բարեգործական կազմակերպությունները։
Բնապահպանության համաշխարհային միության տվյալներով (The World Conservation Union) վերջին 500 տարում ամբողջովին բնաջնջվել է կենդանիների 844 տեսակ, իսկ կաթնասունների 23%-ը և թռչունների 16%-ը կանգնած են վերացման վտանգի առաջ։ Շրջակա միջավայրի անվերահսկելի փոփոխության վտանգը և դրա հետևանքով երկրի վրա կենդանի օրգանիզմների, այդ թվում և մարդու, գոյության վտանգը պահանջում են բնության պահպանությանն ուղղված որոշակի չափանիշների մշակում՝ բնական ռեսուրսների ճիշտ օգտագործում։ Այսպիսի գործունեությամբ են զբաղվում համաշխարհային բնապահպանական, հասարակական, բարեգործական կազմակերպություններ։ Դրանցից մեկն էլ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն է, որը հանդիսանում է խոշորագույն բնապահպանական կազմակերպություն և արդեն 26 տարի է, ինչ գործում է Հայաստանում։ Այն իրականացնում է տարաբնույթ գործառույթներ (ծառատունկեր, անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներ), որոնցից մեկն էլ բնապահպանական կրթությունն է։ Էկոկրթական ծրագրերից անմասն չի մնացել նաև Գեղարքունիքի միջնակարգ դպրոցը, որտեղ արդեն գրեթե մեկ տարի է, ինչ գործում է «Էյ Թի Փի» կազմակերպության ակտիվիստների «Աժդահակ» էկոակումբը։
Ինչպես նշում է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Հակոբյանը․«Էկոկրթությունը մերօրյա գլոբալ խնդիրներից մեկն է, և դրա պակասը կա ամենուր։ Էկոկրթություն պետք է ձևավորել երեխաների մոտ դեռ մանկության տարիքից, այն պետք է լինի շարունակական և հետևողական։ Էկոլոգիական կրթության կարևոր մաս է կազմում շրջակա միջավայրի պահպանությունը, ծառատունկը, բույսերի մշակումը և այլն։ Այդ նպատակով էլ որոշեցինք մասնակցել ԿԳՄՍ նախարարության հայտարարած «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթին, որի իրականացման շեմին մեր կողքին էին և մեզ սատար էին կանգնում դպրոցի մշտական բարեկամներն ու աջակիցները, այդ թվում՝ անհատներ, համագյուղացիներ, աշակերտներ, համայնքապետարանը, դպրոցական «1+1» թերթը և «Էյ Թի Փի» բարեգործական կազմակերպությունը։ Վերջինս, որպեսզի աջակցի երեխաներին այգու խնամքը ավելի արդյունավետ կազմակերպելու գործում, դպրոցին նվիրեց այգին մշակելու համար անհրաժեշտ գյուղատնտեսական պարագաներ»։
-«Էյ Թի Փի» կազմակերպության աշխատակիցներ Ալլա Սահակյանի և Նվարդ Գևորգյանի հետ ծանոթացել ենք Գերմանիայում՝ վերապատրաստումների շրջանակում, և հենց այդտեղից էլ առաջացավ համագործակցության մտահղացումը, որի արդյունքում այժմ Գեղարքունիքի դպրոցում գործում է <<Աժդահակ>> բնապահպանական էկոակումբը։ Այն երեխաներին տալիս է ոչ միայն տեսական, այլ նաև գործնական գիտելիքներ, ձեռք են բերում նոր հմտություններ և դաստիարակվում որպես իսկական ապագա բնապահպաններ,-նշում է «Աժդահակ» էկոակումբի հիմնադիր Նելլի Դռնոյանը,-բնապահպանությունը մտածողություն է, որը ժամանակի հետ մեկտեղ դառնում է ապրելակերպ։
-«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամում մենք շատ հաճախ ենք հղում կատարում այն մտքին, որ «փոքր քայլերը մեծ ազդեցություն են գործում»,-նշում է հիմնադրամի կրտսեր վերապատրաստող Իզաբել Շատոյանը։«Էյ Թի Փի» հիմնադրամի՝ տարբեր դպրոցներում ստեղծվող և ստեղծված էկո- ակումբները դրա վառ ապացույցն են, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող ես դու փոխել աշակերտի հետաքրքրությունները, աշակերտի ակտիվությունը, աշակերտի ձգտումները։ Այսինքն՝ էկոակումբի աշխատանքների շրջանակներում մենք աշակերտների մեջ ո՛չ միայն սերմանում ենք սեր դեպի բնությունը, դեպի շրջակա միջավայրը, ոչ միայն քարոզում ենք դրա պաշտպանության կարևորությունը, այլ նաև ցանկանում ենք աշակերտներին դարձնել առավել գիտակից, առավել մեծ ձգտումներով քաղաքացիներ, ովքեր իրենց համայնքում աստիճանաբար կարող են մեծ փոփոխություններ բերել։ Ամենափոքր համայնքային բնապահպանական խնդրի լուծման ճանապարհով էլ նրանք կարող են հասնել մեծամեծ հաջողությունների և փոխել թեկուզ հե՛նց համայնքի կյանքի որակը։
Եթե ամեն մեկս պարտք ու պարտավորություն ունենանք մեր ապագա սերունդների հանդեպ, կենդանի բնության ու շրջակա միջավայրի նկատմամբ, ապա վստահաբար կարող ենք ասել, որ մեր քայլերը դեպի բնապահպանություն ճիշտ ուղու վրա կլինեն։ Ի վերջո, պետք է հիշել, որ բնությունը միակ բանն է, որ մենք փոխ ենք առել մեր ապագա սերունդներից և ո՛չ թե նախնիներից։
ԿԱՐԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Յուրաքանչյուր մասնագիտության հիմքում ընկած են մարդասիրական գաղափարներ:
Օրինակ՝ զինվորը պաշտպանում է իր հայրենիքի սահմանները, օդաչուն տեղափոխում է մարդկանց, ուսուցիչը տալիս է գիտելիքներ, բժիշկը բուժում է մարդկանց և այլն: Ինձ թվում է, որ ճիշտ մասնագիտություն կարող է ընտրել այն երեխան, ում ընտանիքը և երեխան ճանաչում են իրենց։ Իսկ ինչ է նշանակում ճանաչել իրեն: Ճանաչելը ընդամենը այն աքսիոման է, որը առանց որևէ տատանման պետք է ընդունվի․ այդ աքսիոմաներից են՝
1.Հարգել ծնողին - լավ է
2.Հարգել ուսուցչին - լավ է
3.Թքել փողոցում- վատ է
4.Նեղացնել թույլին- վատ է
5.Նախանձը , կեղծավորությունը, ագրեսիան- վատ է
6.Այն, որ մենք՝ հայերս, հանճար ենք - գերագնահատում է
7.Կինոթատրոնում, դպրոցում պետք է անջատել հեռախոսները , հակառակ դեպքում դա անդաստիարակություն է:
- Երևի ոչ մի տեղ չեն խմում այդքան օղի, ինչքան հայերն են խմում – դա վատ է:
- Աշխարհում ոչ մի ինքնիշխան պետություն չունի այդքան գեր գեներալ և գնդապետ, ինչքան որ մենք – դա վատ է:
10.Վաճառողը, տաքսիստը, վարսահարդարը շատ են օգնում մեզ ․ մի՛ նայեք նրանց վերևից, դուք նրանցից ոչ մի բանով չեք տարբերվում:
11.Վաճառողը , տաքսիստը, վարսահարդարը պետք է լավ կատարեն իրենց գործը, այլ ոչ թե նայեն այն հայացքով, որ ատում են իրենց պատվիրատուին:
12.Այն միֆը, թե ռուս աղջիկները կախվում են հայ տղաների վզից – սուտ է:
- Այն, որ մենք՝ հայերս, բարձր ենք բոլորից, այդպես չէ:
Շատ քիչ ընտանիքների երեխաներ են ուզում սովորել ու ծառայել իրենց ժողովրդին , աշխատել բարելավել մարդկանց կյանքը։ Նրանք ինչ բարձրագույն հասատատությունում էլ որ սովորեն, կունենան առաջընթաց, քանի որ ունեն կամք։ Ցանկալի է, որ նրանք սովորեն տարբեր լեզուներ ՝ առաջնահերթությունը տալով անգլերենին:
Մյուս երեխաների կատեգորիայի, որը նույնպես մեծաքանակ չէ, կարիքը ունի մեր հասարակությունը. նրանք այն ընտանիքի երեխաներն են, ովքեր որոշել են սովորել մասնագիտություն տարբեր բնագավառներում։ Նրանց հաջողություն եմ ցանկանում ճիշտ ուղի ընտրելու համար և կուզենայի, որ փորձեն ընթերցանությունը չափանիշ դարձնել կյանքի համար:
Մյուս կատեգորիան մեծաքանակ է, և նրանք այն ընտանիքներից են , որտեղ ամեն ինչ հիմնված է փողի վրա՝ մտածելակերպը , մասնագիտությունը, առաջընթացը:
Այսպիսի երեխաներին հարկավոր է շատ քրտնաջան աշխատանք, որ սովորեն, ճանաչեն իրենք իրենց։ Ցավոք, դա շատ քչերին է հաջողվում:
Իսկ ում էլ չի հաջողվում ճանաչել իրեն՝ դիպլոմով, թե անդիպլոմ , մեկ է, գնալու է Ռուսաստան՝ ասֆալտ թափելու:
Իսկ մյուս կատեգորիայից, ովքեր դառնում են ոստիկան, պատգամավոր, իշխանավոր, մենք ամեն օր լսում ենք , որ կալանավորվեցին կաշառք ստանալիս․ բայց, ցավոք սրտի, ինչ-ինչ պատճառներով մի որոշ ժամանակ հետո բաց են թողնում․ գուցե դա երկար չշարունակվի:
ՀԱԿՈԲ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
ԻՆՉՊԻՍԻՆ Է ԱՇԽԱՐՀԸ ԻՄ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՄԲ
Ներկա իրավիճակում այն տպավորությունն է, որ կարծես մեկը մյուսի թշնամին է։ Բայց ես կփորձեմ այս ամենին նայել դրական կողմից։ Ձեռքս վերցնեմ կախարդական փայտիկը և ստեղծեմ իմ աշխարհը իմ պատկերացմամբ։
Սկզբում այդ աշխարհի մեջ կապույտ գույնով կնկարեմ խաղաղ երկինք, որտեղ կթռչեն խաղաղության և ուրախության ավետաբեր թռչունները։ Դեղին գույնով մի մեծ արև կնկարեմ , որը միշտ կշողա և ժպիտներ կպարգևի։
Կանաչ գույնով կնկարեմ բնություն, որը կլինի կանաչազարդ և փարթամ։
Կարմիր գույնով կնկարեմ կակաչներ, որոնք արևի ջերմությունից նուրբ կժպտան մարդկանց։
Կնկարեմ նաև այնպիսի մարդկանց , ովքեր բարի են, հոգատար, ազնիվ, մեկը մյուսի նկատկամբ սիրալիր և հարգալից, իսկ նրանց անկեղծությունը կլինի մանկան արցունքի պես մաքուր։ Եվ ամենակարևորը՝ սպիտակ գույնով իմ աշխարհի երեսից կջնջեմ ցավ, տառապանք և մահ բառերը և ապրել այնպիսի աշխարհում, որտեղ այդ բառերը գոյություն չունեն, այլ այդ աշխարհի մեջ թագավորում են սերը, հարգանքը, ուրախությունը․ դա կլիներ կատարյալ և հեքիաթային։
Իմ աշխարհը իմ պատկերացմամբ այսպիսին է՝ հեքիաթային և տարբերվող։ Հուսով եմ, որ մի օր մեր աշխարհը կլինի հենց այդպիսին։
Մերի Դռնոյան
Սարուխանի թիվ 1 մ/դ
9-րդ դասարան
Իմ կարծիքով՝ աշխարհը մի տեղ է, որտեղ մարդիկ են ապրում։ Սակայն այդ մարդիկ իրար հանդեպ չարությամբ ու նախանձով են լցված։ Աշխարհում շատ քչերին կարելի է վստահել։ Մի քանի տարվա ընթացքում մարդկանց խղճի զգացողությունն է պակասել։
Անի Սահակյան
Սարուխանի թիվ 1 մ/դ
5-րդ դասարան
Այսօր մեզանից շատերը աշխարհին նայում են մեկ պատուհանից, և այդ պատուհանը հեռախոսն է։
Աշխարհի բոլոր հրաշալիքները, տեսարժան վայրերը և ավելին՝ ցանկացած բան կարելի է բացահայտել։ Ամենակարևոր իրադարձությունները, գիտության նվաճումները, տարատեսակ նորությունները մեզ հայտնի են դառնում համացանցի շնորհիվ։ Տեսողական պատկերացմամբ կարելի է մեկ վայրկյանում տիեզերք թռչել, օվկիանոսի հատակն իջնել, այցելել համաշխարհային հայտնի գրադարաններ, ամենազարմանահրաշ զբոսայգիներ, ծանոթանալ օտարազգի հասակակիցների հետ, շփվել, գտնել ընդհանուր հետաքրքրություններ։ Այսպիսով՝ աշխարհը իմ պատկերացմամբ դարձել է մեկ պատուհան, որտեղից երևում է ամեն ինչ։ Ոչինչ արդեն զարմանալի չէ, կարծես աշխարհը մեր տունն է, մեզ քաջ ծանոթ և հարազատ միջավայր։ Աշխարհում ապրում են տարբեր ազգի մարդիկ, որոնք տարբերվում են իրենց սովորություններով, իրենց խոհանոցով, ազգային մտածելակերպով․․․
Ամենահաճելին բնությունն է, որտեղ ծնվել ենք, կյանք առել և ապրում ենք նրա գրկում, օգտվում նրա անսպառ բարիքներից։ Մարդը, կենդանական և բուսական աշխարհը ներդաշնակ են ու կյանք են տալիս երկիր մոլորակին։ Իմ պատկերացմամբ` պետք է ամեն ոք հոգ տանի Երկիր մոլորակի համար, ու դա կլինի այն փոխհատուցումը, որ մարդն ապրում և արարում է այս չքնաղ մոլորակի վրա։
Իսրայելյան Սյուզաննա
Գանձակի թիվ 2 մ/դ
Երբ ամեն անգամ արևը ծագում է, և նոր բացվող օրվա լույսը մտնում է սենյակիս պատուհանից ներս, ազդարարվում է նոր օրվա սկիզբը։ Երբեմն դժվարությամբ, երբեմն էլ առանց տրտնջալու արթնանում եմ և սկսում իմ օրը։ Ամեն սկսվող օր, երբ բացում եմ աչքերս, միանգամից ինձ ներշնչում եմ այն գաղափարը, որ այսօր ինձ հետ ինչ֊որ լավ բան է լինելու ։ Սա կոչվում է հույս։ Այո՛ , ես ամեն առավոտ արթնանալիս հույս եմ արթնացնում նաև ինձ հետ։ Եվ բազմաթիվ զգացմունքներից հենց հույսին եմ ընտրել դառնալ ինձ ընկեր, որովհետև համոզված եմ, որ, այլ կերպ ասած, աշխարհը ունի հիմք, որը հույսն է։ Եթե չլիներ հույսը, ապա աշխարհս պատված էր լինելու մթությամբ։ Հույսի շնորհիվ է, որ, երբ մտածում եմ աշխարհի մասին, այն գունեղ է , լի բանիմաց մարդկանցով, հարուստ նպատակներով։ Աշխարհը ջերմ է ու բարի։ Այնտեղ չկա չարի նշույլ անգամ, իսկ եղածները ուղղակի թվացյալ երևույթներ են, որոնք ժամանակավոր են և անցողիկ։ Ես համոզված եմ, որ աշխարհը ծայր չունի, բայց փաստ է, որ ճանապարհները, չվերջանալով հանդերձ, կրկին նույն տեղն են բերում ։ Արդյունքում ստացվում է, որ աշխարհիս երեսին ամեն բան փոխադարձ է։
Եվ այստեղ կրկին ինձ չի լքում լավագույն ընկերս՝ աշխարհի հիմքը հանդիսացող հույսը։ Նա անդադար շշնջում է ականջիս Աստվածաշնչյան 《Ոսկե կանոնը》և ավելացնում, որ աշխարհը այդպիսին է։ Այո՛, անկասկած, այս աշխարհում ցավ ու տառապանք էլ կա , բայց հույսն ասում է, որ դրանք նրա համար են, որ կարևորենք այս աշխարհի լավ ու վատ պահերը։ Չէ որ դրանք կատարյալ դաստիարակներ են մեր կյանքում՝ մեր աշխարհում կարևորը գնահատելու և երբեք չբողոքելու համար։
Ինեսա Բունիաթյան
Սարուխանի N1 միջն. դպրոց
«Մենք ապրում ենք հրեշային իրականության մեջ»,- ասում են:
«Մահը միակ փրկությունն է»,-ասում են:
«Բարությունը վերացել է»,-ասում են։ Բայց, իմ պատկերացմամբ, մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ ապրելը հիասքանչ է, և բարությունը երբեք չի վերանա: Երբ հետ եմ նայում, հասկանում եմ, թե ժամանակին ինչքան վատատես էի: « Համաճարակ է, ուրեմն մեր վերջն է»,-խորհում էի: Մենք ապրում ենք համաճարակի հարևանությամբ, մենք ապրում ենք, ասես այն մեզ չի էլ խանգարում, մենք հարմարվեցինք դրան:
Մարդն ամենաուժեղ դիմադրողականությունն ունեցող կենդանի օրգանիզմներից է, և դա մեզ շատ է օգնում: Բազում դժբախտություններ տեսնելուց հետո էլ մենք դեռ հավատում ենք լավ օրերի գալուն, դեռ հույս ունենք: Հույսը ամենագեղեցիկ զգացումներից է, երբ դու մտածում ես, թե միշտ էլ ինչ-որ հրաշք քեզ հանդիպելու ճանապարհին է:
Մեր կյանքի տարբեր փուլերում մենք դեմ դիմաց կանգնում ենք իրականության հետ: Երբեմն ուրիշ մարդիկ են օգնում մեզ հասկանալ այն, երբեմն ընկերներդ են պատճառ դառնում մեր աչքերի բացվելուն, երբեմն էլ մենք ուղղակի դուրս ենք գալիս տնից, նայում ենք երկնքին և ասում ենք.
-Աշխարհը զարմանալի է, ապրելը՝ գեղեցիկ:
Մեզ բարությամբ ժպտում է պապիկը, ով մեզ առաջ երբեք չէր տեսել, և դա ջերմացնում է մեր հոգին, ընտանիքի անդամները հոգ են տանում մեր մասին, ընկերները անում են հնարավոր ամեն բան, որպեսզի մենք ժպտանք, և այսքանից հետո ինչ կարող ենք ասել․ ուղղակի մենք պետք է ամեն օր փոքրիկ գործողություններով ապացուցենք հակառակը: Երբ ծեր կնոջն օգնում ենք անցնել ճանապարհը, նա մտածում է, որ աշխարհը բարի է, երբ ժպտում ենք անցորդներին, նրանք մտածում են, որ աշխարհը բարի է, երբ զիջում ենք ճանապարհը, մենք բարություն ենք տարածում: Աշխարհը բարի է դառնում, երբ մենք ուղղակի լսում ենք մեր սրտի ձայնին, քանի որ այն մեզ միշտ ուղեկցում է դեպի բարին: Աշխարհը բարի է դառնում, երբ մենք չենք անտեսում մեր խիղճը: Աշխարհը բարի է դառնում, երբ քննադատելու փոխարեն գովաբանում ենք, երբ մեկի դժբախտության վրա ծիծաղելու փոխարեն փորձում ենք օգնել կամ կարեկցել նրան, և աշխարհը բարի է դառնում, երբ մենք ուղղակի արթնանում ենք, ու մեր առաջին միտքը այն է, որ աշխարհը բարի է:
Գոհար Սուչյան
Կարմիրգյուղ թիվ 2 մ/դ
ԵԹԵ ԵՍ ԼԻՆԵԻ․․․
Ինձ համար միշտ երազանք է եղել արվեստագետ դառնալը. կապ չունի ոլորտը , կարևորը արվեստին տիրապետելն է։Այն իր մեջ մի անբացատրելի ուժ ունի,որով գրավում է մարդկանց։ Եվ վերջի վերջո,արվեստը կյանքում է,իսկ կյանքն` արվեստում։
Արվեստն իսկական հրաշք է։Այն օգնում է մարդկանց` առանց խոսքերի արտահայտել իրենց ապրումներն ու ցանկությունները։Յուրաքանչյուր արվեստ արտացոլում է արվեստագետի կյանքը։
Ըստ իս՝ նկարչությունն ամենագեղեցիկ արվեստն է։ Այն ունակ է նույնիսկ կանգնեցնել ժամանակն ու հավերժացնել ակնթարթն իր կախարդական գույներով։ Նկարիչները փորձում են հավերժացնել այն ակնթարթները, որոնք ուզում են միշտ տեսնել ու վերապրել։Նկարիչների կյանքը շատ գունեղ է արտաքինից , բայց ինչպիսին է այն իրականում։
Պարն ամենափոփոխական արվեստն է։Այն ունակ է ամենանուրբ ու հեզաճկուն պարից վերափոխվել ու դառնալ բուռն ու աշխույժ պարի ընդամենը մեկ ակնթարթում։ Պարի յուրաքանչյուր տեսակ մի ապրում է, մի ուրախ կամ տխուր պատմություն, որը կարող ենք գտնել մեր կյանքի էջերից մեկում թաքնված։
Պարողները միշտ ժպտում են բեմին կանգնած,բայց արդյոք նրանց ժպիտն իրական ու անկեղծ է...
Երգն ամենանուրբ արվեստն է։ Այն ունակ է դիպչել մարդու սրտի լարերին։
Կան երգեր,որոնք մեզ ստիպում են ուրախանալ ամբողջ սրտով, կան երգեր,որոնք ստիպում են տխրել, երբեմն` նույնիսկ անպատճառ։ Երգիչներն այնքան գեղեցիկ են կատարում երգերը, որ թվում է, թե նրանք կյանքում ամեն բան կատարում են այդպես գեղեցիկ...
Թատրոնն ու կինոն բարձրագույն արվեստ են։ Դերասաններն այնպիսի հմտությամբ են կերտում իրենց բաժին հասած դերը, կարծես իրենց կյանքն են ներկայացնում հանդիսականին։ Նրանք մի դրվագում հոնգուր֊հոնգուր լաց են լինում, իսկ հաջորդ պահին սկսում քահ֊քահ ծիծաղել։ Հարց է ծագում, մի՞թե դերասանները միշտ դեր են խաղում ու ստում մարդկանց...
Սակայն արվեստի այս հրաշք գործերից զատ, արվեստանոցներում իսկական քաոս ու խառնաշփոթ է, ինչպես մեր կյանքում։Չէ որ գրականությունը, նկարչությունը, պարը, կինոն և նույնիսկ մեր կյանքը պատուհանից այն կողմ երազանք են, իսկ այս կողմում` իրականություն։
Օֆելյա Պետրոսյան
Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոց 12-րդ դասարան
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Իմ հայրենիքը Հայաստանն է։ Ես ծնվել ու ապրում եմ Հայաստանում, որը մի քանի հազարամյակների պատմություն ունի։ Մենք՝ հայերս, հնագույն ժողովուրդ ենք։ Հայ ժողովուրդն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, 301 թվականին։ Հայ արքաները իրենց երկիրը տարիների ընթացքում հզորացրել և շենացրել են ։ Հայ ժողովուրդը միշտ պահել ու պահպանել է ավանդույթները։ Թշնամիները միշտ ստիպել են հայերին, որ կրոնափոխ լինեն, բայց նրանք երբեք չեն հանձնվել։ Ես Հայաստանի ողջ տարածքում չեմ շրջագայել , բայց իմ տեսածը բավական է, որ միշտ սիրեմ իմ երկիրը, իմ հայրենիքը։
Տարոն Կատվալյան
Սարուխանի թիվ 1 մ/դ
6-րդ դասարան
Ինձ համար հայրենիքը սկսվում է իմ ընտանիքից, հարազատներից ու շարունակվում իմ պատմությամբ և ժողովրդի անցած պատմական ուղիով:Ես հպարտ եմ, որ հայ եմ, ապրում եմ Հայաստանում `իմ պապերի հայրենիքում:Հայրենիքը ամեն մեկիս մեջ է ,մեր էությունն ու ոգին է:Ամենևին էլ խոչընդոտ չէ՝ շրջապատված լինել թշնամիներով, պետք է լինել հետևողական և ունենալ կամք, թույլերին բոլորն էլ ծաղրում են կամ մատնացույց անում։ Ես աշխատում եմ լինել ուժեղ թե՛ ֆիզիկապես և թե՛ մտավոր, որպեսզի պաշտպանեմ իմ հայրենիքը։
Մելինե Քարամյան
Ծաղկաշենի միջն․դպրոց
Իմ հայրենիքը սկսվում է իմ բնօրրանից: Այն միակ վայրն է, որտեղ ես ինձ զգում եմ ազատ ու երջանիկ: Մենք ենք տերը մեր երկրի,մենք պիտի պայքարենք ու տեր լինենք մեր հայրենիքին,չթողնենք, որ թշնամին առաջ գա, տիրանա մեր հող ու ջրին: Այժմ հայրենիքս դժվար օրեր է ապրում, ոչ ոք մեր տունը չի նորոգի , մեր սահմանները չի պահի։ Թշնամին պետք է իմանա, որ մենք կռվում ենք մինչև մահ։ ճիշտ է, հրաշքներ չեն լինում, բայց ես լիահույս եմ, որ ամեն ինչ մի օր կանցնի և վաղվա օրը դրական նոտաներով կլցվի:
Լուսինե Պետրոսյան
Ծաղկաշենի միջն․դպրոց
ԻՆՉՊԻՍԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԸՆՏՐԵԼ ԿԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ
Յուրաքանչյուր ոք, վաղ, թե ուշ, պետք է ընտրի իր մասնագիտությունը։ Մասնագիտությունը մարդու աշխատանքային գործունեության տեսակ է, որը համարվում է նրա գոյության աղբյուրը։
Կան շատ մասնագիտություններ, օրինակ՝ իրավաբանություն, լուսանկարչություն, փաստաբան, երաժիշտ և այլն։ Ցանկացած մասնագիտություն մարդուց պահանջում է կրթություն և մասնագիտացում, որի շնորհիվ էլ մարդն ունենում է լավ աշխատանք, որը ապահովում է նրա կենսական պահանջները։ Սակայն միայն կիրթ լինելով՝ մարդը երբեք չի կարող մեծ հաջողությունների հասնել, եթե չսիրի իր մասնագիտությունը։
Սովորաբար լավ մասնագետներ են դառնում այն մարդիկ, ովքեր հստակ գիտեն, թե ով են և ինչ նախասիրություններ ունեն։ Իրոք, ճանաչելով և գնահատելով ինքդ քեզ , կարող ես հասկանալ , թե որ մասնագիտությունն է քեզ ավելի հոգեհարազատ։ Դրանից ելնելով՝ ես նույնպես ընտրել եմ իմ ապագա մասնագիտությունը։ Դա թարգմանչությունն է, որը պահանջում է լեզուների իմացություն։ Այս մասնագիտությունը թույլ է տալիս՝ ճանապարհորդել այլ երկրներ, ծանոթանալ նրանց պատմությանը, մշակույթին, ավանդույթներին։ Դա միշտ ինձ հետաքրքրել է, բացի այդ, օտար լեզուներ իմանալով՝ կարող ես հաղորդակցվել այլ ազգերի հետ։ Ես ընտրել եմ այս մասնագիտությունը՝ աշխարհն ավելի լավ տեսնելու համար, և որպես երազանք՝կձգտեմ այն իրականություն դարձնել։
Աննա Ասատրյան(10-րդ դասարան)
Գավառի թիվ 8
Այսօր յուրաքանչյուր դպրոցական մտածում է, թե ապագայում ինչ մասնագիտություն է ընտրելու։ Դա շատ կարևոր է, քանի որ ընտրած մասնագիտությամբ պետք է շարժվել և աշխատել կյանքի ընթացքում։ Քաղաքացին կամ անհատը պետք է այն մասնագիտությունը ընտրի, որը նրան դուր է գալիս, և նա հաճույքով կաշխատի։
Ես դպրոցում շատ եմ սիրում ռուսաց և անգլերեն լեզուները և մեծ հաճույքով եմ սովորում։ Հուսով եմ , որ ապագայում կկարողանամ գտնել ինձ այդ բանագավառում՝ դառնալով թարգմանչուհի։
Պետք չէ ընտրել այն մասնագիտությունը, որը ձեզ առաջարկում են ձեր ծնողները / բժիշկ, իրավաբան/, եթե դուք դրանք չեք սիրում և չեք կարող սիրով աշխատել, այլ ընտրեք այն մասնագիտությունը, որը ձեզ դուր է գալիս, և որի շնորհիվ դուք կունենաք և՛ ապրուստի միջոց , և՛ սիրելի զբաղմունք, թեկուզ դա կլինի մատնահարդարություն կամ դիմահարդարություն։
Ռիմա Հունանյան
Սարուխանի թիվ 1 միջն դպրոց
9-րդ դասարան
Երբ ես փոքր էի, ցանկանում էի դառնալ ոստիկան, ապա բժիշկ, իսկ հետո գործարար, բայց վերջում եկա այն եզրահանգման, որ պետք է դառնամ ծրագրավորող։ Շատերը կհարցնեն, թե ինչու։ Պատճառն այն է, որ շատ եմ սիրում ծրագրավորումը, կարողանում եմ պատրաստել խաղեր, ծրագրեր։ Հաճախում եմ ռոբոտաշինության դասերի։ Նաև ցանկություն ունեմ դառնալ փաստաբան կամ էլ պատմաբան, քանի որ շատ եմ սիրում և ուսումնասիրում հայոց պատմությունը։
Արման Սաֆարյան
Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոց
7-րդ դասարան